Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի անհիմն մեկնաբանությունները վերարտադրում են անցյալ տարվա Ադրբեջանի գործողությունների (Լեռնային Ղարաբաղում – խմբ.) լրիվ միակողմանի տեսակետը։ Այս մասին սոցցանցերում գրել է բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը։
«Ադրբեջանը քարոզարշավ է սկսել, նպատակ ունենալով տարածքը մաքրել էթնիկ հայ բնակչությունից,
և հաջողության է հասել այս հարցում»,- գրել է փորձագետը։
Հիշեցնենք, որ բրիտանացի նախարարը վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն անվանել էր «տարածքների ազատագրում»։
Մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը դաժան ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որը հաշված օրերի ընթացքում դուրս մղեց 120 հազար հայերի, ովքեր հազարամյակներ շարունակ այդ տարածաշրջանը տուն են անվանել, գրում է The National Interest-ը։
«Բացի մի քանի պաշտոնական հայտարարություններից, միջազգային հանրությունը ոչինչ չի արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի մի մասը։
Հողերի գրավումն անողոք էր։ Ադրբեջանական զորքերը ավերել են գյուղեր, խոշտանգել գերիներին, գլխատել հիվանդներին ու ծերերին։ Հրադադար հայտարարվեց, սակայն Ադրբեջանի դաժանությունը չէր դադարում։
Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր հետաքննված վայրագությունների մասին, այդ թվում՝ ծայրահեղ խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման և եկեղեցիների ու գերեզմանատների ավերման։
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը բազմիցս զգուշացրել է. «Եթե [հայերը] չեն ուզում մեռնել, ապա հեռացե՛ք ադրբեջանական հողերից», որը, նրա կարծիքով, ներառում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Երևանը։ Ադրբեջանցի պաշտոնյաները կրկնում են նրա ցեղասպանական դիսկուրսը` էթնիկ հայերին անվանելով «քաղցկեղ» և «հիվանդություն» և հայտարարելով. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է»:
Լեռնային Ղարաբաղը ներկայումս մոլորակի ամենաքիչ ազատ տեղն է, ըստ Freedom House-ի՝ առաջ անցնելով այնպիսի վայրերից, ինչպիսիք են Սիրիան, Հյուսիսային Կորեան և Արևելյան Ուկրաինան:
Freedom House-ի զեկույցը հրապարակվելուց շաբաթներ անց Ալիևը ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի լքված մայրաքաղաքից՝ գովաբանելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ավերումը և պարծենալով, որ հայերի «հետքը չի մնացել»:
Թեև Ալիևը մերժում է իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտումը, նա անհանգստանում է համաշխարհային առաջնորդների շրջանում իր կարգավիճակով, հատկապես Եվրոպայում, որն Ադրբեջանի վառելիքի հիմնական գնորդն է:
Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամուտների 92,5%-ը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին է COP29-ը:
Միջազգային հանրությունը մեղքերը քավելու հազվագյուտ հնարավորություն ունի: Ինչպե՞ս կարձագանքի այն»,- նշվում է հոդվածում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: