Արցախի նախկին պաշտոնատար անձինք ՀՀ-ի գույքային շահերին վնաս չէին կարող պատճառել

  • 12:25 17.09.2024

«Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ քաղաքացիների գույքային շահերին վնաս չէին կարող պատճառել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Արցախի համայնքապետերի նկատմամբ հարուցված գործերին։

Օրերս հայտնի դարձավ, որ առգրավել են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոմեքենան։ Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով անցնում է Դավիթ Սարգսյանը՝ պատճառաբանելով, որ մեքենան տանում են որպես ապօրինի ձեռք բերված գույք։

Հայաստանի Քննչական կոմիտեն հստակ պատասխան չի տալիս փաստաբան Ռոման Երիցյանին, թե Հայաստանի Հանրապետությունն ու հասարակությունն ի՞նչ կապ ունեն Արցախի պաաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների հետ։ Ավելի վաղ, փաստաբանը  մեզ հետ զրույցում ասել էր, որ քրեական վարույթի արձանագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանն է վնաս պատճառվել։

Մյուս հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Արցախը ճանաչում են «Ադրբեջանի մաս», այդ դեպքում ի՞նչ իրավազորությամբ են փորձում Արցախի գույքը տնօրինել։ Ռոման Երիցյանն ասաց, որ այս հարցին եւս Քննչական կոմիտեից պատասխան չեն տալիս։

Ռոզա Հովհաննիսյան

f