Վարչական դատարանում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի բնակիչ Մերի Ղարայանի վերաբերյալ գործով նիստը։ Վարչական դատարան ներկայացված հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի տեղահանվել եւ տեղափոխվել է ՀՀ, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։
Մերժման հիմքը հետեւյալն է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման երկրորդ կետով սահմանված է, որ տվյալ որոշումը չի տարածվում որոշման առաջին կետում նշված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Հիմք ընդունելով վերանշյալ իրավական կարգավորումները եւ հաշվի առնելով, որ դուք հադիսանում եք ՀՀ քաղաքացի, կառավարության որոշման շրջանակներում ձեզ ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»։
Փաստաբան Իռմա Ճաղարյանը հարց հնչեցրեց դատարանում՝ ինչի՞ հիման վրա է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը որոշել, որ այս իրավիճակում գործ ունենք այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի հետ, այն դեպքում, երբ կառավարության որոշումը հստակ արձանագրել է այն երեք խումբ անձանց, ովքեր կարող են ստանալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Մերի Ղարայանը համապատասխանում է այդ չափանիշներին։
«Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, պետք է նկատի ունենանք այն բոլոր առանձնահատկությունները, որոնք կապված են ԼՂ կարգավիճակի եւ դրանից բխող բոլոր հետեւանքների հետ։ Միաժանակ, չեմ կարծում, որ այլ պետություն ասելով՝ Հայաստանի Հանրապետության համար Հայաստանի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես այլ պետություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման առաջին կետում որեւիցե տեղ նշված չէ ԼՂ քաղաքացի կամ Արցախի Հանրապետության քաղաքացի ձեւակերպում։ Այստեղ բոլոր տեղերում նշված է՝ անձինք, որոնց վերջին բնակության կամ հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ կառավարության որոշմամբ արդեն առկա է եղել այն առանձնահատկությունը, որն առկա է եղել ԼՂ պարագայում, եւ դրանից ելնելով էլ առաջին կետով ամրագրվել է, որ պաշտպանության են ենթակա այն անձինք, ում վերջին հաշվառման վայրի հասցեն եղել է ԼՂ-ն։ Այսինքն՝ չի հստակեցվում՝ դա ՀՀ քաղաքացի է, թե՞ ԼՂ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ քաղաքացինեը եւս բոլորն ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու նմուշի անձնագիր եւ դրանով օգտվել են սահմանադրորեն ամրագրված բոլոր իրավունքներից»,- ասաց փաստաբանը։
Իռմա Ճաղարյանը նաեւ նշեց՝ այն, որ արցախցիները հանդիսանում են ՀՀ քաղաքացի, այդ հարցը չի էլ քննարկվում։ Իրենց հայցն այն մասին է, որ տարանջատում է դրվել բռնի տեղահանված տարբեր անձանց միջեւ, եւ կոնկրետ այս դեպքում անձին փախստականի կարգավիճակ չի տրվել, թեպետ նա 2023 թվականին բոլոր արցախցիների հետ բռնի տեղահանվել է։ Այսինքն՝ մարդն ապրել է Արցախում, տուն է կորցրել, բռնի տեղահանվել, եկել է Հայաստան, եւ իրեն այդ կարգավիճակը չեն շնորհում։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչն ասաց, որ եթե դիմումատուն համապատասխանում է կառավարության վերոնշյալ որոշման առաջին կետով սահմանված պահանջներին, բայց հանդիսանում է այլ պետության, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, ժամանակավոր պաշտանության կարգավիճակ տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։ «Եթե անձը հանդիսանում է այլ պետության, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի եւ օգտվում է տվյալ պետության պաշտպանությունից, հետեւաբար, նրան ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցվոր Մերի Ղարայանը դեռեւս 2013 թվականին հաշվառվել է Սյունիքի մարզում եւ առաջին անգամ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով, այնտեղ հաշվառվելով եւ անձնագրավորվելով, խոսքը 070 կոդով անձնագիր ստանալու մասին է, ինքը չի կորցրել եւ դադարեցրել իր ՀՀ քաղաքացիությունը»,- ասաց նա։
Փաստաբանը դատարանում ներկայացրեց մեկ այլ արցախցու անձնագիր՝ հորդորելով բացատրել այդ անձնագրի եւ Մերի Ղարայանի անձնագրի տարբերությունը։ Ինչի՞ հիման վրա է մի դեպքում նույն ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող արցախցուն տրվել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ յուրաքանչյուր գործ ենթակա է քննարկման իր անհատական հանգամանքների տեսանկյունից։ Եթե անձին տրմադրվել է ժամանակվոր պաշտպանության կարգավիճակ, ուրեմն բացակայել են ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկությունները։
Փաստաբանի մյուս հարցին, թե որ պետության քաղաքացի են համարվում ԼՂ բնակիչները, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը պատասխանեց․ «Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, քաղաքացիության մասով որեւէ շեշտադրում չենք անում կառավարության որոշման մեջ։ Իրենք հիմա հանդիսանում են ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք»։
Արցախցի Մարատ Եգանյանը նիստից հետո հիշեցրեց, որ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն։ «Դրանից հետո ՀՀ իշխանությունը վերահաստատել է այդ որոշումը՝ բոլոր արցախցիներին տրամադրելով ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Այլ կերպ ասած՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ նախատեսված չէ որեւէ դեպք, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիր կրի մի անձ, ով չունի ՀՀ քաղաքացիություն։ Այսինքն՝ եթե դու ունես ՀՀ քաղաքացու անձնագիր, պարտադիր հանդիսանում ես ՀՀ քաղաքացի»,- ասաց Մարատ Եգանյանը։
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: