Արցախի նյութական կորուստների նախնական վիճակագրությունը՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 3500 հա անտառ։
Այս վիճակագրությունն այսօր ներկայացրեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը՝ «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ։ Նա նշեց, որ հուշարձանների թիվն ամբողջական չէ։
«Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Բայց սա սկիզբն է, եւ մենք վստահ ենք, որ հետագայում տարբեր կազմակերպություններ ու օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել մեր կորուստների վիճակագրությունը։ Սա պետք է մեզ միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետեւ միջազգային հարթակներում շատ է կարեւորվում, թե ինչ ենք կորցրել, եւ ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Ընդհուպ մինչեւ Քարինտակ գյուղը իրենք ոչնչացրել են։ Երկրորդ, այս կորուստների հաշվարկումը ավելի շատ նաեւ քաղաքական է։ Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք։ Բայց ոչ, հակառակը, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն իմանանք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել եւ ազերիների ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է, սա ֆիքսենք»,- նշեց պատմաբանը։
Ինչպես վերաբերում է կորուստների ֆինանսական հաշվարկին, նա ասաց, որ շատ դժվար է հաշվարկ անել, քանի որ Արցախը, լինելով պատմական Հայաստանի հնագույն նահանգներից մեկը, հոգեւոր շատ մեծ արժեքներ է պարունակում իր մեջ։ Օրինակ՝ Արցախի բնակավայրերի մոտ 30 տոկոսը 18-րդ դարի են։
Կառավարության մոտավոր հաշվարկով՝ 100 մլրդ դոլարի գույք է մնացել Արցախում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: