Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորած է համարվում 22 մարդ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած համարվող Սամվելի կինը։
«Այսօր լրացավ մեկ տարին, ինչ նրանցից որեւէ լուր չունենք։ Տվել ենք ԴՆԹ թեստ, ոչ մեկի հետ համընկնում չենք ունեցել։ Ունենք երեք մարմին, որոնք որեւէ մեկի հետ չեմ համընկնում։ Այստեղից եզրակացություն, որ այդ երեք մարմինները հենց ադրբեջանական մարմիններ են։ Հենց ադրբեջանցիներն են մտել ու պայթեցրել։ Ես միշտ եղել եմ այդ կարծիքին, եւ հիմնականում բոլորն այդ կարծիքին են»,- ասաց նա։
Անհետ կորածի կինը նշեց, որ դիմել են տարբեր մարմինների, ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իրենց ընդունել։
«Կարմիր խաչին դիմում ենք, ասում են՝ կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, իսկ իշխանությունը չի զբաղվում։ Ես բացառում եմ, որ իմ ամուսինը զոհվել է, ինքն անհետ կորած է։ Որտեղ ինքն է եղել, ով մոտ է եղել այդ տարածքին, ողջ է, իր հետ կանգնած տղան ընդամենը ձեռքերից վիրավորվել է։ Մենք ունենք զանգ Շուշիից, ամեն անգամ այդ հարցը բարձրացնում ենք, անհետ կորածներից Կարենը Շուշիից զանգել է հոկտեմբերի 7-ին։ Զանգել է իր ընկերուհուն, ասել է, որ ինքը Շուշիում է, իր հետ եւս 4 հոգի կա, ոտքերից վիրավոր են։ Այդ աղջիկը միանգամից դիմել է ԱԱԾ, Կարմիր խաչ, ոստիկանություն, բայց մինչ օրս Կարենի զանգը չի բացահայտվել, ոչ ոք չի ուզում զբաղվել։
Պետական մարմիններից մեզ ստիպում են, որ գնամ ամուսնուս մահացած ճանաչեմ, իրենք գործը փակեն։ Սոցապում ասացին՝ որպեսզի նպաստ տանք, ամուսնուդ մահացած ճանաչիր»,- ասաց նա։
Անհետ կորածների ու գերիների հարազատներն այսօր բողոքի ակցիա արեցին ՄԱԿ-ի մոտ՝ պահանջելով մինչեւ COP29-ը Բաքվից վերադարձնել անհետ կորածների ու գերիներին։
«Հայկանդուխտ» կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ստեփանյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է այս հարցից, բայց միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել հումանիտար խնդիրներին։
Նա նշեց նաեւ, որ բացահայտել է՝ անհետ կորածների հարազատներին իշխանությունները սպառնում են։ «Հարազատներին ամենավերջին ձեւով վախեցնում են, ասում են, որ եթե դուք բարձրաձայնեք, մենք ընդհանրապես ձեր երեխաների էջը կփակենք, չենք զբաղվի այդ հարցով, թեպետ չեն զբաղվում։ Տարբեր կառույցներում մարդկանց վախեցնում են, հարազատները լինում են Քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում։ Նույնիսկ ինձ ասացին, որ Կարմիր խաչից ասել են՝ իշխանությունը չի թողնում նորմալ աշխատենք։ Էս մարդկանց ասում են՝ ձեր երեխաների հետ լավ բան չի լինի, եթե դուք բարձրաձայնեք։ Սա շատ զգայուն թեմա է ծնողի համար, իրենք, երբ մնում են քեզ հետ առանձին, այնքան բան են ասում»,- նշեց Ռուզաննա Ստեփանյանը։
Նա հավելեց, որ ծնողները պնդում են՝ հարյուրավոր անհետ կորածներ գտնվում են Բաքվի բանտերում։ Իսկ իշխանություններին հավանաբար ձեռնտու չէ, որ նրանք վերադառնան։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: