ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար այսօրվա դրությամբ դիմել է ավելի քան 960 արցախցի։ Նրանցից բնակարանի գնման հավաստագիր է ստացել ընդամենը շուրջ 30 ընտանիք։ Այս մասին step1.am-ին տեղեկացրին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։
–Տիկին Ղարագյոզյան, հունիս ամսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Նախարարության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիներն ակտիվություն չեն ցուցաբերում եւ չեն շտապում օգտվել այս ծրագրից։ Նախարարությունում վերլուծե՞լ եք իրավիճակը, կառավարության կանխատեսումներն արդարացվա՞ծ են, ո՞րն է այս իրավիճակի պատճառը։
-Այս պահին մեր կանխատեսումներն արդարացված չեն, իրավիճակը մտահոգիչ է։ Բայց մենք դիումների փոքր թիվը կապում ենք ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի հետ, որը մի փոքր երկար է տեւում՝ հաշվի առնելով հերթերը։ Մեկ-երկու ամիս տեւում է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Եթե հաշվի առնենք, որ ծրագրում պարտադիր պայման է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամներն ունենան ՀՀ քաղաքացիություն, դրանով պայմանավորված դիմումների թիվն այսքան փոքր է։ Ստացված դիմումների մեջ էլ շատ են մերժումները՝ հիմնականում ընտանիքի առնվազն մեկ անդամի քաղաքացիություն չունենալու հիմքով։ Բայց մենք լավատես ենք, որ մինչեւ տարեվերջ այս գործընթացն ավելի արագ առաջ կգնա, եւ գոնե մեկ-երկու ամիս առաջ քաղաքացիության համար դիմած շահառուներն արդեն կստանան քաղաքացիություն եւ կկարողանան դիմել ծրագրից օգտվելու համար։
–Եթե ընտանիքը դիմում է նախարարություն, բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն, որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանան հավաստագիր ստանալ։
-Դիմելուց հետո հավաստագրի ստացման համար որոշմամբ սահմանված է 10 աշխատանքային օր, եթե ընտանիքի որեւէ անդամի տվյալներում չկան թերի տվյալներ։ Ուղղակի մենք ի սկզբեն սահմանել էինք, որ տեղեկատվության ստուգումը բացառապես ինքնաշխատ եղանակով պետք է արվեր, բայց կանգնեցինք խնդրի առաջ, որ առկա բազաները, հատկապես Արցախից ուղարկված բազաներն այնքան էլ ամբողջական չեն։ Եվ, օրինակ, գրանցված ամուսնության առկայության փաստի ստուգումն ինքնաշխատ եղանակով ուղղակի հնարավոր չէ, քանի որ թվային տեղեկատվություն չկա։ Եվ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում մենք ունեինք որոշման նախագիծ, ըստ որի՝ Միասնական սոցիալական ծառայությանը վերագրում ենք գործառույթ, այն է՝ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով հնարավոր չէ նույնականացնել, մենք կպահանջենք բնօրինակ փաստաթղթեր։ Եվ արդեն բնօրինակ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա մեխինիկական եղանակով կկայացվի որոշումը։ Եվ այն դիմումները, որոնք, ըստ ձեզ տրված վիճակագրության, ներկայացված են որպես ընթացիկ ու ստուգման ենթակա, դրանք արդեն շատ արագ կստանան կարգավիճակ։
-Կա՞ վիճակագրություն, թե հիմնականում որ մարզերում են արցախցիները ցանկանում բնակարաններ ձեռք բերել։
-Մենք հիմա այդ վիճակագրությունը չենք կարող ունենալ, որովհետեւ երբ տրամադրում ենք հավաստագիր, այնտեղ որեւէ սահմանափակում չենք դնում։ Եվ միայն հավաստագիրն իրացնելուց հետո մենք կունենանք այդ վիճակագրությունը, քանի որ դա բացառապես մեր շահառուների ցանկությունն է, որը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։ Այսինքն՝ իրենք կարող է հավաստագիրն ստանալիս մտածեին, որ ուզում են, օրինակ, Կոտայքում բնակարան ձեռք բերել, բայց հետո շատ հարմար տարբերակ տեսնեն Գեղարքունիքում եւ գնան այնտեղ։ Հնարավոր է, որ սկզբում մարդը ցանկացել է երեւանամերձ բնակավայրում գույք ձեռք բերել, բայց հավաստագիր ստանալուց հետո եւս մեկ անգամ վերլուծելու արդյունքում գտել է, որ շատ ավելի