Այս լուսանկարն արվել է 1963 թվականին Ստեփանակերտում

  • 22:27 24.09.2024

Լուսանկարում պատկերված է Ստեփանակերտի բազմաթիվ «խրուշչովկաներից» մեկը, որը շահագործման է հանձնվել 1962 թվականին, իսկ լուսանկարն արված է 1963-ին։  Այս «խրուշչովկայում» 36 բնակարան է, մինչև 1988 թվականը 36 բնակարաններից միայն երեքն են եղել բնակեցված ադրբեջանցիներով։ Այս շենքում մինչև 2023 թվականի սեպտեմբերն ապրել են ընտանիքների 4 սերունդներ։

Հիմա ասում են, որ «ադրբեջանցիները վերադառնում են իրենց տները» Ստեփանակերտում։ Ո՞ւմ տներն են նրանք վերադառնում։ Այս փոքրիկ շենքի 36 բնակարաններից 3-ը՞։ Թե՞ նոր շենքեր, որոնք կառուցվել են 1990-ից հետո։ Այո՝ նրանք «վերադառնում են» ուրիշների տները՝ դեն նետելով մանկական մանկասայլակներն ու պահարաններում թաքնված խաղալիքները։

Միջազգային տեղեկատվական տարածքում արդեն բացահայտ ասում են, որ ադրբեջանցիները յուրացնում են հայերի տներն ու հավաքական ունեցվածքը։ Օրինակ՝ վերջին տարիներին վերանորոգված համալսարանում Ալիևը հանդիպում է նոր ուսանողների հետ, իսկ հայկական տները օգտագործվում են որպես ուսանողական հանրակացարաններ։ Իհարկե՝ արդեն դեն նետված մանկական խաղալիքներով։

Ո՞վ է «վերադառնում» այս տները։ 35 տարի առաջ հեռացած ընտանիքնե՞րը։ Բայց նույնիսկ Բաքվի լրատվամիջոցներն արդեն գրում են, որ «որոշ նախկին ներքին տեղահանվածներ օկուպացիայից ազատագրված հողերում վարձով են տալիս պետության կողմից իրենց տված տները և վերադառնում Բաքու»։ Այս մարդկանց բռնում են ու պատժում։ Թեև նրանց պատժելու պատճառ չկա․ նրանք միայն վերավաճառում ուրիշից գողավածը։

Սեփականության իրավունքը վաղեմության ժամկետ չունի։ Եվ այս իրավունքը կվերականգնվի։

f