Արցախցին երբեք քաջության պակաս չի ունեցել

  • 10:53 23.09.2024

Արցախի խաչքարային պատկերաքանդակները շատ հարուստ ու բազմազան են, ինչ որ տեղ նաև եզակի։ Եվ այդ բազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի ռազմիկի ու կռվի թեմատիկան, որին մենք հանդիպում ենք Արցախի ողջ տարածքում։

Գեղաքանդակ խաչքարերի վրա քանդակված են հեծյալ-ռազմիկներ զինված տեգերով, սրերով, նետ ու աղեղներով։  Ռազմիկը հպարտ կեցվածքով, դեմքով դեպի դիտողը, իսկ ձին հանդիսավոր ընթացքի մեջ։

Դատելով առկա նմուշներից և մասնագետների եզրակացություններից, կարող ենք ասել, որ զինված հեծյալի պատկերաքանդակները առաջ են եկել 12-13-րդ դարերում, որը հավանաբար կապված է տվյալ ժամանակաշրջանում արցախահայության վարած կռիվների հետ, ընդդեմ մոնղոլների ու թուրքերի, սակայն հետագայում Արցախի տարածքում, մասնավորապես Պատարայի, ի հայտ եկած նմանատիպ խաչքարը, որը թվագրվում է 10-11-րդ դարերով, խոսում է այն մասին, որ այդ դրսևորումը նաև ավելի վաղ է եղել։

Անդրադառնալով այդ խաչքարերին, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը գրել է․

“Խնդիրն այն է, որ երբ պահպանված պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները դասակարգում էի ըստ ժամանակագրության և ըստ բովանդակության, ակամա աչք զարնեց մի խիստ ուշագրավ իրողություն: Պարզվում է, որ ԺԲ-ԺԳ դարերում ստեղծված պատկերաքանդակները գրեթե բացառապես նվիրված են զինավառ ռազմիկներին (հեծելազորի կամ հետևակի զինվորներին): Դրանց հիմնական մասը պահպանվել է Խաչենի իշխանության և նրան հարակից գավառների տարածքի զանազան հնավայրերում և կերտվել է ի հիշատակ կա՛մ թուրքերի, կա՛մ էլ մոնղոլների դեմ կռիվներում նահատակված հայորդիների: Նրանցում առկա է այդ ժամանակաշրջանում կիրառության մեջ եղած զենքերի գրեթե ողջ տեսականին (սուր, նիզակ, գուրզ, նետ ու աղեղ, արբալետ հիշեցնող զենք, դաշույն, վահան և այլն)”:

Պատարայի Օծկա վանքի մոտ մի խաչքարի քիվի վրա գրված է «(ԵՍ ՀԱՍԱՆ) ՈՐԴԻ…», իսկ ներքևի տողում «ԵՎ ՔԱՋ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ»։ Արձանագրությունը հողմահարված է ու Սամվել Կարապետյանին հաջողվել է կարդալ միայն այս հատվածները։ Ի շարս այլ հատկանիշների, կարևորվել է այն, որ նա քաջ պատերազմող էր։

Միգուցե մասնագետները տարբեր կերպ կմեկնաբանեն երևույթը, բայց ես կասեի, որ երևույթն այս հարգանքի ինքնատիպ տուրք է երկրի պաշտպանի նկատմամբ, արժևորման մի յուրատիպ փորձ։ Ռազմիկին փառաբանելով, փառաբանվում է երկիրը, կարևորվում նրա ինքնիշխանությունն ու  սահմանների անխախտությունը։ Փառաբանվում քաջությունը վասն հայրենյաց և որպես արժեհամակարգ փոխանցվում սերունդներին։

Արցախյան առաջին պատերազմի զոհերի շիրմաքարերին, հերոսների նկարները պատկերվում էին մեծամասամբ զինվորական հագուստով, որ դարձել էր մի տեսակ պարտադիր կարգ։

Ասածս ի՞նչ է, արցախցին միշտ էլ կռվել է իր Հայրենիքի համար և դարերով կառչած մնացել իր հողին։ Նա անձնուրաց մղել է նաև իր վերջին մարտը, իսկ թե ո՞վ պարտության տարավ հայությանն ու մասնավորապես արցախցուն, պատասխանը կտա ժամանակը։

Արմինե Հայրապետյան

f