Եթե Փաշինյանն այս հարցի մասին չի խոսում, դա չի նշանակում, որ պահանջատիրությունը վերացած է

  • 15:29 12.09.2024

«Միասին» շարժումն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում՝ բարձրացնելով Ադրբեջանից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը։

Շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ասաց, որ Հայաստանը դիվանագիտական օրակարգ պետք է մտցնի Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցը։ Դրա մեջ մտնում է Ադրբեջանից բռնի տեղահանված 1 մլն 200 հազար հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությունը, որը ներառում է եւ վերադարձի, եւ մշակութային հուշարձանների վերադարձի պահպանության իրավունքը։

«Եթե Փաշինյանն այս հարցի մասին չի խոսում, դա չի նշանակում, որ խնդիրը եւ պահանջատիրությունը վերացած է։ Հայոց պահանջատիրությունը կա, 30 տարուց ավելի մենք լռել ենք, իսկ հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին ու ողբերգական, որովհետեւ Արցախը ցեղասպանված ու հայաթափված է»,- ասաց Դիլբարյանը։

Շարժման խորհրդի անդամ Ժասմինա Ղեւոնդյանը նշեց, որ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության մասին պահանջագիր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ՄԱԿ-ին, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Եվրամիությանը։ Նա ասաց, որ համացանցում առկա է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988 թվականի դրությամբ ապրում էին 500 հազար հայեր։ «Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք՝ Արցախում՝ 96 տոկոս, Նախիջեւանում՝ ավելի քան 60 տոկոս, Գանձակ-Կիրովաբադում՝ ավելի քան 50 տոկոս, Շահումյանի, Շամխորի շրջաններում՝ 70-95 տոկոս, ամենուրեք հայեր են ապրել։ Այսինքն՝ աշխարհագրական Ադրբեջանում՝ իրենց բնօրրանում հազարամյակներով ապրել են հայեր։ Ու հասկանալի է, որ այդ տարածքների վրա Ադրբեջան պետություն հայտնվելուն պես հայ ժողովուրդն այնտեղից չէր կարող անհետանալ։ Բացի այն, որ Ադրբեջանում տեղի իշխանությունները դիմում էին հայերին՝ կրոնափոխ լինելու կամ ազգությունը փոխելու միջոցով, իշխանության վերին օղակներում փակցնում էին մադահամարի տվյալները՝ անընդհատ նվազեցնելով հայերի իրական թվաքանակը։ Այս արարքները նման էին գողի հոգեբանությանը՝ օգտագործել ցանկացած առիթ՝ գողոնի տիրոջը ոչնչացնելու համար, որպեսզի գողոնը մնա գողի մոտ»,- ասաց Ժասմինա Ղեւոնդյանը։

Նա հավելեց․ «Այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեւավորված Արցախի Հանրապետությունը բռնազավթված է ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտման է ենթարկված, այլեւս լռել չենք կարող։ Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում ՀՀ-ին՝ ապահովելու կեղծ եւ շինծու «300 հազար արդբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում»։ Ուստի մենք՝ Ադրբեջանից գաղթած շուրջ 1 մլն 200 հազար հայության ներկայացուցիչներս, պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության հազարամյա բնօրրան հայերի անվտանգ վերադարձի ու ապրելու իրավունքի հարցը։ Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի իրական իրավունքների ոտնահարման պայմաններում»։