Ճողոպրող պոպոկ․ էս հանցա վեներ օնե

  • 11:12 25.09.2024

Երեւանում պոպոկի փնտրտուքների և արցախյան տեսակի հետ համեմատման ֆոնին իմ՝ Ստեփանակերտի, համեմված մի քիչ Մարտունու բարբառը նորից առնչվեց Հադրութի բարբառի հետ, երբ հիշում էինք Արցախում պոպոկ հավաքելու արարողությունը:

Այնտեղ աշնան սկզբում սկսվում էր պոպոկ հավաքելու գործընթացը՝ հիմնականում հարևան-բարեկամներով: Պոպոկը ընդունված էր հավաքել առավոտյան, իսկ հետո փռել կարպետի վրա, անցնելով մյուս հոգսերին, այն սպասումով, որ երեկոյան մթնշաղին կսկսեն մաքրել պոպոկը:

Երևանում ամենայն լրջությամբ փորձում էինք պոպոկը մաքրել և հանկարծ հիշեցինք Հադրութի գյուղերից մեկում պոպոկ հավաքելու օրը:

Ինչպես օրենքն էր պահանջում, այդ օրը Արշալույս տատիկը առավոտյան հարևանուհի Մարգո տատիկի հետ պոպոկ հավաքելու էր գնում, իսկ վերադառնալուն պես պատշգամբին փռում կարպետը՝ ենթադրաբար պահպանված իր օժիտից, կարպետի վրա լցնելով նոր հավաքված պոպոկը:

Նախաճաշից հետո, երբ արդեն ժամն էր պոպոկները մաքրելու, պարզվում էր, որ պոպոկը ոտքեր ունի և մեկը մյուսի հետևից փորձում են փախչել, ճողոպրել. «Ախճիիիի, էս քու ճուղուպուրդ էլ ա վններ ըրալ փախչումա, ճուղուպուրչի է, «ագլակյոզա»»: Փախչում են, թե՞ ճողոպրում։ Կարող է՝ դա է “ճղուպուրի” գաղտնիքը։

Այստեղ, բացի նրանից, որ պոպոկը ոտքեր ունի, անհասկանալի էր, թե ինչ է «ագլակյոզան»: Պարզվում է, որ դա խխունջն է, որը ես փոքր ժամանակներից ճանաչում էի որպես «ալախաթում», իսկ իմ որոշ ընկերներ փաստում են, որ «լկճև» է:

Քրիստինե Ալավերդյան

f