Լյոկայի առաջին մեծ մենահամերգը և նրա առաջին ալբոմի շնորհանդեսը

Արցախցի երգիչ Լյոկայի առաջին մեծ մենահամերգը և նրա առաջին ալբոմի շնորհանդեսը hոկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Ռիո մոլում:

Ալբոմի անվանումը «Կյանք» բառախաղ է կյանքի և «կանք»-ի միջև, արտահայտելով այն գաղափարը, որ մենք ապրում ենք մի կյանք, որտեղ պարզապես կանք, բայց ոչ միշտ մեր տեղում և ոչ մեր տներում:

Բացի այդ, բեմում Լյոկային կմիանան բազմաթիվ հայտնի արտիստներ, որոնց հետ դուետները արդեն սիրվել են:

Տոմսերը կարելի է գնել eventhub.am հարթակից:

Սահմանադրությունն առանց հանրաքվեի կարող է փոխվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշել, որ վաղը հանձնաժողովը նիստ կանցկացնի՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման առաջարկը:

Առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:

«Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն Խորհուրդը կորոշի: Կա նախնական ընկալում, որ 2027-ին է տեղի ունենալու սահմանադրական հանրաքվեն”:

Սա քաղաքական հիմարություն է՝ միայն ճնշելու նպատակով

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով արցախցի Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Փաշինյանի համար տարբերություն չկա՝ խնձորը նետողը արցախցի է, թե ով է։ Եթե որեւէ մեկն իր նկատմամբ ցանկացած եղանակով դժգոհություն է արտահայտում՝ կլինի դա խոսքով, խնձոր նետելով կամ կոշտ քննադատության միջոցով, ինքը միանշանակ ապօրինի քրեական վարույթի զոհ է հանդիսանալու։

-Վերջին ամիսներին տարբեր քրեական գործեր հարուցվեցին Արցախի համայնքապետերի նկատմամբ, նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենայի գործով նոր քրեական վարույթ է հարուցվել։ Այս գործերը ի՞նչ են փաստում եւ ի՞նչ հիմք ունեն։

-Այս գործերը բոլորն ապօրինի են, եւ ես ամեն մի գործով իրավաբանորեն պատրաստ եմ հիմնավորել, որ ցանկացած հետապնդում ապօրինի է։ Օրինակ՝ համայնքապետերի խարդախության գործով մինչեւ հիմա չկա ճանաչված տուժող։ Այն դեպքում, երբ խարդախությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, որի պարագայում տուժող ճանաչելը երեւի վարույթի առաջին գործողություններից մեկը պետք է լիներ։ Բայց մոտ հինգ ամիս տեւող այդ ապօրինի վարույթի ընթացքում Քննչական կոմիտեն դեռեւս չի որոշել, թե ում պետք է ճանաչի տուժող։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի մեքենայի գործով հարուցված վարույթին, ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ գործ ունի Արցախի Հանրապետության կողմից ձեռք բերված մեքենաների հետ։ Ուշադրություն, խոսքը չի վերաբերում Պաշտպանության բանակի մեքենաներին։ Օրինակ՝ Արցախի նախագահին սպասարկող մեքենաների ձեռքբերման հետ ՀՀ կառավարությունն ի՞նչ գործ ունի կամ Հայաստանի Հանրապետությանն ի՞նչ վնաս կարող է պատճառվել, եթե այդ մեքենան տիրապետվում է այդ անձանց կողմից։ Համացանցում տարբեր տեղեկություններ են տարածում, որ Արցախի նախագահն իբր այդ մեքենան սեփականացրել է, բայց ես մի քանի անգամ հրապարակում եմ կատարել այդ մասին եւ հիմա էլ կրկնում եմ, որ Արցախի նախագահն Արցախին պատկանող որեւէ մեքենա իր անունով չի սեփականացրել։ Ոչ իր անունով, ոչ էլ իր վստահված անձի անունով։ Այսինքն՝ ինքն ընդամենը տիրապետել է այն ավտոմեքենային, որը պետք է սպասարկեր իրեն։ Վարորդի միջոցով տիրապետել է այդ ավտոմեքենային։ Բայց նախագահը մի քանի անգամ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով քննարկել այդ ավտոմեքենաների ճակատագրի հարցը։ Բայց ոչ մի արձագանք չի եղել։ Հիմա քրեական վարույթ հարուցելու որոշման մեջ նշվում է, որ ոչ թե նախագահն է սեփականացրել, այլ նշում են, որ «․․․պարտավոր լինելով հանդերձ հանձնել ՀՀ իրավասու մարմիններին»։

-Բայց ո՞ր մարմնին պետք է հանձներ, այդ հարցի պատասխանը կա՞։

-Երեք կարեւոր հարցի պատասխան չկա։  Նախ, ո՞ւմ պետք է հանձներ, ո՞ւմ նկատի ունի Քննչական կոմիտեն՝ «իրավասու մարմին» տերմինն օգտագործելով։ Երկրորդ, ո՞ր օրենքով կամ իրավական ակտով է Արցախի Հանրապետության նախագահը կամ ցանկացած արցախցի պարտավորություն կրել իր կողմից ձեռք բերված գույքը  հանձնել Հայաստանին։ Այսինքն՝ իրավական ի՞նչ հիմքով է նախագահն այդպիսի պարտավորություն կրել։ Եվ երրորդ, այդ չհանձնելու գործողությամբ ո՞ւմ է վնաս պատճառվել, եւ ի՞նչ վնաս է պատճառվել։ Քրեական վարույթի արձանագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանն է վնաս պատճառվել։ Հայաստանի Հանրապետությունն ու հասարակությունն ի՞նչ կապ ունեն Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի հետ։ Եվ հետքրքիրն այն է, որ այդ ավտոմեքենան առգրավում են, եւ առգրավումը տեղի է ունեցել նախագահի կողմից ճեպազրույց տալուց անմիջապես հետո։

-Դուք ի՞նչ միտում եք տեսնում, հատուկ քաղաքականությո՞ւն է վարվում։

-Հիմարություն է արվում, դա քաղականություն էլ չի կարելի համարել։ Եթե դա քաղաքական մտածված քայլ լիներ, այլ հարց է, բայց այս քայլը հիմարություն է։ Սա քաղաքական հիմարություն է։

-Նպատակը ո՞րն է։

-Նպատակը՝ ճնշել մարդկանց, հնարավորինս ճնշում գործադրել։ Մեքենան փոխադրամիջոց է, այդ փոխադրամիջոցը վերցնելով՝ նպատակ են հետապնդում ճնշել, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող ցանկացած գործողություն։

-ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ, ըստ որի՝ Հանրային հեռուստատեսությունը խախտել է էթիկայի կանոնագրի մի շարք կետեր՝ բացասական վերաբերմունք գեներացնելով արցախցիների նկատմամբ։ Հանրային հեռուստաընկերությունն իր հերթին ասում է, որ արցախցիների մասին գործերին անդրադառնալով՝ հղում է արել Քննչական կոմիտեի հաղորդագրություններին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Լավ, եթե հայտարարության աղբյուրը Քննչական կոմիտեն է, ապա Հ1-ը, եթե փորձում է օբյեկտիվ իրականությունը ներկայացնել, թող նույնկերպ հղում տա նաեւ մեր աղբյուրներին։ Քննչական կոմիտեն չունի որեւէ հայտարարություն, որին մենք չենք արձագանքել։ Նախագահի գործով արձագանքել ենք, «ոտնամանի գործով» արձագանքել են, բոլոր վարույթներին արձագանքել ենք։ Բա եթե Հ1-ը Քննչական կոմիտեի վրա հղում է կատարում, ինչո՞ւ մի հատ էլ հղում չի կատարում մեր աղբյուրներին։ Ես բազմիցս հրապարակումներ եմ կատարել, ինչո՞ւ գեթ մեկ անգամ Հ1-ից զանգ չստացա որեւէ վարույթի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Թե՞ այդ գործերով Քննչական կոմիտեն ինչ նշում է, դրա վրա պետք  է հղում կատարել ու դրանով բավարարվել, վերջում էլ ասել՝ մենք անմեղ ենք, ՔԿ վրա ենք հղում կատարում։ Քննչական կոմիտեն նախաքննական մարմին է, բնականաբար ներկայացնելու է այն, ինչը քրեական հետապնդման հիմքում դրվել է, չնայած քրեական հետապնդման հիմքում դրված փաստերը խեղաթյուրված ու մոլորեցնող փաստեր են։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նույնպես բազմիցս հայտարարություններ է կատարել, ինչո՞ւ Հ1-ը մեկ անգամ հղում չի արել նրա խոսքին։

Այսինքն՝ սկզբից օգտագործում են Քննչական կոմիտեի գրածը, քանի որ տեսնում են, որ դրանով կարելի է ատելության սերմեր տարածել, հետո էլ, հղում կատարելով Քննչական կոմիտեին, ասում են՝ մենք կապ չունենք։ Սա աբսուրդ է։

Ռոզա Հովհաննիսյան

Հետաքննողները մանրամասներ են հայտնել Պուտինի և Կաբաևայի որդիների կյանքից

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի երեխաների կյանքի մասին։ Ինչպես հայտնում է Досье հետաքննող կենտրոնը՝ վկայակոչելով Պուտինին մոտ կանգնած աղբյուրին, նրանք երկու որդի ունեն՝ Իվանն ու Վլադիմիրը, որոնք այժմ համապատասխանաբար մոտ ինը և հինգ տարեկան են։ Նրանց ծննդյան ճշգրիտ ամսաթիվը գաղտնի է և հայտնի է միայն ընտանիքի անդամներին և նրանց անմիջական շրջապատին:

Անգլիական Nanny գործակալության միջոցով աշխատանքի են ընդունվում տղաների ուսուցիչներ և դաստիարակներ: Հետաքննողները նշում են, որ կայքում պարբերաբար հայտնվում է հաղորդագրություն երեխաների համար անձնակազմի որոնման մասին։ Նախագահի երեխաների համար որպես ուսուցիչներ և դաստիարակներ նախապատվությունը տրվում է Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներին, ովքեր երեխաներին սովորեցնում են օտար լեզուներ և այլ առարկաներ:

Ի դեպ, Կաբաևայի մորաքրող աղջիկը ՝ Օլեսյա Ֆեդինան է խնամում երեխաներին և կազմակերպում նրանց կյանքը, ներկայանալով որպես տղաների մայր։

Նշվում է, որ Պուտինը երբեք հրապարակավ չի խոստովանել, որ որդիներ ունի, թեկուզ բազմիցս ասել է, որ իր ընտանիքում շփվում է փոքր երեխաների հետ, ովքեր «չինարեն են սովորում»։

Նաև Կրեմլի տերը երբեք չի խոստովանել, որ ապրում է նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ, ով երկար ժամանակ ամուսնական մատանի է կրում՝ չբացահայտելով, թե ով է իր ամուսինը։

Կարդալ ավելին «Диалог.UA» կայքում

Լիանան և նրա 6 զավակները. Պայքարի, հույսի և երազանքների պատմություն

Արցախցի Լիանա Ոսկանյանը տեղահանվելուց հետո վեց երեխաների հետ ապրում է դժվարին պայմաններում, բայց երբեք չի կորցնում պայքարելու և հույսը վերականգնելու իր ձգտումը։

Չնայած Լիանան ունի 25 տարվա փորձ տարբեր մասնագիտություններում՝ դերասան, մատնահարդար, վարսահարդար, դիմահարդար և հացթուխ, ներկայումս աշխատում է խանութում որպես վաճառողուհի՝ հանուն իր երեխաների։ Լիանան երազում է ունենալ իր սեփական տունը և կայուն աշխատանք, որոնք կապահովեն իր ընտանիքի լավ ապագան։

Լիանայի վարձով տունը գտնվում է Նոր Արեշում՝ փոքր և հին, որտեղ պայմանները հեռու են հարմարավետությունից։

Տան պատերը, որ դժվարությամբ են պաշտպանում ցրտից, միշտ լցված են սիրով ու համերաշխությամբ։ Սակայն Լիանան ամեն օր պայքարում է, որպեսզի իր երեխաները չզգան, որ ներկան ավելի վատ է, քան այն դժվարությունները, որոնք նրանք հաղթահարել են շրջափակման ժամանակ։

«Երբ դիմում եմ աշխատանքի, հաճախ ինձ մերժում են միայն այն պատճառով, որ ունեմ վեց երեխա։ Նույն խնդիրը կա նաև բնակարանի հարցում․ շատերը չեն ցանկանում տունը տրամադրել  մեծ ընտանիքներին», — պատմում է Լիանան։ «Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխաներս երբեք չասեն, թե շրջափակման ժամանակ ավելի լավ էր։ Ես ամեն ինչ անում եմ, որ նրանք տեսնեն, որ մենք առաջ ենք շարժվում»։

Չնայած առողջական խնդիրներին, որոնք խանգարում են լիարժեք աշխատել, և խտրականությանը, որին հաճախ բախվում է, Լիանան չի կորցնում հավատն ու հույսը։ Նրա երեխաները տարբեր տարիքի են՝ ամենափոքրը դեռ մանուկ է, իսկ մեծը՝ դեռահաս։ Նրանք միմյանց կողքին են ու աջակցում մորը՝ հասկանալով նրա ջանքերը և օգնելով տան գործերում ու դասերում։ Մեծ որդին հաճախ զբաղվում է փոքր եղբայրների և քույրերի դասերով, մինչ մայրն աշխատում է խանութում՝ չնայած առողջական սահմանափակումներին։

«Ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան մի միջավայրում, որտեղ կզգան, որ մենք հաղթահարել ենք դժվարությունները և առաջ ենք շարժվում», — ասում է Լիանան։ «Մենք բոլորս երազում ենք ունենալ մեր տունը, որտեղ կկարողանանք ապրել հանգիստ և ապահով։ Ես աշխատում եմ, որ իմ երեխաները տեսնեն, որ կյանքը կարող է լավը լինել, և որ ամեն ինչ հնարավոր է»։

Սեպտեմբերի 1-ի նախաշեմին Լիանան ևս մեկ մարտահրավերի առջև էր կանգնած՝ դպրոցական պարագաներ ձեռք բերելը։ Այս անգամ օգնության հասավ մի բարերար, ով օգնեց ձեռք բերել դպրոցական պարագաները, ինչը մեծ աջակցություն էր ընտանիքի համար։

Լիանայի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ուժը, համառությունը և սերը ընտանիքի հանդեպ կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Լիանան ամեն օր պայքարում է, որպեսզի իր երեխաները զգան, որ ներկան ավելի լավ է և լի է հնարավորություններով։ Նրա երազանքները իր տան և կայուն աշխատանքի մասին ոչ միայն իր անձնական նպատակներն են, այլ նաև մի հույս, որ իր երեխաները կտեսնեն, որ պայքարը և տոկունությունը միշտ արդարացնում են իրենց։

Տաթև Ազիզյան

Տիգրան Պետրոսյան. “Դատարկ կարգախոսներ առաջ քաշելու փոխարեն ավելի լավ է զբաղվել կոնկրետ խնդիրներով”

«Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ենք, բայց հասարակությունը չի կոնսոլիդացվել։ Արցախի բնիկ բնակչության բռնագաղթի առաջին օրվանից անհրաժեշտ էր արցախցիների միջազգային իրավունքներին առնչվող քայլեր ձեռնարկել։ Դա չարվեց. ժամանակ կորավ, փախստականների բարեկեցությունն էլ ավելի վատացավ»։ Այդ մասին ասել է Step.am-ին արցախյան հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը։

Պետրոսյանը բացասաբար է արտահայտվել Բագրատ Սրբազանի հանրահավաքների մասին՝ ասելով, որ նրա մոտակայքում կան մարդիկ, ովքեր Հայաստանում սոցիալական և բնակարանային խնդիրներ չունեն, բացի այդ՝ տարիներ շարունակ ապօրինի և անպատիժ շահագործել են պետական ​​բյուջեն և արտոնությունները։

«Ես անձամբ չեմ ճանաչում Բագրատ Սրբազանին։ Բայց երբ տեսնում եմ, թե ղարաբաղցիներից ով է նրան շրջապատում ու, այսպես ասած, աջակցում, մեծ կասկածներ եմ ունենում։ Սրանք այն մարդիկ են, ովքեր անմիջականորեն ներգրավված են և կրում են մեղքի մեծ բաժին, որ մենք հայտնվեցինք փախստականի կարգավիճակում։ Ուստի այս շարժումն ինձ վստահություն չի ներշնչում։ Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում Արցախի ու Հայաստանի բնակիչներից ավելի հաճախ եմ լսում, որ չեն վստահում ո՛չ ներկա իշխանությանը, ո՛չ նախկիններին, իսկ հոգեւորականների նկատմամբ անվստահությունը գնալով աճում է։ Իրական շարժումը չպետք է լինի ընդհանրացված պահանջներով, ինչպիսիք են «Փրկենք Հայաստանը» և պայքարի իմիտացիա չպիտի լինի։ Այն պետք է կոնկրետ պահանջներ առաջադրի իշխանություններին ու միջազգային հանրությանը եւ պահանջի դրանց կատարումը։ Եվ ամենակարևորը, պայքարը պետք է տանեն անբիծ ուժերը։ Սրա համար կասկածելի կոնտինգենտ են նաեւ հոգեւորականները։ Բացի այդ, «Քոչարյան-Սերժ» իշխանության մանիպուլյացիաներից ամենաշատը տուժում են շարքային արցախցիները։ Բագրատ սրբազանի հանրահավաքներին 10 արցախցիներից միայն մեկն է անկեղծորեն հավատում այս շարժմանը։ Բայց նրանց են ոստիկանությունը բերման ենթարկում ու քարշ տալիս դատարաններով»։

Հարցին, թե Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործունեություն կցուցաբերի՞ Հայաստանում, ինչպես արեց Արցախում, Պետրոսյանը նշեց, որ դա չի նախատեսում, քանի որ, ինչպես արցախցի բոլոր սովորական փախստական ​​ընտանիքների հայր, ամեն օր զբաղված է իր ընտանիքի սոցիալական և կենցաղային խնդիրները լուծելով։ Բացի այդ, հասարակությունը չի փոխվել, չի ցանկանում ընդունել իր սխալները և պատասխանատվություն ստանձնել ապագայի համար։

Խոսելով արցախցիների հայրենիք վերադարձի մասին՝ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ «սա կասկածելի կարգախոս է, քանի որ այդ մասին բղավողներն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում»։

«Դատարկ կարգախոսներ առաջ քաշելու փոխարեն ավելի լավ է զբաղվել կոնկրետ խնդիրներով։ Այսինքն՝ առաջ քաշել կյանքի, ազատության, սեփականության և այլնի մեր իրավունքները»։

Ալվարդ Գրիգորյան

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել. «անկախ Աբխազիայի» նախագիծը կարծես թե մոտենում է ավարտին

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է սոցիալական վճարումները, որոնք վերաբերում են Աբխազիայի բժիշկներին, ուսուցիչներին և իրավապահներին, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան։

Ինչպես հայտնում է Շամբան, այդ հարցը քննարկվել է օգոստոսին Մոսկվայում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի և Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման ժամանակ։ «Բանն այն էր, որ մեր պարտավորությունները չկատարելը կարող է հանգեցնել որոշակի պատժամիջոցների, որոնք արդեն սկսել են կիրառվել սեպտեմբերի 1-ից”։

Այս մասին Շամբան հայտարարել է սոցիալական ցանցերում հայտնված Կոզակի և Բժանիայի հանդիպման արձանագրությունները մեկնաբանելիս։ Կետերից մեկում ասվում էր, որ Ռուսաստանը կդադարեցնի ֆինանսական օգնությունը Աբխազիային այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել երեք պարտավորությունները. վավերացնել դատական ​​և արբիտրաժային վճիռների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, ապահովել Աբխազիայի տարածքում ռուսաստանյան իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ռուս ներդրողների համար առևտրային անշարժ գույքի շուկայի սահմանափակումները վերացնելը:

Հիշեցնենք, որ Աբխազիան արդեն 33 տարի կտրականապես հրաժարվում է անշարժ գույքի սեփականության իրավունքը փոխանցել ռուսներին, նույնիսկ եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել։ Այս մերժման պատճառով Աբխազիայում իշխանությունը մի քանի անգամ փոխվեց, բայց հանրապետությունում ոչ ոք չհամաձայնեց հողը հանձնել ռուսներին։

Շամբայի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն փոխվել են», և անհրաժեշտ է «շտկել իրավիճակը»։ Մինչեւ տարեվերջ, եթե պատժամիջոցները շարունակվեն, շատերը կտուժեն։ Մենք կմտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից»,- ասել է Շամբան։

Նախարարը նշել է, որ օգոստոսի 26-ին Սուխումում պետք է կայանար ռուս-աբխազական միջկառավարական հանձնաժողովի նիստը, սակայն այն չեղարկվել է, քանի որ, ըստ նախարարի, Ռուսաստանի ներկայացուցիչները «չցանկացան հայտարարել Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման ֆինանսավորումը դադարեցնելու մասին»։

Մոսկվան, հնարավոր է, սկսել է Աբխազիայի “սլիվը”՝ վրացական ղեկավարության հավատարմության դիմաց, որը գնալով ավելի է թեքվում դեպի Ռուսաստան եւ Թուրքիա։ Նույն կերպ Ռուսաստանը «սլիվ արեվ» Արցախը՝ Բաքվին իր եւ Թուրքիայի կողմը գրավելու համար։

«Անկախ Աբխազիայի» նախագիծը նույնպես կարծես թե մոտենում է ավարտին։

ԱԳՆ-ը չի բացառում Ադրբեջանի հետ կապուղիների անվտանգության փոխանցումը մասնավոր ընկերություններին

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քննարկվում է Ադրբեջանի հետ ապագա տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործառույթները մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով, ընկերությունները կապը պահպանելու են անվտանգության տեսանկյունից։ Հարկային և մաքսային գործառույթները կիրականացնեն Հայաստանի համապատասխան ծառայությունները։

Պաշտոնյան միաժամանակ նշեց, որ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան։

Դեդլայնն ավարտվում է. մեկ «զանգ» արդեն հնչել է ՀԱԷԿ-ում

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները խոստովանում են, որ Փաշինյանի վերջին առաջարկը Բաքվին՝ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման վերաբերյալ Ալիևը մերժել է` Պուտինի հետ բանակցություններից հետո։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ «խաղաղության պայմանագրի» 17 կետերից 13-ը համաձայնեցված են, ևս 3 կետը քննարկվում է հռետորաբանության մակարդակով։ Փաշինյանը չասաց, թե որ կետի շուրջ չկա համաձայնություն, բայց Բաքվին առաջարկեց արագ համաձայնագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերի վերաբերյալ։

Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը, ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում սպասել գոնե մինչեւ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին ու միջազգային իրավիճակի պարզաբանմանը։ Փաշինյանն ունի՞ իր պարտավորությունները կատարելու ժամկետ՝ դեդլայն։

Հիշեցնենք, որ համաձայնագրի տեքստում չկա երեք հիմնական հարց՝ արցախյան հիմնախնդիր, հաղորդակցությունների բացում եւ սահմանների սահմանազատում։ Վերջերս ստորագրվեց սահմանազատման մասին արձանագրություն, որի ձեռքբերումը Փաշինյանը համարում է Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումը։ Այլ «ձեռքբերումներ» չկան և չեն էլ սպասվում։

Բաքուն իր հերթին առաջ քաշեց Հայաստանի մի քանի կոնկրետ պահանջներ՝ 1. Սահմանադրության փոփոխություն՝ 1989 թվականի Արցախի և Հայաստանի վերամիավորման որոշման հիշատակումը հանելով, 2. Հայաստանի ապառազմականացում և Ֆրանսիայից և Հնդկաստանից զենք գնելուց հրաժարվելը։ , 3. Համատեղ դիմում ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու վերաբերյալ, 4. ԵՄ դիտորդների հետկանչ, 5. Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարում՝ Ռուսաստանի ՖՍԲ-ի վերահսկողությամբ դեպի Նախիջևան ճանապարհի բացման մասին։

Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ կատարել 5 կետերից որևէ մեկը և ոչ ներքին դիմադրության պատճառով, որը չկա, ընդհակառակը, Հայաստանի հասարակական-քաղաքական խավը կոնսենսուսի է եկել՝ աջակցելու Փաշինյանի քաղաքականությանը։ Հայաստանի իշխանությունը չի կարող կատարել այս կետերը, քանի որ դա կախված է ոչ միայն Հայաստանից, ավելի ճիշտ՝ ընդհանրապես կախված չէ Երևանից։

Մասնավորապես, ԵԱՀԿ մանդատը կարող է հետ կանչվել միայն այս կազմակերպության կողմից՝ կոնսենսուսի պայմաններում, և կա առնվազն մեկ երկիր, որը չի համաձայնի՝ Ֆրանսիան։ Հայաստանի «ապառազմականացումը» և զենք գնելուց հրաժարվելը նույնպես միակողմանի գործընթաց չէ, ինչպես ԵՄ դիտորդների դուրս գալը։

Ինչ վերաբերում է Նախիջևան տանող ճանապարհին, օրերս Իրանը հերթական անգամ կոշտ հայտարարեց, որ մտադիր չէ հանդուրժել իր սահմանների մոտ իրավիճակի փոփոխություն՝ հարևան երկրների ինքնիշխանությունից դուրս։ Այսինքն՝ ոչ մի միջանցք ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Այս իրավիճակը խոսում է այն ամբողջական զուգցվանգի մասին, որին հասցրել է Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը։ 2019-ին ընդունված «հանձնենք Արցախը, փրկենք Հայաստանը» կուրսը կատարյալ ֆիասկո է ապրել, և այս մասին խոսում են անգամ «խաղաղության օրակարգի» և Փաշինյանի կառավարության կողմնակիցները։ «Խաղաղության օրակարգի» ֆիասկոն, ուժային լուծումների մերժումը, մշտական ​​զիջումները նշանակում են, որ Հայաստանի խեղդամահի վերջնական ակտը լինելու է ուժային և ոչ «բանակցված»։ Պարզապես հարմար պահ է պետք։

Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը՝ չնայած արդեն իսկ տեղի ունեցած աղետալի հետևանքներին։ Նման համառությունը, որն արժանի է ավելի լավ օգտագործման, հուշում է, որ նա իրականացնում է նախապես համաձայնեցված ծրագիր և մտադիր չէ որևէ պարագայում շեղվել դրանից։ Կարթագենը պետք է կործանվի, եթե անգամ անցնի վերջնաժամկետը։

Ալիևն ու Պուտինը կսպասեն հարմար պահի. մեկ «զանգ» արդեն հնչել է Հայկական ատոմակայանում։

Նաիրա Հայրումյան

Երևանում օդը տաքանալու է մինչև 36 %

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում. այս մասին հայտնում են Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ սեպտեմբերի 5-ից սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի նվազում։

Արարատում, Արամավիրում, Վայոց ձորում օդը այսօր կտաքանա մինչև +37, Սյունիքում՝ մինչև +35։

Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ. այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +36։

Արցախի քաղհասարակությունն առաջարկում է ԵԱՀԿ շրջանակներում համաժողով հրավիրել

Արցախի բռնի տեղահանումից և հայաթափումից գրեթե մեկ տարի անց Արցախի Հանրապետության շուրջ 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան ԲՈՐԳ-ին։

Հասցեում, մասնավորապես, ասվում է.

«Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի տեղահանման բնորոշմանը»:

Այս կոչը հատկապես կարևոր է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ հայտարարության ֆոնին, ով պնդում է, որ «Ադրբեջանը օկուպանտ-պետություն չի եղել։ Եթե ​​դիտարկենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգը, ապա կտեսնենք, որ օկուպանտ պետություններն ու ագրեսորները շատ քիչ են, որոնցից մեկն էլ Հայաստանն է»։

Եվ սա ասում է մի երկրի պաշտոնյա, որը 36 տարի՝ սկսած 1988 թվականից, ցեղասպանություն է իրականացրել Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), Շահումյանում, Գետաշենում, Մարաղայում։

1992-ին, խախտելով ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որն այդ ժամանակ ոչ մի կապ չուներ այս ահաբեկչական, ռասիստական ​​երկրի հետ։ Արհեստական ​​այս կազմավորմանը ապօրինաբար ենթարկած արցախահայությունը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հռչակեց իր Հանրապետությունը՝ հետագայում մայրցամաքային Հայաստանին վերամիավորվելու նպատակով։

Հենց ԼՂՀ կարգավիճակը որոշելու նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հասարակական կազմակերպությունների կոչում ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական  բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի  գործունեությունը”։

1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

Սակայն, անդամակցելով  ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և  այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման  փորձերը որևէ իրական հիմք չունեն»։

Սակայն, ինչպես նշվում է Դիմումի մեջ, «Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար»:

Հենց այս հանգամանքն է այսօր Ադրբեջանին հնարավորություն տալիս անտեսելու միջազգային դերակատարների բոլոր, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Իսկ այս պսեւդոպետության լկտիության ամենաբարձր աստիճանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն էր։

Բայց, ինչպես նշում են Դիմումի ստորագրողները, «այս տարածքի (Արցախի) կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։  Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող  ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունն առաջարկում է պայմաններ ստեղծել շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաժողով անցկացնելու համար։ Հասկանալի է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային համաժողովը կարող է ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են այս տարածաշրջանում մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։

Արցախցիների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը պետք է երաշխավորված լինի Արցախի կարգավիճակով. ցանկացած այլ «երաշխիքներ» պարզապես խոսքեր են:

Մարգարիտա Քարամյան

Արցախի Հանրապետությունն իր հռչակման օրվանից գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո

«Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2020 թվականից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը, ուղղակիորեն հակասում էր եւ ինքնորոշման սկզբունքին, եւ բոլոր այն դրույթներին, որոնք ամրագրված էին Մինսկի խմբի համանախագահների փաստաթղթերում։ Եվ հակասում էր նաեւ այն պատճառով, որ գործող միջազգային իրավունքը թույլ չի տալիս ուժի կիրառում ցանկացած պետության նկատմամբ՝ լինի ճանաչված, լինի դա ՄԱԿ-ի անդամ, թե ոչ անդամ»,- այս մասին այսօր Արցախի հարցով հրավիարծ համաժողովում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Ըստ նրա՝ Արցախի Հանրապետությունն իր հռչակման օրվանից մինչեւ այժմ գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, որովհետեւ միջազգային իրավունքի համաձայն, անկախ տվյալ պետության ճանաչումից, անկախ այդ պետության ՄԱԿ-ի անդամ լինել կամ չլինելու հանգամանքից, այդ պետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո այն առումով, որ այդ պետության նկատմամբ իրավունք չկա կիրառել ուժ, ինչը տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պարագայում։

Վարդան Պողոսյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է վկայակոչեր հենց այս դրույթները եւ իր արտաքին քաղաքականության հիմքում դներ այն մոտեցումը, որ Արցախի Հանրապետության նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, ուժի կիրառում, որն արգելված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ քաղաքականությունը պետք է տարվեր այդ ուղղությամբ։ «Որոշակի շրջան՝ մինչեւ 2021 թվականի գարնանը, նման փորձեր կատարվեցին մեր դիվանագիտության կողմից, բայց հետագայում արդեն բոլորս տեսանք, որ Հայաստանի իշխանություններն ընդահանրապես խաչ քաշեցի եւ ինքնորոշման իրավունքի վրա, եւ ընդհանրապես հիմա չեն էլ փորձում խոսել Արցախ վերադարձի մասին»,- նշեց նա։

Վարդան Պողոսյանն ասաց, որ պատերազմից հետո, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակներով վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանին եւ Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա։

«Այսինքն՝ նույնիսկ պատերազմից հետո Մինսկի խմբի պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր իրականացման ամենաբարձր ձեւով՝ անջատման միջոցով, կիրառելի է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվ միայն Հայաստանի Հանրապետության ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա չի հիշատակվում։ Բոլորը, նույնիսկ միջազգային տարբեր կազմակերպություններ, առանձին պետություններ խոսում են այդ մասին, հենվում են այդ փաստաթղթերի վրա, բայց ՀՀ իշխանության համար դա որեւէ նշանակություն չունի։ Հետագայում, երբ Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի հիմնահարցի հետ կապված բոլոր բանակցային գործընթացների համար, ներառյալ արցախահայության վերադարձը Արցախ՝ միջազգային գործուն երաշխիքների ներքո»,- նշեց նա։

Ըստ Վարդան Պողոսյանի՝ սկսած 2007 թվականից, անջատման իրավունքն ուղղակիորեն ամրագրված էր Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից պատրաստված բոլոր փաստաթղթերում։ Այսինքն՝ բառացիորեն խոսքը գնում էր այն մասին, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր քաղաքական ճակատագիրը։ Իսկ քաղաքական ճակատագիրը որոշելու իրավունքն ինքնորոշման սկզբունքի միջուկն է։