Ով է հրաժարվել Սոֆիայի եւ Բրատիսլավայի հանդիպումներից․ Արտակ Բեգլարյանը փակագծեր է բացում

  • 15:07 18.09.2024

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են գնալ ու բանակցել Ադրբեջանի հետ։

«Մենք նշաձողը չենք բարձրացրել, ուղղակի մեզ հետ բանակցություններ էլ չեն եղել»,- ասաց Բեգլարյանը՝ ի պատասխան այն հայտարարություններին, թե Արցախի իշխանությունները բարձրացրել են նշաձողը։ «Արցախի անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում՝ Արցախի նախագահի կողմից երբեւէ նմանատիպ գաղափար ու առաջարկ չի քննարկվել, թե Հայաստանի իշխանությունները ինչ առաջարկ ունեն, ինչ են մտածում, երբ ասում են՝ նշաձողը իջեցրեք։ Հստակ որեւէ բան չի ասվել, որ՝ եկեք իջեցնենք, քննարկենք, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավարություն։ Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ ես տեղյակ չեմ, որ որեւէ ժամանակ առաջարկ է եղել, որ պետք է գնալ բանակցությունների ու քննարկել ինքնավարության  հնարավորությունները։ Ավելին, միջազգային որեւէ միջնորդ մեզ հետ բանակցություններում նմանատիպ հարց չի քննարկվել։ Երբ իրենք ասել են՝ պետք է նշաձողն իջեցնեք, եւ մենք կոնկրետացումներ ենք ուզել, իրենք ուղիղ ասել են, որ Ադրբեջանի կազմում ուղղակի մշակութային ինքնավարություն, դուք կունենաք ձեր հայերեն դպրոցները, ձեր համայնքը դուք կղեկավարեք, բայց որպես առանձին միավոր՝ ինքնավարություն չեք ունենա»,- ասաց նա։

Բեգլարյանը նշեց, որ 2023  օգոստոսի 16-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձախողված նիստից հետո ֆրանսիական կողմը փորձում էր բանաձեւի նախագիծ օրակարգ մտցնել, բայց եղել են ուղերձներ, որ ամերիկյան եւ ռուսական կողմերը դրան դեմ են։

«Մենք ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի հետ օգոստոսի վերջին զումով բանակցություն ունեցանք՝ Արցախի նախագահի գլխավությամբ։ Այդ բանակցությունների ժամանակ իրենք էլ հստակ ասացին, որ բանաձեւը համարում են հակակառուցողական։ Եվ իրենք ուղիղ ասում էին՝ մենք երաշխավորում ենք, Ադրբեջանի հետ գնացեք բանակցությունների, ձեր մշակութային իրավունքները պաշտպանված կլինեն, անվտանգային հարցեր չեք ունենա»։

«Սոֆիայի հանդիպման մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, կարծեմ հունիսի 21-ին պետք է Սոֆիայի հանդիպումը տեղի ունենար, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը ո՞րն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, եւ մենք համաձայնեցինք, որ նույնիսկ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ մենք կողքի սենյակում կլինենք։ Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանին առեւանգեցին, իմ կարծիքով, հատուկ այդ գործընթացը վիժեցնելու համար։ Մենք չէինք չեղարկել Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալու հանդիպման։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- ասաց Բեգլարյանը։

f