«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ»

Արդի աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, երբ աշխարհի տարբեր անկյուններում պարբերաբար ականատես էինք լինում էթնիկական զտումների, ցեղասպանությունների և բնիկ ժողովուրդների հայրենի բնօրանների բռնազավթմանը, ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովների և համաժողովների կազմակերպումը դառնում է առավել հրատապ և արդիական: Հատկապես, երբ նման նախաձեռնություն իրականացվում էր ցեղասպանություններ վերապրած ազգի կողմից։

Այդ նախաձեռնություններից հերթականը կազմակերպվել է սեպտեմբերի 19-21-ին՝ Հայաստանում, Երևանի պետական համալսարանում։ Գիտաքաղաքական նշանակություն ունեցող սույն գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսմանց ծրագրի (ԱՄՆ) և Լեփսիուսհաուս Պոտսդամի (Գերմանիա) համագործակցությամբ։ Գիտաժողովը կրում է  «Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագիրը և նվիրված է Ֆրանց Վերֆելի՝ սկզբնաղբյուրային արժեքավոր նշանակություն ունեցող «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։

Գիտաժողովի թեմաներից է՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության դրսևորումները։

Զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ և փորձագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից, Իտալիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Լիբանանից և Կանադայից։

Գիտաժողովի նպատակն է ընդգծել այն հրամայականը, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ոճրագործություններ, որի դրսևորումը տարիներ առաջ աշխարհը տեսավ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ապա նաև բռնազավթված Արցախում՝ ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությամբ։

Տաթև Ազիզյան

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը հայց են ներկայացրել Հաագայի դատարան

Արտակ Բեգլարյանը գրում է․ 
«Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար։
Փարիզ – Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար:
Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:
Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը:
Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից:
Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»:
Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա:
Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները:
Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ներգրավված չէ արցախյան 150 հազարանոց փախստականների համայնքի գործերի մեջ

«Ես տարիներ շարունակ առաջարկում եմ հատուկ բանաձեւ տալ արցախյան հիմնախնդրին։ Դա մեկ խոսք է՝ պատրիացիդ՝ հայրենազրկում։ Այն, ինչ կատարվում էր Արցախում, ցեղասպանություն է, գենոցիդ։ Բայց ես կարծում եմ, որ այն բառը, որն առաջարկում ենք մենք՝ պատրիացիդ, դա ավելի լուրջ մեղադրանք է, որովհետեւ, ինչպես մենք տեսնում ենք, Օսմանյան Թուրքիայում եւ թուրքական հանրապետությունում հայեր մնացել են։ Մնացել է հայկականությունը, իրենց չհաջողվեց ոչնչացնել ազգը, եւ ինչպիսին կլինի Թուրքիայում հայկական հարցը, ոչ ոք չի կարող ասել»,- այսօր հրավիրած քննարման ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Արցախից հեռացվեց ողջ հայությունը, եւ հիմա փորձում են ոչնչացնել մեր հազարամյա մշակույթը, հետքը։ Ուստի, սա պատրիացիդ է, այսինքն՝ հայրենազրկում, հայրենիքի, պետության ոչնչացում։

«Որպեսզի կայանա մեծ վերադարձը, հնարավորությունը Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռն է։ Դա մի վճիռ է, որի մասին Հայաստանում խոսում են շատ քիչ, որի մասին գրեթե տեղեկացված չէ հասարակությունը։ Ավելին, արցախցիների զգալի մասն առանձնապես չի էլ գիտակցում՝ ինչ է կատարվել նոյեմբերի 17-ին։ Ապրիլի 24-ը թերի է առանց մարտի 16-ի, որովհետեւ ապրիլի 24-ին սկսված ցեղասպանությունը սովետական Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի կողմից ավարտվեց 1921 թվականի մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով։ Եվ դա ոչ ավելի կարեւոր է, քան ապրիլի 24-ը։ Պատահական չէ, որ մեզ տասնամյակներով սովորեցնում էին ապրիլի 24-ի գաղափարին, որ մենք միայն ողբանք, լացենք, բայց չգիտակցենք, որ  դրա նպատակն էր մարտի 16-ը՝ այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի հայազրկումը, հայաթափումն ու թրքացումը։ Դրա ուղիղ շարունակությունն էր 2020 թվականի պատերազմը եւ 2023 թվականի հայրենազրկումը»,- հավելեց Խզմալյանը։

Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգ, չկարողացավ, թերացավ ոչ միայն քաղաքական գնահատական տալ Արցախում կատարվածին, այլ նաեւ գիտակցել, թե ինչ է կատարվել։ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ քաղաքականություն Արցախի հարցում։ «Եվ դա վերջին տարվա իրողությունը չէ, սակայն հենց այսօր, երբ Արցախի գրավման, առեւանգման տարելիցն է, մենք պետք է արձանագրենք, որ առ այսօր չկա պետական քաղաքականություն, որ կառավարությունը կա՛մ լռում է, կա՛մ գերադասում է լղոզել Արցախի հարցը։ Դրա ապացույցն է, որ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ներգրավված չէ արցախյան 150 հազարանոց փախստականների համայնքի գործերի մեջ։ Չի կատարվում համայնքը պահպանելու, համայնքը ներկայացնելու, համայնքում նոր ինքնակառավարման մեխանիզմներ ստեղծելու, վտարանդի կառավարություն եւ դեսպանատներ հիմնելու աշխատանքը։ Այն ամենը, ինչը խիստ անհրաժեշտ է եւ ինչով մենք պետք է զբաղվենք»,- ասաց նա։

Մինչեւ 1941 թվականը արեւմտահայերը Հայաստանում վստահ էին, որ Կարսի պայմանագրի ժամկետը 25 տարով է

«Ինչպե՞ս Արցախի հայությունը հայրենազրկվեց․ սրա հիմքերը նույնիսկ մեր կենդանության շրջանում էին։ 1988-1990 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ամբողջ հայությունը ստիպված եղավ փախչել։ Այդ ամբողջ հայության փախուստը երբեք չդարձավ լուրջ քննարկան առարկա՝ իրենց վերադարձի իղձերով»,- այսօր հրավիած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ 1941 թվականը արեւմտահայերը Հայաստանում վստահ էին, որ Կարսի պայմանագրի ժամկետը 25 տարով է, եւ իրենք կարող են վերադառնալ հայրենիք։ Դրա համար էր նաեւ Խորհրդային միությունը ուզում հայրենիքի գաղափարը շատ արագ ջարդել նրանց ուղեղներից։

«Հիմա նույնկերպ Ադր․ ԽՍՀ-ից փախստականների կողմից 1988 թվականից հետո հայրենիքի գաղափարի շուրջ միավորվելու շատ փորձեր արվեցին, բայց չխրախուսվեցին այդ փորձերը։ Երբ մենք վերադարձի գաղափարն ուղարկում էինք փախստականների տարբեր համագումարներ, ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդին, ԵԱՀԿ երկրներին, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Հայաստան եկավ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն գլխավոր հանձնակատարը։ Ինքը հանդիպեց միայն երկրի նախագահին, ինքը գնաց, երկու ժամ հետո նախագահի կայքում հայտնվեց գրություն, որ Հայաստանը փախստականների գծով որեւէ քաղաքական ծրագիր եւ պահանջ չունի։ Հայաստանը դա Հայաստանի իշխանությունն էր։ Ես չեմ կարողացել այդ հարցեը ձեւակերպել այն մարդկանց, ովքեր կարող էին իմանալ եւ պատասխանատու էին իմանալ՝ Հայաստանի հրաժարվելը իրավական որեւէ լուծումից մինչեւ այսօր գործո՞ւմ է։ Փաստն այն է, որ փախստականների խնդիրների վերաբերյալ փախստականների պատկերացրած լուծումները ՀՀ իշխանությունների կողմից մինչեւ այսօր որեւէ քննարկման եւ արձագանքի չեն արժանացել»,- ասաց նա։

Հրանուշ Խառատյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված փախստականներին։ «Ես շատ եմ հանդիպում փախստականների հետ եւ գիտեմ, որ նրանց մեծ մասն այս գաղափարին կողմնակից են, որ Հայաստանի կառավարությանը պետք է հստակ առաջարկել, որ փախստականների կեցության խնդիրը ՀՀ տարածքում պետք է լուծվի փախստականների համայնքային գոյության միջոց ստեղծելու ճանապարհով։ Սփյուռքի եւ ՀՀ բյուջեի հավասար տրամադրված միջոցներով մի տարածքում կառուցվում է արցախահայության բնակավայր։ Մարդիկ կամավոր կընտրեն, չպետք է որեւէ արցախահայի ստիպել, որ այնտեղ ապրի։ Բնակավայրը համայնքի կարգավիճակ կունենա եւ Հայաստանի օրենքներով կունենա ինքնակառավարվող մարմին, ինքը կընտրի իր կառավարող մարմիններին։ Այստեղ արցախյան կյանքի, մշակույթի, լեզվի, ներքին կապերի, հարաբերությունների վերընձյուղման հնարավորություն կլինի՝ հուսալով, որ քաղաքական լուծումների դեպքում այս մշակույթը կարող է տեղափոխվել բուն հայրենիք եւ այնտեղ շարունակվել»,- ասաց Խառատյանը։

Ադամ Շիֆը առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու  և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ադամ Շիֆը, օրինագիծը ներկայացնելիս, մասնավորապես, հայտարարել է․ «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»։

Մեկնաբանելով նախագիծը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ ձգտելով համապատասխան ԱՄՆ նախագահի լիազորություններին՝ բռնագրավել ադրբեջանական ակտիվները և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համարձակ նախաձեռնությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ազգային խորհուրդը, տարածաշրջանային մարմինները և տեղական մասնաճյուղերը հպարտ են, որ սատարում են Ադամ Շիֆին՝ մեր համայնքի երկարամյա բարեկամին, Կալիֆորնիայից ԱՄՆ Սենատի անդամի համար նրա պայքարում և խրախուսել «Ոսկե նահանգի» ամերիկահայերին քվեարկել և կամավորագրվել նրա քարոզարշավին։

Օրինագծի անցկացումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ, որին կարելի է միանալ հետևյալ հղմամբ։

Շիֆին, որպես երկկուսակցական օրինագծի սկզբնական հովանավորներ, միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ան Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լա Մալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մըք Գովերնը, Գրեյս Մենգը, Քեվին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը:

Արցախի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ըստ հետևյալի.

  • Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին:
  • «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամի» ստեղծում՝ կորցված գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։ Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։

Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է Արցախի հայերի վերադարձի և նրանց սեփականության տիրապետման իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի վերացնի հայկական գույքի սեփականության հանգամանքը՝ ապահովելով, որպեսզի հայերը կարողանան վերականգնել իրենց տները և բիզնեսները:

Օրինագծի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։ Օրինագծի ներկայացնելիս՝ Շիֆը անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների ազատ արձակման ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին։ Շիֆի հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

“Այդ մասսայի տներից հլա թող Արցախից բերած զենքերը հավաքեն, որ հետո ուրիշի վրա չգցեն”

«Ժողովրդին բաժանում են սեւ ու սպիտակի, ասում են՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը, էշ-էշ դուրս են տալիս որոշ մարդիկ։ Արցախը Հայաստանի երաշխիքն էր եւ երաշխիքն է միշտ, Հայաստանի անբաժանելի մասն է եղել։ Մի մասսա կա, որ ասում է՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը, իսկ ինչո՞ւ չօգնեցիք, ինչո՞ւ միջոցներ չձեռնարկեցիք։ Ես՝ լինելով Աղավնոյի համայնքապետ, ստուգել եմ այդ ճանապարհը, որով ադրբեջանական զորքերը գնում էին դեպի Ջերմուկ եւ զեկուցել եմ։ Այն ժամանակ մեծ զինտեխնիկան հանեցին՝ մեզ մենակ թողնելով, հիմա էլ այս ամեն ինչից հետո լեզուները երկարացնում են կամ թողնում են, որ ժողովուրդն իրար միս ուտեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

Նա նշեց, որ այս իրավիճակին այլ մեղավորներ չկան, քան այս իշխանությունները։ «Թող միջոցներ ստեղծեին, ժողովուրդն Արցախը կպաշտպաներ։ Ժողովուրդը միշտ էլ ազնիվ է եղել, պաշտպանել է հողն ու հայրենիքը, այս խունտան է մեղավոր։ Հետո էլ ասում են՝ Արցախն արդեն տրված էր, բա եթե տրված էր, ինչո՞ւ մինչեւ հիմա չէին վերցրել ազերիները»,- հավելեց նա։

Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ հավատում է Արցախ վերադարձին, վերադարձը կլինի միջազգային փոփոխությունների արդյունքում, ոչ այս իշխանությունների գործողությունների։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ հայրենասիրության այն մոդելը, որը մինչեւ այսօր եղել է, սխալ է, նա ասաց․ «Այսինքն՝ հիմք ընդունենք իր հայրենիքի սե՞րը, որի արդյունքը սա է, թե՞ ֆեյք, անիմաստ խոսակցություններ է անում։ Մեկ օր առաջ իբրեւ բռնում են արցախցիներ, ահաբեկչական խումբ։ Ես չեմ ուզում ծավալվել, իրենք լավ գիտեն, նիկոլական այդ իր մասսայի տներից հլա թող Արցախից բերած զենքերը հավաքեն, որ հետո ուրիշի վրա չգցեն։ Իրենց մեջ է այդ ամենը, մենք լավ տիրապետում ենք այդ ինֆորմացիային, այն ժամանակ բերած իրենց զենքերը սկի չեն էլ հավաքել, ո՞ւմ վրա են գցում»։

Ամոթ է․ գնացեք եւ հղփացեք ձեր իշխանությունով

Այս օրը մեկ տարի առաջ Արցախում տեղի է ունեցել հայոց պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը առ այս պահը ոչ մի բառ չի ասել այդ կապակցությամբ, չհաշված ԱԳՆ հերթափոխ հայտարարությունը։ Կառավարության անդամները սակայն իրենց գնահատականներն են տալիս, անցնելով անամոթության չափը։     

Սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գեւորգ Պապոյանը ասել է․

“Երկրորդ և երրորդ նախագահների թիմերը ճնշում էին գործադրում ՀՀ իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի ԼՂ տարածքը, ասել է նա։ «Բնականաբար, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային 100 հազար ավել կամ քիչ ցուցարար, ինչը կարող էր ավելացնել իշխանությունը զավթելու իրենց հնարավորությունը”:

Բոլոր իրադարձությունների չափման միավորը, փաստորեն, իշխանություն պահելն է։ Գնացեք եւ հղփացեք ձեր իշխանությունով։   

Սեպտեմբերի 19-ից մեկ տարի անց․ հանցավոր կոնսենսուսը Հայաստանի Սահմանադրության դեմ

2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Բաքուն ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ 2020 թվականի պատերազմից, մասնակի օկուպացիայից, 10 ամիս շրջափակումից եւ սովից հետո։

Բաքուն ձեռնարկել է «հակաահաբեկչական գործողություն»՝ ասելով, որ «տեղեկացրել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությանը»։ Հաջորդ օրը Արցախի ղեկավարությունն ընդունել է զինադադարի մասին «ռուսական հրամանատարության առաջարկը»։ Ստորագրվել է ռուսերենով գրված «ԼՂՀ-ի լուծարման մասին» փաստաթուղթ, եւ օգտագործված տերմինները հստակ ցույց են տալիս, որ տեքստը գրվել է նույն տեղում, որտեղ գրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Եռակողմ հայտարարությունը։

Սեպտեմբերի 17-ին, ագրեսիայից 2 օր առաջ, Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որը կանաչ լույս է վառել է Արցախի օկուպացիայի համար։ «Օպերատիվ» ղեկավարությունը վստահվել է Ռուսաստանին, որն իր դերը փայլուն է կատարել։ Մասնավորապես, ռուսները ադրբեջանցի զինվորականների հետ հավեսով «մաքրել» են ղարաբաղյան գյուղերը և զինաթափել բանակը։

Սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը և «ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին» տարածաշրջանում։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ԼՂՀ նախագահի հրամանագրում կետ կա տեղի հայ բնակչության «նոր կոորդինատային համակարգով» Ադրբեջանին ինտեգրվելու մասին։ Պեսկովը հորդորել է չփնտրել Ղարաբաղից հայերի արտագաղթի մեղավորներին։

«Ինտեգրումը» չստացվեց. Արցախի բնակչությունը, ժամանակավորապես լքելով իր տունը, ունեցվածքն ու հազարամյա հողը, թույլ չտվեց միջազգային հանցագործներին հասնել իրենց նպատակին՝ կուլ տալ Արցախը՝ խախտելով բոլոր ենթադրելի նորմերը և միջազգային օրենքները։ Արդյունքում «օպերացիայից» մնաց օկուպացիա, էթնիկ զտումներ և հորդայի արշավանք՝ առանց օրինական փաստաթղթերի։

2023-ի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հաստատվեց Ռուսաստանի և Արևմուտքի «կոնսենսուսը» Արցախի օկուպացիայի և «ինտեգրման» վերաբերյալ, որը փաստացի օրինականացրեց օկուպացիան։ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ ասաց, որ Արցախի ժողովրդին ֆիզիկական սպառնալիք չկա։ Հետո նա իր խոսքերը բացատրեց Արցախի ժողովրդին չվտանգելու մտադրությամբ, բայց այն ժամանակ դա հնչեց որպես Հայաստանի հրաժարում Արցախի ժողովրդից և համաձայնություն «ինտեգրմանը»։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը երեկ ասել է, որ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի նիստից հետո Ֆրանսիան փորձել է նոր բանաձեւ ընդունել Արցախի վերաբերյալ, սակայն, ասվում է, որ դեմ էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Ֆրանսիան չկարողացավ ընդունել բանաձեւը։ Ավելին, մեկ տարի անց ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ քաղաքական գնահատական ​​չի տվել Արցախում տեղի ունեցածին։ Թեև Պետդեպարտամենտի պատվերով ազդեցիկ միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցը հաստատում է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ԱՄՆ-ը խոստանում է գնահատական ​​տալ ավելի ուշ։

Բանաձևեր են ընդունվել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների խորհրդարանների կողմից։ Հայաստանը չի ընդունել կատարվածի իրավական գնահատականներին վերաբերող փաստաթղթեր։

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով «կոնսենսուսի» և այն փաստի մասին, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ և չեն ստացել համապատասխան գնահատականներ։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ այս օրերին ՄԱԿ-ի նստաշրջանը կրկին մեկնարկում է։

ԱԳՆ հայտարարության մեջ ակնարկ կա՞, որ «կոնսենսուսը» դեռ ուժի մեջ է, Երևանը ոչինչ չի անի Ստամբուլի “համաձայնությունը” խախտելու համար, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կճանաչի Արցախը որպես Ադրբեջան։

Բայց եթե դա այդքան հեշտ է ու պարզ, ապա ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի Հայաստանի Սահմանադրությունից հանվի 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման մասին հղումը։ Եթե ​​այս որոշումը ուժի մեջ չէ, ապա ինչպե՞ս է այն խանգարում Ալիեւին, իսկ եթե ուժի մեջ է, սա նշանակում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի արցախյան հատվածը։

Հանցավոր կոնսենսուսը բախվել է Հայաստանի Սահմանադրությանը և անխուսափելիորեն կքանդվի։

Նաիրա Հայրումյան

Հայաստանի ԱԳՆ-ն ճանաչել է էթնիկ զտումները, սակայն դեօկուպացիայի կոչ չի արել

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 19-ի կապակցությամբ, որը Արցախի խորհրդարանը հռչակել է որպես Արցախի ցեղասպանության օր։

Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 19-ի իրադարձություններն անվանել է «Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումների ավարտական փուլը, երբ ավելի քան 115 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց տները մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում»։

Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն անդրադառնում է ՄԱԿ-ում տեղի ունեցած նիստին, որն, ըստ էության, օրինականացրել է Արցախի հանդեպ ագրեսիան և օկուպացիան։

«Դա տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարարությունը տարածաշրջանային դերակատարներին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել խաղաղության վերջնական հաստատման համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանի կայուն զարգացման վրա։

Հայաստանի ԱԳՆ-ն, խոսելով էթնիկ զտումների փաստի մասին, կոչ է անում «տարածաշրջանային դերակատարներին» ոչ թե պահպանել միջազգային նորմերը, մասնավորապես՝ հակամարտությունների ուժային լուծման անթույլատրելիության սկզբունքը, ոչ թե վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՞ ոչ թե դեօկուպացիայի, ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունըհարգելուն, որը հղում է անում Արցախի և Հայաստանի վերամիավորման որոշմանը, այլ կոչ է անում պատրանքային խաղաղության և կայունության։

Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 19-ը հռչակել է Արցախցիների ցեղասպանության օր

Երեկ երեկոյան էլ Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել եւ «Տոների ու հիշատակի մասին» օրենքում փոփոխություն իրականացրել՝ սեպտեմբերի 19-ը հռչակելով Արցախցիների ցեղասպանության օր։

Մինչ սեպտեմբերի 19-ը Արցախում 112-113 հազ․մարդ էր բնակվում

Մինչեւ 2020 թվականը Արցախի բնակչության թիվը կազմում էր 147 հազար, այս թվերը հնչեցվեցին Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած համաժողովի ժամանակ։ 2020 թվականի 44-օրյա պետարազմի հետեւանքով արցախցիների մի մասը բռնի տեահանվելով՝ տեղափոխվել են Հայաստան։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրեց, թե որքան մարդ էր ապրում Արցախում՝ նախքան 2023 թվականի ցեղասպանական գործողությունները։

«Շրջափակումից առաջ Արցախի բնակչության թիվը 120 հազարի մոտ էր։ Այս թիվը շատ կարեւոր թիվ է, որովհետեւ անցած տարի տեղահանումից հետո Հայաստանի կառավարության կողմից արձանագրվեց 100 600 թիվ, բայց մի քանի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ ընդունեց, որ դա սխալ թիվ է։ Ես կարող եմ ասել, որ 110 հազարից շատ մարդ է տեղահանվել մեկ տարի առաջ։ Այսինքն՝ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերի դրութամբ Արցախում, իմ հաշվարկով, 112-113 հազար մարդ միանշանակ եղել է։ Իսկ բլոկադայի սկզբնական շրջանում մի քանի հազար մարդ հաստատ դուրս է եկել»,- ասաց Բեգլարյանը։

 

Մեծ ցավով եմ լսում արտահայտություններ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է

Այսօր լրանում է Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողությունների մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ինչի հետեւանքով մի քանի օրում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախի քաղաքական ղեկավարությունն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ 10 ամիս շրջափակման, որից 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռազմական ագրեսիայի, որի պատճառով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում մեր նահատակների հիշատակին, ովքեր իրենք կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, իրենց ընտանիքները։ Եվ սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Մենք մշտապես հիշողություններում ունենում ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը եւ հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն лф8цчфтф դուրս գալ շրջափակումից եւ խուսափել ավելի բարդ ու մեզ համար ծանր հետեւանքներից»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք ՀՀ-ում, ովքեր համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա Հայաստանի Հանրապետության հաղթանակն է։ Կասկածում եմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում եւ ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց։ Իմ կարծիքով՝ իրենց պատասխան պետք է տան ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ձեւավորել են իշխանությունը»։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարությանը, թե բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, որում նաեւ արցախցիներ են ներգրավված եւ հարցին, թե արդյոք սրանով եւս մեկ անգամ փորձում են թիրախավորե՞լ արցախցիներին, Շահրամանյանը պատասխանեց․ «Բոլորս ենք ականատես, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ տեղեկատվական դաշտում։ Ես ուզում եմ դիմել ՀՀ ԱԺ-ին, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան, որպեսզի պաշտպանված լինեն ՀՀ քաղաքացիներն ու Հայաստանում ապրող բոլոր անձինք։ Միայն այս տեղեկատվությունը չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում, այդ թվում՝ ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ։ Ես կոչ եմ անում ուժային կառույցներին՝ հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը եւ հավասատի լինելու դեպքում, տալ իրավական գնահատական»։

Ռոզա Հովհաննիսյան