“Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար”

  • 15:28 27.09.2024

Տեղահանված անձանց տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցությունը բավարար չէ նրանց հիմնական կարիքների համար, և այն ամբողջությամբ ուղղվում է միայն բնակվարձի վճարմանը։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում հայտնել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին։

«Եթե հաշվի առնենք, որ կան ընտանիքներ, որոնք ունեն մեկ կամ երկու անդամ, այդ գումարը նրանց համար բավարար չէ։ Նրանք ստիպված են ավելացնել սեփական միջոցներ՝ միայն բնակվարձը փակելու համար։ 40+10 հազար դրամը չի բավարարում այլ ծախսերը հոգալու համար և այս աջակցության արդյունքում նրանք կարողանում են միայն բնակվարձ վճարել, ինչը չի լուծում նրանց խնդիրները»,- նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով, կառավարության այս ծրագրով ոչ միայն աջակցություն է տրամադրվում տեղահանվածներին, այլ նաև անուղղակի աջակցություն է ուղղում տեղացի քաղաքացիներին, որոնք եկամուտ են ստանում՝ իրենց բնակարանները վարձով տալով։ Նա նաև մատնանշում է, որ 2025 թվականից սկսած աջակցության դադարեցումը կամ միայն խոցելի խմբերին ուղղումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել։

«Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար։ Շատերը պարզապես չեն կարողանա ամբողջությամբ հոգալ բնակվարձը և կկանգնեն արտագաղթի կամ այլընտրանքային միջոցներ որոնելու խնդրի առաջ»,- ասում է Պետրոսյանը։

Նա առաջարկում է, որ կառավարությունը շարունակական աջակցություն տրամադրի՝ մինչև յուրաքանչյուր ընտանիք ապահովված լինի բնակելի տարածքով: Ըստ Պետրոսյանի, սա կնվազեցնի նաև արտագաղթը, քանի որ շատ տեղահանվածներ կնախընտրեն մնալ Հայաստանում, եթե ունենան լիարժեք կենսապայմաններ։

Պետրոսյանը նաև ընդգծում է, որ նախկինում ԱՀ կառավարությանը տրամադրվում էին միջպետական վարկեր, որոնց մի մասը կարող էր ուղղվել բնակարանաշինությանը: «Այս պահին ճիշտ ժամանակն է ուսումնասիրելու այդ միջոցների օգտագործումը և ծրագրելու բնակարանաշինության նոր ծրագրեր, որպեսզի տեղահանված ընտանիքները ստանան համապատասխան բնակմակերես»,- եզրափակում է նա։

Տաթև Ազիզյան

f