Թերևս, սա այն պաթոսային խոսքերից չեն, որոնց հաճախ ականջալուր ենք լինում։ Սա այն մարդու խոսքերն են, ով իր ողջ ապրուստն ու գործունեությունը կապել է Արցախի հետ։ Հարութ Մնացականյանը գիտակցելով դեռևս 2020-ից հետո ծննդավայրում ապրելու դժվարություններն ու մարտահրավերները, որոշել է ընտանիքի հետ շարունակել ապրել սեփական երկրում, ոչ միայն պարզապես ապրել, այլ տուն ու տնտեսություն ստեղծել՝ իր ողջ ուժն ու կարողությունը ներդնելով ընկած վիճակից ոտքի կանգնելուն։
2020-ը շատ բան խլեց
Երբեք իմ կյանքն Արցախից դուրս չեմ պատկերացրել։ Արցախում ապրելն այն արժեքն ուներ, որ անձնապես իմ ընտանիքը, առանց չափազանցության, անընդմեջ պայքարել է։ Ավելի քան 300 տարի առաջվա իմ նախնիների գերեզմանաքարերի տեղը մեր պատմական Ավետարանոց գյուղում գիտեմ։ Գիտեմ իմ ընտանիքի պատմությունը, իմ ազգանվան առաջին կրողից սկսած մինչև հիմա։ Այդպիսին էր 25 տարի բանակում ծառայող իմ հոր, իմ ուսուցչուհի մայրիկի դաստիարակությունը։ Դա է պատճառը, որ ամբողջ կյանքս ես և հարազատ եղբայրս՝ Գուրգենը, նվիրել ենք Արցախի պաշտպանությանը դրա տարբեր դրսևորումներով՝ պատերազմում, թե առօրյայում։ 2020-ին եղբորս, մեր պատմական գյուղը, հայրենիքի մի զգալի մասը կորցնելուց հետո էլ կյանքս Արցախից դուրս չեմ պատկերացրել, ինչպես էլ հիմա չեմ պատկերացնում Հայաստանից դուրս ապրելը։
Դա այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է ներաշխարհս։ 2020-ին առաջիններից մեկն եմ ընտանիքս բերել Արցախ, նույնը խորհուրդ եմ տվել ընկերներիս։ Շատերը հարցնում էին՝ իսկ եթե նորի՞ց կրկնվի, եթե նորի՞ց պատերազմ լինի, ասում էի՝ հենց այդպես էլ լինելու է, բայց վախի մեջ չպետք է ապրենք, պետք է գիտակցենք ռիսկերը, դրան ընդառաջ կա՛մ գնանք, կա՛մ չգնանք։ Պատերազմից հետո տուն էի գնել և երբեք ճիշտ չեմ գտել վախի մեջ ապրելը, հետ նայելը ու մտածելը, թե ինչ կլինի։ Փորձել ենք մեր կյանքը ստեղծել Արցախում։ 2020-ից հետո վստահ էի, որ պատերազմ լինելու է։ Տեսնելով հակառակորդի զինվելու, պատրաստվելու աստիճանը, բնականաբար, հասկանում էինք այդ ամենն ինչին է տանելու։ 2020-ից հետո ցանկացած պահի սպասում էինք, որ հնարավոր է և՛ ճանապարհը փակվի, և՛ ռազմական ագրեսիա լինի։ Փառք Աստծո, որ խաղաղ բնակչությունը կարողացավ անվնաս դուրս գալ։ Իհարկե, շատ մեծ դժվարություններ ենք կրել, բայց ամեն ինչ կարող էր ավելի դաժան լինել։
Անմահացավ նաև եղբայրս՝ Գուրգենը
2020-ի պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-Մատաղիս հատվածում էի։ Տեղանքը լավ էինք ճանաչում, այնտեղ էինք ծառայել, նաև մարտական խնդիրն էինք հասկանում, ու մեր ընկերների մեծ մասն այնտեղ էր։ Պատերազմի առաջին րոպեներին դեռ կապ կար։ Ընկերոջիցս՝ Նարեկ Հովհաննիսյանից, ով անմահացել է և Արցախի հերոսի կոչմանն է արժանացել, կապ ենք ստանում, որ օգնության կարիք ունեն։ Մի խումբ մարդկանցով մեկնում ենք «Եղնիկներ»՝ նրանց օգնելու։ Զորամասի հրամանատարի ցուցումով հատուկ խումբ է ստեղծվել, որն իրականացնում էր և՛ դիվերսիոն առաջադրանքներ, և՛ հետախուզական գործողություններ։ Հոկտեմբերի 28-ին՝ Մռովի օպերացիայից հետո, տեղափոխվում ենք Քարին տակի հատված։ Ավելի վաղ էինք ուզում այնտեղ գնալ՝ հասկանալով, որ մեր գյուղ Ավետարանոցը գրավելուց հետո հակառակորդի նպատակն ավելի խորը գնալն ու Շուշին գրավելն է՝ պատերազմի ելքը դրանով որոշելով։ Տեղափոխվում ենք այնտեղ՝ ճանապարհին վերցնելով մեր այլ ընկերների, որ մեզ օգնեն։ Նրանց մեջ էր հարազատ եղբայրս՝ Գուրգեն Մնացականյանը, ով այնուհետև Քարին տակի պաշտպանության ժամանակ իմ ձեռքերի մեջ անմահանում է։ Շուշիի պաշտպանության ժամանակ մենք կորցնում ենք մեր խմբի հրամանատարին՝ Նարեկ Հովհաննիսյանին, նաև Թովմաս Թովմասյանին, իսկ Եղիշե Բոցինյանը ծանր վիրավորում է ստանում․․․ Ծանր է գիտակցել, որ մեր հայրենիքն ենք կորցրել, որ պարտվել ենք։ Ցանկացած տղամարդու համար դա ծանր հարված է, ինձ համար՝ կրկնակի, եռակի, քառակի, քանի որ հարազատ եղբորս եմ կորցրել, բազմաթիվ շատ մոտ ընկերներ։ Ու այն գիտակցումը, որ 2020-ից հետո մենք նրանց գործը պիտի շարունակեինք, ինձ միշտ առաջ էր տանում։ Երբ ինձ ասում էին՝ տեսեք ինչքան մարդ չի մասնակցել պատերազմին, փախել են, ես ասում էի՝ ես էլ այն մարդկանց օրինակն ունեմ, ովքեր հակառակն են արել, ովքեր հույսի նշույլը մեր ազգի մեջ պահել են։
Նորամուծություններ բանակի համար
Մինչև 2020-ը ես դուրս էի եկել պետական ծառայությունից, բայց պատերազմը և դրա վատ արդյունքները պատճառ դարձան, որպեսզի մտափոխվեմ։ Նորից վերադարձա պետական ծառայության, ընդգրկված էի ռազմական արդյունաբերության ոլորտում, հետազոտական աշխատանքների իրականացման մեջ։ Երկու տարվա մեջ հասցրել ենք բավականաչափ նորամուծություններ անել բանակի համար։ Ցավոք, ժամանակը քիչ էր այդ ոլորտում լուրջ փոփոխություներ անելու համար։
Շրջափակումը սպասելի էր
Մինչև 2020-ը վառելիքի և սննդամթերքի առումով պատրաստվում էի, պատերազմից հետո՝ առավել ևս։ Կոնկրետ մեր ընտանիքի, ընկերների, երիտասարդական կազմակեպությունների մասշտաբով, բացի պետական համապատասխան պաշարների ստեղծման ընդհանուր քաղաքականությունից, անձնական պաշարներ ունեինք, հատկապես խոսքս զինամթերքի պաշարների մասին է, որ Արցախի տարբեր հատվածներում պահվել էր։ Սպասվում էր, որ պատերազմ կլինի, կարճատև, բայց ոչ 1-2 օր, ինչպես եղավ։ Պատկերացնում էի, որ մի շաբաթ և ավել կտևի։ Արցախի խորքային հատվածներում զենքերի որոշակի պահեստներ էինք ստեղծել։ Ունեինք վառելիքի որոշակի պաշարներ, քանի որ սպասում էինք, որ կլինի շրջափակում։ Ցավոք, շրջապատում անհեռանկարային պահվածքը գերակշռում էր, դրա համար բոլոր պաշարներն արագ տեմպով մաշվում էին։ Այսինքն՝ եթե հարևանդ գիտի, որ վառելիքի պաշար ունես, ինքն էլ լուրջ խնդիր ունի, դու չես կարող մերժել նրա խնդրանքը։ Ինչքան էլ այդ պաշարները մեծ լինեին, միևնույն է, արագ վերջանում էին։
Սննդի առումով տնտեսածն ավելի շատ էր։ Անձամբ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ չեմ զբաղվել, բայց 2020-ից հետո մի քանի հեկտար հող էի գնել ու հարազատներս դրանով զբաղվում էին։ Դա է պատճառը, որ հատկապես հացի առումով շրջապատս, ինչքան հնարավոր էր, ապահովված էր։ Պետությունը բավականաչափ ներդրում էր արել, որպեսզի զարգանա ջերմոցային տնտեսությունը, և ես՝ ընկերներիս հետ, ջերմոցային տնտեսություններ էինք ստեղծել։ Դրա շնորհիվ դժվար օրերին գյուղատնտեսական մթերք ունեինք, որը, սակայն, Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր կար։ Փորձել ենք առավելս պատրաստված լինել, բայց, հավատացեք, որ երբ պահը հասնում է, ամեն ինչ էլի քիչ է լինում։
Երեխաներին «Նուտելա» էի խոստացել
Կարծես թե, այդ օրերին մանկություն էինք վերադարձել։ 90-ականներին մեծացած սերունդ ենք, հիշում էինք այդ դժվարությունները՝ առանց լույս, առանց ջուր, քաղցրավենիքը պակաս օրերը։ Որպես 3 երեխաների հայր՝ սուր էի զգում քաղցրավենիքի դեֆիցիտը։ Երբեք չէի պատկերացրել, որ կյանքում կգա մի պահ, երբ տուն վերադառնալով երեխաներս կասեն՝ «պապ, հինչ քաղցրավենիքը՞ս պերալ»։ Որ ես դրանից վատ կզգամ, քանի որ քաղցրավենիք չկար։ Բայց այդ օրերին մեր թաղի բնակիչները իրար մտերմացան։ Ով ինչ գտնում էր՝ կիսվում էր։ Հատկապես, եթե ալյուր էին գտնում, շենքի մուտքում վառարան էր դրված, բերում էին, հաց թխում, բաժանում երեխաներին։ Փոքրիկներին փորձում էինք հնարավորինս հեռու պահել այդ իրականությունից, որպեսզի այդ ամենն իր ծանր հետքը չթողնի։ Հիշում եմ, որ երեխաներին «Նուտելա» էի խոստացել։ Դա շրջափակման այն ժամանակահատվածն էր, երբ հնարավոր չէր արդեն գտնել դա ո՛չ ռուսների միջոցով, ո՛չ այլ ձևերով։ Մոտավոր պատկերացնում էի, թե ոնց պետք է լուծեմ այդ հարցը։ Մի տուփ կակաո ունեինք, պնդուկ և խտացրած կաթ։ Երբ երեխաները քնեցին, սկսեցի սարքել այդքան ցանկալի «Նուտելան»։ Երբ արդեն խոհանոցում տքնաջան պատրաստում էի այն՝ խառնելով բոլոր բաղադրիչները, աղջիկս ներս մտավ ու լացակումած ասաց՝ «պապա, «Նուտելան» առանց մեզ ը՞ս օտում»։ Դե արի ու համոզիր, որ նրանց համար ես սարքում (ծիծաղում է:- ԳԳ)։ Այդպիսի դեպքերը բացահայտում են, որ իրականում երջանկությունը պարզ բաների մեջ է։ Իրականում շատ բաներ մեզ էին պետք, երեխաներն ավելի հեշտ էին տանում այդ ամենը։
19-րդ օրը
2023-ի պատերազմն սկսվելուն պես ընտանիքս նկուղում էր։ Դեռևս 2020-ից հետո ընկերներիս օգնությամբ ձեռք էի բերել դիպուկահար հրացան։ Բավականաչափ ժամանակ էի հատկացնում մարզումներին։ Պատերազմն սկսելուն առաջին իսկ ժամերին մեկնել եմ դիրքեր՝ Շուշիի հատվածում ընկերներիս օգնելու։ Մեր տղաները մեծ հարված են իրենց վրա ընդունել, նաև շատ մեծ աշխատանք են հասցրել անել։ 2020-ի համեմատ համարում եմ, որ այդ օրը քիչ բան ենք արել։ Բայց էլի փառք Աստծո, որ թույլ են տվել քաղաքացիական բնակչությանը դուրս գալ։
Հակված եմ դրականը տեսնելու
Հայաստան մտնելուն պես տեսանք, թե ինչպես են մարդիկ ճանապարհներին կանգնած ուտելիքով, բենզինով, տաք կերակուրներով մեզ դիմավորում։ Այլ բան ես չէի էլ սպասում։ Հայաստանում գտնվող ընկերներս կապվել էին ինձ հետ ու իրենց օգնությունն էին առաջարկում։ Բայց ես արդեն որոշակի գործողությունների պլան մշակել էի նման պարագայում։ Նաև ընկերս՝ Էդուարդ Վարդանյանը, ով հայրենիքի նվիրյալ զավակ է, հայտնի մարզիկ է, թույլ չտվեց տան հարցով մտահոգվել։ Տեղավորվեցինք Գառնիում գտնվող նրա տանը։ Համայնքի մի շարք հասարակական կազմակերպություններ, հարևաններ փորձում էին օգնության ձեռք մեկնել։ Որոշ բացասական երևույթների հանդիպում ենք, բայց ընդհանրապես հակված եմ միշտ դրականը տեսնել և դրա վրա սևեռվել։
Հայ մարդը երբեք չպիտի հանձնվի, նույնիսկ այս ամենից հետո։ Պետք է հենց այսօր կառուցել վաղվա օրը, ու ոչ մի պահի չդադարել աշխատելուց։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: