Փաշինյանը ժողովրդից ներողություն է խնդրում “ավելի մեծ պետություն ունենալու” համար

Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը: Ֆեյսբուքյան էջում այս հարցադրմանն է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ: Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»,- գրել է նա:

Փաշինյանը գրառումը մարմնավորում է վերջին 6 տարվա քաղաքականությունը, երբ ամեն ինչ արվեց “ավելի մեծ պետություն” չունենալու համար։ Հասարակությունը իրոք ընտրության առջեւ էր՝ ոչ ոք չեր ուզում, որ իրենց տղաները ծառայեն եւ հատկապես զոհվեն, բայց կար գիտակցում, որ դա արվում է հանուն երկրի արժանապատվության եւ տարածքային ամբողջականության։ 

Հիմա պարզվում է, որ դա զուր էր, եւ կարեւորը ոչ թե արժանապատվությունն ու երկրի տարածքն է, այլ բարեկեցությունը։ Ոչինչ, որ Արցախը չկա, վաղը Սյունիքը չի լինելու, կարեւոևը՝ կուշտ լինենք, խաչմերուկի հյուրանողներում եւ քյաբաբնոցներում գործ ունենանք եւ կարողանանք տարին մեկ անգամ Դուբայ գնալ էժան տուրով։ Ներողություն, որ մինչեւ հիմա չենք հասկացել երջանկության իմաստը։  

Տեսնես, ինչպե՞ս է դասավորվել Ֆրանսիա գնացածների կյանքը: Դե, էյֆելյան աշտարակի տակ ֆոտո ունեն

«Լավ, մեր վերջն ի՞նչ է լինելու, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու… Ախր սա փողի մասին էլ չէ, սա մեր ժամանակն է, մեր կյանքը, որ այսպես անորոշ անցնում է` առանց նշմարելու վաղվա օրը: Մի վաղ անցկացնում ենք, մյուսն է գալիս: Մի քաղաքից մյուսը, մի գյուղից մյուսը, բոլորը վարձով: Ասում են, “հիսուններն” էլ մինչեւ տարեվերջ են լինելու, իսկ ի՞նչ է լինելու այս մարդկանց վիճակը: Եթե ընտանիքում վեց անդամ կա, հիսուններից գոնե տան վարձն է գոյանում, մի տեղ էլ աշխատում են հավանաբար ու կենսական կարիքներ հոգում: Հիսուն հազար աջակցություն ու երկու հարյուր հազար տան վարձ, ապրեք ինչպես կարող եք…»,- այգում նստած «տրտնջում» են երեք ղարաբաղցի:

«Եթե տեղ էլ չլիներ գնալու, գոնե իմացել ենք, որ գյուղի տունը կա ու կա, ցանկացած պահի կարող էինք գնալ տատիկի տուն, իսկ այստե՞ղ … Այստեղ մենք նման ենք ինչ-որ բանկոմատի, որի ծածկագիրն ամսվա վերջ հավաքում ու հանում են գումարը, ասում է նրանցից մեկը, – դրամը ոնց գալիս, այնպես էլ անհասկանալի գնում է, ինչպես մեր կյանքը»:

«Հետաքրքիր է, տեսնես, ինչպե՞ս է դասավորվել Ֆրանսիա գնացածների կյանքը: Ամեն դեպքում, էյֆելյան աշտարակի տակ ֆոտո ունեն արդեն, ժպտում են, բայց մեկ է, նկատվում է, որ ուրախ չեն, դժվար թե նրանք մեկ տարում ֆրանսիացի դառնան․ լեզու սովորել կա, աշխատանք գտնել կա, ինտեգրվել կա, հայ համայնք էլ կա, գուցե դա օգնում է նրանց… Տարեցների մասին դժվար է ենթադրություններ անել, բայց գուցե երեխաները քաղաքակիրթ միջավայրում կմեծանան, լեզուն հեշտ կսովորեն։ Դժվար թե Ֆրանսիայի դպրոցների մոտով բաց կոյուղի անցի, ինչպես այստեղ, դժվար թե հիսուն հազար տան ու երկու հարյուր վարձ պահանջեն, դժվար թե այնտեղ այգիներն այսպես կեղտոտ լինեն։ Այնտեղ էլ մեզ կասեն՝ մորեխի նման եկել լցվել են էս ղարաբաղցիները, որտեղից նրանք պետք է իմանան, թե Ղարաբաղը որտեղ է, կատակում-քննարկում են նրանք»:

«Ես լսել եմ, որ Եվրոպայում սիրում են աշխատասեր մարդկանց, չեն սիրում ստախոսներին: Աշխատել ես կարող եմ, միթե՞ չեմ կարող մի թոշակառու մարդու համար խնամք տանել, լսել եմ, որ այդպիսի աշխատանքը նրանք լավ են գնահատում, ասում է հադրութեցի մի կին, – միայն թե ֆրանսերեն չգիտեմ, սերիալներից մի քիչ իսպաներեն եմ սովորել. hola señor como esta hoy, հիշում է կինն իր իմացած իսպաներենը չորորդ դասարանի աշակերտի պես»:

«Տեսնես դժվա՞ր լեզու է ֆրանսերենը,- հարցնում է նա- ու ինքն իրեն հարցով պատասխանում. բա սփյուռքահայերն ի՞նչպես են սովորել, մենք էլ ենք էլի սփյուռքահայ, ծիծաղում է նա: Դու տեսել ես Հադրութի մեր երկհարկ տունը, տեսել ես, քանի մեքենա կար մեր բակում, հիմա ահա այս սենյակում ենք ապրում մեր մեծ ընտանիքով, պարզում է ձեռքը իր չորս քառակուսի մետրի վրա: Երբ եկել ենք, կոյուղին բաց էր, եղբայրս ցեմենտաբիտոնե շերտով ծածկել է, սանհանգույց տեղադրել, բայց մեկ է, պատկերը հետապնդում է, չի ստացվում, զզվելով եմ ոտք դնում»:

«Չգիտեմ, կաթսա գնեմ, թե ոչ, չգիտեմ թթու, մուրաբա փակեմ, թե ոչ, որքա՞ն կարող եմ ես բարեկամից կաթսա փոխ վերցնել: Այսպես մի օր ջղայնացել, երեսուն հազար եմ տվել եւ կաթսաների մի կոմպլեկտ գնել, սկսել մուրաբա եփել, չի իմացվի, վաղն էլ այստեղ կարող է բլոկադա լինի,- ասում է կինը: Ի դեպ, դու ափսե, գթալ, բաժակ ունե՞ս,- հարցնում եւ բացում է մահճակալը կամ բազմոցը եւ մի փայլուն թիթեղե կոմպլեկտ դնում սեղանին.- օգնություն եմ ստացել, կտանես տուն, ամաչելու բան չկա, բոլորս նույն օրին ենք»:

«Երբ այս քաղաք ենք եկել (Մասիս), փողոցով անցնելիս տեսել եմ ղարաբաղցիները VivaCell-ի աստիճաններին նստած, տեղ չունեն գնալու, խիղճս կսպաներ ինձ գիշերը, բոլորին բերել եւ այս փոքր սենյակում տեղավորել եմ. գետնին, սեղանի տակ, ով որտեղ կարողացել քնել է, -ասում է հադրութեցի կինն ու նորից «գնում» Հադրութ,- մեր տունը… ամուսինս որքան փորձել է համոզել, ես իմն եմ պնդել. գյուղամիջից ես ոչ մի տեղ չեմ հեռանա»:

Հեռանալ չէր պատրաստվում նաեւ ստեփանակերտցի մի մայրիկ. ես խոստացել եմ երեխաներիս տանել սուպերմարկետ եւ որքան կոնֆետ են ուզում, թող վերցնեն: Ես մտածեցի, որ Գորիսի սուպերմարկետն ի նկատի ունի, քանի որ դա այն օրերն էին, երբ Ստեփանակերտում արդեն պլաստիկ տոպրակ էլ չկար ու հատկապես փոքր երեխաներով ընտանիքները փորձում էին ճեղքել շրջափակումը եւ Հայաստանից հեռանալ: Մինչ այդ հենց այս մայրիկն էր իր պայուսակից պլաստիկ տոպրակ տվել մի պապիկի, ով մի ձեռքով հենվել էր մահակին, մյուսով էլ փոքրիկ ձմերուկն էր փորձում բռնել, որ հայտնի չէ, թե որտեղից է գտել կամ գնել: Բայց ոչ, նա Ստեփանակերտի սուպերմարկետների մասին էր խոսում. մեկ է, մի օր ճանապարհը բացվելու է եւ դարակները նորից լցվելու են, ասում էր նա:

Ճանապարհն այդպես էլ չբացվեց ու սուպերմարկետների դարակները չլցվեցին: Ավելին, չորս օր անց կրկնվեց իր պատուհանից երեւացող տեսարանը. 2020թ. պատերազմի ժամանակ հրդեհված տնտեսական մի խանութ, որի բոցը բարձր էր դիմացի հնգհարկից, երբ հարվածել էին ադրբեջանցիները (լավ հիշում եմ այդ գիշերը. Անձրեւ էր, փրկարարները փորձում էին մարել կրակը, որ լուսավորում էր մութ քաղաքը), բակում էլ մաղ դարձած մի մոսկվիչ էր «կայանել»:

Նորից սկսեցին պայթյուններ որոտալ Ստեփանակերտում: «Կարկուտը թակած տեղն է թակում»,- ասում են ղարաբաղցիները:

Մարութ Վանյան

Անահիտ աստվածուհու արձանը Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել

Գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Անահիտ աստվածուհու պատկերը բոլոր հայերի համար, և ինձ համար իսկապես հաճելի է, որ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև այս համագործակցությունը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը Երևանում: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն:

«Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»,- ասաց նա:

Ջոն Գալագերը նաև կարծում է, որ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:

ՀՀ Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, երկուսն էլ Հայաստանում են:

Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Բրիտանական թանգարանի կայքի տեղեկացմամբ՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին, Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։

Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

news.am

Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»։ Այս խոստումը ֆրանսիացի նախարարը հնչեցրել է սեպտեմբերի 16-ի առավոտյան Երևանում կայացած մամուլի ասուլիսում՝ ժողովրդավարական եվրոպական արժեքների պաշտպանության համատեքստում։

Հայտարարելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքները՝ Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։

«Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում»,- խոստացել է Սեժուրնեն՝ հավելելով, որ Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում բոլոր այն երկրներին, որոնք պայքարում են այդ արժեքների համար։ «Ֆրանսիան միշտ մոտ է ձեզ։ Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- ասաց նախարարը։

Թեւանյանն այցելել է Դոնեցկ. Միութենական պետության նախապատրաստությունը սկսվել է

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և նրա գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ այցելել են “Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն” և հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա աննախադեպ այց է, քանի որ Հայաստանից ոչ մի քաղաքական պատվիրակություն նախկինում չի այցելել ԴԺՀ։ Մեր այցով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման օգտին»,- լրագրողներին ասաց Թևանյանը։

Հայաստանում գալիք «թեժ» աշնան ֆոնին Թևանյանի ժեստը վաբանկ քայլ է հիշեցնում: Հայաստանում ռուսամետ ուժերը վատ համբավ ունեն 2020-2023 թվականների պատերազմներից հետո, և փորձագետներն ասում են, որ Փաշինյանի կուսակցության ձայները տալիս են մեծամասամբ նրանք, ովքեր դեմ են ռուս-թուրքական գաղութային կախվածության «թարմացում» ձգտող ուժերին։ Թեև շատ վերլուծաբաններ նման ուժերի թվում են տեսնում նաեւ Փաշինյանի կուսակցությունը, սակայն արևմտամետ գործունեության իմիտացիան թույլ է տալիս Փաշինյանին մանևրելու։

Ինչ վերաբերում է Թևանյանի քաղաքական քայլին, ապա հնարավոր է, որ սա Հայաստանի առաջիկա ներքաղաքական իրադարձությունների ժամանակ Մոսկվայի աջակցությունը ստանալու համար վճառած գինն է։

Հայաստանում վաղուց են խոսում արտահերթ ընտրությունների ու հակափաշինյանական հնարավոր բողոքների մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի անգամ խորհրդարանի ամբիոնից խոսել է ՀՅԴ որոշակի շրջաբերականի մասին, որտեղ ասվում է Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միացնելու մտադրության մասին։ Լուկաշենկոն վերջերս եւս հայտարարեց նաև, որ «հայերը շատ խելացի են, և շատ շուտով կհասկանան, թե ում հետ է ավելի անվտանգ»։

Բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոայերսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, զուգահեռներ բերելով վրացական իրադարձությունների հետ, չբացառեց, որ շատ շուտով Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում կտեսնենք ռուսամետ կառավարությունների։ Այն, որ Բաքուն գործում է Մոսկվայի հետ համատեղ, այլեւս կասկած չի հարուցում։ Վրաստանի “երազանքն” էլ ակնհայտ է։ Եւ փորձագետները չեն բացառում, որ Հայաստանում եւս հնարավոր է իշխանություն փոխվի։

Այս հայտարարությունների «արդարությունը» ապացուցում է Թևանյանի այցը Դոնեցկ. եթե Ռուսաստանին հաջողվի «ճեղքել» Մեղրիի «միջանցքը», ապա Հայաստանը կվերադառնա Թուրքիայի և Ռուսաստանի միջև կեղծ «ընտրությանը»։ Թեւանյանը պատրաստվում է նման ընտրության եւ արդեն վճարել է ղալիմը։

Նաիրա Հայրումյան

Իրանի խորհրդարանում անընդունելի են համարել Ռուսաստանի միջամտությունը Երեւանի եւ Բաքվի գործերին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են, գրում է Mehr-ը։

Կիրակի օրը խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի արտաքին գործերի նախարարությունն այս առիթով  պետք է խիստ նախազգուշացում անի Ռուսաստանին։

Նա հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը (ԱՄԷ) և հավակնություններ ներկայացնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որոնք անընդունելի են Իրանի համար, ընդգծել է Մալեքին։

Բացի այդ, Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար անընդունելի է, և նրանք պետք է նախազգուշացվեն, հավելել է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամը։

Պուտինը մեկնել է Մոնղոլիա, որպեսզի ստանա միջուկային զենք օգտագործելու շամանների օրհնությունը՝ Der Spiegel

Համաձայն տեղեկատվության, որը պատմել է «Կոմերսանտ»-ի նախկին լրագրող Միխայիլ Զիգարը, Պուտինի՝ սեպտեմբերի սկզբին Մոնղոլիա կատարած այցի իրական նպատակը շամանների և պաշտամունքի ներկայացուցիչների հետ հանդիպելն էր:

Զիգարի խոսքով՝ այս վարկածը քննարկում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։ Այս մասին նա գրում է գերմանական հեղինակավոր Der Spiegel ամսագրում։

Ըստ վերաշարադրված տեղեկությունների՝ Պուտինին միջուկային զենք կիրառելու համար շամանների օրհնությունն է պետք։ Իբր Պուտինը Մոնղոլիայից գոհ է վերադարձել, գրում է «Դոժդ»-ի նախկին գլխավոր խմբագիրը։

Zygar-ի աղբյուրներից ոչ մեկը չի կարող հաստատել այս տեղեկությունը, բայց մոնղոլ շամանների հետ հանդիպումը, կարծես, կայացել է, ասվում է սյունակում։ Սոցիալական ցանցերը նշում են, որ տեղեկատվությունը կարող էր միտումնավոր տրամադրվել Զիգարին, որպեսզի Der Spiegel-ի հրապարակման միջոցով վախեցնեն Արևմուտքին միջուկային զենք օգտագործելու իրական հնարավորությամբ։

«Սակայն այս տարբերակը մեծ ֆանտաստիկա է թվում: Իմ աղբյուրներից ոչ մեկը դա չի կարող հաստատել։ Սակայն հանդիպում մոնղոլ շամանների հետ կարծես թե կայացել է»,- հավելում է լրագրողը։

Զիգարը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Մոնղոլիան և Տուվան, որտեղ Պուտինը այցելել էր եւ նախկինում, համարվում են աշխարհի ամենահզոր շամանների հայրենիքը։ Նա նաև հիշեցնում է, որ Պուտինը վաղուց հայտնի է միստիկայի, այդ թվում՝ ուղղափառության նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով։ Մինչ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելը Պուտինը եւս խորհրդակցել է տարբեր միստիկների հետ, գրում է Zygar-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։ Զրուցակցի խոսքով՝ նրանք բոլորը կանխատեսել են Ռուսաստանի հաղթանակը։

Այս տարվա մայիսին Ռուսաստանի կառավարությունում շամանիզմի գլխավոր ջատագով Սերգեյ Շոյգուն զրկվեց պաշտպանության նախարարի պաշտոնից։ Դա, ըստ երևույթին, չի ազդել օկուլտիզմի հետ Պուտինի հարաբերությունների վրա: Նա ուղղակի առանց Շոյգուի գնաց Մոնղոլիա և Տուվա։

Այժմ Մոսկվայում խոսակցություններ են պտտվում, որ Պուտինին միջուկային զենք օգտագործելու համար անհրաժեշտ է շամանների օրհնությունը։ Առանց նրանց հավանության նա չէր կարող նման լուրջ քայլի գնալ՝ վախենալով ոգիներին զայրացնել։ Իսկ Մոնղոլիայից իբր երջանիկ է վերադարձել։

«Dialog.UA»

Առգրավել են Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող ավտոմեքենան

 Առգրավել են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը։ Պատճառաբանել են, որ մեքենան տանում են, որպես ապօրինի ձեռք բերված գույք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա իր վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, կկայանան անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Կոբախիձեն և Փաշինյանը հանդես կգան հայտարարություններով։

Մասիս համայնքը 55 տարեկան է

«Մասիս համայնքի հարստությունը» գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ապրանքների ցուցահանդես-տոնավաճառում արցախյան մասնավոր արտադրողները եւս ներկայացրել են իրենց արտադրանքը։

Մասիս համայնքը սեպտեմբերի 15-ին նշեց հիմնադրման 55-ամյակը։

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

Մասիս քաղաքի տոնը՝ արցախյան համ ու հոտով

Այսօր Մասիս քաղաքի կազմավորման 55-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև արցախցի Անյուտա Հովսեփյանը, ով Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքով բնակություն է հաստատել Մասիս քաղաքում և 2023 թվականի դեկտեմբեր ամսից է զբաղվում հրուշակագործությամբ։

Մասնագիտությամբ պատմության ուսուցչուհին հասկացել է, որ արցախցիների համար ծանր ժամանակաշրջանում, երբ այնքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնել, պետք է ձեռնամուխ լինել սեփական գործ սկսելուն՝ փորձելով հոբբին վեր  ածել բիզնեսի։ Գրանցվելով հարկային դաշտում՝ նա օրինական հիմքերով սկսել է զբաղվել ձեռնարկատիրությամբ և «Արցախի համն ու հոտը» բրենդով մտավ քաղցրավենիքի շուկա։  Այսօր Մասիս քաղաքում լայն ճանաչում ու պահանջարկ ունի Արցախի համ ու հոտով հագեցած նրա հրուշակեղենը։ Թխում է փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։

Անյուտայի քաղցր տաղավարը անմիջապես ուշադրություն է գրավում։ Այստեղ ամեն ինչ արցախահամ ու արցախահոտ է։

Օրվա անցուդարձի մասին է պատմում արցախցի ձեռներեցը․

-Առաջին անգամ եմ մասնակցում Մասիս քաղաքի տոնակատարությանը, որը կազմակերպված է բարձր մակարդակով ու հագեցած ծրագրով։ Երբ մասնակցելու հրավեր ստացա, պատասխանատվությամբ լցվեցի, որովհետև Արցախ պետք է ներկայացնեմ։ Եվ շատ հպարտ եմ, որ արցախյան իմ տաղավարը ուշադրության ու գնահատանքի է արժանացել ինչպես հաճախորդների, այնպես էլ Մասիսի քաղաքապետի կողմից։ Ստացել եմ նաև նոր առաջարկություններ՝ համագործակցելու եկեղեցու սպասավորների հետ։ Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ հրուշակեղենի պատրաստմամբ, արդեն ունեմ իմ հավատարիմ հաճախորդները, սակայն ուրախալի է, որ նմանատիպ փառատոնների ժամանակ ձեռք են բերվում նոր ծանոթություններ ու նոր հաճախորդներ։

Ժամը 12։00-ի դրությամբ գրեթե սպառվել է քաղցրավենիքի ներկայացված տեսականին։ Պատրաստվում եմ գնալ տուն ու նորից պատրաստել, քանի որ միջոցառումը կձգվի մինչև ուշ երեկո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