Այդ մասին՝ OCCRP-ի հետաքննությունը եւ տեսանյութը
Այդ մասին՝ OCCRP-ի հետաքննությունը եւ տեսանյութը
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը հավելեց, որ հանրությունը միայն մասամբ կկարողանա ծանոթանալ հանձնաժողովի եզրակացությանը, քանի որ այնտեղ շատ գաղտնի տեղեկություններ կան։
Ի՞նչ գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը։ Ի վերջո, Արցախն այլևս գոյություն չունի, եւ ոչ ոքի հետաքրքիր չէ դիրքերի կամ զենքերի մասին տեղեկությունը։ Հատկապես, որ մեր թշնամիներն այս ամենը արդեն տեղադրել են համացանցում։
Որեմն ո՞րն է «գաղտնիքը»: Միգուցե այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բացահայտել իրենց անգործության կամ կանխամտածված գործողությունների բազմաթիվ փաստեր։
Տվյալների հրապարակումից հետո կարող է պարզվել պատերազմի ժամանակ իշխանությունների անփութության հանցավոր աստիճանը։ Հատկապես որ պարզ չէ, պատերազմ եղե՞լ է թե ոչ։ Եթե դա պատերազմ չէր, ապա ինչո՞ւ առաջին օրերին ՀՀ-ում մոբիլիզացիա հայտարարվեց։ Իսկ եթե պատերազմ էր, ինչո՞ւ մոբիլիզացիան չեղարկվեց, և վարչապետը եթերում համոզում էր բոլոր տղամարդկանց, որ կամավոր գնան պաշտպանեն Արցախը։
Եթե Հայաստանի իշխանությունները կարծում էին, որ հայկական բանակը չպետք է պաշտպանի Արցախը (չնայած Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր), ապա ի՞նչ իրավունքով է վարչապետ Ն. Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել եռակողմ հայտարարությունը։ Ավելին, նույնիսկ 4 տարի անց նա ամուր կառչել է դրանից, թեև այս թղթի ոչ մի կետ չի կատարվել հօգուտ Արցախի։
Ի՞նչ է արել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը 4 տարի։ Չէ՞ որ 2020 թվականին տեղի ունեցածի քաղաքական գնահատականը հանրությանը այդպես էլ չի ներկայացվել։ Միակ բանը, որի մասին այս տարիների ընթացքում ինտենսիվորեն խոսվել է՝ արցախյան բանակի իբր դավաճանությունն է եւ զինվորականների «դասալքությունը»։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անգամ թիվ է հրապարակել՝ 11 հազար դասալիք։ Այդ դեպքում ինչպե՞ս են մեր զինվորականները 44 օր կռվել 5 բանակների դեմ։ Ի վերջո, հայտնի է, որ Արցախի զինված ուժերի դեմ ռուսական զորքերի աջակցությամբ կռվել են Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի զինվորականներ, Սիրիայից վարձկաններ։
Ինչպես մեզ հայտնի է դարձել, Հայաստանի քննչական կոմիտեն այժմ քննում է սպաների՝ նահանջելու հրամանից խուսափելու դեպքերը։ Գործը հասնում է աբսուրդի. Հայաստանի քննչական կոմիտեն ոչ միայն քաշքշում է նախկին սպաներին հարցաքննության, պարզվում է, Հայաստանի ՊՆ-ն տվել է հարցաքննության ենթակա անձանց ցուցակներ, սակայն այդ մարդիկ զոհվել են մարտական գործողությունների ժամանակ։
Կամա թե ակամա ստացվում է, որ դա արվում է 11 հազար դասալիքների թիվը «ապահովելու» համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են այսքան զինվորականներ հարցաքննվում։ Էլ չենք ասում, թե ինչ իրավունքով են կանչում հարցաքննության զինվորականներին պատերազմից, ցեղասպանությունից ու Արցախի լիակատար հայաթափումից հետո։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը Արցախը համարում է ադրբեջանի մաս։
Բայց վերադառնանք Անդրանիկ Քոչարյանին. դեռևս 2022 թվականին մի միջոցառման ժամանակ ես նրան հարց տվեցի. «Դուք խոսում եք զինվորականների դասալքության և դավաճանության փաստերի մասին։ Ո՞ւր էին Արցախի ԱԱԾ-ն ու նրա ղեկավարը։ Ինչո՞ւ նրանք, մանրակրկիտ ուսումնասիրելով սոցցանցերում ընդդիմադիրների հաշիվները, չնկատեցին նույն խողովակներով զինվորականների կողմից գաղտնի տեղեկատվության փոխանցման փաստերը»։
Պատասխանը կարճ էր. «Մի քանի շաբաթից դուք կլսեք ցնցող նորություններ։ Արցախի ԱԱԾ պետը և շատ ուրիշներ կձերբակալվեն ու կդատապարտվեն»։
Անցել է ավելի քան երկու տարի, բայց սայլը, ինչպես ասում են, դեռ տեղում է։ ԱԱԾ տնօրենն ազատ շրջում է Հայաստանում և նույնիսկ հնարավորություն ունի մեկնել այլ երկրներ, թեև արցախցիներից շատերը փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրների են հանդիպում։
Իսկ 44-օրյա պատերազմի փաստերն ուսումնասիրող հանձնաժողովը ղեկավարող Քոչարյանը կրկին ստում է, քանի որ գործնականում ոչ մի գաղտնի տեղեկություն չի մնացել։ Թեկուզ հնարավոր է, հարցաքննությունների ընթացքում բացահայտվել են փաստեր, որոնք կարող են վկայել իշխանության սխալների, ոչ ճիշտ հաշվարկների, անփութության կամ գուցե այլ դերակատարների, ասենք, Ռուսաստանի հետ համատեղ կանխամտածված գործարքի մասին՝ հանուն սեփական իշխանությունը պահպանելու և Արցախը հանձնելու։
Մեզ կարող են մեղադրել զրպարտության մեջ, այդ իսկ պատճառով հանձնաժողովը պետք է հրապարակի զեկույցի մեծ մասը և «թաքցնի» միայն իսկապես գաղտնի փաստաթղթերը։
Հայկական պետությունում ինչ-որ բան այն չէ. վարչապետն ու իր թիմը փաստաթղթեր են պատրաստում ադրբեջանի հետ համաձայնության գալու և պայմանագրեր կնքելու համար, որոնց մասին հայ հասարակությունը ոչինչ չգիտի։ Փաստահավաք հանձնաժողովը չի հրապարակում պատերազմի հետաքննության արդյունքների մասին զեկույցը…
Տեղեկատվությունը հայ հասարակությունը քաղում է կա՛մ ռուսական արտահոսքերից, կա՛մ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից:
Այդպես էր Արցախում, և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Աստված չանի, որ Հայաստանում «սյուժեն» կրկնվի։
Մարգարիտա Քարամյան
Հայաստանի ողջ տարածքում օդերևութաբանները կանխատեսում են կարճատև անձրև՝ ամպրոպով, ինչպես նաև օդի ջերմաստիճանի բարձրացում հանգստյան օրերին։
Sեպտեմբերի 7-ին և 8-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կպահպանվի անփոփոխ, 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 7-ին եւս սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +31.
«Ռուսաստանը, Ուկրաինան և եվրոպական կառույցները դիմել են մեզ՝ կապված Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման հետ»,- ասել է Ալիևը՝ Իտալիայում գտնվելու ժամանակ։ Նա նաև ասել է, որ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Հատկանշական է, որ այժմ Իտալիայում է գտնվում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, և չի բացառվում, որ գործարք կնքվի։
Միջազգային մասշտաբով «ստվերային գործարքներ» կազմակերպելու գործում Էրդողանի դերը այժմ վստահված է Ալիևին։ Նա պատրաստ է ցանկացած կեղտոտ աշխատանքի։ Հանրային միջազգային նորմերը խախտելը Ալիևի դերն է. նա վաղուց անպատիժ ոտնահարում է բոլոր կարմիր գծերը՝ արժանանալով միայն ծափերի․ տորպեդահարում է ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, զավթում հայկական հողերը, զրկում Ֆրանսիային իր գաղութներից։ Ալիեւը վերջինն էր, ով տեսել է Իրանի նախագահ Ռաիսիին ավիավթարից առաջ, եւ Պավել Դուրովին՝ Փարիզում նրա ձերբակալությունից առաջ։ Բայց Ալիեւին ոչ ոք հարցեր չի տալիս այդ կապակցությամբ։
Փաստորեն, Արեւմուտքը, իմիտացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ արգելելով ռուսական գազի արտահանումն Ուկրաինայի տարածքով, Ալիեւին վարձեց՝ նրա միջոցով նույն ռուսական գազի վաճառքը Եվրոպա ապահովելու համար։
Այս պահին Ալիևն ավելի շահեկան ֆիգուր է Արևմուտքի համար, քան Էրդողանը, ով հրապարակավ ուրվագծեց հակաիսրայելական դիրքորոշումը։ Իսկ Ալիևը Իսրայելի մարդ է. հենց երեկ հաղորդագրություն հայտնվեց, որ Իսրայելից կրկին Բաքու է ժամանել ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ըստ երևույթին նոր զենքի խմբաքանակով։ Այսպիսով, Ուկրաինայի ղեկավարության համար նա «սվոյ է»։
Միջազգային լրատվական և քաղաքագիտական տարածքում մեթոդաբար գծվում են բաժանարար գծեր, որտեղ Ուկրաինան ու Իսրայելը միշտ նույն կողմում են, ինչը նշանակում է՝ Իսրաելի ընդդիմադիրների դեմ։ Եթե նույնիսկ դա ի վնաս Ուկրաինայի լինի։
Հիմա, երբ պարզ դարձավ, որ ռուսական նավթն ու գազը հանձնարարվել է, շրջանցելով պատժամիջոցները, Եվրոպա տեղափոխել Ադրբեջանի տարածքով, ակնհայտ է դառնում, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը այդքան սրվել։ Դրանում շահագրգռված են թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը, թե՛ իսրայելամետ Ադրբեջանը։
Այս կոնսենսուսի շրջանակներում զոհաբերվում է ոչ միայն Իրանը, ինչպես փորձում են ներկայացնել լրատվամիջոցները, և ոչ միայն Հայաստանը, որը շատ շուտով կկորցնի իր հարավային հատվածը։ Ալիևի և Պուտինի հաղթանակը Ուկրաինային կմեկուսացնի եվրոպական հաղորդակցությունից՝ ավելի հեշտացնելով այնտեղ այրված հողի քաղաքականություն վարելը։
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում համաձան չեն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե սյուներ տեղադրելուց եւ այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներից հետո Ոսկեպարը, Կիրանցը եւ հարակից գյուղերն անվտանգ են դարձել։
Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հայտարարություններն աբսուրդ են՝ հիշեցնելով, որ թշնամուն է հանձնվել Կիրանց գյուղի մի մասը։ «Մենք լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչի է սպասում, ում է սպասում, ումից է վախենում, ում հետ համատեղ եւ ինչու է պահանջում Եվրամիության դիտորդներին հանել, ինչ նպատակով։ Հիմա Ոսկեպարում ժողովուրդը դեռ չի զգում, թե ինչ է տեղի ունեցել, իսկ Կիրանցում զգացին, որովհետեւ գյուղի մեջտեղով սահման գծեցին։ Ոսկեպարից Նոյեմբերյան գնալիս ճանապարհին թուրքերը տեսանելի են, այն ժամանակ էլ էին տեսանելի, բայց նախկինում միջդիրքային տարածություն կար, հիմա չկա, ինչը հետագայի համար վտանգավոր է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ գյուղից մեծ արտահոսք չկա։ «Ներքին տեղաշարժ է տեղի ունեցել, մարդիկ հիմնականում գնում են այլ բնակավայրեր աշխատելու։ Բայց վերջին իրադարձություններից հետո Ոսկեպարից գնացին արցախցի մի քանի ընտանիքները՝ հաշվի առնելով անվտանգային հարցերը»,- նշեց մեր զրուցակիցը։
Նվեր Բեգլարյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի հաստատմանը, ասաց․ «Այդ սահմանազատումը խաղաղության համա՞ր է։ Ես այդ խաղաղությանը չեմ հավատում, որովհետեւ թուրքերը մի 18 հատ պահանջ են դնելու։ Իրենք քարտեզ ունեն, ըստ որի՝ Հայաստանի տարածքը պետք է դառնա 10 հազար քկմ։ Այո, եթե Հայաստանի տարածքը դառնա 10 հազար քկմ, Հայաստանն էլ դառնա ամորֆ մի բան, հրաժարվի իր բոլոր իրավունքներից, ցեղասպանության հարցից, բանակից, այդ ժամանակ մեզ հետ խաղաղություն կկնքեն»։
Նվեր Բեգլարյանի խոսքով՝ պետք է պետության դիմադրողականությունն ու ներուժը բարձարցնելուն ուղղված աշխատանքներ կատարվեն։ «Ասում են՝ ներուժ չունենք։ Եթե այսօր չկա այդ ներուժը, իշխանության սուրբ պարտականությունն է այդ ներուժը ստեղծել, ոչ թե նստել ու այրի կնոջ պես ծնկներին տալ։ Իսկ եթե ասում են՝ հնարավոր չէ, եթե այդ կառավարությունը որակական առումով վատն է, ուրեմն պետք է փոխվի։ Ի՞նչ է նշանակում այս պահվածքը՝ մենք թույլ ենք, նրանք գազան են, մեզ կուտեն, փախեք-փրկվեք։ Քանի որ ռուսական նարատիվներով է այս կառավարությունն առաջնորդվում, դրա համար այս վիճակն է»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
ՀՀ ԱԳՆ կոչվածը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի հավաքին։ Այս միավորման միջոցով Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են այսպես կոչված «գլոբալ հարավը» հակադրել Արեւմուտքին։
Միեւնույն ժամանակ, միավորման անդամ պետությունները լուրջ հակասություններ ունեն, ինչն առայժմ հնարավորություն չի տալիս իրական տնտեսական եւ քաղաքական բովանդակություն հաղորդել միավորմանը։ Այդ մասին են վկայում թեկուզ փոխադարձ առեւտրի ծավալները։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այս հակասությունների արդյունքում փոփոխության ենթարկվի մասնակից երկրների կազմը։
ԲՐԻԿՍ-ի անդամներ են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Եգիպտոսը, Արաբական միացյալ Էմիրությունները, Եթովպիան։ Անդամության հայտ են ներկայացրել Թուրքիան ու այսպես կոչված ադրբեջանը, ինչպես հայտնի է դարձել՝ միաժամանակ։
Այս վերջին հանգամանքը ուշադրության է արժանի հետեւյալ առումով։ Թուրքիայի ու այսպես կոչված ադրբեջանի հայտի մասին հայտնի դարձավ Պուտինի Բաքու կատարած այցից հետո։ Բաքվում Պուտինն ու Ալիեւը համաձայնության են եկել ռուսական նավթի ու գազի ստվերային արտահանման շուրջ, որի հիմնական հոսքերը պետք է անցնեն «Զանգեզուրի միջանցքով»։
Քննարկվել է Հայաստանի հարավի օտարման խնդիրը, այդ թվում ռազմական ճանապարհով։ ՀՀ հարավի օտարման, այն է՝ հայկական պետականության վերացման միջոցով Ռուսաստանը փորձում է իրականացնել Կովկասի տարածաշրջանից իր անցնցում հեռանալու ռազմավարությունը, այն թուրքերին հանձնելու սխեմայով (1916 թ․ Վանի ստորությունից սկսած)։
Պատահական չէ, որ Պուտինի այցին հետեւեցին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայ-ռուսական ավանդական «փոխհրաձգությունները» ԱԳՆ-ների ու այլ մակարդակներում։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ իշխանությանը մեղադրեց 2020-ի նոյեմբերի 9-ի թղթի համապատասխան կետը սաբոտաժի ենթարկելու համար։ Նկատենք, որ ի պատասխան արված հայտարարության մեջ ՀՀ ԱԳՆ Մոսկվային չի մեղադրել նոյեմբերի 9-ի թղթի մնացած բոլոր կետերը ոչ միայն սաբոտաժի ենթարկելու, այլեւ դրանք բացահայտ խախտելու մեջ։
ՀՀ ԱԳՆ չի նշել, որ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը չի գործում, Արցախի բնիկ մեծամասնությունը արտաքսվել է, ռուս «խաղաղապահները» հեռացել են ժամկետից շուտ եւ այլն։ ՀՀ ԱԳՆ չի պահանջել վերացնել այդ խախտումները՝ նոյեմբերի 9-ի թղթի՝ հաղորդակցությունների կետի քննարկմանը վերադառնալու համար։
Պարզ է, թե ինչու․ Հայաստանի պետականության վերացման այս քայլերն արվում են պաշտոնական Երեւանի համաձայնությամբ եւ առաջնորդությամբ, քանի որ այլ կերպ դա հնարավոր չէր լինի։ Հայ-ռուսական ավանդական «փոխհրաձգությունները» աչքակապության համար են, ինչպես «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք, միջանցք չլինի», «միջանցքի գործարկումն իրականացնելու են մասնավոր կառույցները» եւ այս կարգի այլ թշնամական թեզերը։
Հայաստանի պետականության վերացման ծրագիրը, որի մի բաղադրիչն է ընդամենը «Զանգեզուրի միջանցքը», իրականացնելու անհրաժեշտ պայմանը Արցախի խնդրի «փակումն» էր եւ բնիկ մեծամասնության արտաքսումը։ Հայաստանի միջազգային քաղաքական սուբյեկտության միակ, ընդգծենք՝ միակ պայմանը Արցախի խնդիրն էր եւ, որքան էլ ցավալի լինի «Արցախից հազիվ պրծած» շրջանակների համար՝ է։
Եթե սա չի ընկալվում, առավել եւս դժվար է ընկալել այն հանգամանքը, որ ԲՐԻԿՍ-ը կարող է իրական բովանդակություն ստանալ այդ թվում ՀՀ հարավի օտարման դեպքում։
Տարածաշրջանից միջանցքի գլխավոր շահառուի՝ Ռուսաստանի անցնցում հեռանալու ռազմավարությունը, որը տեղի է ունենում ՀՀ պետականության վերացման միջոցով, ընդունվել է բոլորի կողմից։ Պատճառը՝ հայությունը քպ-ական դրածո կառավարության գլխավորությամբ հավաքական առումով իր հավանությունն է տվել այս ծրագրերին։
Քաղաքական շրջանակները եւ մեդիան սպասարկում են այս ընթացքը։ «Արեւմտամետ» կառավարությունը շարունակում է ամուր պահել ռուսական զորքերը, որոնց միակ գործառույթն այս ծրագրերի օպերատիվ երաշխավորումն է։
Արամ Եգանյան
Կազանում կայանալիք BRICS-ի (ԲՐԻԿՍ) գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր Հայաստանի մասնակցությունը ինչպես BRICS-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն չէր նշել ինչ մակարդակով:
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ամենամյա գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Հայաստանի մասին ոմանց երազանքներն ու ցանկությունները՝ տարբեր անվանումներով, այդ թվում՝ այսպես կոչված «միջանցքի», իրականություն չեն դառնա, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է»,- ասել է նա Երևանի պետական համալսարանում Ֆերդուսին դահլիճի բացման արարողության ժամանակ։
«Մենք նպաստում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը։ Հայաստանը մեր անկեղծ հարեւանն է, և մենք վճռականորեն պատրաստ ենք համագործակցել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասաց դեսպանը։
Թեհրանը դեմ է երրորդ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում հաղորդակցությունների վերահսկմանը, ասաց դեսպանը՝ մեկնաբանելով Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան ապագա հաղորդակցությունը վերահսկելու համար օտարերկրյա մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ քննարկում են Ադրբեջանի հետ ապագա տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործառույթները մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությունը։
Իրանի դեսպանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարության համաձայն՝ սահմանային կետերում հսկողություն կիրականացվի Հայաստանի իշխանությունների կողմից։
«Մենք կողմ ենք, որ ամեն ինչ լինի Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, ցանկացած վերահսկողություն կլինի Հայաստանի կողմից։ Մենք չենք աջակցում… այլ երկրներին, ովքեր գալիս են այստեղ և փորձում են վերահսկողություն կամ անվտանգություն հաստատել»,- ասել է Սոբհանին:
Նա նշեց, որ այս մասին խոսում են նաև Հայաստանի իշխանությունները՝ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այսպիսով, խոսքը անվտանգության խնդիրը ինչ-որ միջազգային ընկերությանը փոխանցելու մասին չէ։ «Բեռնափոխադրման ժամանակ կարող է ներկա լինել ինչ-որ առևտրային ընկերության ներկայացուցիչ։ Մեզ հավաստիացրել են, որ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելու է Հայաստանի կառավարությունը»,- ասել է Սոբհանին։
Դեսպանն այսպիսով ասում է, որ Երևանը որոշակի «խոստումներ» է տվել Իրանին սեփական ինքնիշխանության վերաբերյալ, և Իրանը պատրաստակամորեն հավատացել է։ Ճիշտ այնպես, ինչպես նա ձևացնում էր, թե հավատում է Երևանի մյուս «հավաստիացումներին»՝ կապված Իրանի նախկին «կարմիր գծերի» հետ։ Ի վերջո, Երեւանի խոստումները թույլ են տալիս Իրանին արդարացնել «կարմիր գծերի» խախտումը։
Մյուս կողմից, Իրանի համար ավելի հեշտ կլիներ պահպանել «կարմիր գծերը», եթե Երեւանում լիներ ազգային շահերը հետապնդող եւ Հայաստանի պետականությունը կործանելու ծրագիր չկատարող իշխանություն։ Իրանը չի կարող հարգել հայ-իրանական «կարմիր գծերը», երբ Հայաստանի իշխանությունն ինքը անընդհատ հետ է մղում դրանք։
Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրանա-հայկական սահմանը, որն Իրանը անվանում էր «կարմիր գիծ», ամբողջությամբ փոխվեց։ Իսկ երբ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց հատվածը անհասկանալի հիմքերով փոխանցվեց Ադրբեջանին, Իրանը ոչինչ չարեց։ Ճիշտ այնպես, ինչպես, երբ ճանապարհի այս հատվածում ադրբեջանցի «մաքսավորները» կանգնեցնում էին Իրանից եկող մեքենաները, փող շորթում և ձերբակալում իրանցի վարորդներին։
Իրանի դեսպանի հայտարարությունը, թե Երևանը խոսքն է տվել հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, կարծես արդարացում է երրորդ ուժերի վերահսկողության տակ գտնվող «միջանցքի» բացմանը Իրանի համաձայնությունը։
Վերլուծաբաններն արդեն կատակում են, թե «մասնավոր ընկերությունը», որը կապահովի Մեղրիի ճանապարհի անվտանգությունը, կարող է լինել, օրինակ, Վագները։ Ի՞նչ վատ մասնավոր ընկերություն է:
Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղին բխում է երեք երկրների ժողովուրդների շահերից, ասել է Սոբհանին։ Նա նշեց, որ «Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներն արդեն ընթացքի մեջ են։ Հնդկական կողմը Հայաստան բեռներ է ուղարկում Բանդար Աբասի և Չաբահարի նավահանգիստներով»։
Ըստ ամենայնի, Իրանը կբավարարվի Երևանի «հավաստիացումներով» և «մասնավոր ընկերության» «թույլտվությամբ»՝ երբեմն հնդկական բեռներ տեղափոխել Հայաստանի սահմանով։ Խոսելով «կարմիր գծերի» մասին՝ Իրանը հերթական անգամ խիստ դեմք է ցույց տալիս, թույլ տալով այն, ինչ կարմիր գիծ էր անվանում:
Նաիրա Հայրումյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այժմ անազատության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեմային՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասաց. «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից. Ո՞վ է նրան խորհուրդ տվել կամ հրահանգել գնալ այս քայլին։ Ո՞վ է նրան ուղարկել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով։ Իսկ վերջում ո՞վ ասաց. մենք իրականում չգիտենք, թե ով է նա, որովհետև այլ երկրի քաղաքացի է։ Ուզու՞մ ենք այս հարցերի պատասխանները ստանալ, թե՞ ոչ։ Սա իսկապես լուրջ խնդիր է, որի հետ մենք գործ ունենք»։
Այս հարցերը բնական կլինեին սկանդալային լրագրողի կամ ընդդիմադիր գործչի համար, ով չունի «տեղեկատվություն» և չգիտի, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը հայտնվել Արցախում։ Եթե Փաշինյանն իսկապես չգիտի այս հարցերի պատասխանները, ապա սա նրա կառավարության և պետական հետախուզական ծառայությունների կատարյալ ֆիասկո է։ Կամ Փաշինյանը չի վերահսկում իրավիճակը և իր հատուկ ծառայություններին, կամ եղել է «Ռուբեն Վարդանյան» օպերացիայի անմիջական մասնակիցը և դրա կուրատորը։
Փաշինյանը հավանաբար լավ գիտի, թե ով և ինչպես է ուղարկել Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Արցախ, աբյց Ռուսաստանի կամ այլ երկրների հասցեին ուղղակի մեղադրանքների բացակայությունը վկայում է «կարևոր» տեղեկությունը թաքցնելու Փաշինյանի մտադրության մասին։
Ես բազմիցս խոսել եմ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հայտնվելու սպառնալիքի մասին, երեկ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ռուբեն Վարդանյանը մինչև վերջերս ասում էր, որ երբեք չի լքի Արցախը, բայց որոշ հավաստիացումներից հետո որոշեց, որ պետք է հեռանա Լաչինի միջանցքով։ Իմ կարծիքով, այս հավաստիացումները սխալ էին։ Հիմա Ռուբեն Վարդանյանը դատավարության ժամանակ պետք է հերքի մեղադրանքները»,- ասաց Քոչարյանը։
Ի՞նչը պետք է հերքի Ռուբեն Վարդանյանը Բաքվում կայանալիք դատավարության ժամանակ, ուր Փաշինյանն ու Քոչարյանը կարող են գնալ նոյեմբերին (համենայնդեպս չի բացառվումվ COP29-ին ՀՀ մասնակցությունը)։ Նա պե՞տք է պնդի, որ ռուսները երաշխավորել են իր անվտանգությունը, բայց դա չե՞ն արել։ Իսկ արդյո՞ք Բաքուն դժգոհություններ ունի Վարդանյանի՝ Ռուսաստանի հետ հավանական համագործակցության հետ կապված։ Եւ ինչո՞ւ Վարդանյանը Բաքվում պետք է խոսի Ռուսաստանի մասին, այլ ոչ թե Արցախում Հայաստանի իշխանության և նրա վստահված անձանց գործողությունների մասին։
«Նրանք ամենաբարձր մակարդակի պետական գաղտնիքների մասին տեղեկատվության կրողներ են։ Այս բոլոր պաշտպանները բարեհաջող հատել են սահմանը և գտնվում են Հայաստանում։ Պետական անվտանգության կառույցները պարտավոր են իրենց խնդիրը լուծել մինչև վերջ. Մենք պետք է պատասխան ստանայինք այն հարցին, թե ինչպես են նրանք գերեվարվել, որտեղ են եղել, ինչ պայմանավորվածություններ են եղել ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության հետ, գուցե ավելի բարձր մակարդակով»,- ասում է Քոչարյանը։
Նա, սակայն, չի նշում Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունը, որոնք պարտավոր էին առնվազն մեղադրանք ներկայացնել Ռուսաստանին, եթե համարում են, որ Ռուբեն Վարդանյանին նրանք են “ուղարկել”, և հետ վերցնել իրենց ստորագրությունը Եռակողմ հայտարարությունից։ Բայց նրանք դա չեն անում՝ սրբորեն պահպանելով 2020 թվականի սեպտեմբերին սկսված գործընթացները։
Անդրանիկ Քոչարյանը, ինչպես Փաշինյանը, մոռանում է, որ Հայաստանում իշխանությունը իրենք են, և հենց նրանց են ողղվում բոլոր հարցեր, այդ թվում՝ հիմնական հարցը. ինչպե՞ս 2020-ին ռուսական բանակը հայտնվեց Արցախում, ինչո՞ւ Մինսկի խումբը առայսօր տորպեդահարվում է, ինչո՞ւ Փաշինյանի կամակատարները սերտորեն աշխատում էին ռուսական զորքերի հետ մինչև 2023 թվականի օգոստոսը։ Եւ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը հենց այդ պահին հրաժարական տվեց։
Հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը:
Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», – գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։
2020թ. պատերազմից հետո մայրաքաղաք Ստեփանակերտն անմիջապես բարեկարգվել էր: Ավլել, մաքրել էին մայթերի ապակիները, փոխել պատուհանները, վերանորոգել շենքերը, The HALO Trust-ն ու Փրկարար ծառայության աշխատակիցները հավաքել էին բոլոր վտանգավոր ու անվտանգ պայթուցիկները, սմերչի սնարյադները հանել ասֆալտից, մի խոսքով, դժվար էր հավատալ, որ ընդամենը ամիսներ առաջ քաղաքը վայրագարար ռմբակոծվել է Ադրբեջանի զինանոցում եղած բոլոր զինատեսակներով: Պոլոնեզ է… չէ սմերչ է, ավիառումբի հետք է, չէ, դրոնի հարված, ձայներից փորձում էին գուշակել սարսափած բնակիչները:
Այցելելով Արցախի շրջաններ` ապշել էինք տեսածից: Հրետանին հնձել էր Մարտակերտի վարչակազմի դիմաց կիպարիսները, քանդել Մոսկվայի տունը, որտեղ մինչ այդ բարեկամի հարսանիքի էինք մասնակցում, զինված մարդիկ դեսուդեն էին գնում քաղաքապետարանի միջանցքներում, բնակելի շենքերի մրոտ պատեր, մանեկենները սառած կանգնել էին խանութների փշրված ապակիների հետեւում: Տեղացիները մեզ էին հարցնում, թե Ստեփանակերտը շա՞տ է վնասվել, մենք իրենց…
Նույն տեսարանը Մարտունիում էր…
Մարութ Վանյան
Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
–Պարոն Այվազյան, կառավարությունը հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Նախքան այս, 2020-2024 թվականներին Հայաստանից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, ի՞նչ են փորձում անել, այս փաստաթղթով փորձում են տարածքները հանձնելու իրավական հիմքե՞ր ստեղծել։
-Այստեղ մի շարք կարեւոր հանգամանքներ կան։ Առաջինը, եթե այդ կանոնակարգը նոր է ստորագրվել եւ դեռ ներպետական ընթացակարգերով չի անցնել, ուժի մեջ չի մտել, ապա ինչի՞ հիման վրա Կիրանցում եւ Տավուշի մարզում կատարվեց այսպես կոչված «սահմանազատման-սահմանագծման» գործընթաց։ Երկրորդ, Ալիեւը հստակ մատնանշեց, թե ինչպես է պատկերացնում սահմանը։ Պատահական չէ, որ վերջերս Բերձորում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» համայնքը հավաքվեց եւ վերստին տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, ադրբեջանական պետության ամենաբարձր օղակների հովանավորությամբ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի», այսինքն՝ Հայաստանի նախկին թուրք բնակիչները որոշել են ստեղծել վտարանդի կառավարություն։ Այսինքն՝ ողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանը տարածքային պահանջ ունի եւ այլ կերպ չի պատկերացնում սահմանազատումը կամ սահմանագծումը, քան իրենց կողմից գծված ու երբեք գոյություն չունեցած «մեծ Ադրբեջանի» քարտեզներով, որտեղ ՀՀ համար առավելագույնը թողնվում է մոտ 10 հազար քառակուսի կմ տարածք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ որպես անկլավ։ Այսինքն՝ այն ճակատագիրն են նախատեսում Հայաստանի համար, ինչ Արցախում տեղի ունեցավ՝ լիակատար հայաթափում։
Շատերը ոգեւորվեցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» մասին հայտարարություններով, ասելով՝ տեսեք, Ադրբեջանը համաձայն է հանել հնարավոր պայմանագրից այդ պահանջները՝ կապված միջանցի հետ։ Բայց դա այդպես չէ, դա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու փորձ է։ Խոսքը գնում է տարածաշրջանային կոմունիկացիների մասին։ Այսինքն՝ իրենք փորձում են այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» թեզը վերածել մահվան համակենտրոնացման ճամբարի թեզի։ Իրենք օրակարգից չեն հանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, բայց իրենց նպատակն է Հայաստանին թույլ չտալ բլոկադայից դուրս գալ։ Աշխարհում ոչ ոք չի տեսել այսպիսի «կառուցողականություն», որը ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները՝ ասելով, որ ճանապարհի վերահսկողությունը կարելի է պատվիրակել միջազգային ինչ-որ կազմակերպության։ Սա չտեսնված մի բան է, ներողություն հարցադրմանս համար, միջանցքը պոզով ու պոչո՞վ է լինում, եթե դա միջանցք չէ, բա ի՞նչ է։
Այնպես որ, առաջիակում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, եթե մենք զգոնությունը չպահպանենք եւ պատշաճ նախապատրաստություն չտեսնենք Ադրբեջանի կողմից սպասվող սպառնալիքներին ու մարտահրավերներին, ապա բավականաչափ վտանգավոր զարգացումների ականատես կարող ենք դառնալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը սահմանային գծում անընդհատ սրում է իրավիճակը՝ դրանում մեղադրելով Հայաստանին։
Ադրբեջանը Միլի մեջլիսի ընտրություններն անցկացրեց սեպտեմբերին, որպեսզի COP29-ից հետո իրենց ձեռքերն ազատ լինեն Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն կատարելու։ Իմիջիայլոց, մենք այդպես էլ չենք լսել՝ ներադրբեջանական ընթացակարգով այդ սահմանագծման ու սահմանազատման կանոնակարգն ի՞նչ փուլում է գտնվում։ Եվ արդյոք ինչ-որ աշխատանք տարվո՞ւմ է այդ ուղղությամբ։ Ադրբեջանից մենք միայն ժխտական մոտեցում ենք տեսնում, ասում են, որ իրենք արդեն 11-րդ փաթեթն են պատրաստում, որը պետք է ստորագրել, ու իրենք համաձայն չեն Հայաստանի մոտեցման հետ, ըստ որի՝ նախ համաձայնեցված դրույթները պետք է ստորագրեն։ Իրենք կարծում են, որ եթե իրենց շահերին չի համապատախանեցվել ամեն ինչ, ապա չի համաձայնեցվել ոչինչ։
-Դուք բարձրացրել եք հարցը, որ Հայաստանը պետք է պետական մակարդակով հակարդարձի ադրբեջանական թեզերին եւ գործողություններին՝ Հայաստանում ձեւավորելով Հայոց Աղվանքի վտարանդի փախստականների կառավարություն և ամեն կերպ աջակցելով Արցախի վտարանդի կառավարությանը։ Ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն։
-Անշուշտ, դա օրակարգային հարց է դառնում, մանավանդ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում գործող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» համայնքը պետական ամենաբարձր մակարդակով է ղեկավարվում եւ ստեղծվել է ՀՀ նկատմամբ տարածքային պահանջները հիմնավորելու եւ ներկայացնելու համար։ Ուռճացվում է Հայաստանից գնացած թուրքերի քանակը, այն պարագայում, երբ մենք ունենք 1988-1992 թվականներին ադրբեջանական նախկին ԽՍՀ-ից գաղթած ավելի քան կես միլիոն հայություն, որոնք իրենց ժառանգներով մոտ մեկ միլիոն են կազմում։ Իսկ ընդհանուր առմաբ նախկին ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս եկած հայության թվաքանակն ամբողջ աշխարհում մոտ 3 մլն է կազմում։ Նրանց իրավունքների եւ շահերի, փոխհատուցման հարցերի բարձրացումը կարող է լիակատար չեզոքացնել ադրբեջանական շահարկումները՝ կապված Հայաստանից դուրս եկած թուրքերի հարցի հետ։ Օրակարգային է դառնում ստեղծել ադրբեջանահայության վտարանդի կառավարություն, որի նպատակը ադրբեջանահայության օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի։ Իսկ իրականության մեջ, պաշտպանելով վտարանդի ադրբեջանահայության շահերը, այս կազմակերպությունը կամ ընդհանրապես ադրբեջանահայությունը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության ազգային շահերը Ադրբեջանի կողմից սպասվող եւ կատարվող ոտնձգությունների շարանից։ Ադրբեջանահայ փախստականների խնդիրը ադրբեջանական քարոզության եւ նաեւ մեր հանդեպ պահանջների աքիլեսյան գարշապարն է, ամենաթույլ կետն է, որին անընդհատ անհրաժեշտ է խփել, որպեսզի գոնե պաշտպանենք մեր ունեցածը։
Դրան զուգահեռ պետք է համակարգված աշխատանք տանել արցախահայության խնդիրների լուծման ուղղությամբ։ Ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ ինտեգրման ծրագրեր իրականացնել, այլ Արցախի վտարանդի կառավարությանը համակողմանի օժանդակություն պետք է ցուցաբերել, որպեսի Արցախի կառավարությունը՝ որպես Արցախի ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, ներկայացնի նրանց շահերը տարբեր միջազգային կազմակերպությունների ու ներկայացուցիչների առջեւ։ Եվ համանախագահող երկրները, եւ միջազգային բոլոր խոշոր կազմակերպություններն ու խաղացողները փաստել են, որ արցախահայությունն իրավունք ունի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադառնալ Արցախ։
Իզուր չէ, որ Ադրբեջանն այս ընտրությունները փորձեց կազմակերպել հենց հիմա, քանի դեռ Արցախը ժամանակավոր իր լիակատար վերահսկողության ներքո է գտնվում։ Բայց Ադրբեջանում հասկանում են, որ դա փխրուն է, եւ ամեն ինչ փոփոխվող է։ Պարզապես մեր կողմից համապատասխան կիրթ ու գրագետ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ՝ մի կողմից ադրբեջանահայ համայնքի վտարանդի կառավարության ստեղծման, մյուս կողմից՝ Արցախի վտարանդի հայկական կառավարության աջակցության ուղղությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ այսպես թե այնպես անիրական է խոսել որեւէ հարատեւ ու կայուն խաղաղության մասին Ադրբեջանի պարագայում, եթե ինքը բոլոր հնարավոր ձեւերով ահռելի աշխատանք է տանում տարածաշրջանում իրավիճակի սրման ու նոր ռազմական սադարանք կազմակերպելու համար։ Եվ այդ նպատակով իրենք այդ խամաճիկային կառավարությունն են պատրաստում։ Մեզ մոտ պաշտպանության բնազդը պետք է գործի, պետք է գիտակցել, որ ՀՀ ազգային անվտանգության շահերից է բխում ադրբեջանահայության եւ արցախահայության համայնքների համատեղ գործողությունը՝ ընդդեմ ադրբեջանական ֆաշիզմի։
-Այդ աշխատանքն իրականացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է ՀՀ համար։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
-Պետք է գիտակցել, որ Արցախի վտարանդի կառավարության չգոյությունը ու պասիվ վիճակում գտնվելն է սպառնալիք։ Դա էլ ավելի է բորբոքում ադրբեջանական անհիմն պահանջները ՀՀ տարածքի նկատմամբ։ Այնպես որ, մենք պետք է իրական վտանգը հասկանանք՝ Ադրբեջանը պետական բարձր մակարդակով քայլեր է ձեռնարկում, որպեսզի այսպես կոչված «վերադարձ դեպի Իրեւան» տեսլականն իրականություն դառնա։ Մենք կարող ենք քամահրանքով վերաբերվել դրան, ծաղրել դա, բայց հիշենք, որ ժամանակին ծաղրել ենք նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի գոյության փաստը։ Կարծում եմ, որ այսօր իրավիճակն արդեն այնքան էլ ծիծաղելի չէ, վտանգի աստիճանը պետք է գիտակցել, որ Ադրբեջանը պլանավորված քայլ առ քայլ մոտենում է հայկական պետականության հիմքերի իսպառ ջնջմանը այս տարածաշրջանից։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Արցախը ժամանակավորապես օկուպացնելով՝ Ադրբեջանը ոչ թե բավարարվեց, այլ նաեւ իրենց ռազմական ենթակառուցվածքները մոտեցրել են Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության օբյեկտների ու բնակավայրերի ուղղություններով։ Ադրբեջանը չի վարանի հարված հասցնել, ինչքան էլ մենք փորձենք խաղաղություն քարոզել։ Իրականում Ադրբեջանը միայն երկու բանի է սպասում՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը եւ իրենց համար աշխարհաքաղաքական նպստավոր զարգացումներին։ Այսինքն՝ տարածաշրջանում ցանկացած ցնցում ու իրավիճակի փոփոխություն իրենց համար պատեհ առիթ կարող է դառնալ՝ նոր ագրեսիա իրագործելու համար։ Մենք պետք է հասկանանք իրավիճակի լրջությունը, բայց նաեւ պետք է հասկանանք, որ ցանկացած իրավիճակից ելք կա։ Ամեն ինչ չէ, որ ընդդեմ մեզ է գործում։ Եվ այս պարագայում հիմնական ելքն այն է, որ պետք է բոլոր ուժերն օգնեն, որպեսզի ստեղծվի եւ կայանա Հայոց Աղվանքի վտարանդի կառավարությունը, եւ իր դիրքերն ամրապնդի Արցախի վտարանդի կառավարությունը։ Այս երկու սուր վահանը կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական ֆաշիզմի վերահաս վտանգից։
Ռոզա Հովհաննիսյան