ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ներգրավված չէ արցախյան 150 հազարանոց փախստականների համայնքի գործերի մեջ

  • 15:44 19.09.2024

«Ես տարիներ շարունակ առաջարկում եմ հատուկ բանաձեւ տալ արցախյան հիմնախնդրին։ Դա մեկ խոսք է՝ պատրիացիդ՝ հայրենազրկում։ Այն, ինչ կատարվում էր Արցախում, ցեղասպանություն է, գենոցիդ։ Բայց ես կարծում եմ, որ այն բառը, որն առաջարկում ենք մենք՝ պատրիացիդ, դա ավելի լուրջ մեղադրանք է, որովհետեւ, ինչպես մենք տեսնում ենք, Օսմանյան Թուրքիայում եւ թուրքական հանրապետությունում հայեր մնացել են։ Մնացել է հայկականությունը, իրենց չհաջողվեց ոչնչացնել ազգը, եւ ինչպիսին կլինի Թուրքիայում հայկական հարցը, ոչ ոք չի կարող ասել»,- այսօր հրավիրած քննարման ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Արցախից հեռացվեց ողջ հայությունը, եւ հիմա փորձում են ոչնչացնել մեր հազարամյա մշակույթը, հետքը։ Ուստի, սա պատրիացիդ է, այսինքն՝ հայրենազրկում, հայրենիքի, պետության ոչնչացում։

«Որպեսզի կայանա մեծ վերադարձը, հնարավորությունը Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռն է։ Դա մի վճիռ է, որի մասին Հայաստանում խոսում են շատ քիչ, որի մասին գրեթե տեղեկացված չէ հասարակությունը։ Ավելին, արցախցիների զգալի մասն առանձնապես չի էլ գիտակցում՝ ինչ է կատարվել նոյեմբերի 17-ին։ Ապրիլի 24-ը թերի է առանց մարտի 16-ի, որովհետեւ ապրիլի 24-ին սկսված ցեղասպանությունը սովետական Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի կողմից ավարտվեց 1921 թվականի մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով։ Եվ դա ոչ ավելի կարեւոր է, քան ապրիլի 24-ը։ Պատահական չէ, որ մեզ տասնամյակներով սովորեցնում էին ապրիլի 24-ի գաղափարին, որ մենք միայն ողբանք, լացենք, բայց չգիտակցենք, որ  դրա նպատակն էր մարտի 16-ը՝ այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի հայազրկումը, հայաթափումն ու թրքացումը։ Դրա ուղիղ շարունակությունն էր 2020 թվականի պատերազմը եւ 2023 թվականի հայրենազրկումը»,- հավելեց Խզմալյանը։

Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգ, չկարողացավ, թերացավ ոչ միայն քաղաքական գնահատական տալ Արցախում կատարվածին, այլ նաեւ գիտակցել, թե ինչ է կատարվել։ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ քաղաքականություն Արցախի հարցում։ «Եվ դա վերջին տարվա իրողությունը չէ, սակայն հենց այսօր, երբ Արցախի գրավման, առեւանգման տարելիցն է, մենք պետք է արձանագրենք, որ առ այսօր չկա պետական քաղաքականություն, որ կառավարությունը կա՛մ լռում է, կա՛մ գերադասում է լղոզել Արցախի հարցը։ Դրա ապացույցն է, որ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ներգրավված չէ արցախյան 150 հազարանոց փախստականների համայնքի գործերի մեջ։ Չի կատարվում համայնքը պահպանելու, համայնքը ներկայացնելու, համայնքում նոր ինքնակառավարման մեխանիզմներ ստեղծելու, վտարանդի կառավարություն եւ դեսպանատներ հիմնելու աշխատանքը։ Այն ամենը, ինչը խիստ անհրաժեշտ է եւ ինչով մենք պետք է զբաղվենք»,- ասաց նա։

f