Անձրև և ջերմաստիճանի անկում

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 6–ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։

Տպավորություն է, որ ոչ թե Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, այլ Իրանը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում օգտագործվող գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը ուկրաինացի վերլուծաբանների կողմից կոչվում են «շահիդներ»․ ավելի լավ օգտագործման արժանի համառությամբ նրանք  իրանցիներին են մեղադրում ուկրաինացիներին սպանելու մեջ, “մաքրելով” ռուսներին: Եվ դա արվում է հետևողականորեն և մեթոդաբար ոչ միայն հրեական ծագում ունեցող գործիչների կողմից, այլև պետական ​​մակարդակով։

Բառացիորեն այս օրերին քարոզվում է Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու թեման։ Հնարավոր է, որ Իրանն իրոք մտադիր է հրթիռներ մատակարարել Ռուսաստանին, բայց տպավորությունն այնխիսինն է, որ Ռուսաստանը մինր այսօր նման հրթիռներ չի օգտագործել, և միայն Իրանի մատակարարումից հետո կսկսի սպանել ուկրաինացիներին։ Թեկուզ օրերս Մոսկվան Պոլտավայում երկու Իսկանդերով սպանեց ավելի քան 50 երիտասարդի և վիրավորեց մոտ երկու հարյուրի։

Իսրայելն ամեն ինչ անում է Մոսկվային պաշտպանելու համար՝ Իրանին նստեցնելով մեղավորների նստարանին։ Ինչպես Արցախում, Ուկրաինայում էլ Իսրայելն ու Ռուսաստանը նույն կողմում են։ Օրերս Իսրայելը, օրինակ, օգնություն է խնդրել Ռուսաստանից Գազայի հատվածից պատանդներին ազատելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ վարչապետի ռազմական քարտուղարը կիրակի առավոտյան վերադարձել է Մոսկվայից, որտեղ քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը։ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ջանքերը՝ ուղղված հակամարտությունը կարգավորելուն, դեռ հաջողությամբ չեն պսակվել, նշում է գործակալությունը։

Այսպիսով, Իսրայելը պետք է անընդհատ սլաքները ուղղի դեպի Իրան, և Կիևը ակտիվորեն օգնում է դրան։

Կիևին ուղղակիորեն զենք մատակարարող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ուկրաինական հակամարտությունում Իրանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները կեղծավոր են: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Թեև Մոսկվայից սլաքները Թեհրան շրջելու փորձերը միշտ չէ, որ ազդում են իրական քաղաքականության վրա։

Մեծ Բրիտանիան, օրինակ, հայտարարեց, որ անմիջապես կկասեցնի իր 350 զենքի արտահանման լիցենզիաներից 30-ը Իսրայել, քանի որ վտանգ կա, որ նման սարքավորումները կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կատարելու համար:

Իրանի նոր նախագահն արդեն մի քանի անգամ ակնարկել է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին։ Հնարավոր է, որ աշխարհում Իսրայելի նկատմամբ ոչ այնքան բարենպաստ վերաբերմունքի ֆոնին Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում երրորդ երկրների շահերի Կիևի սպասարկումը չի կարող չազդել հենց Ուկրաինային աջակցության մակարդակի վրա։

Սեպտեմբերյան դեպքերի դաժան իրողությունների մասին է պատմում փրկարար ծառայության գնդապետը

Արամ Ասրյանը ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի պետն էր՝ կոչումով գնդապետ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արժանացել է “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանի։ Արցախից դուրս է եկել 2023-ի հոկտեմբերի 3-ին, երբ մի խումբ փրկարարների հետ մինչև վերջ կատարել է իր առաքելությունը, իսկ հեռանալուց առաջ նկարվել է վարչության շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ․․․

-Սեպտեմբերի 19-ին շրջափակված Արցախում սովորական առօրյա էր։ Առավոտյան ոտքով գնացի աշխատանքի․ ծառայողական մեքենան վաղուց կանգնած էր, վառելիք բոլորովին չկար։ Հիմնարկում նույն առօրյան էր, մարդիկ մտահոգված էին, քանի որ իրավիճակն օրեցօր ավելի էր բարդանում, և հույս չկար, որ կբացվի Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը։ Ժամը 1-ին դուրս եկա աշխատավայրից և կնոջս հետ պատրաստվում էի գնալ տուն՝ ճաշելու։ Արդեն հասել էինք Ղլիժբաղ կոչվող տեղամասը, և մինչև մեր տուն մնացել էր քիչ ճանապարհ, երբ հանկարծ սկսվեցին հրետակոծությունները։ Քանի որ Ղլիժբաղի վերևի մասում էի գտնվում, նայեցի ու տեսա, որ ռմբակոծվում են Խնապատի դիրքերը։ Հասկացա, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Կնոջս ուղարկեցի տուն, ես հետ դառա ու համարյա վազելով հասա բաժին։ Ճանապարհին զանգեցի հերթապահ մաս ու հրահանգեցի, որ բաժնի տարածքից դուրս հանեն հրշեջ մեքենաները ու տանեն տարբեր ուղղություններով։

Հետո անձնակազմով զենք ստացանք ու գնացինք մեզ համար նախօրոք նախատեսված պահակակետերը։ Անձնակազմիս թողնելով այնտեղ՝ ես գնացի Ասկերանի վարչակազմ՝ իմանալու մեր հետագա անելիքները։ Իրավիճակը շատ բարդ էր։ Հրահանգվեց ուժեղացնել մեր կողմից վերահսկվող պաշտպանական դիրքերը։ Այդ օրը մնացինք մեզ վստահված կետում։

Հրետակոծությունները չէին դադարում։ Որոշում կայացվեց բնակչությանը տարհանել Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Մեքենաներ տրամադրվեցին, և համատեղ ուժերով կազմակերպեցինք մարդկանց տարհանումը, որից հետո ես վերադարձա մեր հենակետը։ Տղաներին հերթափոխ էր հարկավոր։ Կամավորական ջոկատներ ևս կային, որոնք պետք է մեզ փոխեին, սակայն որոշակի խնդիրներ էին առաջացել և փոխարինող չկար։ Տղաներին ուղարկեցի հանգստանալու, որ կարողանան ուժ հավաքել, որովհետև չի իմացվի, թե ինչ կլինի վաղը։

Հաջորդ օրը նորից գնացի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի մոտ ու այդ ժամանակ լուր ստացա, որ մեր հենակետում հերթապահություն է պետք։ Անձնակազմիս տղաներից մեկի՝ Արմեն Սարգսյանի հետ գնացի հենակետ, որտեղ մի քանի ժամ երկուսով հերթապահեցինք․ այդպես էլ մեզ փոխարինող չեկավ։ Քանի որ ուրիշ առաջադրանք ևս ունեի կատարելու, ապա ստիպված հեռացանք դիրքից՝ նախապես տեղեկացնելով վարչակազմի ղեկավարին։ Ժողովրդի մեջ խառնաշփոթ էր ու խուճապային իրավիճակ։ Վառելիք չկար, մարդիկ չգիտեին ինչ անեն։

Սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունը երկրորդ մահաբեր հարվածն էր մեր ժողովրդին։ Այդ պահին իմ անձնակազմից Կարեն Մելքումյանը և Արմեն Սարգսյանը ևս այնտեղ էին։ Լուրը լսելուն պես հասա դեպքի վայր։ Կարելի է ասել՝ առաջին վիրավորներին իմ անձնակազմի տղաներն են հասցրել հիվանդանոցներ։

ԱԻՊԾ բոլոր ծառայողները՝ ղեկավարության գլխավորությամբ, դեպքի վայրում էին։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում էր այնտեղ։ Մարդիկ վառվում էին մեր աչքի առաջ․ այդ աղեկտուր օգնության ճիչերը դեռ հնչում են իմ ականջներում։ Ասես դժոխքում լիենինք, որտեղից փրկություն չկար։ Վառվածներին հանում էինք ու տեղափոխում շտապօգնության մեքենաները։ Շատերն այդ պահին ողջ էին, բայց հետո լսեցինք, որ մեծամասնությունը ճանապարհին մահացել է։ Չեմ հավատում, որ այդ օրվա ապրումները, սոսկալի պատկերները երբևէ կմոռացվեն ականատեսների հիշողությունից․․․

Սեպտեմբերի 26-ին ադրբեջանցիների կողմից 2 մեքենա բենզին տրամադրվեց։ Մի մասը Ասկերանում բաժանվեց մարդկանց՝ մեր ծառայության և ոստիկանության հետ համատեղ հսկողությամբ, որպեսզի չկրկնվի նախորդ օրվա աղետալի դեպքը։ Իհարկե, շրջվարչակազմի ղեկավարը վերահսկում էր բոլոր գործողությունները։

Սեպտեմբերի 26-27-ին վառելիքը բաժանվեց Ասկերանի և տարբեր համայնքներից եկած քաղաքացիներին։ Այդ ժամանակ իմ անձնակազմից մնացել էին 4 հոգի՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Մելքումյանը, Վահագ Մելքումյանը, Աշոտ Բաբայանը, Հրանտինե Հայրիյանը։ Մեզ միացավ նաև մեր հին ծառայող Արայիկ Սարգսյանը,- պատմում է Արամ Ասրյանը, միաժամանակ ավելացնում, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ բաժնի ծառայողները բարձր մակարդակով են իրականացրել իրենց պարտականությունները, սակայն 2023-ի սեպտեմբերին որոշ ծառայողների վարքագիծը խոսում էր նրանց մեծ հիասթափության և ընտանիքները մահվան ճիրաններից փրկելու վախի մասին։ Ոչ ոքի մեղադրել չես կարող։

Նույն օրը Արամ Ասրյանը իր հետ մնացած ծառայողների հետ Ստեփանակերտ է հասցնում ծառայության հրշեջ մեքենաները։ Իսկ երբ ցանկանում են հետ վերադառնալ, ադրբեջանցիներն արդեն հենակետ էին դրել Բերքաձորի խաչմերուկում, որտեղ նրանց կանգնեցնում, ստուգում ու բաց են թողնում։ Բաժնի պետը, հասնելով բաժին, այնտեղ մնացած ծառայողներին ասում է, որ կարող են իրենք ևս գնալ ու ընտանիքներին տիրություն անել։ Հրանտինեն ցանկություն է հայտնում մնալ մինչև վերջ՝ ասելով, որ ուզում է օգնել։

Նորից հետ են դառնում վարչություն և սկսում հետագա գործողությունները։

-Տարբեր բաժինների փրկարարների հետ, ովքեր մնացել էին Արցախում, գնում ենք դիահերձարան, որտեղ օգնելու խնդիր կար։ Մինչև սեպտեմբերի 28-ի լույս գիշերվա ժամը 4-ը  աշխատում էինք, հետո գնացինք վարչությունում մի 2 ժամ հանգստանալու։ Առավոտյան խնդիր ստացանք ու նորից գնացինք պայթյունի վայրը։ Մեր փոքր խմբով այդ օրը մոտ 45 այրված դիակ հանեցինք ու տեղափոխեցինք դիահերձարան։ Հետո տարբեր ուղղություններով դուրս եկանք ու շարունակեցինք որոնողական աշխատանքները։ Վերջին մեր գործողությունը հոկտեմբերի 2-ին էր։ Պայթյունի վայրից հանեցինք հղի կնոջ դիակ և մարմնի մասունքներ։

Փրկարարների հետ միասին մոտ 60 հոգի էինք մնացել Արցախում։ Հասկացանք, որ մենք՝ փրկարարներս, այլևս անելիք չունենք, և հոկտեմբերի 3-ին նախարար Կարեն Սարգսյանի միջնորդությամբ, շարասյուն կազմած հեռացանք Արցախից ու հատեցինք Հակարիի կամուրջը։ Միաժամանակ կարողացել ենք հրշեջ մեքենաներ դուրս բերել Արցախից, որոնք հետագայում հանձնվել են ՀՀ ԱԻՊԾ-ին,- դաժան իրողություններն է ներկայացնում Ասկերանի բաժնի պետը։

Արամ Ասրյանը ավելացնում է նաև, որ այդ ընթացքում Հայաստանից հաճախակի էին զանգեր ստանում։ Մեկը հորն էր թողել տանը մահացած և խնդրում էր կազմակերպել տեղափոխությունը, մեկն ասում էր՝ եղբայրն էր ալկոհոլի ազդեցության տակ մնացել գյուղում և չի ցանկացել հեռանալ, ու այդպիսի շատ դեպքեր։ Փրկարարներին հաջողվել է բոլոր այդ խնդիրները լուծել, և համոզվելով, որ ոչ մի տեղ մարդ չի մնացել, դրանից հետո միայն հեռացել են Արցախից։

-Իմ կարծիքով ամենավերջին մարդը ես էի, որ դուրս եկա Ասկերանից։ Շատ դժվար էր ինձ համար․ ես Արցախում թողեցի 2020 թվականի պատերազմում զոհված իմ քրոջորդու և իրենից հետո անմիջապես մահացած հորս շիրիմները։ Կոտրված սրտով, հոգնատանջ և ձեռնունայն հասա Հայաստան։

Հոկտեմբերի 3-ին միացա ընտանիքիս։ Հասկացա, որ այստեղ դժվար կլինի նորից ծառայության մտնել և անցա ծառայողական թոշակի, քանի որ ժամկետս լրացել էր արդեն։ Ընտանիքիս հետ հաստատվեցինք Հրազդան համայնքի Աղավնաձոր գյուղում, որտեղ ապրում էր իմ նախկին զինվորներից մեկը։ Նա դիմավորել էր իմ ընտանիքին ու տեղավորել Աղավնաձորի մոտ գտնվող նախկին ճամբարի շենքում։ Հարազատներով՝ մոտ 30 հոգով, 2 ամիս մնացել ենք այդտեղ, որտեղ գիշերակացի հետ մեկտեղ մեզ ապահովել են նաև սննդով։ Մինչև օգոստոսի 6-ը իմ ընտանիքը բնակվում էր այդտեղ։

Այդ ընթացքում աշխատանքի եմ անցել տարբեր հիմնարկների անվտանգության ծառայություններում, որովհետև անգործ մնալ չէի կարող։

Այժմ տեղափոխվել և վարձակալությամբ ապրում ենք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Աշխատանքս Երևան քաղաքի Ջրվեժ տեղամասում է։ Նորից անվտանգության ծառայության բնագավառում եմ։

Փորձում ենք հարմարվել, թեև շատ դժվար է։ Փոքր աղջիկս հաճախում է դպրոց, տղաս աշխատում է, կինս դեռ աշխատանք չի գտել, իսկ մայրս թոշակառու է,-ասում է զրուցակիցս և ցավով ավելացնում,- մարդկային կորուստների ցավն է, որ կշարունակի միշտ տանջել մեզ․ խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի առաջ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արման Եղոյանը երազում Ալմաթի թզենու տերեւ է տեսնում

Ադրբեջանիցները բոլոր հարթակներում ամեն ինչ անում են Ալմաթիի հռչակագրից խուսափելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

“Դա մեզ ձեռնտու է, որովհետեւ Ալմաթիի հռչակագիրը ֆիքսում է ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները: Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ սահման ֆիքսել, իսկ մենք ցանկանում ենք այդ սահմանները ֆիքսել”:

Ինչո՞ւ է ՔՊ-ն երազում ֆիքսել խորհրդային սահմանները։ Կարծիք կա, որ Ուկրաինային եւ Վրաստանին է “լավություն անում”, սակայն ակնհայտ է, որ Ալմաթին՝ ՀՀ կառավարության միակ թզենու տերեւն է, որով նա կարող է թաքցնել ամոթը։ Գոնե մի բանով պետք է թաքցնել ՔՊ-ի տենչն՝ ամեն գնով ազատվել Արցախից։ Հազիվ գտել են մի փաստաթուղթ։

Կոպիրկինը Ռուսաստանին անվանեց «ազնիվ բրոքեր»․ ինչքա՞ն է միջնորդավճարը

Մոսկվան երբեք չի հրաժարվի Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ բրոքերի» իր դերից, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Բրոքերը» միջնորդ է, ով իր աշխատանքի համար միջնորդավճար է ստանում: Ռուսաստանը վերջապես դեն նետեց բոլոր ամպագոռգոռ դիմակները՝ մեծ «փրկչի», իմպերսկի մետրոպոլիայի, «պախանի» և վերադարձավ վաճառականի, միջնորդի իր մանր դերին, ով «գործարքից» փոքր լումա է ակնկալում։

Ի՞նչ միջնորդավճար է ստացել Ռուսաստանը 2020-2024 թվականների արցախյան գործարքից։ Հայաստանին վատություն անելն ՝ արդեն լավ միջնորդավճար է։

Կոպիրկինի շեֆ Լավրովը նույնպես այսօր զբաղվում էր բրոքերությամբ. նա ասաց, որ քանի որ Աբխազիան չի կատարում Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները (այսինքն՝ թույլ չի տալիս ռուսներին սեփականաշնորհել Աբխազիայում անշարժ գույքը – խմբ.), Մոսկվան նպաստ չի վճարի աբխազ ուսուցիչներին և բժիշկներ։

Առավոտյան փողը, երեկոյան՝ աթոռները, ինչպես ասում է թուրքահպատակ, հայտնի բրոքեր Օստապ Իբրահիմովիչը։

Ողբերգություն սովորական տարեգրության հետևում՝ վրաերթի հետևանքով արցախցի կին է մահացել

«ԿամԱԶ»-ը Արարատի մարզի Սիս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 11:35-ի սահմաններում։
«Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայր ժամանած «Մասիս» ԲԿ–ի շտապօգնության բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը»,– գրում է կայքը։
Վրաերթի ենթարկվածը 2023 թվականին Արցախից էր տեղահանվել, ամուսինը զոհված էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նոր ղեկավար է նշանակել պահպանողական Միշել Բարնիեին՝ նախկին եվրահանձնակատար և ԵՄ-ից Brexit-ի հարցով բանակցող, հայտնում է BFMTV-ն։

Էմանուել Մակրոնը երկար սպասելուց հետո՝ խորհրդարանական ընտրություններից 60 օր անց, որոշեց վարչապետի թեկնածությունը և այդ պաշտոնում ընտրեց եվրահանձնակատար և ԵՄ-ի կողմից Brexit-ի հարցով բանակցող Միշել Բարնիեին։

73-ամյա Բարնյեն ղեկավարել է ԵՄ բանակցությունները Մեծ Բրիտանիայի հետ՝ 2016-2021 թվականներին դաշինքից դուրս գալու շուրջ: Մինչ այս պահպանողական քաղաքական գործիչը պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի տարբեր կառավարություններում։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնը «վստահեցրել է, որ վարչապետը և ապագա կառավարությունը բավարարում են պայմանները՝ հնարավորինս կայուն լինելու և հնարավորինս շատ միավորվելու համար»։

“Զատո” Մասիսի փեշերին ենք․ իսկ մեր ջո՞ւրն ու անտառները

Մի խումբ տղամարդիկ երկաթե սեղանի շուրջ հավաքված թղթախաղ ու նարդի են խաղում, վշտահար դեմքերով կանայք նստած են նստարաններին, մեկը այգու մեծ էկրանից անճաշակ-ուրախ երգում է, հնգհարկանու պատուհանի ներսից Արցախի դրոշ է կախած, նարնջագույն ժիլետներով երկու տղամարդ էտում են ծառերը, որ հայտնի չէ, թե երբ են ջրվել: Բանկոմատի մոտ հերթ է հավաքվել, ամպուտացված ոտքով մի ղարաբաղցի փորձում է գրական հայերենով ասել, որ չի սպասարկում, ես նրան հասկանալի լեզվով ասացի, որ նույնը մյուս բանկոմատում է, որ չգնա։ Բեռնատարներն անվերջ գնում-գալիս են, ամենուր մի տհաճ հոտ է կանգնել, դպրոցի հետնաբակում խոտ է բարձրացել, որի միջից պարանով կապած մի երինջ զարմացած ինձ է նայում։ Ծանոթ մի աղջիկ բարեւում եւ դպրոց է շտապում, ասում, որ զանգել, ասել են թե երեխան վատացել է` եկեք տարեք: Արարատի մարզի Մասիս քաղաքն է Հայաստանում, որտեղ բազմաթիվ ղարաբաղցիներ են հանգրվանել:

Քաղաքն ինքն իրեն առեւտրի խաչմերուկ է եղել ժամանակին, ի՞նչ քաղաք, գյուղ էր էլի, ո՞վ էր այստեղ ապրողը: Հիմա մի ազատ տուն չես գտնի, շատ արցախցիներ են եկել․ “գնաս քաղաքային այգի, կտեսնես, թե որքան զեմլյակներ ունես”, ասում է իմ տանտերը եւ ավելացնում, ինչեւէ, մի առավելություն կա, Մասիս սարը շատ մոտ է, գառնանն ու ձմռանը շատ սիրուն է, նրա փեշերին ենք ապրում:

Բլոկադայից հետո Երեւանից մի ընկերոջ հետ էի եկել Մասիսի փեշեր առաջին անգամ: Եկել էինք տեղահանված մի ընտանիքի շոր ու մթերք տալու համար: Փակուղին մի կերպ գտնելով, մենք մի կիսամութ տան կամ գուցե ավտոտնակի մոտ հայտնվեցինք, որ դռան փոխարեն վարագույր էր կախած: Քաշեցինք ու ներս մտանք:

Ընտանիքի հորը ես միանգամից ճանաչեցի, նա ինձ ոչ, մինչեւ չասացի, որ իր հոր մայրն ու իմ մոր հայրը քույր ու եղբայր են, որ փոքր ժամանակ միասին շատ ենք լողացել, կամրջից թռել, ձուկ բռնել Թառթառ գետում:

Չգիտեմ, թե որտեղ ենք, ասում էր ընտանիքի հայրը: Ուրալից գյուղացիներին Գորիս, Վայք, Եղեգնաձոր սամասվալ անելով եկել են, ես էլ այստեղ եմ հայտնվել…

Ողբերգութնուն է դիտարկել, թե ինչ է այսօր տեղի ունենում արցախցիների հետ, ինչպես են նրանք աննկատ սփռվում Հայաստանի մարզերում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում (դուք, ձեր հարազատներն ո՞ւր եք/են հասել): Պատմական մի իրադարձություն է տեղի ունենում․ Նախիջեւա՞ն ենք դառնալու, թե՞ տուն ենք վերադառնալու: Ես չգիտեմ, ողջ կլինեմ, թե՞ ոչ, գուցե թոռներս, – ասում է մի ստեփանակերտցի, – գուցե մի երեսուն կամ հարյուր տարի հետո, շտիկ-նոժս պահել եմ բազմոցի մեջ, թոռանս պետք է ասեմ, որ տեղն իմանա, հուշանվեր է ղարաբաղյան առաջին պատերազմից, վախեցել եմ վերցնեն Հակարիի կամրջին…

Բայց նրանց հետ ինչպե՞ս ապրել, երբ ծեր մարդու են գլխատում, որտե՞ղ է երաշխիքը, որ վերադարձի դեպքում նույնը չի լինելու, ասում է մեկ ուրիշը: Լավ, որքա՞ն կարելի է վարձով ապրել, մեկ է, չենք հարմարվում, բայց տարբերակ էլ չկա, մենք ե՞րբ ենք փախստական եղել, երկհարկ մեր տները, այգիներն ու մաքուր օդը, մեր անտառներն ու աղբյուրները, – լսում ես արցախցիներից, – մենք ադրբեջանցիների պես չենք կարողանալու, ամեն ինչ արվում է Ղարաբաղի հարցը փակելու համար, մի տարի էլ չի անցել, արդեն մեկս մյուսի տեղը չգիտենք, ասում են նրանք:

Մտքում ինչ-որ համակարգչային գրաֆիկայով քարտեզ ես գծում, փորձում պատկերացնել հայերի տեղաշարժն այս տարածաշրջանում եւ նրանից դուրս (այսօր արդեն ՀՀ ԱԱԾ նոր վիճակագրություն է հրապարակել, որ հուլիսի 1-ի դրությամբ 11.351 արցախցի է լքել Հայաստանը), սփյուռքահայերի անցյալն աչքի առաջ առնում, նայում Վայոց Ձորն ու Սյունիքը բաժանող տարածքի նեղությանը:

Կիրանցի պատը, Հայաստանի Սահմանադրությունն ու Ադրբեջանի հայտարարությունները, նոյեմբերի 9-ինն ու ներքաղաքական իրադարձությունները, Արցախը լուծարելու փոխադարձ մեղադրանքները,  29 հազար 743 քառակուսի կմ տարածքը, Եվրոպա գնալու ախորժակն ու Ռուսաստանի խանդը, խաղաղության պայմանագրի առանցքային կետեր, 13 համաձայնեցված… ԵԱՀԿ մանդատ, Քրիստոսի արձան, անվերջ շինարարություն ու անտուն մարդիկ…

Մարութ Վանյան

Փաշինյանի կանոնակարգն ուղղված է հայկական հողերի հանձնման արդեն ավարտված ակտերն օրինականացնելուն

Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է սահմանազատման հարցերով Երևանի և Բաքվի համատեղ հանձնաժողովի կանոնակարգը։ Փաշինյանն ասաց, որ տեքստն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, այնուհետ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում։

Կանոնակարգի թեստը վերաբերում է այն սկզբունքներին, որոնց հիման վրա հետագայում կիրականացվի սահմանազատում, և հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչի Սահմանադրությանը հակասող։ Բայց արդեն ուշ կլինի, քանի որ 2020-24 թվականներին արդեն «սահմանազատման» գործողություններ են իրականացվել՝ առանց որևէ հիմքերի։

Եթե Հայաստանը իրավական պետությյուն է, ապա Սսահմանադրական դատարանը նախ պետք է պարզի, թե 2020-2024 թվականներին ինչի հիման վրա է կատարվել «սահմանազատումը», որոշվել, թե որ հողերն են “մերը” եւ որը “մերը չեն”։ Դակայն Սահմանադրական դատարանը այլդպես էլ չի անդրադարձել հայկական սահմանները փոխելու ակնհայտ ակտերի համապատասխանությանը Սահմանադրությանը։

Խոսքն առաջին հերթին Հայաստանի սահմանների փոփոխման երեք ակտերի և դրանց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության մասին է․

1․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով Փաշինյանը իր ստորագրությամբ համաձայնել է հանձնել Արցախում ոչ միյն այն տարածքները, որոնք թշնամին գրավել էր ռազմական գործողությունները դադարեցնելու պահին, այլև Քարվարճարի, Քաշաթաղի և Աղդամի շրջանները՝ առանց մեկ կրակոց արձակելու։
2․ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից 2020 թվականի դեկտեմբերին ստորագրված հուշագիրը՝ Սյունիքում հայկական տարածքները, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնելու մասին՝ այնտեղ ռուսական զորքերի տեղակայմամբ։
3․ Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքների հանձնում 2024 թվականի մայիսին՝ առանց պարտադրող փաստաթղթերի ստորագրման։

Հայկական տարածքների հանձնման այս բոլոր գործողություններն իրականացվել են առանց որևէ իրավական հիմքի, առանց ներպետական ​​ընթացակարգերի, հանրաքվեի, Սահմանադրական դատարանի եզրակացության՝ բացառապես Հայաստանի իշխանության կամայական որոշումների հիման վրա։ Այս գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախի տարածքը, որը, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության մաս է։ Եթե ​​Հայաստանի իրավասությունը չտարածվեր Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրի Արցախի տարածքին վերաբերող փաստաթուղթ։

Ինչ վերաբերում է երկրորդ ակտին՝ Իրան-Հայաստան ճանապարհի մի հատվածի հանձնմանը, ապա 2020 թվականին ստորագրված հուշագիրը երկար ժամանակ թաքցվում էր, և միայն վերջերս ԱԳՆ-ն ընդունեց նման փաստաթղթի առկայությունը։ Հայաստանի Սահմանադրական դատարանն այդպես էլ չի քննարկել, թե ինչ հիմքով են հայկական տարածքները փոխանցվել Ադրբեջանին։

Երրորդ գործողությունը՝ Տավուշի մարզի գյուղերի հանձնումը, իրականացվել է այն հիմքով, որ գործող իշխանության ղեկավարն այդ տարածքները անվանել է Հայաստանին չպատկանող։ Նման որոշման իրավական հիմքերը չներկայացվեցին, Փաշինյանն ասաց միայն, որ եթե այս տարածքները չզիջենք, պատերազմ կլինի։

Սահմանադրական դատարանը չի քննարկել հայկական տարածքների կամայական հանձնման երրորդ ակտն եւս։

Այժմ, եթե անգամ Սահմանադրական դատարանը չհաստատի Կանոնակարգը, նշված երեք ակտերը կհամարվեն կատարված փաստեր։

Սահմանադրական դատարանը բարձրագույն պատասխանատվություն է կրում սահմանադրական կարգի պահպանման, առաջին հերթին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Իսկ Սահմանադրական դատարանի փորձերը՝ ձեւացնել, թե ոչինչ չի եղել, եւ այսուհետ ամեն ինչ ճիշտ կլինի, նրան չեն ազատում Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու պատասխանատվությունից։

Փաշինյանի ներկայիս Կանոնակարգն ուղղված է հայկական հողերի հանձնման արդեն իրականացված ակտերը օրինականացնելուն, այլապես Փաշինյանը նախկինում էլ բոլոր երեք ակտերը կուղարկեր Սահմանադրական դատարան պարզելու, արդյո՞ք Արցախի, Սյունիքի և Տավուշի մի մասի հանձնման ակտերը համապատասխանո՞ւմ են Սահմանադրության։

Նաիրա Հայրումյան

Մոսկվան չի հրաժարվել Երևան-Բաքու բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» դերից. դեսպան

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից», – «Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք հույս ունենք, որ առկա տարաձայնությունները շուտափույթ լուծում կստանան, և հաջող առաջընթաց կբերի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան», – ասել է նա։

Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է «լիարժեք աջակցություն ցուցաբերել բարեկամ երկու երկրների և ժողովուրդների հաշտեցմանը»։

 

Մոխրաթաղ․ մենք չգիտենք, ինչ վիճակում են մեր չքնաղ գյուղերը

Գյուղը գտնվում է շրջկենտրոն Մարտակերտից 4 կմ հեռավորության վրա: Գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է շուշեցի Մեսրոպ Թառումյանի միջոցներով` 1883 թվականին: Խորհրդային տարիներին այն վերածվել է ակումբի, օգտագործվել որպես պահեստ։ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի հետեւանքով բնակչությունն ամբողջությամբ տեղահանվել է:

Եթե մայրաքաղաք Ստեփանակերտն ադրբեջանցիները մեր աչքի առաջ են քանդում, «շինում», ապա Արցախի գյուղերից գրեթե տեսանյութեր չենք հանդիպում սոցիալական հարթակներում (ափսոս մեր գյուղեր):

Երեկ արցախցի մի կին ինձ ասել է, որ իրենց գյուղից միայն հինգ ամիս առաջ է լուսանկարներ հանդիպել համացանցում, որ տեղադրել են ադրբեջանցիները: «Մահացած հարազատի ծննդյան օրը չգիտես ուր գնալ, որտեղ ծաղիկ դնել, Աստծուց էլ եմ խռովել, եկեղեցի էլ չեմ կարողանում գնալ», – ասում է նա:

Կհամաձայնեք ինձ հետ, որ Արցախի ամեն մի գյուղ իր յուրահատկությունը, ավանդույթները, ակցենտը, հարեւան գյուղի մասին կատակներն է ունեցել. թափան ուտող շոշեցիք, վար-վար անող մարտակերտցիները, Բերդաշենի, Ճարտարի գինին, Սոսի խաղողը, միամիտ խունուշինակցիները եւ այլ… Դուք կարող եք ավելացնել:

Մարութ Վանյան

7-ամյա Արա Մայիլյանը՝ Մոնթե Ավո հիմնադրամի մրցույթի դափնեկիր

«Մոնթե Ավո» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին՝ ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից, բարերար, այժմ Ռուսաստանում բնակվող Աշոտ Ջիվանյանի կողմից։ Հիմնադրամն առաջին օրվանից իրականացնում է տարբեր ծրագրեր՝ ուղղված Արցախին և արցախցիներին:

Բարեգործական ծրագրերի շրջանակում 2023 թվականից անցկացվում է «Ընթերցող Արցախ» մրցույթը, որին մասնակցում են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից։

Արա Մայիլյանն ամենաակտիվ մասնակիցներից է։ Նա վերջերս դարձավ 7 տարեկան։ Ծնվել է Ճարտար գյուղում, զինվորականի ընտանիքում։ Այսքան վաղ տարիքում տեսնել և զգալ է երկու պատերազմների բոլոր սարսափները և շրջափակման դժվարությունները:

Գրքերի հանդեպ սերն իրեն դրսևորել է դեռ վաղ մանկությունից։ Այժմ, որպես 2-րդ դասարանի աշակերտ, նա արդեն գիտի հայտնի գրողների տասնյակ ստեղծագործություններ։

Օրերս Արան մրցույթում գրավեց 1-ին տեղը։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից է Աննա Մեկունցի «Տոնս, Տեղս, Աշխարհս» պոեմը՝ գրված արցախյան բարբառով։ Այս ստեղծագործությունը Արցախ աշխարհի մարմնավորումն է։ Այն տեղափոխում է արցախցիներին հարազատ միջավայր։

Այժմ Արան տխրությամբ է կարդում է բանաստեղծությունը՝ հիշելով իր տունը, ընկերներին, ուսուցիչներին ու դասընկերներին։ Նա անկեղծորեն հավատում է, որ շատ շուտով կկարողանա վերադառնալ հայրենի հայկական Արցախ։

Արսեն Աղաջանյան