Ինչու՞ է փախստականի վկայականը պարտադիր պայման սահմանհատման համար, հատկապես, որ արտերկրում ոչ մեկ դա չի ստուգում։ Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որ հուզում է արցախցիներին և թվում է, թե այն ձևական բնույթ է կրում, քանի որ դրա առկայությունը ստուգում են միայն ՀՀ սահմանապահները։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը պարզաբանեց, որ դա արվում է բացառապես անձի անվտանգության ու ապահովության համար։
«Քանի որ Ադրբեջանը քանիցս հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված, մենք չենք կարող բացառել նման վտանգը։ Քարտը սահմանապահին հնարավորություն է տալիս ստուգելու, արդյո՞ք անձը հետախուզվում է թե ոչ։ Իսկ այն երկրների համար, որոնց բազաները հասանելի չեն, ԼՂ-ից բռնի տեղահանված անձին, որը չունի ՀՀ քաղաքացիություն, հենց փախստականի վկայականով իր պաշտպանության տակ է առնում Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, խնդիր առաջանալու դեպքում կապը կհաստատվի ՀՀ-ի, այլ ոչ թե հետախուզում հայտարարած երկրի հետ։
Իսկ եթե անձը ստանում է քաղաքացիություն, սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր այսպես, թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի հետ»,-նշեց Նելլի Դավթյանը։
Հավելենք, որ դեկտեմբերից նորից երկարաձգվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ժամանակավոր պաշտպանության, կամ փախստականի կարգավիճակը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: