«Մեր արժանապատվությունը եւ համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է»

  • 15:14 24.09.2024

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլ նաեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել։ Մեր արժանապատվությունը եւ համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է»,- այսօր Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա հավելեց. «Պետք է տեսանելի լինի, որ միակ երաշխավորն այսօր Արցախի Հանրապետությունն է, որպեսզի նրա ժողովուրդը համախմբված լինեն նրա շուրջը եւ կարողանան իրականացնել այն, ինչ իրենց սրտում ու մտքում է։ Ուստի, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր եւ գործադիր բոլոր մարմիններով։ Եվ սա է միակ գերնպատակը, որպեսզի Արցախը տեսանելի լինի եւ Սփյուռքի մեր եղբայրների, եւ միջազգային կառույցների համար։ Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, երբ արդյունքում տեսանք լուսավոր, հաղթանակած, պայծառ Արցախ»։

Արցախ վերադարձի հարցին իր ելույթում անդրադարձավ նաեւ արցախցի Միքայել Հաջիյանը։ «Մենք անպայման կվերադառնանք տուն ու կկառուցենք, կվերականգնեն մեր անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետությունը։ Այդ վերածնունդը հեռու չէ, ես հավատացնում եմ ձեզ, դա երազանք չէ, դա նպատակ է, որը պարտադիր իրականացման ենթակա է»,- ասաց Հաջիյանը՝ կոչ անելով համախմբվել։

f