558 զոհ Լիբանանում. Ռուսաստանն ու Իսրայելը ցանկանում են «անվտանգության գոտի» ստեղծել

  • 19:24 24.09.2024

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից ի վեր Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 558 մարդ, այդ թվում՝ 50 երեխա և 94 կին, իսկ ավելի քան 1800-ը վիրավորվել են: Այդ օրը Լիբանանի ամենամահաբերն էր 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:

Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ թիրախավորում են լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքները և գրոհայիններին:

Իր հերթին, Գազայում անցած տարվա ընթացքում ավելի քան 40 հազար պաղեստինցի է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով, և Իսրայելը հայտարարել է, որ գրեթե հասել է ՀԱՄԱՍ շարժումը չեզոքացնելու իր նպատակին։ Հիմա Իսրայելը նույն գործողություններն է անում Լիբանանում Հեզբոլլահին չեզոքացնելու համար։

Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝  Իսրայելը մտադիր է իր հյուսիսային սահմանին «անվտանգության գոտի» ստեղծել, ըստ երեւույթի՝ Լիբանանի հաշվին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ասաց, որ Լիբանանի հայերը հիմնականում հեռու են բնակվում ներկայիս ռազմական գոտուց: Նա նշեց, որ հայ համայնքում խուճապ չկա։

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տեղեկություն չունեն Լիբանանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած հայերի մասին։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն չի տարածել Լիբանանում Իսրայելի գործողությունների և մտադրությունների, մասնավորապես՝ ուժային գործողությունների և լիբանանյան տարածքի գնդակոծման առնչությամբ։ ԱԳՆ-ն չի մեկնաբանել նաև այսպես կոչված «անվտանգության գոտիների» ստեղծման նպատակահարմարությունը։ Հայաստանի արտգործնախարարության կայքում Լիբանանի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 2023 թվականի գարնանը, թեև սա մի երկիր է, որտեղ հայ համայնքը համարվում է պետականաստեղծ. բավական է նշել, որ 2022 թվականին 6 հայ են ընտրվել Լիբանանի խորհրդարանի պատգամավոր։

Հիշեցնենք, որ Մոսկվան եւս հայտարարել էր, որ Ուկրաինայի Խարկովի մարզում իր գործողությունները թելադրված են այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ։

Հայաստանի իշխանությունը Բաքվի՝ 2021-22 թթ. ագրեսիվ գործողություններից հետո առաջարկեց զորքերի հայելային դուրսբերում և չեզոք գոտու ստեղծում, սակայն այս առաջարկը չընդունվեց։ Ավելին, հայ հասարակության մեջ հարցեր առաջացան, թե ինչու պետք է «անվտանգության գոտին» ստեղծվի բացառապես Հայաստանի տարածքների հաշվին։

Կհաջողվի՞ Ռուսաստանին և Իսրայելին անվտանգության գոտիներ ստեղծել Լիբանանում և Ուկրաինայում։