ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին խոսելը ծիծաղելի է․ ԱՄՆ սենատոր

«Ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող գերակա լինել երկրի սահմանադրությանից։ Եթե ​​Հայաստանը ցանկանում է կայուն խաղաղություն, ապա պետք է փոխի իր սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Նմանակելով (իմիտացիա) խաղաղության հասնել հնարավոր չէ», X-ում “հակասահմանադրական” նոր ալիք են բարձրացրել Ադրբեջանի պրոպոգանդիստները:

Երեկ Supporting Armenia’s Democracy and Western Future խորագրով ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին նվիրված լսումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով Հայաստանի սահմանադրության փոփոխությանը Ադրբեջանի պահանջին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը ծիծաղելի է անվանել այդ պահանջը:

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ինչը ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի», ասել է  սենատորը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:

Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:

«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», – նշեց Բեն Քարդինը:

Լսումները` հետեւյալ հղումնով (անգլերեն):

 

«Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը» գումարեց COP 29-ի հետ կապված քննարկում

Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ:

Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր:

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից  COP 29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մարիաննա Վարդանյանը զեկուցեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում կատարված արշավի մասին։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցին՝ չափազանց կարևոր է զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար, հետևեալ նպատակներով՝

 –          Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիներերի ազատ արձակում,

–           Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի շուրջ արտաքին քաղաքական զորակցության ապահովում և Բաքվի վրա համապատասխան միջազգային ճնշում,

–           Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ցեղասպան քաղաքականության դատապարտում,

–           Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի հեռացում․

–           Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության կարևորում։

Ժողովը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 պատգամավորներին անցանկալի անձերի ցուցակում ներառելու որոշմանը: Ժողովի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ քայլը և զորավիգ են կանգնում այդ պատգամավորներին:

«Ֆրեսկոներ Փարաջանովի համար»․ Պոլինա Չիժևսկայի ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 10-20-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործելու է իսրայելցի նկարչուհի Պոլինա Չիժևսկայի «Ֆրեսկոներ Փարաջանովի համար» խորագրով ցուցահանդեսը։

Նկարչուհու սերը հայկական մշակույթի նկատմամբ ծնվել է դեռ երիտասարդ տարիքում՝ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի հանճարեղ գեղանկարչությանը ծանոթանալուց հետո, իսկ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը դարձել են իրական բացահայտում երիտասարդ նկարչուհու համար։

Գեղարվեստական արտահայտության ճշգրտությունը, կերպարների և խորհրդանիշների խորությունը վկայում էին այն մասին, որ գոյություն ունի արվեստի «ծածկագրային» լեզու, որի միջոցով նկարիչները կարող են միմյանց հասկանալ ժամանակի և տարածության միջով։

«Ֆրեսկոներ Փարաջանովի համար» շարքը ստեղծվել է 1996-1997 թվականներին և հարգանքի տուրք է արվեստի մեծ վարպետին։ Աշխատանքներում օգտագործված են Փարաջանովի ֆիլմերից խորհրդանիշներ՝ Պոլինայի ընկալմամբ․ նուռը՝ հոգու խորհրդանիշ, վիտրաժը՝ ճշմարտության խորհրդանիշ, որը հավերժ գոյություն ունի, սակայն թաքնված է մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում այն տեսնել։

Այս ցուցահանդեսը Սերգեյ Փարաջանովի ճակատագրի և ստեղծագործության դրամատիկ, պոետիկ լուսաբանումն է։ Սա յուրատեսակ ուղերձ է գեղարվեստական կերպարների միջոցով, հիշեցում այն մասին, որ մարդու ազատությունը հնարավոր է ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում։

-Ցուցահանդեսն իմ երախտագիտությունն է ուղղված Վարպետի մեծ ժառանգությանը, որն ինձ համար ներշնչման նոր ճանապարհներ է բացել։ Նրա ֆիլմերը շատ չեն, բայց դրանք նրան բերեցին համաշխարհային ճանաչում և կինեմատոգրաֆում նոր խոսքի փառք։ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իմ ներկայացման կարիքը չունեն, սակայն ես երջանիկ եմ, որ գիտեմ մարդկանց, ովքեր բացահայտել են վարպետի ֆիլմերն ու ճակատագիրը՝ այս ընծայի միջոցով,-ասում է նկարչուհի Պոլինա Չիժևսկայան։

Այդ մասին հայտնում է ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Զախարովան կոչ է արել Հայաստանի զինվորականներին «ասել իրենց խոսքը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ով, մատնանշելով Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, նշել է, որ «այս հարցում նույնպես մտածելու բան ունենք»:

Զախարովան հիշեցրել է, որ 1992 թվականին կնքված ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն անժամկետ բնույթ ունի, և ռուս սահմանապահները 30 տարուց ավելի հսկում են Հայաստանի սահմանները։

«Սահմանային ծառայությունների միջև լայնածավալ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Նրանց, ովքեր իսկապես հսկում են Հայաստանի սահմանը՝ ոչ թե աթոռներին նստած, այլ զենքը ձեռքին… Գուցե նրանք իրենց խոսքը ասեն»,- եզրափակեց նա։

Զախարովայի հայտարարությունից հետևում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն վերահսկում ուժայիններին։ Ավելին, Զախարովան զինվորականներին կոչ է անում «իրենց խոսքն ասել»։

Ի՞նչ է կոչ անում ՌԴ ԱԳՆ-ն հայ զինվորականներին ու սահմանապահներին։ Հիշվում է, թե ինչպես էր 2022 թվականի մարտին Պուտինը բացահայտորեն կոչ անում ուկրաինացի զինվորականներին տապալել Կիևում «թմրամոլների կառավարությունը» և անցնել Ռուսաստանի կողմը։

Մարիա Զախարովան, սակայն, բոլոր հիմքերն ունի Հայաստանի վերաբերյալ նման հայտարարություններ անելու, հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունն իր գործողություններով հաստատում է, որ Հայաստանի ուժային կառույցները դեռ վերահսկվում են Ռուսաստանի կողմից։

Ամենաթարմ օրինակը․ մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերին Բաքվի, Երևանի և Մոսկվայի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Սյունիքում հայկական տարածքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը հանձնելու մասին և ռուսական զորքերը Սյունիքուն տեղակայելու մասին։ Այն ժամանակվա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ տեղյակ չէր այս հուշագրից։ Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանել, թե վարչապետը տեղյա՞կ էր հուշագրից, թե՞ պաշտպանության նախարարն առանձին է գործել։ Ավելին, լրատվամիջոցները նշում են, որ հուշագիրը ստորագրած Վաղարշակ Հարությունյանին կրկին ուզում են  պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել՝ Ռուսաստանում դեսպանի առաքելությունն ավարտելուց հետո։

Այն, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, հայտարարում են իրանցի պաշտոնյաները, որոնք ոչ թե Երևանին կամ Բաքվին, այլ Մոսկվային են կոչ անում հրաժարվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։

Այժմ Զախարովան, փաստորեն, կոչ է անում Հայաստանի ուժայիններին «իրենց խոսքն ասել»։

Վաղուհասի Մայրամաքաղաքաքը, որը կառուցվել է 1183-ին

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի տարեցները պատմում էին, որ խորհրդային տարիներին պայթեցվել է գերեզմանոցի տարածքում գտնվող վանքը՝ Ս. Տիրամայրը, որն ավելի հայտնի էր Մայրամքաղաք անունով: Արձանագրությունները վկայում են, որ վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է ՈԼԲ (1183) թվականին՝ Հասանի կողմից:

Կանայք, տատիկներն ավերակների պատերին մոմ էին վառում ու կարճ աղոթ ասում. “Աստուծ, իրեսս վետանտ տակը…”

Մայրամքաղաքը վերանորոգել չի ստացվել, նորի ճակատագիրն էլ ցավոք անհայտ է դեռ:

Մարութ Վանյան

Արցախցի երեխաները զրկվեցին իրենց տանը ծնվելու իրավունքից

«Մի օր գնում եմ հիվանդանոց, բուժքույրերից մեկը 6 հատ խնձոր է տալիս, որը գյուղից էր բերել: Այդ օրերին ամեն օր խնձոր ուտելը ճոխություն կլիներ: Ես խնձորների վրա գրեցի շաբաթվա օրերը, երբ դրանք կարելի էր ուտել։ Այդ օրը ես ու փոքրիկ աղջիկս ուտում էինք մեկական խնձոր։ Մեկ էլ հիշում եմ, որ ահավոր կաղամբ էի ուզում, և երբ ընկերուհիս բերեց, ես սկսեցի լացել»:

Շատ արցախցի երեխաներ պետք է ծնվեին Արցախում, սակայն շրջափակումը, իսկ հետո պատերազմը զրկեցին նրանց սեփական տանը ծնվելու իրավունքից:

Գեղանուշ Սաֆարյանը 34 շաբաթական հղիության ժամանակ Կարմիր խաչով տեղափոխել էր Երևան: Հղիությունը՝ սննդի ու դեղորայքի բացակայության պատճառով վտանգի տակ էր։ Երևանում ծնվել է նրա որդին: Թեև ժամանակից շուտ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան։

Երևան գալուց Գեղանուշը ընդամենը մի քանի իր է վերցրել հետը, չպատկերացնելով, որ հնարվոր է՝ չվերադառնա Արցախ:

«Հիմա դժվար է պատկերացնել, բայց շրջափակման ողջ ծանրությունը զգացել են հղիները՝ դեղերի պակաս, տրանսպորտի բացակայություն և ամենակարևորը՝ վիտամիներով հարուստ սննդի պակաս: Եթե Գորիս գնացող մեքենաները կարողանում էին թաքուն ինչ-որ միրգ կամ բանջարեղեն հասցնել, դա արդեն երջանկություն էր”:

Գեղանուշը որպես հոգեբան աշխատում էի Ստեփանակերտի հիվանդնոցներում: Մի անգամ հղի երիտասարդ կին զանգեց ու լացելով ասաց, որ տրանսպորտ չկա, բայց ինքը ոտքով գյուղից գալիս է: “Շատ դժվար էր, տրանսպորտի բացակայության պատճառով մեր գրաֆիկներն էլ են խառնվել, բայց փորձում էինք ամեն ինչ անել, որ օգնենք մարդկանց»:

Հայաստանում Գեհանուշի ընտանիքը, ինչպես արցախյան շատ ընտանիքներ, բախվել է սոցիալական և կենցաղային խնդիրների։  Նա վերսկսել է աշխատանքը՝ ընդունելով բոլորին, ովքեր ցանկանում են հաղթահարել հոգեբանական դժվարությունները։

Նա նույնպես դեռ չի պատկերացնում վերադարձը Արցախ, ասում է՝ վերադարձը հնարավոր կլինի, եթե Արցախը նորից դառնա հայկական:

Ալվարդ Գրիգորյան

«120 միլիոնից՝ 250 միլիոն դոլար»․ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման շեմը

Ազատություն

ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար, հայտարարում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը՝ նշելով՝ ստորագրվել է Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը։

Ըստ հաղորդման՝ փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում։

1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։

ԱՄՆ ՄԶԳ-ը նշում է, որ աջակցություն կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։ Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։

Փաշինյան-Փաուհեր հանդիպումից օրեր անց ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակը հայտնել էր, որ 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

«Արա, պա ստի պեն կընի՞. Արցախցի երեխաների թատերական առաջնախաղը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճի՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում, տեղի ունեցավ արցախցի երեխաների «Արա, պա ստի պեն կընի՞» թատերական ներկայացման առաջնախաղը։ Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն արվեստի սիրահարների համար, այլև հայկական մշակույթի և լեզվի պահպանման գործում։

Ներկայացումը բեմադրված էր Ալ․ Մանասյանի համանուն ստեղծագործության հիման վրա՝ Սրբուհի Բալայանի ռեժիսուրայով։ Արցախցի երեխաները, հանդես գալով Արցախի բարբառով, հանդիսատեսին փոխանցեցին իրենց հարազատ լեզվով և մշակույթով հարուստ ստեղծագործությունը, որը նպաստում է Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովմանը։

Մշակութային առաքելություն

Այս նախագիծը մեծ նշանակություն ունեցավ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղի բարբառների և ինքնության պահպանմանը։ Նախագիծն իրականացնում էր ԴԻԶԱԿ ԱՐՏ (Dizak Art) կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ։

Արցախցի երեխաների համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ՝ իրենց բեմական ունակությունները ցուցաբերելու և արվեստի միջոցով իրենց պատմությունը պատմելու համար։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմը սիրով և պատրաստակամությամբ տրամադրվել էր, ընդգծելով մշակութային, սոցիալական և բարոյական պատասխանատվությունը։

Ներկայացման կարևորությունը

«Արա, պա ստի պեն կընի՞» ներկայացումը ոչ միայն հարթակ էր արցախցի երեխաների համար, այլև կոչ՝ ուշադրություն դարձնելու հայկական մշակույթի տարբեր կողմերի պահպանմանը և ներկայացմանը։ Նախագծի նպատակն էր շարունակաբար բարձրացնել հայկական մշակութային արժեքների և ժառանգության գիտակցությունը։

Հայաստանի կինոգործիչների միությունը և մյուս գործընկերները հույս ունեն, որ այս նախաձեռնությունը կդառնա շարունակական և կնպաստի արցախյան մշակույթի հետագա զարգացումներին։

Տաթև Ազիզյան

Ղարաբաղյան եռանկյունի. շուտ պատերազմ լինի, որ ամեն ինչ բարդենք դրա վրա

Քարին տակ

Աշնանային քաղաքական սեզոնը Հայաստանում սկսվեց Արցախի շուրջ ցինիզմի ու խղճուկ արդարացումների «վեճով»։ Կողմերից յուրաքանչյուրն արտահայտել է իր դիրքորոշումները, որոնք կազմել են խոսուն եռանկյունի` ցույց տալով կողմերի հանցավորության աստիճանը։

Հայաստանի իշխանությունը, ընդգծված ցինիզմով, որի տակ փորձում է թաքցնել ազգային շահերի դավաճանությունը, պնդում է, որ Արցախ չկա, չի եղել և չի լինելու։ Մենք պատասխանատու ենք 29,8 հազար քառ. կմ համար, ասում են իշխանության ներկայացուցիչները՝ չնշելով, թե որ փաստաթղթում է սահմանված Հայաստանի նման տարածքը։ Իշխանություններն ասում են, որ արցախցիների վերադարձի հնարավորություն չեն տեսնում, և նրանք պետք է ինտեգրվեն հայ հասարակությանը, բայց առանց «ռևանշիստների և անջատողականների» ։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Արցախը գոյություն ունի, որ անհրաժեշտ է ներկայիս օրակարգում ներառել Արցախի ժողովրդի վերադարձի հարցը (նկատի առեք՝ ոչ թե Արցախի դեօկուպացիան, այլ Արցախի ժողովրդի վերադարձը Բաքվի իրավասության տակ), բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի «երաշխիքներ», վտարանդի արցախյան կառավարության գոյություն։ Ազգային շահերի դավաճանությանը մեղսակցության այլ ողորմելի արդարացունմեր են հնչում։ Դրանց միանում է նաեւ Արցախի հասարակական-քաղաքական վերնախավը, որը հրաժարվեց իր հզոր մանդատից եւ այն հանձնեց ոմն Օսկանյանին։

Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը սեփական Սահմանադրությանը դավաճանելու մեջ մեղադրող «դատախազը» Ալիևն է, ով պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, չեղարկել 1989թ. Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման հղումը։ Բաքուն ամեն օր հիշեցնում է Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը, որ Արցախը Հայաստանի մաս է, թեև այն այժմ օկուպացված է, իսկ բնիկ բնակչությունը տեղահանված է։

Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը և արցախյան իսթեբլիշմենտը անհաջող կերպով փորձում են ցինիզմի և ճղճիմ արդարացումների հետևում թաքցնել Հայաստանի Սահմանադրության պահպանման, միասնական Հայաստանի և ազգային շահերի համար իրենց պատասխանատվության ժխտումը։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն մեկնաբանում Ալիևի հայտարարությունները, չեն հաստատում և չեն մերժում 1989 թվականի Միացումի մասին որոշումը՝ անհամբեր սպասելով ռազմական գործողությունների հաջորդ բռնկմանն, որի վրա կարելի է բարդել ամեն ինչ։

Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ արցախյան իսթեբլիշմենթը քաջ գիտակցում են իրենց քաղաքականության հանցավորության չափը և պատժի անխուսափելիությունը։ Հատուցման են սպասում նաեւ այն մայրաքաղաքներում, որտեղ ծրագիր է կազմվել, ըստ որի՝ արցախյան սիրտը պոկվել է Հայաստանի մարմնից։ Այս մայրաքաղաքներն արդեն սկսել են զգալ հատուցման պատուհասը՝ հայտնվելով կործանման եզրին։ Կուրսկի մի մասը գրավված է, Մոսկվան ռմբակոծվում է, Թուրքիան և Իսրայելը կործանման եզրին են, և առայժմ միայն Իրանը է սկսել գիտակցել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» և ռուս-թուրքական ծրագրերիը սատարելու հետևանքները։

Ալիևն ավելի ու ավելի է դժվարանում թաքցնել իր կենդանական վախը։

Նաիրա Հայրումյան

Մրցույթ. մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը

«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող մինչև 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:

Ընտրված դիմորդները, որոնք հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն մասնակցել անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից և արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում, հանդես գալ համերգային ելույթներով՝ ձեռք բերելով բեմական փորձ:

Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին:

Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն՝ ապահովելով, որ որևէ խոչընդոտ չկանգնի նրանց հաջողության ճանապարհին: Ծրագիրը նախատեսվում է հինգ տարիների համար, որի ընթացքում արցախցի տաղանդավոր պատանիները կմասնակցեն միջազգային մրցույթների և փառատոնների:

Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը: Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում:

Սա ավելին է, քան պարզապես կրթական ծրագիր. այն հստակ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմում-հայտը և այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 232 113 հեռախոսահամարով:

Ցինիկ սիմվոլիզմ. Հունգարիան Բաքվին և Երևանին առաջարկում է խաղաղություն կնքել Բուդապեշտում

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հրավիրել է Երևանին և Բաքվին Բուդապեշտում խաղաղության պայմանագիր ստորագրելու։

Ինչպես հայտարարեց հունգարացի նախարարը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ, պատերազմը երբեք չի ավարտվում մարտի դաշտում, դա տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Հունգարիան կարող է շփվել հակամարտության երկու կողմերի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Բուդապեշտը, նրա խոսքով, վերջերս վերականգնեց դիվանագիտական ​​հարաբերությունները Հայաստանի հետ։ Դրանից հետո երկկողմ առևտուրը ռեկորդ է սահմանել, և մայրաքաղաքների միջև թռիչքներ են սկսվել։ Հունգարիան ամառային արձակուրդներին ընդունել է մոտ հազար երեխա ղարաբաղյան ընտանիքներից։

Բացի այդ, կողմերը համագործակցություն են հաստատում, այդ թվում՝ դեսպանատներ բացում։

Միևնույն ժամանակ, Հունգարիան ռազմավարական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ և սերտ կապեր էներգետիկ ոլորտում, նշել է Սիյարտոն։

«Սա մեզ հնարավորություն է տալիս օգնելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտին: Երկու կողմերի հետ իմ վերջին զրույցների ժամանակ առաջարկվել է որպես տարբերակ ընտրել Բուդապեշտը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման վայր»,- նշել է հունգարացի նախարարը։

Քաղաքական ցինիզմը սահմաններ չունի. Սաֆարովի պատմությունը, ով 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հիմք դրեց դրանից մեկ տարի առաջ նախագահ կարգած Իլհամ Ալիևի՝ հայերին անպատիժ ոչնչացնելու քաղաքականությանը: Հենց որ 2010 թվականին Օրբանը դարձյալ դարձավ Հունգարիայի վարչապետ, սկսվեց Սաֆարովի գործի վերանայումը, իսկ 2012 թվականին նա արտահանձնվեց Բաքու՝ Պուտինի ընկերոջ բացահայտ աջակցությամբ։

Այս պատմությունը սոսկ մարդկային դրամա չէ, այլ համաշխարհային քաղաքականության շրջադարձի, մասնավորապես՝ Հայաստանի վերացման ծրագրերի մեկնարկի ցուցիչ։ Այդ ծրագրերը հետեւողականորեն իրականացնում են առ այսօր Պուտինը, Էրդողանը, Օրբանը, որոնց հետ Հայաստանի ներկայիս իշխանությունը բարեկամական հարաբերություններ ունի։

Հայաստանի իշխանությունն ամեն քայլափոխով հաստատում է իր մասնակցությունը Պուտին-Օրբան-Էրդողան ծրագրերին, և հնարավոր է, որ «խաղաղության պայմանագիրը» իրոք կնքվի Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի այն դպրոցում, որտեղ սպանվել է Մարգարյանը, «երախտավոր» ղարաբաղցի երեխաների շրջապատում։

Շահումյան 6-րդ փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ

Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ: