Արցախցիները չեն շտապում քաղաքացիություն ստանալ․ միֆե՞ր, թե՞ իրական մտահոգություն

  • 13:33 29.09.2024

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի  փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ և համագործակցությամբ կազմակերպվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանում։ Երկօրյա սեմինարի ընթացքում ներկայացվել են մի շարք թեմաներ և դրանցից բխող հարցեր, որոնք մտահոգում են Արցախից բռնի տեղահանվածներին և համապարփակ տեղեկատվության պակասի պարագայում տարբեր շահարկումների տեղիք տալիս։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելի Դավթյանը նշել է, որ ծրագրի նպատակն է ԼՂ բռնի տեղահանված բնակչության շրջանում բարձրացնել իրազեկման աստիճանը, քանի որ չտեղեկացվածությունը շատ հաճախ միֆերի ստեղծման պատճառ է դառնում։ Հատկապես կարևոր ենք համարում այդ իրազեկումը այս շրջանում, երբ սկսվել է ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված բնակչության բնակապահովման ծրագրի առաջին փուլը, որի առանցքային պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է: Ուստի մենք ակնկալում են լրատվամիջոցների աջակցությունը, հնարավորինս լայնորեն լուսաբանելու և ներկայացնելու քաղաքացու և փախստականի կարգավիճակների, իրավունքների և պարտականությունների ծավալների տարբերությունները, լայնորեն, բազմաշերտ ու խճճված այս հարցը հանրամատչելի ներկայացնելու և մեդիաբովանդակություն ստեղծելու սրա շուրջ, որովհետև այն արձագանքը, որ մենք ստանում ենք բռնի տեղահանված անձանց շրջանից, այն է, որ անպատասխան հարցերը շատ են, անորոշությունը մեծ և տեղեկատվությունը բավարար չէ որոշում կայացնելու համար։

Իսկ թե ինչպիսինն է ՀՀ քաղաքացիությունն ընդունած արցախցիների թվային պատկերը, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության 1864 որոշմամբ տրվել է ժամանակավոր պաշտպանություն, նույնն է թե փախստականի կարգավիճակ։ Այն անձինք ովքեր մոտեցել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբեր տարածքային ստորաբաժանումներ ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալու, այդ մասով հստակ կարող ենք արձանագրել, որ 115 հազարից ավելի անձ այս պահին ունի փախստականի կարգավիճակ։ Իսկ այն անձանց թիվը, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չի հասնում 5000-ի։

Քաղաքացիություն տալու գործընթացը տևում է 1-2 ամիս, այս պահին 3800-ը գերազանցող թիվ ունենք, որոնց ՀՀ նախագահի կողմից շնորհվել է քաղաքացիություն։ Կարևոր է նշել, որ այս թիվը վերաբերում է միայն չափահասներին։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բնակարանային ծրագրից օգտվելու համար պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների քաղաքացի լինելը, ապա պետք է նկատի ունենալ, որ գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ․ ծնողները ստանում են քաղաքացիություն, այնուհետև ներկայացնում են դիմում ընտանիքի անչափահաս անդամի փաստաթղթավորման համար, միանգամից դիմումի հիման վրա  5 աշխատանքային օրվա ընթացքում տեղի է ունենում անձի անձնագրավորում ՀՀ քաղաքացու անձնագրով, այդպիսով ամբողջ ընտանիքը դառնում է ՀՀ քաղաքացի։ Եվ նշված մոտավոր 5000 թիվը չի արտացոլում անչափահասներին։

Թե ի՞նչ մտավախություններ ու մտահոգություններ է արձանագրել միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Նելի Դավթյանը պատասխանեց․ “Մեր դիտարկումների, ուսումնասիրությունների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ կան մի շարք չհիմնավորված մտավախություններ, մենք նույնիսկ դրանք անվանում ենք միֆեր, որոնք շատ հաճախ կտրված են իրականությունից։ Օրինակ․ 1․ փախտականի կարգավիճակով անձը, կարող է մշտական և օրինական բնակություն հաստատել եվրոպական երկրներում, ինչը այդպես չէ։ 2․ քաղաքացիություն ստանալով կզրկվեն սոցիալական աջակցության որևէ ծրագրից, դա նույնպես այդպես չէ, որովհետև սոցիալական աջակցության ծրագիրը մշակված չէ իրավական կարգավիճակի հիմքով, այլ տեղահանության փաստով։

Տարբեր կասկածներ ու կասկածամտություններ կան, ինչը նաև բնական է։ Մենք ընկալումների և իրավական կատեգորիաների շփոթմունք ունենք, հենց դա է խանգարում։ Տեղահանված լինելու փաստը մարդուն և նրա կյանքին անխզելիորեն կապված իրադարձություն է և իրավական կարգավիճակով՝ քաղաքացիության ընդունումով, հնարավոր չէ դրանք հերքել, չեղարկել։ Այն որ 1864 որոշմամբ արդեն իսկ դեկլարատիվ բնույթի գործիքով, բոլոր տեղահանվածներին տրամադրվել է փախստականի կարգավիճակ, դրանով արդեն իսկ արձանագրվել է ինքնությունը, տեղահանությունը, փախստականության երևույթը, հայրենիքը, հողը տունը կորցրած լինելու փաստը։ Հիմա արդեն ժամանակն է իրավական կարգավիճակի հստակեցման համար։

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին ու հստակեցվեցին բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են արցախահայությանը մտահոգող 070 կոդով անձնագրերին, բնակարանային ապահովման ծրագրերի փուլերին, ներառված շահառուներին ու առկա բացթողումներին, մարդու հիմնարար իրավունքներին, փախստականի քարտին և այլ խնդիրներին վերաբերող։

Հուսանք, որ իրազեկման աստիճանի բարձրացումը կօգնի մեր հայրենակիցներին կողմնորոշվելու հարցում։

Արմինե Հայրապետյան

f