Երկրորդ հնարավորություն, կամ՝ ինչպես աշխատանք գտնել

  • 17:24 26.09.2024

Լուսանկարում. Զարինեն ու Մարատը՝ զավակների հետ

Զառա Պետրոսյանը  Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ,ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Ղարայանի այրին է։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ Մարատը նռնակով վերջ է տվել իր կյանքին, գերի չի հանձնվել։ 44–օրյա պատերազմի հերոսի կինն այսօր միայնակ է մեծացնում իր ու Մարատի  որդիներին։

«Նախորդ» կյանքում Զառան աշխատանք ուներ, այստեղ նոր միջավայրում իր տեղը գտնելու համար նա նոր մասնագիտություն է ձեռք բերում՝ մասնակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարում» (ՄՌԿ) դասընթացին։

Նա պատմում է, որ շատ դժվար է Մարատից հետո վերագտել իրեն, բայց հայրենի հողը օգնում էր, իսկ այժմ պայքարը դժվարությունների դեմ կրկնապատկվել է։ Արցախում ազգային անվտանգության մարմիններում, նախագահի աշխատակազմում է աշխատել, հիմա աշխատանքի փնտրտուքի մեջ է։

«Դեռ 2020  թվականի վերքերը չամոքած՝ նոր մարտահրավերների պիտի դիմագրավենք, նոր միջավայրում վերագտնենք մեզ, դժվար է, բայց երեք երեխաների ու մայրիկիս պատասխանատվությունն ինձ վրա է»,- ասում է Զառան։

Լիանա Ավանեսյանը պետական ծառայող էր, որպես փորձագետ աշխատել է Արցախի խորհրդարանում, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամ էր, աշխատակազմի ղեկավար էր նախարարություններից մեկում, հետո՝ բնակարանային կոմիտեում։ Բավական փորձառություն ունի, ՄՌԿ դասընթացների ժամանակ այս կամ այն խնդիրը լուծելու իր փորձառությամբ է կիսվում։ Ակտիվ աշխատանք փնտրողների շարքում չէ, ատամնաբույժ ամուսինը դեռ հոգում է ընտանիքի ծախսերը, բայց հարմար աշխատանք գտնելուն պես Լիանան կհամալրի ընտանիքի աշխատող անդամների շարքը։

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներից Լիանան գոհ է, դասընթացավար Աննա Մաքսուդյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց կայուն գիտելիքներ հաղորդել, բացատրեց՝ ինչպես կադրեր հավաքագրել, հարցազրույցներ անցկացնել, թիմբիլդինգ ու օնբորդինգ իրականացնել և ինչ գործիքներ կիրառել աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար։

Լուսանկարում. Լիանա Ավանեսյանը՝ Աննա Մաքսուդյանի հետ

30 կանայք են Արցախից մասնակցել ՀԲԸՄ կազմակերպած դասընթացին, մեկուկես ամսվա ընթացքում նրանք հմտացել են մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության մեջ, որը նոր է արմատավորվում հայկական միջավայրում ու պահանջված  մասնագիտություն է։

Լուսանկարում. Դասընթացի մասնակիցները

Ինգա Բաղդասարյանը սիրուն խաղալիքներ, պայուսակներ է գործում։ Իր ձեռագործ աշխատանքների շնորհիվ Ինգան որոշակի գումար վաստակում է, որը, սակայն, շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ ամեն անգամ Երևան գալիս տրանսպորտի գումար է ծախսում։

Լուսանկարում. Ինգայի ձեռագործ աշխատանքները

Ստեփանակերտի օդանավակայանի կադրերի բաժնի պետ է աշխատել Ինգան, հիմա աշխատանք չի գտնում։ Երկրորդ վերապատրաստումն է անցնում, համապատասխան գիտելիքներ ու փորձ ունի, սակայն հարցազրույցների փուլը չի հաղթահարում։

Լուսանկարում. Հերթական դասընթացը

 

Աշխատանքի փնտրտուքի գողգոթան

Ռուզաննա Խաչատրյանը 2020 թվականի տեղահանվածներից է, Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ 4 տարի է՝ Ռուզաննան չի կարողանում հարմար աշխատանք գտնել, տարաբնույթ հարցազրույցների է մասնակցել։ Վերջինը դպրոցում աշխատանքի ընդունվելու նպատակով  էր, երբ մրցույթին մասնակցելու համար  Ռուզաննան դիմել է՝ նրան շատ պարզ բացատրել են, որ արդեն հայտնի է, թե ով է աշխատելու այդ հաստիքում։ Ռուզաննան տարակուսանք է հայտնել առ այն, որ մրցույթի կանոններով  պարտավոր են քննարկել բոլոր թեկնածությունները, ինչից հետո նրա փաստաթղթերը վերցրել են, սակայն մրցույթից մեկ օր առաջ զանգել և հայտնել են ատեստավորման պահանջի մասին, առանց որի թեկնածուն մրցույթին մասնակցել չի կարող։ «Ահա այդպես ինձ խաղից հանեցին»,- եզրահանգում է Ռուզաննան։

