Բաղունց. Արցախի հարցը ոչ մի կերպ հնարավոր չէ փակել, դա պատմական առաքելություն է

Այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Արցախում, ցավոք, հայ ազգի համար դաս չդարձավ։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

«Մենք պետք է հստակ հասկականք, ըմբռնենք, որ տեղի ունեցածը, ինչպես էլ այն անվանենք՝ ցեղասպանություն, էթնիկ զտում կամ բռնի տեղահանում, այնուամենայնիվ դա հանդիսանում է մեկ դար առաջ տեղի ունեցած մեծ եղեռնի շարունակությունը։ Արտաքին քաղաքականությունն արդյունավետ է լինում այս երկու ռազմավարությունների ներդաշնակության պայմաններում՝ հզոր բանակի ստեղծում եւ խաղաղության օրակարգ, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել երկրի անվտանգությունը։ Մենք պետք է այլ տեսակի կառուցենք մեր անվտանգության համակարգն ու արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա։

Բաղունցն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու փաստաթուղթ։ «Սովորաբար տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել։ Ես ուղղակի կրկնեմ, որ Սամվել Շահրամանյանի եւ Արցախի Ազգային ժողովի կողմից բազմիցս հնչեցվել է այն գաղափարը, որ դա իրավական ոչ մի հիմք, ուժ չունի եւ ստիպված մի քայլ էր, որը կատարվեց՝ հետապնդելով մի հիմնական նպատակ՝ փրկել 120 հազար արցախցիների կյանքը եւ հնարավորություն ստեղծել դուրս բերել ադրբեջանական ահաբեկչության ազդեցությունից։ Մենք բազմիցս հիմնավորել ենք, որ դա իրավական հիմք չունի, ոչ ոք Ազգային ժողովը ցրելու իրավունք չուներ, անգամ նախագահը, եւ այդ քայլը կատարվել էր միայն ու միայն արցախահայության փրկության նպատակով»,- նշեց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արցախի ներկայացուցչությունն ու իշխանությունները չպետք է գործեն, նա ասաց․ «Մենք հստակ ասել ենք, որ շարունակում ենք կրել մեր պատասխանատվությունը Արցախի հայության հանդեպ։ Եվ անելու ենք ամեն ինչ, որպեսզի եւ քաղաքական իրավունքներն ապահովենք, եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն առավել էֆեկտիվ նպաստենք»։

Նա հավելեց․ «Ինձ համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի էր մեկ այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման, համապատասխան բանակցությունների ընթացքում, համպատասխան իրավական ակտերն ու հիմքերը հաշվի առնելով։ Եվ նման պարտիզանական գործողությունները վայել չեն որեւէ պետական կառույցի։ Կարծում եմ՝ հայ ազգի երկու զանգվածի միջեւ անընդունելի է նման պահվածքը, կարելի է իրավական հիմքերով այդ հարցերը քաղաքակիրթ տարբերակով լուծել։ Ուղղակի Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամք ու պատասխանատվություն է պետք, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ։ Արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»։

Գագիկ Բաղունցն ասաց, որ Արցախի հարցը ոչ մի կերպ հնարավոր չէ փակել, դա պատմական առաքելություն է։ «Ես հույս ունեմ, որ հեռավոր ապագա չի ընկնի այդ հարցի լուծումը, բայց այնուամենայնիվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի արցախահայության վերադաձն Արցախ իրականություն դառնա։ Այդ խնդիրը մենք օրակարգում մշտապես պահելու ենք, եւ հնարավոր չէ, որ մեր սերունդները այլ դիրքորոշում ընդունեն»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարմանը եւ հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները աշխատանք տանո՞ւմ են նրանց վերադարձնելու ուղղությամբ, Գագիկ Բաղունցն ասաց․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որն ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործնթացում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործում։ Մեր կողմից աշխատանք տարվում է, շատ ավելի թույլ մեխանիզմներ ունենալով, այնուամենայնիվ փորձում ենք հարցն անընդհատ օրակարգում պահել, այդ պահանջները մշտապես ներկայացնում ենք տարբեր հարթակներում։ Մի քանի օր առաջ մենք հանդիպում ունեցանք Օկամպոյի հետ, որտեղ եւս մեկ անգամ հնչեց այդ հստակ պահանջը, որ բոոր ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է վերադառնան»։

Նշենք, որ այսօր լրանում է Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողությունների մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ինչի հետեւանքով մի քանի օրում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Ռոզա Հովհաննիսյան

Լավ է, չէ՞, կեսօրին տանը նստած սքրոլ էս անում, մեկ էլ հրետանու դղրդյուն

Լավ է, չէ՞, կեսօրին տանը նստած սքրոլ էս անում, մեկ էլ հրետանու դղրդյուն, դրոններ ու կանանց-երեխաների ճիչեր աստիճաններին. «մա՜մ», «պադվալ», «խոխան», «մեքենան», «ապակիները», «Շուշիից են խփում…», «Էնգելսի մոստը», «МИД-ի մոտ` խանութները…», խուճապ ու իրարանցում:

Օդային տագնապը ողջ ուժով սուլում է նորից: Ավտոմատների կրակահերթեր: Այդքա՞ն մոտ են արդեն: Վերջին կալաշնիկովների ձայնը Ստեփանակերտում երեւի Շուշիի ազատագրման ժամանակ է լսվել:

Ընդամենը երկու օր առաջ էլ քահանան խաղող օրհնում եկեղեցու բակում: Ով պլաստիկ տոպրակ ուներ` մի ողկույզ վերցնում էր:

2023թ. սեպտեմբերի 19-ինն էր…

Մարութ Վանյան

“Վերջին արցախցիներ” ֆիլմի առաջին ցուցադրումը

“Վերջին արցախցիներ” ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց “Լոֆթ” ակումբում։

Ֆիլմը Արցախում ծնված վերջին երեխաների մասին է, իսկ ֆիլմի հերոսուհիները՝ 4 մայրեր են, ովքեր պատմում են հաղթահարված դժվարությունների մասին։

Ֆիլմի հեղինակ Մարիամ Սարգսյանը պատմել է, որ վաղուց էր որոշել այդպիսի մի ֆիլմ նկարահանել, և իրականացրեց իր ցանկությունը Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնի օգնությամբ։

“Սկզբում որոշել էի ռեպորտաժներ պատրաստել, բայց ընթացքում հասկացա, որ երկարում է և նմանվում ֆիլմի, որոշեցի, որ ֆիլմ պետք է պատրաստեմ”,- ասում է Մարիամը։

Միտքը ձագեց, երբ Մարիամը իր երեխային գրկած սեպտեմբերի 19-ին Մարտունի քաղաքում վազում էր ապաստարան, ու այդ պահին մտածել, թե ի՞նչ են անում այն երիտասարդ կանայք, ովքեր 9 ամսվա հղի են, և կլոր փորերով վազում են ապաստարան։

“Ապաստարանում լսեցի լուրը, որ Մարտունիում երեխա է ծնվել, և որոշեցի՝ երբ ամեն ինչ ավարտվի, պետք է հանդիպեմ Մարինեին, ով ռմբակոծության տակ երեխա է ունեցել, և պատմեմ նրա մասին”,- ասում է Մարիամը։

Հայկ Հարությունյան

Արցախցիների մի ստվար զանգված մայիսից չի օգտվում բնակարանային աջակցության ծրագրից․ բողոքի ակցիա

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ արցախցիների կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպման ակնկալիքով։ Պահանջը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնատեղահանված ընտանիքներին տրամադրվող 40+10 բնակվարձի աջակցության ծրագրում վերականգնելն է, որը մի ստվար զանգվածի համար դադարեցվել է մայիս ամսից։

Շուշի քաղաքի բնակիչ, երեք անգամ տեղահանված Յուրի Ավանեսյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը․

-Մայիս ամսվանից արցախցիների մի մասը զրկվել են բնակվարձերի աջակցության ծրագրից։ Օրախնդիր հարցով դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր տարածքային ստորաբաժանումների։ Պարզաբանել են, որ հավանական է ծրագրի խափանում է, կամ ուշացում։ Սակայն հուլիսի 12-ին բոլորին տեղեկացրել են, որ իրենք հանդիսանում են 2022 թվականի կառավարության որոշմամբ 10 միլիոն դրամի շահառու և այդ իսկ պատճառով զրկված են դրամական աջակցությունից։ Ցուցակը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Հիմնականում այդ ցուցակում ընդգրկված են մի քանի անգամ տեղահանված քաղաքացիներ, որոնց թվում կան նաև զոհվածների ընտանիքներ, տարեց ու համշանդամ մարդիկ։ Մեր դիմումներին տրվել է անհեթեթ պատասխան, և ես լինելով փորձառու իրավաբան, ոչինչ չեմ հասկացել այդ պատասխանից։

Մեզանից ոչ ոք տեղյակ չի եղել այդ որոշման մասին։ Մեր պահանջն է, որ 2023 թվականին Արցախից տեղահանվածները հավասար օգտվեն բնակարանային վարձերի աջակցության ծրագրից։

Հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունը շատ արագ կարձագանքի և փոխըմբռնման միջոցով հարցին լուծում կտրվի։

Ակցիայի մասնակիցներին ընդունել է սոցապնախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կրկին ներկայացվել է ակցիայի մասնակիցների պահանջը։ Նախարարի տեղակալի պատասխանել է, որ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը բնակարանի գնման հավաստագիր ստանալու համար չդիմած քաղաքացիներն կընդգրկվեն Արցախից 2023-ին բռնատեղահանվածների բնակվարձերի աջակցության ծրագրում և օրենքի հետադարձ ուժով կստանան չվճարված ամիսների գումարները։

Կարինե Բախշիյան

Արցախյան ոչ վերջին սեպտեմբերը․ կինո լուսանկարներով

Նայում եմ հեռախոսիս պատկերասրահը: Լուսանկարներ՝ արված Ստեփանակերտում ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին։ Չափից շատ իրադարձություն մեկ ամսվա ընթացքում:

Սեպտեմբեր. սկսվում է տոտալ շրջափակման 10-րդ ամիսը։ Չկա սննդամթերք, վառելիք, դեղորայք կամ հիգիենայի միջոցներ։ Մարդկանց վիճակը ծանր է, արդեն կան սովից առաջին զոհեր, աճում է վիժումների թիվը, հիվանդանոցները լեփ-լեցուն են հիվանդներով։ Գույնզգույն սննդի տալոնները այդպես էլ պետք չեկան, քանի որ երկար ամիսներ սնունդ չկար: Տրանսպորտը չի աշխատում, պլանային հոսանքազրկումներ։ Վաղուց մոռացել ենք, թե ինչ տեսք ու հոտ ունի գազը։ Մեկ անձի համար 200 գրամ սեւ հացի երկար, ժամերով հերթեր։

Հակարի գետի կամրջով անցնելն այլևս անվտանգ չէ նույնիսկ ԿԽՄԿ-ի հետ։ Ադրբեջանցիներն արգելեցին մարդասիրական ապրանքների ներմուծումը և սկսեցին խուզարկել և առևանգել խաղաղ բնակիչներին։ Սրան չհակառակվեցին ռուս խաղաղապահները։ Խոսվում էր, որ ադրբեջանցիները նույնիսկ ռուսական ուղղաթիռներով թռիչքներ են սահմանափակել, իսկ վայրէջքի ժամանակ խուզարկում էին պարունակությունը։ Բայց այս ամենը, իհարկե, հեքիաթներ էին։

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի փողոցներում «տաչկաներ» են նկատվում, ինչպես 90-ականների առաջին շրջափակման ժամանակ։ Իսկ տրանսպորտի փոխարեն ձիեր են։ Ծնողները զուսպ պատրաստում են իրենց երեխաներին նոր ուսումնական տարվա համար։

Սեպտեմբերի 2-ը՝ Հանրապետության հռչակման օրը, նշվեց առավել քան համեստ, բայց հայրենասիրական։ Ննջեցյալների հիշատակին մատուցվող պատարագը և զոհված հերոսների շիրիմներին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու պարտադիր արարողությունը մնում է անփոփոխ։ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչներն այցելում են Եղբայրական գերեզմաններ։

Քաղաքական իրավիճակը հանրապետությունում թեժանում է, ինչը հանգեցնում է գործող նախագահի հրաժարականին։ Խորհրդարանն ընտրում է նորին. Խորհրդարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ, որոնք վախենում են խորհրդարանական ընդդիմության կողմից արմատական ​​գործողություններից։ Նոր նախագահը հեռանում է՝ շրջապատված մեծ թվով թիկնապահներով։

Հասարակությունը բաժանված է մի քանի ճամբարների. նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց նրանց չեն լսում, իսկ նրանք, ովքեր ոչինչ չեն հասկանում, բայց պատրաստ են «կոկորդ կրծել» իրենց պատրոնների համար՝ նյութական օգուտը վերադարձնելու ակնկալիքով։ Նրանք, ովքեր հավատում են, որ «վտանգավոր է ԿԳԲ-ի դեմ դուրս գալը» և հավատում են ռուսների ամենազորությանը։ Դե, նաեւ նրանք, ովքեր պարզապես մարտական ​​դիրքերում իրենց պարտքն են կատարում և տարակուսած են Ստեփանակերտում կատարվող իրադարձություններից։

Մարդիկ փորձում են շարունակել ապրել։ Վառարաններ են հայթայթում, պատրաստվում են դժվարին ձմռանը առանց գազի և էլեկտրականության։ Նրանք նվազագույնի են օգտագործում սննդի պաշարները՝ հասկանալով երկար շրջափակման հավանականությունը։

Սեպտեմբերի 19-ի պատերազմը և Արցախի գրավման սկիզբը. բնակավայրերի շարունակական գնդակոծում, դաժան մարտեր առաջնագծում։ Ռուս խաղաղապահների առկայությունը չի նպաստում հայերի շահերին։ Բացի այդ, նրանք սիստեմատիկ կերպով արցախցիներին շրջաններից տեղափոխում են կենտրոն, իսկ ադրբեջանցիների հետ միասին ցրում ԼՂՀ բանակը՝ ստիպելով Ղարաբաղի ղեկավարությանը հայտարարել Արցախի գոյության ավարտի մասին։ Հետագայում թե՛ ռուսները, թե՛ Ղարաբաղի իշխանությունները կասեն, որ իրենց բոլոր գործողություններն ուղղված են եղել խաղաղ բնակչությանը փրկելուն։ Արցախի էթնիկ զտում է տեղի ունենում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 214 զինվորական և 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ, 14 մարդ անհետ կորել է։ Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 238 մարդ, իսկ 22-ի ճակատագիրն անհայտ է։ Բռնագաղթի ժամանակ «կյանքի ճանապարհին», չդիմանալով սովին, ցրտին և որակյալ օգնության բացակայությանը, Արցախի 64 խաղաղ բնակիչ է մահացել։

Հայաստանում մեկ տարի անց արցախցիները շարունակում են հավատալ, որ վերադառնալու են հայրենիք։ Դրա համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ են տարբեր պայմաններ ու գործողություններ։ Սկսած ազգի համախմբումից մինչև դիվանագետների և քաղաքական գործիչների պատշաճ աշխատանք: Արցախցիները չեն ցանկանում ասել, որ 2023 թվականի սեպտեմբերն իրենց վերջինն էր Արցախում։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի և համացանցի բաց աղբյուրներից

«Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նոր ծրագիրը Մեծամորում

«Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նոր ծրագիրը Մեծամորում՝ երաժշտության և արվեստի միջոցով երեխաների զարգացման համար

Թուֆենկյան հիմնադրամի կողմից 2002 թվականին հիմնադրված «Ընտանիք և Համայնք» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ազգանվեր գործունեությունը՝ աջակցելով ընտանիքներին և երեխաներին Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր կազմակերպությունն ունի 5 կենտրոն, որոնք գործում են Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ ուղղված կարիքավոր համայնքների և նրանց բնակիչների բարեկեցությանը։

ՀԿ-ի նոր ծրագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Մեծամորի երեխաներին։ Նոր նախաձեռնությունը նպատակ ունի երեխաների համար ստեղծել միջավայր, որտեղ նրանք կստանան կրթական, հոգեբանական և սոցիալական աջակցություն՝ իրենց անձնական աճն ու զարգացման հնարավորությունները առավելագույնս արդյունավետ դարձնելու համար։ Նույնիսկ ամենադժվար պայմաններում գտնվող երեխաները կարող են փոխվել դեպի լավը՝ ճիշտ մոտեցմամբ և աջակցությամբ։

Մեծամորի երեխաների հետ ծրագրի կարևոր տարրերից մեկը արվեստն է՝ մասնավորապես երաժշտությունը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել երեխաներին երաժշտության դասընթացների և այլ արվեստի միջոցառումների մեջ, ինչը կազդուրող ազդեցություն կունենա նրանց մտավոր և հոգեբանական զարգացման վրա։

«Երեխաների հետ աշխատելը, երեխաների համար նվագելը շատ պատասխանատու գործ է։ Արվեստն ընդհանրապես, հատկապես երաժշտությունն այն բուժիչ, կազդուրող և դաստիարակող հատկությունն ունի, որ ցանկացած տեսակի միջավայրից երեխային կարող է փոխել դեպի լավը։ Արվեստագետներս հնարավորության սահմաններում պետք է օժանդակենք այդ գործին», – նշել է երաժիշտ Միքայել Ոսկանյանը՝ ընդգծելով կենտրոնների կատարած աշխատանքի կարևորությունը։

Թուֆենկյան հիմնադրամը նոր դրամահավաք է սկսել՝ ապահովելու «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի այս ծրագրի շարունակականությունը և աջակցելու Մեծամորի երեխաների զարգացմանը։ Նվիրատվությունները կուղղվեն կենտրոնի գործունեության ապահովմանը, ինչը հնարավորություն կտա ծրագրին հաջողությամբ իրագործել իր նպատակը։

Տաթև Ազիզյան

Եթե միջանցքը “Իրանի վերջն է”, ապա որտե՞ղ է փրկությունը

Ռուսաստանը, Թուրքիան, նույնիսկ որոշ արեւմտյան երկրներ վերջին պատրաստությունն են տեսնում Մեղրիի միջանցքը ճեղքելու համար եւ միայն հարմար պահ են փնտրում։ Խնդիրը նույնիսկ միջանցքը չէ, այլ Հայաստանի ոչնչացումը, Իրանի չեզոքացումը որպես տարածաշրջանային գործոն եւ ռուս-թուրքական ալյանսի եւ Արեւմուտքի միջեւ նոր գործարքը։ 

Այդ գործարքը սկսեց հասունանալ Կարսի պայմանագրի 100-ամյակի մոտենալու պես եւ ամբողջացավ 2023-ի սեպտեմբերի 17-ին Պոլսում, երբ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, հավանաբար եւ Թուրքիայի ներկայացուցիչները Արցախը հայազրկելու եւ ցեղասպանության ենթարկելու որոշում ընդունեցին։

Այն ժամանակ Իրանը չառարկեց նման քայլը, կրկին հավաստիացնելով, որ ճանաչում է “ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”։

Հիմա Իրանում խոսում են, որ “Զանգեզուրի միջանցքը” այդ երկրի վերջը կլինի։ Իսկ ի՞նչը կարող է փրկություն լինել։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինը՝ ելույթ ունենալով Բաքվի անվտանգության II ֆորումում, իրեն թույլ է տվել ասել, որ “Երևանի և Բաքվի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով հաղորդակցությունների զարգացման համար, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը”:

Թուրքիայի, ինչպես նաեւ այլ երկրների ներկայացուցիչները Նախիջեւանը ցուցադրաբար չեն անվանում “ադրբեջան”, նկատի ունենալով հենց Կարսի պայմանագիրը, համաձայն որի Նախիջեւանի հայկական հանրապետությունը ժամանակավոր ադրբեջանի պրոտեկտորատի տակ է գտնվում։ Սակայն Ռուսաստանի միջոցով Թուրքիան արդեն գրեթե հասել է Կարսի պայմանագրի ընդլայնված թարմացմանը՝ ներառյալ Արցախը, Նախիջեւանը եւ Սյունիքի հարավը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն 10 օրվա մեջ 2-րդ անգամ է այցելել Իրան՝  Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցելու նպատակով։

Շոյգուն վերահաստատել է “Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը”։

Իսկ ո՞րն է Իրանի քաղաքականությունը։

Այդ երկրի նոր նախագահը ամսի 22-ին կգնա ԱՄՆ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու, նաեւ Արեւմուտքի հետ հաշտեցման բանակցություններ վարելու նպատակով։ Իրանի պաշտոնյաները բաց տեքստով ասում են, որ Ռուսաստանն է Զանգեզուրի միջանցքի հարցը “բրդում”, որ տորպեդավորի Իրանի եւ ԱՄՆ միջեւ կապի ստեղծումը։

Տորպեդավորողները շատ են․ վերջին մի քանի ամսվա ընթացքում Իրանը ինչի ասես չի բախվել՝ նախագահի ուղղաթիռի կործանում, ՀԱՄԱՍ-ի ղեկավարի ցուցադրական սպանություն Թեհրանում, Իսրայելի դիվերսիաները Պաղեստինում, վերջինը՝ Լիբանանում փեյջերների տեռակտը։ Իրանը չի պատասխանում, դրանով տեղիք  տալով իր վրա ճնշման սաստկացմանը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Ազատության»-ը տված հարցազրույցում շեշտել էր՝ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը՝ ներկայացնելով այս հարցում Թեհրանի կարմիր գծերը։

«Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները», – նշել էր Սոբհանին:

Իրանը դա կարող է կանխել մեկ հայտարարությամբ, ինչպես դա արել է Նիդեռլանդները՝ Լեռնային Ղարաբաղը զավթված է, Նախիջեւանը չի պատկանում Բաքվին, Կարսի պայմանագրի ուժի մեջ լինելը կասկածելի է։

Մոսկվայի Wildberries-ի գրասենյակների վրա հարձակում է սկսվել, կա զոհ

Ռուսաստանում կրակոցներ են լսվում Կրեմլի անմիջական մերձակայքում՝ Մոսկվայի հենց կենտրոնում։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ «Կադիրովի մարդիկ» բիզնեսի վերաբաշխման ցուցադրություն են կազմակերպել բիզնես կենտրոնում, որտեղ գտնվում է Wildberries ռուսական խոշոր շուկայի գլխավոր գրասենյակը։

Հակամարտության վայր են բերվել Ռուսաստանի անվտանգության ուժերը և ոստիկանները։ Ականատեսների կադրերում երեւում էր, թե ինչպես է շտապօգնության մեքենան տարել իրավապահ մարմինների մեկ աշխատակցի, իսկ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանի ոտքին կրակել են։ Մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է երեք ոստիկան։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի մի քանի վայրերում չեչեն մարզիկների կողմից հարձակումներ են տեղի ունեցել Wildberries-ի գրասենյակների վրա։

Wildberries-ը հայտնել է ընկերության սեփականատերերից մեկի՝ Վլադիսլավ Բակալչուկի և նրա անվտանգության աշխատակիցների կողմից ընկերության գրասենյակ «ապօրինի մուտքի» փորձի մասին: Նրա կինը՝ Տատյանա Բակալչուկը, ով որոշել է «խլել» ամուսնուց բիզնեսը ռուսական իշխանությունների հովանավորությամբ, հայտարարել է, որ «մի խումբ մարդիկ՝ Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի (ընկերության համահիմնադիր) և Վլադիմիր Բակինի գլխավորությամբ /Wildberries Bank-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ/ փորձել է գրավել Մոսկվայի Wildberries գրասենյակները։ Ի պատասխան իր կնոջ՝ բիզնեսը տիրանալու փորձի, Բակալչուկը դիմել էր Կադիրովին օգնության համար: Արդյունքում «կադիրովականները» ուժային բեկում կատարեցին՝ օգտագործելով հրազեն Մոսկվայի հենց կենտրոնում՝ Պուտինի գրասենյակից ոչ հեռու։

«Диалог.UA»

54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար:

Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում ստեղծված են բոլոր անհրաժեշտ կոմունալ-կենցաղային հարմարությունները, գործում է ճաշարան, որտեղ մատուցվում է երեքանգամյա սնունդ։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև ապահովում է 4 երեխաների անվճար ուսուցումը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում։

Ընկերության նախաձեռնությամբ լուծվել է «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։ Ներկայում ավելի քան 54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում։

Անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ն նախաձեռնել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր՝ երկու փուլով։

Առաջին փուլով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի՝ վեց ամիս ժամկետով, իսկ առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։

Երկրորդ փուլի շրջանակում աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքների ընկերության կողմից հատկացրել էր միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։

Կրկին ղարաբաղցիներ. իշխանությունները հայտարարեցին Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին

Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով՝ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոմիտեն, մանրամասնում է՝ Հայաստանի քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների և յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսկան ռուբլի վճարի դիմաց, նրանց փոխադրել Ռուսաստան՝ այնտեղ եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու համար։

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ։ Նախնական ստուգումից հետո նրանք տեղակայվել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են արդեն իրենց հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։

Ըստ կոմիտեի՝ հավաքագրված անձանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Հաղորդագրությունում նշվում է, որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստան։ Իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտելու արդյունքում։

Քննչական կոմիտեն նշում է, որ ձերբակալված անձանց մեղադրանքներ են ներկայացվել, կալանքի մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

«Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։

Ով է հրաժարվել Սոֆիայի եւ Բրատիսլավայի հանդիպումներից․ Արտակ Բեգլարյանը փակագծեր է բացում

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են գնալ ու բանակցել Ադրբեջանի հետ։

«Մենք նշաձողը չենք բարձրացրել, ուղղակի մեզ հետ բանակցություններ էլ չեն եղել»,- ասաց Բեգլարյանը՝ ի պատասխան այն հայտարարություններին, թե Արցախի իշխանությունները բարձրացրել են նշաձողը։ «Արցախի անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում՝ Արցախի նախագահի կողմից երբեւէ նմանատիպ գաղափար ու առաջարկ չի քննարկվել, թե Հայաստանի իշխանությունները ինչ առաջարկ ունեն, ինչ են մտածում, երբ ասում են՝ նշաձողը իջեցրեք։ Հստակ որեւէ բան չի ասվել, որ՝ եկեք իջեցնենք, քննարկենք, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավարություն։ Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ ես տեղյակ չեմ, որ որեւէ ժամանակ առաջարկ է եղել, որ պետք է գնալ բանակցությունների ու քննարկել ինքնավարության  հնարավորությունները։ Ավելին, միջազգային որեւէ միջնորդ մեզ հետ բանակցություններում նմանատիպ հարց չի քննարկվել։ Երբ իրենք ասել են՝ պետք է նշաձողն իջեցնեք, եւ մենք կոնկրետացումներ ենք ուզել, իրենք ուղիղ ասել են, որ Ադրբեջանի կազմում ուղղակի մշակութային ինքնավարություն, դուք կունենաք ձեր հայերեն դպրոցները, ձեր համայնքը դուք կղեկավարեք, բայց որպես առանձին միավոր՝ ինքնավարություն չեք ունենա»,- ասաց նա։

Բեգլարյանը նշեց, որ 2023  օգոստոսի 16-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձախողված նիստից հետո ֆրանսիական կողմը փորձում էր բանաձեւի նախագիծ օրակարգ մտցնել, բայց եղել են ուղերձներ, որ ամերիկյան եւ ռուսական կողմերը դրան դեմ են։

«Մենք ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի հետ օգոստոսի վերջին զումով բանակցություն ունեցանք՝ Արցախի նախագահի գլխավությամբ։ Այդ բանակցությունների ժամանակ իրենք էլ հստակ ասացին, որ բանաձեւը համարում են հակակառուցողական։ Եվ իրենք ուղիղ ասում էին՝ մենք երաշխավորում ենք, Ադրբեջանի հետ գնացեք բանակցությունների, ձեր մշակութային իրավունքները պաշտպանված կլինեն, անվտանգային հարցեր չեք ունենա»։

«Սոֆիայի հանդիպման մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, կարծեմ հունիսի 21-ին պետք է Սոֆիայի հանդիպումը տեղի ունենար, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը ո՞րն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, եւ մենք համաձայնեցինք, որ նույնիսկ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ մենք կողքի սենյակում կլինենք։ Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանին առեւանգեցին, իմ կարծիքով, հատուկ այդ գործընթացը վիժեցնելու համար։ Մենք չէինք չեղարկել Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալու հանդիպման։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- ասաց Բեգլարյանը։

Փեյջերները, պարզվում է, հունգարական էին․ “պիկանտ” տեռակտներին ծափահարողները

«Նախօրեին Լիբանանի տարածքում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին», – տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սարքերի արտադրությամբ զբաղվող թայվանյան Gold Apollo ընկերության ներկայացուցիչներին։

Ընկերության փոխանցմամբ՝ փեյջերների այն խմբաքանակը, որ օգտագործում էին Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլլա» շարժման անդամները, արտադրվել է Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերության կողմից՝ Gold Apollo-ի կողմից տրամադրված լիցենզիոն արտոնագրի հիման վրա։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ զոհվել է, ևս 3 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Al-Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունների պատճառով Հեզբոլլահի մոտ 500 անդամներ կորցրել են տեսողությունը։ Լիբանանում Իրանի դեսպանը նույնպես կորցրել է աչքը։

Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչները Reuters-ին փոխանցել են, որ իրենց համոզմամբ՝ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրվել են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։

Մարդկանց գազանացումը անցնում է բոլոր սահմանները։ Արյունալի պատերազմների, տեղահանությունների, երեխաներին սովամահ անելու գործողություններին գումարվում են “պիկանտ” տեռակտներ, որոնց ծափահարում են իրենց հումանիստ անվանող մարդիկ։ 

Անմիջապես Լիբանանում տեղի ունեցածից հետո անտիպուտինիստ եւ Ուկրաինայի պաշտպան, բժիշկ Նեվզորովը այնպիսի հրճվանքով էր ներկայացնում տեռակտի “պիկանտությունը”, կարծես խոսքը պոռնոյի մասին է․ փեյջերները տղամարկանց գրպաններում էին, մեծամասամբ վնասել են սեռական օրգանները, եւ Նեվզորովի խոսքերով, կանայք հավաքվել են այդ օրգանների կույտի մոտ եւ “найди мужа” են խաղում։ 

Մարդը կարող է անվերջ դեգրադացվել։