Պատերազմներով անցած տղաները չեն կարողանում հաշտվել իրականության հետ

Արցախի Ասկերան քաղաքի բնակիչ, բոլորիս քաջածանոթ Վազգեն Հայրապետյանը ավելի քան 35 տարի զբաղվում է նույն գործով ու երբեք չի հոգնում․ ավելին՝ օրեցօր ավելի է սիրում իր գործը և աշխատանքի մեջ է կտրվում ցավոտ մտքերից, որոնք այսօր պարուրել է ողջ արցախահայությանը։ Թվում է՝ կատարում է պարզ աշխատանք, սակայն այդ գործը մեծ վարպետություն է պահանջում և ունի իր գաղտնիքները։

“Դզող-փչող” Վազգենն Ասկերանում ուներ ավտոսպասարկման իր արհեստանոցը, որի դռները երբեք չէին փակվում․ վերանորոգման ենթակա մեքենաների հոսքն անդադար էր։ Աշխատանքները կատարում էր կարճ ժամկետում՝ արագ և որակով։ Ինչպես վարորդներն էին ասում՝ կատարած աշխատանքի դիմաց խղճով էր գումար վերցնում։

Արցախից տեղահանվելուց հետո վարպետ Վազգենը Երևանի Չարբախ կոչվող տեղամասում վարձակալած արհեստանոցում է աշխատում մի խումբ արցախցի երիտասարդ վարպետների հետ։ Տարիքով ավագը երիտասարդներին ուղեցույց է և լավ խորհրդատու։

-Երբ եկանք Երևան, հասկացա, որ պետք զբաղվեմ իմ գործով, այլապես կընկնեի ծանր հոգեբանական ապրումների մեջ։ Հիմնականում շփվում եմ արցախցիների հետ, և թվում է՝ մի փոքր մեղմանում է ցավը, սակայն չի անցնում։ Մենք կորցրինք մեր երկիրը, մեր բոլոր արժեքները, հարազատների շիրիմները։ Տղա՝ներին եմ ափսոսում, որ արյուն թափեցին, ամենաթանկը կորցրին, իսկ մենք Արցախը պահել չկարողացանք։ 4 պատերազմ տեսավ արցախցին, դիմադրեց ու պատրաստ էր ամեն մի անձնազոհության, միայն թե Արցախը լիներ, ու ինքն այնտեղ ապրեր։ Անգամ լիակատար շրջափակումը չկոտրեց մեր ժողովրդին։

Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ մեզ համար։ Կրկին զոհեր տվեցինք, իսկ սեպտեմբերի 25-ը բազմապատկեց նրանց թիվը։ Ինչպե՞ս հաշտվել իրականության հետ, ինչպե՞ս նայել զոհվածների հարազատների աչքերին,- կիսվում է Վազգենը, ով անցել է Արցախյան պատերազմներով, իսկ վերջին ժամանակաշրջանում անդամակցում էր ԱՀ աշխարհազորին։ Սեպտեմբերի 19-ին աշխարհազորայինների հետ նա դիրքերում էր։

Երևանում արցախցիների արհեստանոցը միշտ ակտիվ եռուզերի մեջ է։ Բանիմաց վարպետը՝ իրենից ոչ պակաս հմուտ տղաների հետ, թափք է վերանորոգում, ներկում, լաքապատում, փայլեցնում։ Նա ցանկանում է, որ արցախցի վարպետների աշխատանքներն անթերի լինեն։ Իրար հետ զրուցելով՝ գործ են անում, Արցախը հիշում։ Արհեստանոցը հավաքատեղի էր ասկերանցի տղաների համար, որոնք ճակատագրի բերումով են ողջ մնացել։ Պատերազմներով անցած, մահվանն առերեսված տղաները չեն կարողանում կտրվել անցյալից, հաշտվել իրականության հետ։ Մինչև վերջին օրը դիրքերում էին։

