2023 թվականի սեպտեմբերի 19-ից արցախցիների հոգեհանգիստների շարքը սկսվեց։ Սկզբում հուղարկավորվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսները։ Հետո եղավ վառելիքի պահեստում պայթյուն, նորից հարյուրավոր զոհեր։ Այնուհետև նրանց հուղարկավորությունը, ովքեր չեն փրկվել տեղահանությունից կամ դրա հետևանքներից: 12 ամսվա ընթացքում հարազատներն ու ընկերները միմյանց հանդիպում էին հուղարկավորությունների ժամանակ, այցելելով գերեզմաններ և հուշահամալիրներ։
Այժմ ոգեկոչումների շարք է սկսվել՝ ողբերգությունների տարելիցի կապակցությամբ գերեզմանների այցելություններ և թաղումներ։
Ամալյան և Արմինեն իրենց հարազատների հետ այսօր Եռաբլուրում են։ Մեկ տարի առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորել է նրանց եղբայրն ու զոհվել է Արմինեի ամուսինը։ Նրանք ամուսնացած էին ընդամենը 11 ամիս։
Քույրերը հիշում են, որ տեղահանության լուրն իմացել են սեպտեմբերի 24-ի երեկոյան, եւ ինչպես բոլոր արցախցիները ստիպված հավաքում էին ճամպրուկները հայրենիքից հեռանալու համար: Սակայն տեղեկացրել էին, որ գրավ դրված ոսկիները բանկերը հետ են վերադարձվելու, ուստի որոշեցինք մեկ օր մնալ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, ինչպես հիշում է Ամալիան, նրանց եղբայրը, հերթական անգամ ստուգելով իրերը, դուրս է եկել տնից մի շարք այլ հարցեր լուծելու համար…
“Հետո սարսափելի պայթյուն լսեցինք։ Սկզբից չենք հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Ավելի ուշ տեղեկացանք, որ պահեստն է եղել։ Մեկ էլ հիշում եմ՝ հարազատներով վազում ենք դեպի հիվանդանոցները․․․ այն հույսով, որ կգտնենք եղբորս…չենք գտել”։
Ցավը կրկնապատկվեց, քանի որ եղբորից բացի պայթյունի վայրում էր նաև Արմինեի ամուսինը: Եղբորը ոչ մի հիվանդանոցում չկարողացան գտնել, գտել էին ամուսնուն, ցավոք մի քանի ժամից ամուսինը մահացավ:
“Քրոջս ամուսինը 4-րդ զոհն էր, չգիտեմ գուցե եթե այդ ժամանակ հնարավոր լինել օդային ճանապարհով նրանց Հայաստան տեղափոխել, կկարողանայինք փրկել”։
Ընտանիքը Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին, իրենց հետ վերցրել են միայն ամենաթանկը` լուսանկարները: Գորիս հասել են սեպտեմբերի 29-ին: Ինչպես բոլոր ընտանիքները, այդ օրերը նրանց հիշողության մեջ մնացել են որպես կյանքի ամենադաժան օրեր: Նրանք ամբողջ ընտանիքով փոքր մեքենայով, իսկ ճանապարհի մյուս հատվածում քրոջ ամուսնու դիակը, որը պետք է հուղարկավորվեր Արցախից դուրս: Այդ ամենի մեջ նույնիսկ հաց չէին վերցրել, այդպես էլ թողել էին հայրենի տան բակի սեղանին: Արմինեն հիշում է, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրանց չորահաց էր հյուրասիրել, որը միակ սնունդն էր այդ 2 օրվա համար:
“Գորիս էինք հասել, շրջում էինք հիվանդանոցներով, հույս ունեինք, որ եղբորս բերել են, հույս ունեինք, որ անճանաչելի է, բայց ողջ։ Եղբորս մարմինը գտել ենք ԴՆԹ-ի միջոցով վերջերս”:
Արմինեի ամուսինը սպա էր, սեպտեմբերի 24-ին տուն էր վերադարձել առաջնագծից` վիրավոր, մտածում էին, որ ամենավատը մնացել է հետևում:
“Մենք շատ երջանիկ էինք, նա սպա էր, սեպտեմբերի 24-ին եկել էր, մի թեթև շունչ քաշեցի, հետո 25-ին տեղի ունեցավ պայթյունը: Սկզբում անհասանելի էր, գնացի մեր մոտի բենզալցակայան՝ այնտեղ չէր, հասկացա, որ պայթյունի վայրում է: Հետո նրան չտեսա, վերջին անգամ նրան տեսա արդեն մահացած` Ստեփանակերտի դիահերձարանում”։
Արմինեի ամուսնուն հուղարկավորել են Եռաբլուրում` սեպտեմբերի 26-ին լրանում է նրա մահվան 1 տարին: Արմինեի և Ամալյայի ընտանիքը այժմ ապրում է Ալավերդիում` 11 հոգով, ապագայի հանդեպ հատուկ հույսեր չեն փայփայում, ուղղակի ապրում են ապրելու համար:
“Ես առհասարակ իմ ապագան չեմ տեսնում ամուսնուս մահից հետո: Չեմ ցանկանում ո՛չ աշխատել, ո՛չ էլ ինչ-որ բանով զբաղվել: Փորձում եմ ուղղակի գոյատևել: Օր օրի ավելի դժվար է: Չեմ զգում ժամանակի հոսքը, ամեն օրը կարծես սեպտեմբերի 25-ը լինի”:
Խաղաղությունը գուցե ամեն մեկի համար տարբեր ընկալումներ ունի, այս ընտանիքի համար խաղաղությունը մինչ 2023 թ. սեպտեմբերն էր, երբ նրանք ապրում էին իրենց ամենօրյա կյանքով և հոգսերով, և ամենակարևորը՝ ընտանիքը կիսատ չէր:
“Փորձել եմ հոգեբանի մոտ գնալ, բայց մեկ անգամ եմ գնացել և վերջ: Ասում է, որ պետք է մոռանաս անցյալդ, բայց ոնց կարող եմ մոռանալ: Պայթյունը խաչեց իմ ապագան, միայն ուրախ անցյալի հիշողությունն է ինձ ուժ տալիս շնչելու”։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: