Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փաշինյանի հանդիպումների մասին չի հաղորդվում, ինչպես նաև չի հաղորդվում Հայաստանի՝ իր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում բանակցությունների հավանականության մասին։ Թեև վերլուծաբաններն արդեն իսկ հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ ԱՄՆ միջնորդությամբ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանի Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր. «Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:
Տարածաշրջանի ինչպիսի՞ ապագայի մասին է խոսքը և ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։
Անցյալ տարի Գլխավոր ասամբլեայի նիստը տեղի էր ունենում այն օրերին, երբ Արցախում իրականացվեցին ագրեսիա, օկուպացիա, տեղահանություն և ցեղասպանություն։ Այս տարվա սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց մեկ տարի առաջվա իրադարձությունների մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ի հերթապահ հայտարարության մեջ կրկին հավաստիացումներ տրվեցին, որ Հայաստանն ամեն գնով գնալու է դեպի «խաղաղություն»։
Ի տարբերություն Փաշինյանի, ով ասում է, որ Հայաստանի տարածքը տխրահռչակ 29,9 հազար քառ. կմ է, միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերն այլ բան են ասում։ Խոսքն առաջին հերթին Հայաստանի Սահմանադրության մասին է, որը հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989թ. որոշմանը։ Նաև խոսքը Կարսի պայմանագրի մասին, ըստ որի սահմանվում են Հայաստանի «արտաքին սահմանները», եւ մինչ օրս այնտեղ տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը։
Հայաստան ժամանող միջազգային դերակատարները, այդ թվում վերջերս Երևանում գտնվող Ֆրանսիայի՝ արդեն նախկին արտգործնախարարը, ինչպես նաև ամերիկացի էմիսարները խոսում են «ռուսական ճնշումը նվազեցնելու» անհրաժեշտության մասին։ Փորձագետները չեն բացառում, որ ռուսական սահմանապահ զորքերը կարող են դուրս բերել իրանա-հայկական սահմանից։
Միևնույն ժամանակ, Նախիջևանը, հայ-թուրքական պայմանական սահմանը և դրա երկայնքով ռուս սահմանապահների առկայությունը կասկածի տակ չեն դրվում, ինչը վկայում է ճանաչված միջազգային ակտերի շրջանակներում Կարսի պայմանագրի «սահմանները» հաստատելու մտադրության մասին։ Ինչպես գիտեք, ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը գրանցված չէ ՄԱԿ-ի դեպոզիտարիայում, այսինքն՝ լեգիտիմ չի համարվում։ Անհրաժեշտ է նոր պայմանագիր, բայց արդեն առանց Ռուսաստանի։
Այդ համատեքստում Փաշինյանը, հնարավոր է, ՄԱԿ-ի նիստում հայտարարի Հայաստանի պատրաստակամության մասին՝ պայմանագիր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարյուր տարի առաջվա հանցավոր պայմանագրերով սահմանված սահմաններում։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին մեկ ամսից քիչ ավել է մնացել։ 2020-ի ամերիկյան ընտրությունների ժամանակ ռուս-թուրքական դաշինքը Իսրայելի աջակցությամբ և արևմտյան որոշ ուժերի հետ կոնսենսուսով իրականացրեց Ղարաբաղի մասնակի օկուպացիան։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել հատկապես ագրեսորների ճակատագրում: Թրամփը ասում է, որ եթե ինքը չդառնա նախագահ, ապա 2 տարի հետո Իսրայելը կդադարի գոյություն ունենալ։ Ոչ պակաս կասկածելի են Ռուսաստանի և Թուրքիայի ճակատագիրն ու «ամբողջականությունը», էլ չենք խոսում նրանց արբանյակ Ադրբեջանի մասին։
Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելն այն ժամանակ, երբ ողջ աշխարհը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, առնվազն անհեռատեսություն է, եթե ոչ հանցավոր քայլ։
Նաիրա Հայրումյան