«2024 թվականին հայերը պետք է հասկանան, որ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ կարող է շարունակվել հենց Հայաստանի տարածքում։ Արթնացեք, սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է, որը պետք է դադարեցնել»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Հայերը ցեղասպանություն ասելով՝ հասկանում են 1915 թվականի դեպքերը, բայց պարտադիր չէ, որ սպանվեն, որպեսզի դա կոչվի ցեղասպանություն։ Կարող են առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են ոչնչացմանը, տեղահանումը այդ թվում է։ Լաչինի միջանցքի շրջափակումը չմոռանանք, դա կոնկրետ առաջացնում էր այդ պայմանը՝ ապահովելու ցեղասպանության կատարման պայմանը։ Այն փաստը, որ բոլոր հայերը Լեռնային Ղարաբաղից գնացել են, շատ հստակ ցույց է տալիս այն լուրջ վնասը, որը հասցվել է։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ սպանվեին, որ դա ցեղասպանություն կոչվեր, ակնհայտ էր, որ մարդիկ փախչում էին՝ իրենց կյանքը փրկելով։ Ակնհայտ էր, որ կսպանվեին, եթե չփախչեին»,-ասել է նա։
Նա նշեց՝ շատ կարեւոր է, որ հայերը հասկանան այս ամենը, որովհետեւ դա հավաքական հիշողություն է․ «Դուք ձեր պատերազմները վարեք երկու անգամ՝ մարտի դաշտում, հետո հիշողության մեջ։ Ցեղասպանությունը պատերազմ է բանակի ու մարդկանց միջեւ, հետեւաբար, այն անարդար պատերազմ է, անհավասար պայմաններով։ 1915 թվականին հայերն անցել են այդ տառապանքով, սպանվել են ցեղասպանության ընթացքում, բայց բավարար տոկունություն են ունեցել՝ վերականգնվելու եւ ցույց տալու, որ դա ցեղասպանություն է եղել»։
Օկամպոն նաեւ ասաց, որ դատավոր Կասիա Աբգարեանը Հաագահի միջազգային դատարանում փաստերով ներկայացրել է, թե ինչպես է այս պահին Հայաստանում տեղի ունենում ցեղասպանություն։ «Հայաստանի որոշ գյուղեր ոչնչացման եզրին կանգնած՝ ենթարկվել են նույն ցեղասպանության։ Ես չգիտեմ՝ թե երբ է այդ հայցի քննությունը սկսվելու, բայց Ալիեւը գիտի, որ հարձակվելով այս ուղղությամբ, արդեն կարող է մեղադրանքի արժանանալ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: