Պարզվում է, Արցախի ԱԺ-ն չի կարողացել սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակել

  • 10:38 24.09.2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վտարանդի խորհրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։

Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։

«Ժողովուրդ» օրաթերթը նույնպես գրում է․ «Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը:

Արցախի ԱԺ-ն, պահպանելով ժողովրդի տված մանդատը, ի վիճակի չէ իրացնել այգ մանդատը, գերադասելով իր պատասխանատվությունը այլոց վրա գցել։ 

Մի քանի ամիս առաջ ԱԺ-ն մանդատ տվեց Վարդան Օսկանյանի կողմից ղեկավարվող հանձնախմբին, որը միջազգային ատյանների հետ մեծ աշխատանք է կատարում, բայց միայն Արցախ վերադարձի հարցով։ Ընդ որում այդ հանձնախումբը բացահայտ աշխատում է միայն ՀՀ խորհրդարանական ընդդիմության հետ։

Հանձնախումբը “թույլ է տալիս” Արցախի ԱԺ-ին չանել այն է, ինչ պետք է անի վտարանդի խորհրդարանը՝ քաղաքական գնահատական տա կատարվածին, արցախցիների իրավունքներն ու պահանջները ներկայացնի։

Ոմանք էլ պնդում են, թե ՀՀ իշխանությունները վախեցնում են պատգամավորներին, ստիպելով կատարել իրենց կամքը, այդ թվում “սեփական” ֆրակցիայի միջոցով։

Ստացվում է, որ Արցախի խորհրդարանը ոչ թե արցախցիների մանդատն է իրականացնում, այլ կատարում է այլ քաղաքական միավորումների կամքը։ Այնինչ Արցախի ԱԺ-ն առաջնային հզոր մանդատ ունի, եւ այդ մարմնի մեկ գրագետ հայտարարությունը կարող է սարեր շուռ տալ։ 

Երբ որ 2020-ի գարնանը այսօրվա պատգամավորները կենաց-մահու կռիվ էին տալիս այդ մանդատի համար, դրա տակ նրանք միայն բարձր աշխատավարձ եւ պաշտոնական արտոնություններ էին տեսնում։ Սակայն այն ժամանակ արդեն փորձագետները զգուշացնում էին, որ այդ խորհրդարանին դժվար օրեր եւ մեծ պատասխանատվություն է սպասում։      

f