Վանյա Հովհաննիսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից էր։
28–ամյա երիտասարդը շատ էր սիրում իր գյուղը, որն իր համար աշխարհի ամենագողտրիկ անկյունն էր։ Հայրենիքը մեծագույն արժեք էր Վանյայի համար, իսկ մայր հողի պաշտպանությունը՝ սրբագույն պարտք․ այդպես էր դաստիարակվել․․․
2013-2015 թթ․ ժամկետային զինծառայությունն անցնելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանք գտնելու։ 2020-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վանյան չէր կարող հանգիստ նստել օտար երկրում․ հայրենիքը կրկին վտանգված է և ունի իր զավակների կարիքը։ Առանց հարազատներին տեղյակ պահելու, բոլորից գաղտնի նա վերադարձավ հայրենի գյուղ և լրացրեց կամավորների շարքերը։ Ընկերների հետ Վանյան մասնակցեց մարտական գործողություններին, տեսավ պատերազմի ողջ դաժանությունը և Աստծո կամոք վերադարձավ ընտանիքի գիրկը, որտեղ նրան սպասում էին ծնողները, եղբայրը, քույրերը․․․
Քույրը՝ Անին, պատմում է․
-Երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը, եղբայրս այլևս չցանկացավ հեռանալ Արցախից։ Նա մնաց գյուղում, կամավորագրվեց աշխարհազորին ու կանգնեց հայրենիքի պաշտպանների կողքին։ Միշտ ասում էր՝ վրեժ ունի թշնամուց լուծելու։ Մեծ ցավ էր ապրում, որ պատերազմում զոհվել է քրոջ ամուսինը՝ Արտակը, որի հետ նա և՛ ընկեր էր, և՛ եղբայր։ Հոգու խորքում Արտակի վրեժն էր ցանկանում լուծել։
Վերջին ժամանակաշրջանում ասում էր, որ պատերազմ է լինելու։ Կանայք, ծերերն ու երեխաները դուրս են գալու գյուղից, իսկ տղամարդիկ մնալու են ու կռվեն։ Ցավոք, այդպես էլ եղավ։
Նախավերջին անգամ դիրքերից իջնելուց ուսապարկը թողել էր այնտեղ, ու որոշել էր, որ չի գնալու, ընկերները կբերեն իր ուսապարկը, հաջորդ հերթափոխմանը կգնա։ Կարծես Աստված էր նախազգուշացնում, որ չգնա դիրքեր, սակայն գիշերը հանկարծ մտափոխվեց ու գնաց։
Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, գնդացրորդ Վանյան դիրքում էր։ Հրամանատարի հետ 10 հոգի էին։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել էր սեպտեմբերի 18-ին։ Դրանից հետո հարազատներին չհաջողվեց խոսել նրա հետ․ կապը լրիվությամբ բացակայում էր։
Ճակատագրի բերումով փրկված մարտական ընկերները պատմում են․
-Վանյայենց խումբը 10 հոգով կռիվ էր տալիս թշնամու անհավասար ուժերի դեմ։ Կենաց ու մահու կռիվ էր։ Տղաները կռվում էին վրեժխնդրորեն, կրճտացրած ատամներով։ Նույն դիրքում էր նաև Վանյայի հորեղբոր տղան։
Դիրքն անընդհատ հրետակոծվում էր, թշնամին ցանկացած պահի կարող էր մտնել դիրք։ Մոտակա դիրքերն արդեն թշնամու վերահսկողության տակ էին։ Տղաներից մի քանիսը հետ քաշվեցին։ Հրամանատարի հետ դիրքում մնացին Վանյան ու երեք հոգի։ Այդ ընթացքում դեռ լսվում էր Վանյայի գնդացրի ձայնը։
Մեկ ու կես ժամ միայնակ կռիվ են տվել․ իսկ երբ ПК–ի ձայնը կտրվել է, հասկացել են, որ Վանյան ու ընկերներն արդեն չկան։ Տղաները մարտնչել են ինչքան հնարավոր էր՝ կենդանի վահան հանդիսանալով դիրքերի մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար։
Անին շարունակում է պատմել․
-Պատերազմից մի քանի օր հետո, երբ հորեղբորս տղան կապի դուրս եկավ, մենք հույս էինք պահում, որ Վանյան էլ ողջ կլինի և շուտով կկապվի մեզ հետ։ Անորոշության ու հուսահատության մեջ Հարությունագոմերից մայրս ու մեր բոլոր հարազատները տարհանվել էին Ստեփանակերտ, անգամ չհասցնելով վերցնել անհրաժեշտ իրերը, նույնիսկ ամենաթանկը՝ 2021 թվականին մահացած հորս նկարը։ Վանյայի մասին լուրեր էինք փնտրում օպերատիվ շտաբից, շրջափակումից փրկված տղաներից, դիրքերից տարհանված վիրավորներից։ Նրան որոնում էինք հիվանդանոցներում, վիրավորների մեջ։ Սակայն, ավա՜ղ, եկավ գույժը։ Եղբայրս չկար, նա ընտրել էր անմահ հերոսների շարքը․ անմահացել է գնդացիրը գրկած․․․
Փրկարարները դիրքում նահատակված տղաների հետ իջեցրին նաև Վանյային։ Նա հուղարկավորվեց հոկտեմբերի 15-ին Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Մեզ համար կրկնակի ցավ է, որ Վանյան զոհվեց հանուն Արցախի, հանուն Արցախը հայ պահելու, սակայն Արցախն այսօր չկա։ Մեզ համար հուսադրողն այն է, որ տղաները զոհվելով՝ կյանքեր են փրկել։ Եթե իրենք դիմադրություն ցույց չտային, բոլորին անխնա կկոտորեին․ օրինակները շատ են։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: