«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»

  • 18:55 30.09.2024

«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»,- այսօր լրագրողներին ասաց Սամվել Բաբայանի աջակիցներից Յուրի Մուսայելյանը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցներն այսօր Արցախի ներկայացուցչության մոտ պահանջ են ներկայացրել Արցախի Ազգային ժողովին՝ կոմիտե ստեղծել եւ Սամվել Բաբայանին տալ գործելու լիազորություններ։

Անդրադառնալով հարցին, որ Սամվել Բաբայանը մեղադրում է Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ասելով, որ իրենց մեղքով են հայտնվել այնտեղ, Յուրի Մուսայելյանը պատասխանեց. «Այդ նույն հերոսները, որոնք Բաքվի բանտում են գտնվում, ամեն ինչ անում էին, որ այս մարդու խոսքը չլիներ։ Նույնիսկ, երբ պարոն Բաբայանը Հակարիի կամուրջն անցավ, միանգամից պառակտում առաջացավ։ Այն, որ պարոն Բաբայանը կամուրջն անցել է, իրենք կապել են նրա հետ, թե Ադրբեջանի հետ քիրվայություն է անում։ Ցանկացած քայլի փորձում են պիտակ կպցնել։ Դե հիմա ես առաջարկում եմ՝ պարոն Բաբայանը մի քանի անգամ ասել է՝ սխալ է, որ Արցախի էլիտան Բաքվում է գտնվում։ Ասում եք՝ պարոն Բաբայանը քիրվա՞ է ադրբեջանցիների հետ, չնայած դա այդպես չէ, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի հատ քիրվա մարդ է պետք, որ կարողանա ձեր գերիներին Բաքվից բերի այստեղ։ Դե եթե քիրվա է այդ մարդը, ինչո՞ւ եք նրա ցանկացած մտահղացման պիտակ կպցնում։ Այդ մարդուն սատարենք, ի՞նչ է, դուք նախընտրում եք, որ ձեր գերիները Ադրբեջանո՞ւմ մնան։ Մեր ղեկավարությունը պետք է չխանգարի, լիազորություններ տա, որ այդ մարդն իր գաղափարներն օգտագործի։ Թեկուզ պետք է կոմիտե ստեղծել ու մանդատ տալ Սամվել Բաբայանին»։

f