Մեծ ցավով եմ լսում արտահայտություններ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է

  • 10:42 19.09.2024

Այսօր լրանում է Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողությունների մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ինչի հետեւանքով մի քանի օրում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախի քաղաքական ղեկավարությունն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ 10 ամիս շրջափակման, որից 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռազմական ագրեսիայի, որի պատճառով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում մեր նահատակների հիշատակին, ովքեր իրենք կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, իրենց ընտանիքները։ Եվ սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Մենք մշտապես հիշողություններում ունենում ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը եւ հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն лф8цчфтф դուրս գալ շրջափակումից եւ խուսափել ավելի բարդ ու մեզ համար ծանր հետեւանքներից»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք ՀՀ-ում, ովքեր համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է։ Կասկածում եմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում եւ ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց։ Իմ կարծիքով՝ իրենց պատասխան պետք է տան ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ձեւավորել են իշխանությունը»։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարությանը, թե բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, որում նաեւ արցախցիներ են ներգրավված եւ հարցին, թե արդյոք սրանով եւս մեկ անգամ փորձում են թիրախավորե՞լ արցախցիներին, Շահրամանյանը պատասխանեց․ «Բոլորս ենք ականատես, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ տեղեկատվական դաշտում։ Ես ուզում եմ դիմել ՀՀ ԱԺ-ին, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան, որպեսզի պաշտպանված լինեն ՀՀ քաղաքացիներն ու Հայաստանում ապրող բոլոր անձինք։ Միայն այս տեղեկատվությունը չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում, այդ թվում՝ ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ։ Ես կոչ եմ անում ուժային կառույցներին՝ հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը եւ հավասատի լինելու դեպքում, տալ իրավական գնահատական»։

Ռոզա Հովհաննիսյան

f