-90-ականներին կարողացանք հաղթել թշնամուն, Արցախի անկախություն հռչակել և դնել պետականության հիմքերը, որովհետև միասնական էինք, ունեինք մեկ գաղափար ու հաղթական ոգի։ Ցավոք, ամեն ինչ կորավ, սակայն տարբեր ժամանակահատվածներում իրադարձություններ են փոխվում, և կարծում եմ՝ մեր վերադարձն Արցախ անպայման լինելու է։ Այդ հարցում բոլորս ունենք մեր անելիքը։ Մենք չենք կարող ապրել առանց մեր հող ու ջրի։ Ես իմ մինուճար դստեր համար լավ կյանք էի երազում Արցախում։ Իմ ընտանիքը՝ արցախցի բոլոր ընտանիքների նման, երջանիկ էր այնտեղ,- տուն վերադառնալու հավատը չի կորցնում զրուցակիցս։

Միաժամանակ, նա մտահոգվում է, որ ասկերանցիներն ապաստանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, հնարավորություն չունեն իրար հետ հաճախակի շփվելու, ինչը կօգներ միասին դիմակայելու այս ծանր փորձությանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ալիեւը տորպեդավորում է բանակցությունները, քանի որ վախենում է

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազատությանն ասել է, որ “Ադրբեջանը փորձում է պատրվակներ անընդհատ հորինել խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, և երբ թվում է, որ Հայաստանը հերթական կառուցող առաջարկով է հանդես գալիս, ընդ որում՝ բացառապես հիմնված իրավունքի միջազգային նորմերի վրա, Ադրբեջանը, ըստ էության, կա՛մ հերթական պահանջն է, անիրականանալի, ընդ որում, ներկայացնում, կա՛մ, օրինակ, նման հայտարարությամբ է հանդես գալիս: Եվ տպավորությունս, այո, այն է, որ Ադրբեջանը այս ամենը անում է պրոցեսը անընդհատ ձգձգելու և խաղաղության պայմանագիր չստորագրելու համար”:

Հիշեցնենք, որ Բաքուն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, եվրոպական դիտորդներին դուրս բերել, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, ասում է, որ Հայաստանը չպետք է զինվի։

Իր հերթին ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով Ալիեւի պահանջին՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, ասաց. «Դա նշանակում է, որ Ալիեւը մինչեւ հիմա վախենում է, որ մի օր շրջադարձ տեղի կունենա եւ նորից ամեն ինչ կվերադառնա այն ժամանակները, երբ 16 տարի շարունակ միջնորդներն ասում էին, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է խնդիրը լուծվի եւ բոլոր միջազգային կազմակերպությունները դա կրկնում էին: Իրեն մնում էր միայն դժգոհել, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են, որ Արցախը ճանաչի»:

Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցը փակ չէ եւ երբեք չի կարող փակ լինել, քանի դեռ Արցախը անկախ չէ:

Ի պաշտպանություն Առուշ Առուշանյանի հավաքվել էին քաղաքացիներ, այդ թվում՝ արցախցիներ

Step1.am-ի աղբյուրը Գորիսից հայտնում է, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանին աջակցելու համար դատարանի շենքի դիմաց էին հավաքվել քաղաքային և գյուղական համայնքների բնակիչները։ Դատավարությունը սկսվել է ժամը 14-ին:

Արցախցիները եւս հրապարակ են դուրս եկել ի պաշտպանություն քաղաքապետի. նրանք պնդում են, որ Գորիսն իրենց խնամքով ու ըմբռնումով է ընդունել 2023 թվականի սեպտեմբերին։ Եւ Գորիս համայնքում ապրելով Առուշանյանի մասին միայն լավ բաներ կարող են ասել։

Գորիսի բնակչուհի Նունե Վ.-ի խոսքով՝ դատարանը Առուշանյանին մեղադրում է ընտրական ընթացակարգը խախտելու մեջ։ «Մենք ենք ընտրելենք նրան։ Ինչպե՞ս կարող եք վիճարկել ժողովրդի ընտրությունը»:

Դատական ​​նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 15-ը։

Պոլտավայում ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով 41 հոգի զոհվել է

Ռուսական ուժերի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավայում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 180-ը վիրավորվել են։ Այսօր այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հրապարակած տեսանյութում։

Նա մանրամասնել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է կրթական հաստատության՝ կապի ինստիտուտի մասնաշենքին և մոտակա հիվանդանոցին։ Փլատակների տակ մարդիկ կան։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր սա Ռուսաստանի ամենամահաբեր հարվածներից մեկն է Ուկրաինային։

Խաչատրյան․ Փաշինյանը պարզ գործարք առաջակեց Ադրբեջանին

Փաստաթղթով պետք է ամրագրվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծի ճշգրտումը բացարձակապես չի կարող վերաբերել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորմանը, Արցախի Հանրապետության տարածքին եւ ուրվագծին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որի տեքստը հրապարակվել է երեկ։

Նա ասաց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ փաստաթղթում հղում կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին։ «Ալմա-Աթայի հռչակագրում, ինչքան էլ ՔՊ-ականները պնդում են, բայց որեւէ հղում չկա վարչական սահմաններին։ Եթե դուք հղում եք կատարում վարչական սահմանների վրա, ցույց տվեք՝ այդ տեքստում որտե՞ղ եք դուք տեսնում վարչական սահմաններ արտահայտությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանը վկայակոչում էր, որպեսզի իբրեւ թե ցույց տար, որ Սովետական միության փլուզման պահին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, որպեսզի Արցախի հարցն ի օգուտ իրեն լուծեր, որը, ի դեպ, մերժվեց թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու է Ադրբեջանը դեռեւս 2008 թվականից այդ թղթի կտորն առաջ մղում։ Իսկ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը տվել է իր խորհրդատվական կարծիքը, համաձայն որի՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ որեւէ ազգի կողմից անկախություն հռչակելուն, ինչն էլ արվել է Արցախի Հանրապետության կողմից»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ պարզ գործարք առաջակեց Ադրբեջանին՝ առաջարկելով ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որի վրա մեծ տառերով գրված կլինի «խաղաղություն»։

«Ասաց՝ դուք ուզո՞ւմ եք, որ ես Սահմանադրությունը փոխեմ, ես դա կփոխեմ 2027 թվականին։ Որպեսզի 2027 թվականին ես լինեմ դա ստորագրողը, պետք է մի բանով ինձ աջակցեք։ Այսինքն՝ Փաշինյանը առաջարկեց գործարք, Ադրբեջանը հավանաբար խաղադրույքները կբարձրացնի։ Եվ Փաշինյանն առաջիկայում նոր զիջումների մասին կհայտնի հանրությանը՝ դրանք փաթեթավորելով որպես ձեռքբերում»,- հավելեց Խաչատրյանը։

Օգոստոսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 3000 արցախցի

Օգոստոսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 3000 արցախցի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Ամսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ստացել ենք 4300-ից ավելի քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա՝ հավելելով, որ անչափահասները դիմում չեն ներկայացնում, ծնողների քաղաքացիություն ստանալուց հետո միանգամից դառնում են ՀՀ քաղաքացի։

Ղազարյանն ասաց, որ գործում է դյուրացված կարգ, «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր՝ մոտ չորս ամիս, բայց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում քաղաքացիության ստացման գործընթացը միջինում տեւում է երկու ամիս։

«Երկրորդ էական հանգամանքն այն է, որ մեր բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումնե, եւ դա էականորեն արագացնում է գործընթացը»,- հավելեց նա։

Արցախյան 50-ից ավելի կազմակերպությունների դիմումը Յան Բորգին․ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ միակ ձեւաչափն է

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություններ դիմում են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան ԲՈՐԳ-ին։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և իր ժողովրդի դեմ  Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման և այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ    արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման  և  բռնի     տեղահանման    բնորոշմանը։

Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո և ձեռք բերված արդյունքները ամրագրելու  նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը և դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

Ադրբեջանի նախագահը արդեն  չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով  լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլևս գոյություն չունի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները երկու տասնամյակների ընթացքում մեկ անգամ չեն հրապարակայնորեն նշել ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես  գործիք օգտագործելու անթույլատրելիության մասին։

Համաձայնվել ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին և կատարված փաստը (fait accompli) օրինականցնելու քաղաքանակությանը, նշանակում է ամբողջովին հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից և օրինականացնել միջազգային կոնվենցիաների կանխամտածված զանգվածային խախտումները, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և ուժի ոչ օրինական կիրառումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական  բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի  գործունեությունը։

Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին և նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ  վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել  մեր սկզբունքներից, համոզմունքներից և սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ  աքսորի մեջ, ոչ որևէ այլ ֆիզիկական և քաղաքական հանգամանքներում։

ԵԱՀԿ ընդունած որոշումների համաձայն Մինսկի խմբի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և կոնֆլիկտային հարաբերությունների հիմքերի վերացումը։ 1992 թվականին միջազգային հանրությունն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ  տարաձայնությունները՝ վիճարկելի ճանաչելով տվյալ տարածքը։ Նույն տարում Հայաստանը և Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունների առկայության  փաստը ընդունելու պայմանով և համաձայնությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խորհրդաժողովում։ Երկու պետությունները պարտավորություն ստանձնեցին հիմնախնդիրը  կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

Նույն, 1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

Սակայն, անդամակցելով  ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության  քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայաատյացությունը մշակվում և կիրառվում են  պետական բարձր մակարդակով։

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և  այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման  փորձերը որևէ իրական հիմք չունեն։

ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի  մարտի 24-ին ԵԱՀԽ  խորհրդի  Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։  Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող  ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել ևս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը հիշում է ԵԱՀԿ հովանու ներքո  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին իր ընտրած ներկայացուցիչների մասնակցության իրավունքի մասին և Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին է հասցնում իր պահանջները, մտահոգություններն ու առաջարկությունները։

Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և  հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են  տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ  քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի  պաշտպանությունը միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»։

 

Իրանի ԱԳՆ-ը կանչել է ՌԴ դեսպանին․ “Մեղրիի միջանցքը” անընդունելի է

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր տնօրենը հայտնել են Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության, հաղորդում է IRNA-ն:

Երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպումը նաև ընդգծեց տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, ըստ արտաքին քաղաքականության խմբի խոսնակ Մոջթաբա Դեմիրջիլուի:

Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նշել են հարգանքը ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի նկատմամբ, որոնք, ըստ նրանց, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։

Դեմիրչիլուն և Դեդովն ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը խնդիրների լուծման համար և նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը և տնտեսական ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Քննարկվել է նաև 3+3 խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպումը, որը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը դիտարկում է տարածաշրջանում անվտանգության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս աջակցեց Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջեւանը կապող միջանցքին:

Լավրովը «ողջ» է և խոստովանական ցուցմունք է տվել Արցախի մասին

Լավրովը, ում ասում էին, թե մահացել է, որոշել է մի քիչ էլ ապրել՝ ավարտին հասցնելու կիսատ գործերը, մասնավորապես՝ Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի իշխանության և ընդդիմության ձեռքով։

Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քաղաքական պայմանավորվածություն է. Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է սեպտեմբերի 2-ին։

«Ղարաբաղի խնդիրը լուծվեց 2022 թվականի վերջին Հայաստանի ղեկավարության կողմից, որը ստորագրեց համաձայնագիր Ադրբեջանի հետ Եվրամիության մասնակցությամբ՝ ճանաչելով 1991 թվականի սահմանները, որոնց շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Հիմա խոսքն այն մասին, թե ինչպես կարելի է դա ֆորմալացնել իրավական առումով, քանի որ սա քաղաքական համաձայնություն էր, և մենք այստեղ համագործակցում ենք Թուրքիայի հետ»,- ասել է Լավրովը։

Լավրովը ոչ մի խոսք չի ասել «հաղթանակած» Բաքվի պահանջի մասին՝ Հայաստանի Սահմանադրությունից հանել Հայաստանի անկախության հռչակագրի և 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշման մասին հղումը։ Բայց, ասելով, որ Հայաստանը միայն 2022 թվականին է «Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս», Լավրովը նշում է, որ մինչ այդ Արցախն այլ կարգավիճակ ուներ։  Իրականում, ունի մինչ հիմա։ Իսկ Արցախյան խնդրի «լուծված լինելու» մասին խոսում են միայն ռուսներն ու թուրքերը։

Լավրովը, խոստովանելով, որ Հայաստանի վերացման ծրագիրը զուտ ռուս-թուրքական նախագիծ է, չի ժխտում, որ Հայաստանի այդ որոշման “ֆորմալացման, ձեւակերպան” հարցը բարդ, եթե ոչ անհավանական։

Արցախի «պատկանելությունը» Ադրբեջանին «ձեւակերպելու» համար անհրաժեշտ է բառացիորեն սարեր շարժել։ Առաջին հերթին պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, ինչը նշանակում է վերացնել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ՝ անհրաժեշտ կլինի պաշտոնապես երկարաձգել ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը և այն լրացնել «արցախյան» մասով։ Երրորդ՝ հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի չեղարկմանը։ Չորրորդ՝ արգելել Հայաստանի «ռազմականացումը» Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի օգնությամբ։ Հենց այս պահանջներն է անհույս դնում Բաքում, օգնության կանչեկով ռուսներին եւ այլոց։

Դժվար թե Ռուսաստանն ու Թուրքիան կարողանան կոտրել այնպիսի հզոր իրավական դաշտը, որի վրա կառուցված է Հայաստանը՝ Արցախը ներառյալ։ Այս շրջանակը չեն կարող խախտել անգամ ռուսների արևմտյան մեղսակիցները՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսի կոնսենսուսին են մասնակցե եւ որոշում կայացվել Արցախի ֆիզիկական հանձնման մասին։

Այս շրջանակից դուրս այլ իրավական հիմքեր չկան։ Լավրովն, ի դեպ, միտումնավոր չի հիշատակում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որպեսզի Ռուսաստանին հանկարծ չներկայացնեն Ղրիմի ու Դոնբասի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ իրավունքները։ Ռուսաստանը Փաշինյանի և Ալիևի միջոցով այնպես է արել, որ Ալմա-Աթայի հռչակագրի գաղափարի “հեղինակը” լինի Եվրամիությունը, այլ ոչ թե Ռուսաստանը և Թուրքիան։

Արցախը «ձեւակերպելու» համար Լավրովն ու մյուսները պետք է կործանեն Հայաստանը։ Եվ հիմա բոլորը զբաղված են դրանով։

Արցախյան շարժումը սկսվեց Միացումով և կավարտվի միացումով, ուզենք թե չուզենք

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, մի շարք քաղաքական ուժեր, մասնավորապես ՀՅԴ-ն, Արցախի անկախության տոնի առթիվ կազմակերպել էին լայնածավալ միջոցառումներ։ Արցախի ղեկավարությունը, մասնավորապես Սամվել Շահրամանյանը, հայտարարեց, որ իրենց քաղաքականության առաջնահերթությունն այս պահին Արցախ վերադառնալն է։ Շահրամանյանն ասաց, որ Արցախի լուծարում չի եղել՝ դրանով իսկ ընդգծելով, որ անկախ Արցախը դեռ կա։

Ի տարբերություն Շահրամանյանի, Ալիևը և նրա ողջ վարչակազմը գիշեր-ցերեկ ասում են, որ Արցախը, ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի անբաժան մասն է։ Սա նշանակում է, որ Հայաստանի մի մասն այժմ օկուպացված է, իսկ վերադարձը հնարավոր է միայն դեօկուպացիայի դեպքում։

Արցախյան շարժումը սկսվեց «Միացումով» և կավարտվի «Միացումով»։

Վերադարձ. խոսքով, երգով

Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով ձեռնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին։ Միջոցառումը ընդգծում էր Արցախի պատմության, մշակույթի և ազգային ինքնության կարևորությունը։ Այս ձեռնարկը նպատակ ուներ հարգանքի տուրք մատուցել Արցախի հերոսներին և հիշեցնել Արցախի հիմնախնդիրների մասին։ Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ճանաչված գործիչներ, արվեստագետներ, ինչպես նաև ներկայացվեցին հատուկ ծրագրեր ու տեսահոլովակներ, որոնք ընդգծում էին Արցախի ժողովրդի պայքարը և վերապրումի ոգին։

«Վերադարձ» խորագիրը կրող ձեռնարկը խորհրդանշում է Արցախի Հանրապետության ժամանակավոր կորստի, բայց նաև անավարտ մարտի գաղափարը: Այն ընդգծում է միասնականության, համազգային ներուժի և վճռականության կարևորությունը Արցախի վերադարձի համար:

«Վերադարձ» ձեռնարկը կազմակերպվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի կողմից և ընդգծում է քաղաքական, մշակութային և մարդկային ասպեկտները:

Համոզմունք կա, որ միջազգային հարթակները օգտագործելով և ազգային միասնականության ճանապարհով, հնարավոր կլինի վերադարձնել Արցախը:

Տաթև Ազիզյան