Մասիս քաղաքի տոնը՝ արցախյան համ ու հոտով

  • 21:06 15.09.2024

Այսօր Մասիս քաղաքի կազմավորման 55-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև արցախցի Անյուտա Հովսեփյանը, ով Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքով բնակություն է հաստատել Մասիս քաղաքում և 2023 թվականի դեկտեմբեր ամսից է զբաղվում հրուշակագործությամբ։

Մասնագիտությամբ պատմության ուսուցչուհին հասկացել է, որ արցախցիների համար ծանր ժամանակաշրջանում, երբ այնքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնել, պետք է ձեռնամուխ լինել սեփական գործ սկսելուն՝ փորձելով հոբբին վեր  ածել բիզնեսի։ Գրանցվելով հարկային դաշտում՝ նա օրինական հիմքերով սկսել է զբաղվել ձեռնարկատիրությամբ և «Արցախի համն ու հոտը» բրենդով մտավ քաղցրավենիքի շուկա։  Այսօր Մասիս քաղաքում լայն ճանաչում ու պահանջարկ ունի Արցախի համ ու հոտով հագեցած նրա հրուշակեղենը։ Թխում է փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։

Անյուտայի քաղցր տաղավարը անմիջապես ուշադրություն է գրավում։ Այստեղ ամեն ինչ արցախահամ ու արցախահոտ է։

Օրվա անցուդարձի մասին է պատմում արցախցի ձեռներեցը․

-Առաջին անգամ եմ մասնակցում Մասիս քաղաքի տոնակատարությանը, որը կազմակերպված է բարձր մակարդակով ու հագեցած ծրագրով։ Երբ մասնակցելու հրավեր ստացա, պատասխանատվությամբ լցվեցի, որովհետև Արցախ պետք է ներկայացնեմ։ Եվ շատ հպարտ եմ, որ արցախյան իմ տաղավարը ուշադրության ու գնահատանքի է արժանացել ինչպես հաճախորդների, այնպես էլ Մասիսի քաղաքապետի կողմից։ Ստացել եմ նաև նոր առաջարկություններ՝ համագործակցելու եկեղեցու սպասավորների հետ։ Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ հրուշակեղենի պատրաստմամբ, արդեն ունեմ իմ հավատարիմ հաճախորդները, սակայն ուրախալի է, որ նմանատիպ փառատոնների ժամանակ ձեռք են բերվում նոր ծանոթություններ ու նոր հաճախորդներ։

Ժամը 12։00-ի դրությամբ գրեթե սպառվել է քաղցրավենիքի ներկայացված տեսականին։ Պատրաստվում եմ գնալ տուն ու նորից պատրաստել, քանի որ միջոցառումը կձգվի մինչև ուշ երեկո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f