Բաղունց. Արցախի հարցը ոչ մի կերպ հնարավոր չէ փակել, դա պատմական առաքելություն է

  • 10:06 19.09.2024

Այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Արցախում, ցավոք, հայ ազգի համար դաս չդարձավ։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

«Մենք պետք է հստակ հասկականք, ըմբռնենք, որ տեղի ունեցածը, ինչպես էլ այն անվանենք՝ ցեղասպանություն, էթնիկ զտում կամ բռնի տեղահանում, այնուամենայնիվ դա հանդիսանում է մեկ դար առաջ տեղի ունեցած մեծ եղեռնի շարունակությունը։ Արտաքին քաղաքականությունն արդյունավետ է լինում այս երկու ռազմավարությունների ներդաշնակության պայմաններում՝ հզոր բանակի ստեղծում եւ խաղաղության օրակարգ, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել երկրի անվտանգությունը։ Մենք պետք է այլ տեսակի կառուցենք մեր անվտանգության համակարգն ու արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա։

Բաղունցն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու փաստաթուղթ։ «Սովորաբար տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել։ Ես ուղղակի կրկնեմ, որ Սամվել Շահրամանյանի եւ Արցախի Ազգային ժողովի կողմից բազմիցս հնչեցվել է այն գաղափարը, որ դա իրավական ոչ մի հիմք, ուժ չունի եւ ստիպված մի քայլ էր, որը կատարվեց՝ հետապնդելով մի հիմնական նպատակ՝ փրկել 120 հազար արցախցիների կյանքը եւ հնարավորություն ստեղծել դուրս բերել ադրբեջանական ահաբեկչության ազդեցությունից։ Մենք բազմիցս հիմնավորել ենք, որ դա իրավական հիմք չունի, ոչ ոք Ազգային ժողովը ցրելու իրավունք չուներ, անգամ նախագահը, եւ այդ քայլը կատարվել էր միայն ու միայն արցախահայության փրկության նպատակով»,- նշեց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արցախի ներկայացուցչությունն ու իշխանությունները չպետք է գործեն, նա ասաց․ «Մենք հստակ ասել ենք, որ շարունակում ենք կրել մեր պատասխանատվությունը Արցախի հայության հանդեպ։ Եվ անելու ենք ամեն ինչ, որպեսզի եւ քաղաքական իրավունքներն ապահովենք, եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն առավել էֆեկտիվ նպաստենք»։

Նա հավելեց․ «Ինձ համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի էր մեկ այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման, համապատասխան բանակցությունների ընթացքում, համպատասխան իրավական ակտերն ու հիմքերը հաշվի առնելով։ Եվ նման պարտիզանական գործողությունները վայել չեն որեւէ պետական կառույցի։ Կարծում եմ՝ հայ ազգի երկու զանգվածի միջեւ անընդունելի է նման պահվածքը, կարելի է իրավական հիմքերով այդ հարցերը քաղաքակիրթ տարբերակով լուծել։ Ուղղակի Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամք ու պատասխանատվություն է պետք, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ։ Արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»։

Գագիկ Բաղունցն ասաց, որ Արցախի հարցը ոչ մի կերպ հնարավոր չէ փակել, դա պատմական առաքելություն է։ «Ես հույս ունեմ, որ հեռավոր ապագա չի ընկնի այդ հարցի լուծումը, բայց այնուամենայնիվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի արցախահայության վերադաձն Արցախ իրականություն դառնա։ Այդ խնդիրը մենք օրակարգում մշտապես պահելու ենք, եւ հնարավոր չէ, որ մեր սերունդները այլ դիրքորոշում ընդունեն»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարմանը եւ հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները աշխատանք տանո՞ւմ են նրանց վերադարձնելու ուղղությամբ, Գագիկ Բաղունցն ասաց․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որն ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործնթացում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործում։ Մեր կողմից աշխատանք տարվում է, շատ ավելի թույլ մեխանիզմներ ունենալով, այնուամենայնիվ փորձում ենք հարցն անընդհատ օրակարգում պահել, այդ պահանջները մշտապես ներկայացնում ենք տարբեր հարթակներում։ Մի քանի օր առաջ մենք հանդիպում ունեցանք Օկամպոյի հետ, որտեղ եւս մեկ անգամ հնչեց այդ հստակ պահանջը, որ բոոր ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է վերադառնան»։

Նշենք, որ այսօր լրանում է Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողությունների մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ինչի հետեւանքով մի քանի օրում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Ռոզա Հովհաննիսյան

f