Forrights. Մեկ տարի առաջ ինչի միջով են անցել Կիչան գյուղի բնակիչները

  • 11:12 23.09.2024

Forrights

«Փիս վիճակում էինք, ահավոր, վրա էին տվել, մենք էլ տնից փախանք անտառներ»,-մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի մասին խոսելիս 65-ամյա Ռիմա Ղալայանն առաջինը սա է հիշում։ Նա Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է, Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝  այդ օրերը սարսափելի էին։

Գյուղի կանայք, երեխաները և տարեցները, նրանցից ոմանք ոտաբոբիկ, ադրբեջանական հռթիռներից փրկվելու համար մի կերպ են հասել Կիչանին մոտ գտնվող անտառ։ Այնտեղ, սակայն, ևս ապահով չի եղել, խաղաղ բնակիչները ոտքով ուղևորվել են մոտակա գյուղ՝  Առաջաձոր։

«Ոտքով ենք հասել, անտառներով, երեսներս ճղորտելով, մի դամաշնիկով հասել ենք այնտեղ։ Հասանք Առաջաձոր, այնտեղ էլ իրենց հանդիպեցինք։ Ալավ-ալավ էր լինում՝ իրենք գցում էին, ամեն ինչ վառվում էր, անտառները վառվում էին։ Մի վայեննի ՈՒԱԶ եկավ, մեզ հասցրեց քցել մեջը, այնտեղից մի կերպ հասանք աերոպորտ։ Հետևներիցս ռմբակոծում էին (նկատի ունի Իվանյանի օդանավակայանը, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները)»,-հիշում է արցախցի կինը՝ շարունակելով, որ երեխաները նոր էին դպրոցից վերադարձել, չէին հասցրել հագուստը, երբ ստիպված էին եղել տնից հեռանալ։

«Լաց ու կոծով դուրս ենք եկել։ Ես էի, աղջիկս, իր երեխաներով, տղաս»,-ասում է տիկին Ռիման ու նշում, որ իր համար կրկնակի ծանր օրեր էին։ Այդ պահին չգիտեր անչափահաս թոռների անվտանգության մասին մտածեր, իր առողջության, թե որդու, որից լուր չուներ։ «Հետո իմացանք, որ թշնամու մոտ է, հազիվ հետ բերեցինք»,-հիշեցնենք՝ տիկին Ռիմայի որդին Լեռնիկն է, որին ադրբեջանցիները գերեվարել էին ու ծեծի ենթարկել։

«Ճանապարհին ուժեղ կրակում էին մեքենաների վրա։ Հազիվ հասանք աերոպորտ, այնտեղ էլ մի բան չէր, անձրև էր գալիս, երեխաները անձրևի տակ սոված, ծարավ, մի կտոր հաց չկար։ Երեխաները լացում էին՝ սոված ենք, սոված ենք։ Ռուսները ոչ մի բան չէին տալիս, ո՛չ հաց, ո՛չ ջուր, թուրքի պես։ Ասում էի՝ անձրև է գալիս, թող էրեխեքը տանիքի տակ մտնեն, հեչ վեջը չի։ Հիվանդ երեխան անձրևի տակ, չթողեցին ներս մտնի։ Փիս սոված մնացինք այնտեղ, հետո եկանք Ստեփանակերտ»,-այդ օրը տիկին Ռիման ընտանիքի հետ անցկացրել է Արցախի կառավարության նկուղում, սրտացավ մարդիկ երեխաներին հաց են տվել, առավոտ արդեն բռնի տեղահանվել են Արցախից։

Նա հիմա մի ցանկություն ունի․ «Ստեղ թողեն խաղաղ մնանք, ինչ ասեմ, ցավդ տանեմ»։

f