Մինչեւ 1941 թվականը արեւմտահայերը Հայաստանում վստահ էին, որ Կարսի պայմանագրի ժամկետը 25 տարով է

  • 15:29 19.09.2024

«Ինչպե՞ս Արցախի հայությունը հայրենազրկվեց․ սրա հիմքերը նույնիսկ մեր կենդանության շրջանում էին։ 1988-1990 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ամբողջ հայությունը ստիպված եղավ փախչել։ Այդ ամբողջ հայության փախուստը երբեք չդարձավ լուրջ քննարկան առարկա՝ իրենց վերադարձի իղձերով»,- այսօր հրավիած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ 1941 թվականը արեւմտահայերը Հայաստանում վստահ էին, որ Կարսի պայմանագրի ժամկետը 25 տարով է, եւ իրենք կարող են վերադառնալ հայրենիք։ Դրա համար էր նաեւ Խորհրդային միությունը ուզում հայրենիքի գաղափարը շատ արագ ջարդել նրանց ուղեղներից։

«Հիմա նույնկերպ Ադր․ ԽՍՀ-ից փախստականների կողմից 1988 թվականից հետո հայրենիքի գաղափարի շուրջ միավորվելու շատ փորձեր արվեցին, բայց չխրախուսվեցին այդ փորձերը։ Երբ մենք վերադարձի գաղափարն ուղարկում էինք փախստականների տարբեր համագումարներ, ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդին, ԵԱՀԿ երկրներին, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Հայաստան եկավ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն գլխավոր հանձնակատարը։ Ինքը հանդիպեց միայն երկրի նախագահին, ինքը գնաց, երկու ժամ հետո նախագահի կայքում հայտնվեց գրություն, որ Հայաստանը փախստականների գծով որեւէ քաղաքական ծրագիր եւ պահանջ չունի։ Հայաստանը դա Հայաստանի իշխանությունն էր։ Ես չեմ կարողացել այդ հարցեը ձեւակերպել այն մարդկանց, ովքեր կարող էին իմանալ եւ պատասխանատու էին իմանալ՝ Հայաստանի հրաժարվելը իրավական որեւէ լուծումից մինչեւ այսօր գործո՞ւմ է։ Փաստն այն է, որ փախստականների խնդիրների վերաբերյալ փախստականների պատկերացրած լուծումները ՀՀ իշխանությունների կողմից մինչեւ այսօր որեւէ քննարկման եւ արձագանքի չեն արժանացել»,- ասաց նա։

Հրանուշ Խառատյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված փախստականներին։ «Ես շատ եմ հանդիպում փախստականների հետ եւ գիտեմ, որ նրանց մեծ մասն այս գաղափարին կողմնակից են, որ Հայաստանի կառավարությանը պետք է հստակ առաջարկել, որ փախստականների կեցության խնդիրը ՀՀ տարածքում պետք է լուծվի փախստականների համայնքային գոյության միջոց ստեղծելու ճանապարհով։ Սփյուռքի եւ ՀՀ բյուջեի հավասար տրամադրված միջոցներով մի տարածքում կառուցվում է արցախահայության բնակավայր։ Մարդիկ կամավոր կընտրեն, չպետք է որեւէ արցախահայի ստիպել, որ այնտեղ ապրի։ Բնակավայրը համայնքի կարգավիճակ կունենա եւ Հայաստանի օրենքներով կունենա ինքնակառավարվող մարմին, ինքը կընտրի իր կառավարող մարմիններին։ Այստեղ արցախյան կյանքի, մշակույթի, լեզվի, ներքին կապերի, հարաբերությունների վերընձյուղման հնարավորություն կլինի՝ հուսալով, որ քաղաքական լուծումների դեպքում այս մշակույթը կարող է տեղափոխվել բուն հայրենիք եւ այնտեղ շարունակվել»,- ասաց Խառատյանը։

f