Հնագույն քաղաքակրթությունների ֆորում. Արցախի ժառանգությունը վտանգված է

  • 21:29 25.09.2024

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները”, ասել է Միրզոյանը:

Միրզոյանը հրավիրել է նախարարներին մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

2017 թվականի ապրիլին Աթենքում կայացավ «Հնագույն քաղաքակրթությունների առաջին ֆորումի» նախարարական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրներ՝ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բոլիվիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Իտալիա, Մեքսիկա և Պերու։ 2018-ն ֆորումի լիիրավ անդամ է դարձել Հայաստանը՝ որպես Ուրարտական քաղաքակրթության ժառանգորդ։ 

f