“Այդ մասսայի տներից հլա թող Արցախից բերած զենքերը հավաքեն, որ հետո ուրիշի վրա չգցեն”

  • 14:19 19.09.2024

«Ժողովրդին բաժանում են սեւ ու սպիտակի, ասում են՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը, էշ-էշ դուրս են տալիս որոշ մարդիկ։ Արցախը Հայաստանի երաշխիքն էր եւ երաշխիքն է միշտ, Հայաստանի անբաժանելի մասն է եղել։ Մի մասսա կա, որ ասում է՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը, իսկ ինչո՞ւ չօգնեցիք, ինչո՞ւ միջոցներ չձեռնարկեցիք։ Ես՝ լինելով Աղավնոյի համայնքապետ, ստուգել եմ այդ ճանապարհը, որով ադրբեջանական զորքերը գնում էին դեպի Ջերմուկ եւ զեկուցել եմ։ Այն ժամանակ մեծ զինտեխնիկան հանեցին՝ մեզ մենակ թողնելով, հիմա էլ այս ամեն ինչից հետո լեզուները երկարացնում են կամ թողնում են, որ ժողովուրդն իրար միս ուտեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

Նա նշեց, որ այս իրավիճակին այլ մեղավորներ չկան, քան այս իշխանությունները։ «Թող միջոցներ ստեղծեին, ժողովուրդն Արցախը կպաշտպաներ։ Ժողովուրդը միշտ էլ ազնիվ է եղել, պաշտպանել է հողն ու հայրենիքը, այս խունտան է մեղավոր։ Հետո էլ ասում են՝ Արցախն արդեն տրված էր, բա եթե տրված էր, ինչո՞ւ մինչեւ հիմա չէին վերցրել ազերիները»,- հավելեց նա։

Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ հավատում է Արցախ վերադարձին, վերադարձը կլինի միջազգային փոփոխությունների արդյունքում, ոչ այս իշխանությունների գործողությունների։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ հայրենասիրության այն մոդելը, որը մինչեւ այսօր եղել է, սխալ է, նա ասաց․ «Այսինքն՝ հիմք ընդունենք իր հայրենիքի սե՞րը, որի արդյունքը սա է, թե՞ ֆեյք, անիմաստ խոսակցություններ է անում։ Մեկ օր առաջ իբրեւ բռնում են արցախցիներ, ահաբեկչական խումբ։ Ես չեմ ուզում ծավալվել, իրենք լավ գիտեն, նիկոլական այդ իր մասսայի տներից հլա թող Արցախից բերած զենքերը հավաքեն, որ հետո ուրիշի վրա չգցեն։ Իրենց մեջ է այդ ամենը, մենք լավ տիրապետում ենք այդ ինֆորմացիային, այն ժամանակ բերած իրենց զենքերը սկի չեն էլ հավաքել, ո՞ւմ վրա են գցում»։

f