Արցախում ծնված վերջին երեխան

  • 20:31 25.09.2024

Արթուրը ծնվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում, երբ արդեն չէր գործում ծննդատունը․ նա վերջին երեխան է, որ ծնվել է Արցախում։

Անահիտ Եղյանը բլոկադայի առաջին ամիսներին իմացավ, որ բալիկի է սպասում։ Սկզբնական շրջանում այդքան բարդ չէր, բայց քանի որ վառելիք չկար, հիվանդանոց գնալն էլ դժվարացավ, անհրաժեշտ վիտամիններ գտնելն էլ, մթերքն էլ շատ քիչ էր։

«Զգում էի, որ թերսնում է մոտս, անընդհատ սոված էի, չնայած ամուսինս, մայրս, սկեսուրս ամեն տեղ հերթ էին կանգնում, որ դատարկաձեռն չգան տուն»,- հիշում է Անահիտը։

Աշխատում էր սննդի կետում, գարնանը աշխատավայրն արդեն փակվեց։ Ամեն ինչ դեպի փակուղի էր տանում, սակայն, միևնույն է, չէր ընկալվում, թե վերջում ինչ կլինի։

«Երբ պատերազմը սկսվեց, մեզ թվաց, թե շինարարության ձայներ են, բայց երբ արդեն երրորդ, չորրորդ ռումբերը պայթեցին՝ ահավոր վախեցա։ Փոքր քույրս դպրոցում էր, ես էլ արդեն հղիության 9-րդ ամսում»,- պատմում է նա։

Հադրութից է Անահիտ Եղյանը, ասում է՝ ամենածանրն այն գիտակցումն էր, որ ծննդավայր Հադրութից հետո հիմա էլ Արցախի մյուս հատվածն ենք կորցնում, եւ Արցախում ապրելը մնալու է պարզապես երազանք։ Նրանք Ստեփանակերտից դուրս եկան սեպտեմբերի 26-ին:

«Ոչինչ չվերցրի ինձ հետ, բացի դեռ չծնված երեխայիս համար մի կերպ հայթհայթած շորերից»,- ասում է նա։

Վառելիքի պաշարները շատ սուղ էին, ու երբ արդեն դուրս էին գալիս Ստեփանակերտից, մտածեցին՝ գոնե Հակարին անցնեն, հետո վառելիքը վերջանա։

Մի կերպ հասել էին Շուշիի մատույցներ, երբ հակառակորդի հսկող մեքենաները կանգնեցրին։

«Հերթում կանգնած մեր հայրենակիցները հասկանում էին, որ հավանական է նաեւ ճանապարհին ծննդաբերեի, հերթը զիջում էին, բայց իրենք կանգնեցրին եւ ասացին, որ չեն թողնում ճանապարհը շարունակենք։ Ամուսնուս ասացին՝ թող մեզ հետ գա Շուշի ու այնտեղ ծննդաբերի, բայց առանց քեզ»,- ճանապարհի իր սարսափն է հիշում Անահիտը։

Ամուսինը մերժեց, եւ ճանապարհը հսկող հակառակորդը ստիպեց Անահիտին դուրս գալ մեքենայից, որպեսզի «գնահատական տա» հղիի վիճակին։

«Վերադարձեք Ստեփանակերտ»,- սա էր նրանց պատասխանը։

Անահիտը լավ է հիշում, թե ինչպես էր ամուսինը խնդրում դրության մեջ մտնել, հասկանալ, որ վառելիք չի գտնի նորից այդքան ճանապարհն անցնելու համար։ Բայց անդրդվելի էին։

Վերադարձան Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունից հետո Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում գրեթե ազատ մահճակալ չկար։ Ամենուր վիրավորներ, ամենուր վառվածի հոտ։

«Ծննդատունն արդեն չէր գործում, մի կերպ կարողացանք գտնել գինեկոլոգ բժիշկ Ավագյանին, հետո պարզվեց, որ ծննդատան գլխավոր բժիշկն էլ է դեռ քաղաքում»,- պատմում է Անահիտը։

Արթուրը ծնվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան։

Բժիշկներն Անահիտին ասացին, որ ծննդաբերության ցավերը նրա մոտ սթրեսից են սկսվել, հակառակ դեպքում կարող էր հանգիստ անցնել ճանապահն ու Երեւանում ծննդաբերել։

«Բժիշկ Օսիպովը գրկեց երեխային ու ասաց՝ վերջին ծնունդն ընդունեցի Արցախում»,-հիշում է Անահիտը:

Ծննդաբերությունից ժամեր անց Անահիտին վիրավորների հետ ուղղաթիռով ուղարկեցին Գորիս, որտեղից շտապօգնության մեքենայով հասցրին «Էրեբունի բժշկական կենտրոն»։

Արդեն մի տարի է անցել այդ դժվարին օրերից, Արթուրն արդեն իր առաջին քայլերն է անում ծննդավայր Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ծնողներն ուզում են հավատալ, որ Արցախում ծնված վերջին երեխան հնարավորություն կունենա մի օր գնալ տուն։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

 

 

f