Այսօր լրանում է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի մեկ տարելիցը։ Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ լայնածավալ հարձակումից հետո, Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնել էր, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի: Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով Արցախում խուճապ էր առաջացել, վառելիք ստանալու համար մեծ հերթեր էին գոյացել բենզալցակայանի մերձակա տարածքներում։ Իսկ սեպտեմբերի 25-ի երեկոյան տեղի ունեցավ պայթյունը։ Ողբերգական այս իրադարձության հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 218 մարդ, 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհետ կորած է համարվում 21 անձ։ ՀՀ իրավապահ մարմինները այս դեպքով հնարավոր ահաբեկչության վարկածը քննության չառան։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե մեկ տարի անց այս գործը լիարժեք բացահայտվա՞ծ է, ինչո՞ւ ՀՀ իրավապահ մարմինները ահաբեկչության վարկածը չեն դիտարկել։
Ըստ Սաքունցի՝ կա օբյեկտիվ հանգամանաք՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում, եւ քննություն իրականացնելու հնարավորությունը սահմանափակված էր։ «Բայց մյուս կողմից էլ հարց է ծագում՝ ո՞ր մարմինն է այդ քննությունն իրականացնում՝ Հայաստանի Քննչական կոմիտեն, թե՞ Լեռնային Ղարաբաղի։ Բենզինի պայթյունի հետեւանքով զոհերի, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցերով դիմումներ ներկայացվել են միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական դատարան՝ հաշվի առնելով, որ տարածքը դե ֆակտո գտնվել է թե՛ Ռուսաստանի վերահսկողության տակ, թե՛ Ադրբեջանի կողմից այդպիսի իրավիճակ էր ստեղծվել։ Բայց արդյոք հնարավո՞ր չէր քննություն իրականացնել, այդ հարցերը պետք է Քննչական կոմիտեին հասցեագրել, որովհետեւ այնուամենայնիվ դեպքին ականատեսներ կան, որոնցից կարելի էր վկայություններ հավաքել։ Տարբեր վարկածներ են շրջանառվում, կան նաեւ տեղեկություններ, որ այդ բենզինն Ադրբեջանի կողից էր ուղարկված, ոմանք էլ ասում են՝ պահուստային բենզինն էր։ Ամեն ինչ ասում են, բայց կոնկրետ, թե ինչի հետեւանքով է այդ պայթյունը տեղի ունեցել, ո՞վ է տրամադրել այդ բենզինը, այս հարցերին պատասխաններ չկան»,- ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե Հայաստանի Քննչական կոմիտեն անգամ հիմնավորի, որ օրենքի տեսնակյունից այնտեղ քննություն իրականացնելու իրավունք չունի, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքից դուրս տարածքում, բայց քանի որ այնտեղ եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ, գոնե այդ հիմքով կարելի էր քրեական գործը հարուցել ու քննություն իրականացնել։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունին, ասել է, որ այս հանգամանքը եւս էթնիկ զտման վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձել։
Արթուր Սաքունցը, սակայն, նշում է․ «Այն իրավիճակում, երբ զինված հարձակում է տեղի ունենում, երբ անկառավարելի իրավիճակ է ստեղծվում, ահաբեկչական գործողության վարկածը չի կարելի բացառել։ Դա վարկածներից մեկը կարող է լինել, իսկ բուն պատճառները՝ ընդամենը տեխնիկական անփութություն է, թե՞ դիտավորություն, այդ հարցերի պատասխանները միմիայն կարող ենք ստանալ քննության արդյունքում»։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: