«Շրջափակման, դժվարությունների մեջ ես ինձ իսկապես ազատ էի զգում»

  • 12:51 17.09.2024

Սվետլանան Մարտունի քաղաքից է, ինչպես ինքն է ասում` ամենաազատ ու անվտանգ քաղաքից, որտեղ դու կարող էիր երեկոյան և նույնիսկ ուշ ժամերին դուրս գալ, զբոսնել, խաղալ և համոզված լինել, որ քո հետ ամեն ինչ լավ կլինի:

Սվետլանան հիշում է, որ ուլունքներով պայուսակներ էր տեսել ու շատ էր ուզում ինքն էլ պատրաստել, բայց շրջափակման պայմաններում անհրաժեշտ պարագանները այդպես էլ չկարողացավ գտնել: Հիմա ուլունքները գտել է, պայուսակներ է գործում, բայց ասում է, որ չէր պատկերացնում այդ ամենը Արցախից դուրս:

 «Մենք անսահման շնորհակալ ենք այն մարդուն, ով իր մեքենան մեզ էր տրամադրել այդ դժվար ճանապարհը անցնելու համար»

Սվետլանայի ընտանիքը առավոտյան դուրս էր եկել Մարտունուց․ նրանց մեքենան անսարք վիճակում էր եւ մնացել է այնտեղ՝ որպես հուշ: Ծանոթի մեքենայով հասել էին Ստեփանակերտ, իսկ մինչ Գորիս ճանապարհը, որը սովորաբար անցնում էին 1 ժամում, այս անգամ տեւեց 4 օր, գուցե՝ որ մի քանի օր ավել մնան Արցախում: Շուշիի մոտ պարզվեց, որ մեքենան անսարք է, իսկ ադրբեջանական ոստիկանության մեքենաները անընդհատ գալիս գնում էին։ Չգիտեին, թե ինչ կլիներ ճանապարհին, սկզբում վախ, իսկ հետո արդեն կարոտ և ափսոսանք: 

«Հենց անցանք Հակարին, ազատ կարողացա շնչել, անվտանգ էր, բայց հետո եկավ գիտակցումը, որ Հակարիից այն կողմ թողել ենք մի ամբողջ կյանք»:

Սվետլանայի ամբողջ  գերդաստանը ծնվել և ապրել է Արցախում, ասում է, որ նույնիսկ իր պապայի այան էր Արցախում ապրել, և մի գիշերվա մեջ, այլ տարբերակ չունենալով, թողնում ես այդ ամենը: 

 «Երևան հասնելու հաջորդ օրը պապայիս ծնունդն էր, առավոտ շնորհավորիցի նրան, իսկ նա նույնիսկ չէր հիշում, որ ծնունդն է, դժվար էր առավոտ արթնանալ և հասկանալ, որ ոչ տուն ունես, ոչ հայրենիք»:

Սվետլանան հիմա փորձում է ոտքի կանգնել, ուլունքագործությամբ է զբաղվում, ասում է՝ հետագայում ցանկանում է ավելի հմտանալ և հույս ունի, որ ստեղծագործելով՝ կկարողանա գոնե մի քիչ մեղմացնել կարոտի ցավը: Ստեղծագործելիս հաճախ Մարտունիի արևածագն է հիշում, հույս ունենալով, որ նորից արևածագեր կդիմավորի ծննդավայրում: 

Քրիստինա Ալավերդյան

f