Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։
Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:
Տեղեկատվության մեջ անդրադարձ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Բաքուն առաջարկել է Երեւանին “համատեղ ոչնչացնել”։ Այսօր էլ Ալիեւը խոսել է Մինսկի խմբի մասին, համարելով այն հայկական իրավունքների “պաշտպան”։
Արդյո՞ք Արարատ Միրզոյանը, խոսելով “արհեստական խոչընդոտների մասին”, նկատի ունի Մինսկի խումբը։ 2020 թ․ հետո, երբ Երեւանը համաձայնվեց ստորագրել Ռուսաստանի հետ “եռակողմ հայտարարությունը” եւ ռուսական զորք մտցնել Արցախ, այլեւս Մինսկի խմբի մասին չխոսվեց։ Առ այսօր Երեւանը կոչ չի անում վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին, գերադասելով սկզբից “եռակողմ”, հիմա էլ “երկկողմ” ֆորմատը Ալիեւի հետ։