Պարտության ֆինանսական բաղադրիչը

  • 10:52 21.09.2024

Հայկական երկրորդ պետականության կորստի պատճառները շատ են ու բազմաշերտ՝ աշխարհաքաղաքական, մարտավարական-ռազմավարական, ռազմական, քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլն: Դրանցից յուրաքանչյուրն առանձին ու խորը ուսումնասիրման կարիք ունի:

Բռնատեղահանված արցախցիների մասնակցությամբ օրերս կայացած մի քննարկման ժամանակ առանձնակի անդրադարձ եղավ պարտության ֆինանսական բաղադրիչին՝ ընդհանրապես, և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքների վերացման նպատակով ՀՀ բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսմանը՝ մասնավորապես:  Ընդ որում, հստակեցվեց, որ ֆինանսական բաղադրիչը միայն զուտ ֆինանսական չէ, քանի որ տարիներ շարունակ մսխված գումարները նախատեսված են եղել թե՛ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և թե՛ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը, իմա՝ երկրի ու ժողովրդի դիմակայունության մեծացմանը:

Սեպտեմբերի 18-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբի կազմակերպած քննարկման նպատակն էր աջակցել, որպեսզի ապօրինաբար ձեռք բերված բոլոր միջոցները վերադարձվեն եւ ուղղվեն բռնի տեղահանված արցախցիների աջակցության նախաձեռնություններին՝ ապահովելով վերջիններիս թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Քննարկման ընթացքում խոսվեց 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման նպատակով ՀՀ բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսման հանրային հետաքննության նպատակով ստեղծված նախաձեռնության, դրա առաջին արդյունքների, ինչպես նաև անելիքների մասին: Պարզվեց, որ արդեն իսկ կան լուրջ բացահայտումներ ու ժողովված փաստեր, որոնք էլ ներկայացվել են իրավապահ մարմիններին, ավելին՝ արդեն իսկ հարուցվել են մի քանի քրեական գործեր։ Արդեն իսկ կան Արցախի Ներդրումային հիմնադրամից ավելի քան 69 մլրդ դրամի հափշտակման վերաբերյալ հստակ տեղեկություններ: Իսկ «Վելես»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրականացրած հետաքննության արդյուքնում պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի ապրիլը Ներդրումային հիմնադրամից 467 մլն դոլար գումար է «բաշխվել» 48 ընտանիքների միջև։

Հստակ հասցեագրելով հափշտակումների պատասխանատուներին և Արցախի ռազմաքաղաքական էլիտայի առանձնակի պատասխանատվությունն ընդգծելով՝ քննարկման մասնակիցները, միևնույն ժամանակ, փորձեցին պարզել, թե արդյո՞ք հնարավոր էր այս բոլոր գործարքներն անել առանց Հայաստանի բարձրագույն ղեկավարության առնվազն իմացության կամ միգուցե նաև թողտվության: Ըստ մասնակիցների՝ այս հարցի պատասխանի   ՀՀ իշխանությունների վերաբերմունքն է լինելու նշված հափշտակությունների հետաքննության հարցում, ըստ որի էլ կպարզվի նրանց պատասխանատվության չափը:

Անդրադառնալով անելիքներին՝ քննարկման մասնակիցները կարևորեցին արցախյան հասարակական կազմակերպությունների ակտիվությունն ու նպատակամիտվածությունն այս հարցում, ինչպես նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության կարևորությունը:

Քննարկված խնդրի համատեքստում առանձնակի կարևորվեց բռնատեղահանված արցախցիների ինքնակազմակերպման խնդիրը:

Step1.am-ը հարց ուղղեց մասնակիցներին՝ արդյոք չպե՞տք է խնդիրն ավելի գլոբալ դնել ՀՀ իշխանությունների առաջ եւ փորձել պարզել, թե այսօր ինչպես են ծախսվում տարբեր միջազգային կազմակերպությունների ու երկրների կողմից բռնի տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերի համար հատկացվող գումարները։ Ի պատասխան նշվեց, որ թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու հարցը պետք է բարձրացվի ՀՀ կառավարության առաջ։ Այս համատեքստում խոսվեց նաև բռնատեղահանվածներին աջակցության նպատակով դոնորների միջազգային համաժողով անցկացնելու հավանականության մասին, ինչն ամեն ինչից զատ նաև կարևոր քաղաքական նշանակություն կունենա և ի չիք կդարձնի այն պնդումները, թե Արցախի հարցը փակված է:

f