Լուսանկարում. Ռուզաննա Խաչատրյանը

Նախկին մանկավարժն  այնքան է խորացել այս թեմայում, որ աշխատություն կարող է գրել։

«Պատերազմից հետո հայտնվել էի իմ հարազատ միջավայրից տարբերվող մի աշխարհում։ Այստեղ ամեն բան այլ էր։ Ամեն քայլափոխի հուսահատությունը զգացնել էր տալիս։ Պետք էր արագ ինտեգրվել միջավայրին։ Ամեն ինչ կորցրած մարդկանց համար ցավի հետ մեկտեղ գոյատեւելու անհրաժեշտությունն էր օր օրի սրանում։ Հարկավոր էր աշխատանք գտնել։ Սկսեցի ակտիվ  որոնումներս։ Ընդ որում՝ փնտրում էի ամենատարբեր բնագավառներում։ Մի քանի տեղերից հրավիրեցին հարցազրույցի։ Գնացի, եւ պարզվեց, որ հարցազրույց ասվածը, այսպես ասած, մի հատուկ «ծիսակարգ» է երեւանյան աշխատաշուկայում։ Միայն ձեռագիր ինքնակենսագրականով աշխատանքի անցնելու մեթոդին վարժվածս կարճ ժամանակ անց հասկացա, որ այս իրավիճակում ես սաստիկ հին եմ։ Ամեն տեղ CV-ի առկայությունը պարտադիր էր։ Բարեբախտաբար, ԵՊՀ Կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի շրջանակներում ես սովորեցի ինչպես կազմել գրագետ CV: Կազմեցի հավուր պատշաճի։ Որոշեցի մասնակցել պետական համակարգի թափուր տեղերի համար անցկացվող մրցույթների։ Ապարդյուն, այդպես էլ աշխատանք չգտա»,- պատմում է Ռուզաննան։

Պետական համակարգում աշխատանք փնտրելում ձախողված Ռուզաննան պարբերաբար աշխատել է չրերի արտադրամասում, հացաբուլկեղենի արտադրությունում, վաֆլիների արտադրամասում։ Դա ինչ-որ տեղ փրկություն էր, միայն թե նորից չանցներ CV ուղարկելու, տաղտուկ հարցազրույցների ու աշխատանք չունենալու փուլերը։

«Մինչեւ այսօր ես վերլուծում եմ իմ անցած բոլոր հարցազրույցները, փորձում հանրագումարի բերել բացերս։ Եւ միայն վերջերս եմ եկել մի եզրահանգման. ես չափազանց անկեղծ եմ խոսում իմ մասին, մենք չենք «սվաղում» մեր բացերը»,- կիսվում է նա:

Հայաստանում տարածված է աշխատանքի անցնելու առաջին շաբաթների չվարձատրվող պրակտիկան։ Ռուզաննան մի քանի անգամ բախվել է այդ խնդրին․ «Քանի որ ինձ իսկապես պետք էր աշխատանք, ես համաձայնում էի մի քանի օր չվարձատրվող պրակտիկա անցնել, բայց երբ օրերը շաբաթ էին դառնում, ես քաղաքավարի հիշեցնում էի գործատուին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով այլ բան է նախատեսված»։

Ռուզաննայի արդարության մղումը հիմնականում չէր ողջունվում, արդյունքում մնում էր առանց աշխատանքի։

Որպես ստաժավոր աշխատանք փնտրող՝ Ռուզաննա Խաչատրյանը տարբերություններ է տեսնում 2020 և 2023թթ. տեղահանվածների աշխատանքի ընդունվելու գործընթացում. «Դեռեւս 2020 թվականի տեղահանումից հետո պետական համակարգում աշխատանքի անցնելու համար համապատասխան ստաժ եւ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում համակարգն ինքնաշխատ ընդունում էր դիմումը։ 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո պարզվեց, որ մեր կապույտ անձնագրերում տեղ գտած «Քաղաքացիությունը՝ ՀՀ» ձեւակերպումն այդքան էլ «արժանահավատ» չէ»։

Այն, որ Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է, արցախահայերը, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա զգացին հատկապես 2023  թվականի Մեծ տեղահանումից հետո։ 2020 թվականին տեղահանվածներին կապույտ անձնագրերով նաև պետական աշխատանքի էին ընդունում, երկրորդ հոսքի տեղահանվածների համար գործընթացը դժվարացավ։ Պետական աշխատանքների դեպքում Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր պայման դարձավ։

Ըստ շշուկների՝ ներքին հրահանգ կա արցախահայերին պետական աշխատանքի չվերցնելու վերաբերյալ։ Իսկ արդեն որոշ աշխատողներից էլ ազատվել են՝ հանրահավաքներին մասնակցելու պատրվակով։ ժողովրդավարական Հայաստանի ռեպրեսիվ մեթոդներին շատերն այդպես ծանոթացան։

Համենայն դեպս, պետական կառույցներում աշխատած կարող  մի ուժ այսօր կյանքի լուսանցքում է հայտնվել։ Նոր մասնագիտացում ստանալը նրանց համար այլ աշխատանք ունենալու ու ապրուստի նոր ձև գտնելու հնարավորություն է։ Դասընթացների ավարտին, որտեղ ուշիմ աշակերտի պես դասերն են սերտել միջին տարիքի հասուն մարդիկ, միակ ցանկությունն արժանապատիվ աշխատանք գտնելն է։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում

f