նպատակահարմար կլինի 242 բնակավայրերից որեւէ մեկում ձեռք բերել գույքը, որտեղ աջակցության չափն առավելագույնն է, եւ արդյունքում ունենալ շատ ավելի մեծ տարածքով բնակարան։ Մենք մեր հանրային իրազեկման արշավի ընթացքում փորձում ենք մարդկանց մատչելի ներկայացնել, որ այնպես չէ, որ 4 կամ 5 մլն աջակցության գումարով բնակավայրերը բոլորը սահմանամերձ են կամ գյուղեր են։ Մենք այդ թվում ունենք նաեւ քաղաքներ եւ ոչ սահմանամերձ, ընտրությունը կատարելուց առաջ պետք է երկար մտածել եւ լավ ուսումնասիրել այդ ցանկերը՝ տվյալ ընտանիքի համար առավել հարմար բնակավայր գտնելու համար։ Դրա համար մենք այս փուլում որեւէ սահմանափակում չենք դնում, մենք տրամադրում ենք հավաստագիր, որն իրենց հնարավորություն կտա մեկ անձի հաշվով եւ 3, եւ 4, եւ 5 մլն դրամ աջակցության շրջանակերում բնակարան ձեռք բերել։ Երբ արդեն հավաստագրերը կիրացվեն, եւ մենք բանկերից կստանանք տեղեկատվությունը, այն ժամանակ արդեն հնարավորություն կլինի ստանալ վիճակագրություն ըստ բնակավայրերի։
-Իսկ ունե՞ք վերլուծություն, ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահա՞նջն է պատճառը, որ արցացխիները խուսափում են օգտվել այս ծրագրից։ Մենք գիտենք, որ բռնի տեղահանված արցախցիների շրջանում կան մտահոգություններ, նրանցից շատերը չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ նախ համարում են, որ այսպես թե այնպես իրենք ՀՀ քաղաքացի են, երկրորդ, մարդիկ մտավախություն ունեն, որ այսպիսով փորձում են իրենց զրկել իրենց իրավունքներից։
-Այո, չգիտես ինչու, մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանալը կապում են Արցախի թեման վերջնականապես փակելու հետ, որն իրականության հետ աղերս չունի։ Ասում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ խաչ կքաշվի վերադարձի վրա, կմոռացվի Արցախ վերադարձի հարցը։ Բայց մենք պարբերաբար բոլորին հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը որեւէ կերպ կապ չունի նախկինում ունեցած քաղաքացիության չեղարկման կամ դրա վերաբերյալ տեղեկատվության ոչնչացման հետ։ Տեղեկատվությունը բնակչության պետական ռեգիստրում կա, լինելու է, եւ ցանկացած պահի, երբ որեւէ անձի տվյալներով որոնում կատարենք տվյալների շտեմարանում, երեւալու է, թե վերջինս իր կյանքի ընթացքում որ ժամանակահատվածում որ երկրի քաղաքացիություն է ունեցել։ Եվ դա ջնջման, ոչնչացման կամ չեղարկման ենթակա ինֆորմացիա չէ։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ եթե տվյալ երկրում պատրաստվում ենք ստանալ երկարաժամկետ կացություն, այն էլ պետության աջակցությամբ ձեռք բերված բնակարանում, պետք է գիտակցենք ինչպես մեր իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասին՝ որպես տվյալ երկրի քաղաքացի։
-Իսկ հնարավո՞ր է, որ այս ծրագիրը չեղարկվի կամ փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով այն, որ նախնական փուլում արդեն կարծես ձախողվում է։
-Չեղարկվել բառն ընդհանապես չօգտագործենք, որովհետեւ բացառվում է նման երեւույթ։ Եթե մենք սկսել ենք այս ծրագիրը, պետք է ամեն կերպ այն հասցնենք իր բարեհաջող ավարտին։ Այլ հարց է, որ եթե ժամանակի ընթացքում կարձանագրվեն խոչընդոտներ, որոնք իրապես խանգարում են ծրագրի արդյունավետությանը, ապա, այո, կքննարկվի ծրագրում բարեփոխումներ անելու հարցը։ Բայց այս պահին դեռեւս նման քննարկում չկա, որովհետեւ մենք դեռ սպասում ենք մեր շահառուների քաղաքացիության հարցի կարգավորմանը։ Սերտ համագործակցում ենք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե այնտեղ ինչ իրավիճակ է եւ զուգահեռներ ենք անցկացնում մեր ծրագրին դիմելիության հետ։ Եթե տարեվերջյան ցուցանիշներն ամփոփելուց հետո կրկին կարձանագրվի, որ մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, կառավարությունը միշտ պատրաստ է վերանայել դրույթները։
Ռոզա Հովհաննիսյան