Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին. ավարտական զեկույց

Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ասվում է հետաքննության ավարտական զեկույցում, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մայիսի 20-ին մահացած էին գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում։ Նրանք Իրան էին վերադառնում Ադրբեջանից։

Վահանս ու Կարենս երկնքից նայում են․ նրանք գիտեն, որ իրենց մայրը դեռ առաքելություն ունի

-Չգիտեմ՝ ինչպես եմ 11 ամիս առանց զավակներիս ապրում․ զարմանում եմ, որ չեմ խելագարվում։ Մտածում եմ՝ ապրելուս իմաստը որն է, ինչպե՞ս կարող է մայրը երկու որդիներին միանգամից կորցնել ու շարունակել ապրել։ Հետո հասկանում եմ․  չէ՞ որ պետք եմ նրանց երեխաներին,- չի կարողանում զսպել լացը Նաթելլա Մուսայելյանը, որի տղաները զոհ են դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունին։

Նաթելլան Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից է։ Ամբողջ կյանքում համագյուղացիների առաջին բուժօգնություն ցուցաբերողն էր․ տասնամյակներ շարունակ Խնձրիստանի բուժկետի վարիչն էր և անձնվիրաբար էր իրականացնում իր առաքելությունը։ Գիշեր, թե ցերեկ նա յուրաքանչյուրի կողքին էր՝ պատրաստ առաջին օգնությունը ցուցաբերելու։ Նրան երբեք չէր խանգարում իր առողջական բարդ վիճակը․ տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ։ Խնձրիստանցիները լավ գիտեին․ ինչ էլ լինի, Նատան միշտ կհասնի․․․ Բոլորին հասավ, բայց իր երեխաներին հասնել չկարողացավ․․․

-Կորցրի և՛ հայրենիքս, և՛ տղաներիս։ Սեպտեմբերի 25-ին գյուղում էինք։ Տղաներս՝ Վահանն ու Կարենը, գնացել էին վառելիք ձեռք բերելու։ Լսել էինք, որ Ստեփանակերտի մոտակայքում վառելիք են բաժանում։ Մարդիկ խուճապահար էին, յուրաքանչյուրն աշխատում էր ժամ առաջ դուրս գալ վտանգված Արցախից ու փրկվել։ Ինչքան էլ դաժան, բայց դա էր իրականությունը․ Արցախը հայաթափվում էր։

Հանկարծ գույժը հասավ գյուղ․ խոշոր պայթյուն է եղել, զոհերի թիվն անհամար է։ Այդ պահին հողը սկսեց փախչել ոտքերիս տակից, սիրտս կանգ էր առնում։ Չգիտեի՝ ինչ անել, տեղատարափ անձրևն ավելի էր մեծացնում խուճապը։ Մեր բարեկամներից մեկի մեքենայով հասանք Ստեփանակերտ՝ գյուղում թողնելով տղայիս մեքենան, որի մեջ նախօրոք տեղավորել էինք մեր անհրաժեշտ իրերը։ Ամեն ինչ թողեցինք և ընդամենը փաստաթղթերը վերցնելով՝ դուրս եկանք գյուղից։ Հարսներիս հետ 5 օր շարունակ փնտրում էինք տղաներիս, շրջում բոլոր հիվանդանոցներով։ Նրանց անունները չկային ո՛չ զոհվածների և ոչ էլ վիրավորների ցուցակներում։

Սեպտեմբերի 29-ին մեզ ասացին՝ Արցախում մնալը վտանգավոր է, տղաներին պետք է փնտրել Հայաստանում։ Հաջորդ օրը վերջին ավտոբուսով դուրս եկանք Արցախից։ Բառերով չեմ կարող նկարագրել այն իրավիճակը, որ տիրում էր ողջ ճանապարհին։ Բոլորի համար էր ծանր դժոխային այդ ճանապարհը։ Հայրենիքը մնում էր հետևում, սակայն, երբ դրան գումարվում է մարդկային կյանքերի կորուստը, ապա ցավը դառնում է անասելի ծանր։

Երբ հասանք Երևան, նորից սկսեցինք փնտրել տղաներիս։ Սրտի դողով նույնականացման համար ԴՆԹ հետազոտության թեստ հանձնեցի, հոգուս խորքում հույս ունենալով, որ այն բացասական կլինի, և տղաներս հրաշքով ողջ կլինեն։ Ախր մենակ ու մեծ դժվարությամբ էի երեխաներիս մեծացրել, մի՞թե Աստված չի խղճա ինձ․․․Սակայն հրաշք տեղի չունեցավ․ նոյեմբերի 10-ին մեզ տեղեկացրին, որ պարզվել է երեխաներիս ինքնությունը։

2 օր հետո կազմակերպեցինք որդիներիս հուղարկավորությունը։ Աշխարհում չկա ավելի մեծ ցավ, քան մոր ձեռքերով երեխաներին հողին հանձնելու դաժան ցավը։ Ոչ մեկին չեմ ցանկանում այդպիսի ճակատագիր։ Թող ոչ մի մայր այլևս արցունք չտեսնի,-ասում է տիկին Նաթելլան։

Որդեկորույս մայրը աշխատում է դիմանալ բոլոր ցավերին։ Զավակների ու Հայրենիքի կորստին ավելացել է նաև ֆիզիկական ցավը։ 4-րդ աստիճանի կոքսարթրոզ հիվանդությամբ տառապող Նաթելլան օրերս ծանր վիրահատություն է տարել։ Այլևս հնարավոր չէր սպասել, հիվանդությունը տանջում էր նրան։ Միաժամանակ, չէր ցանկանում հարսների համար ծանրություն դառնալ՝ մնալով հաշմանդամության սայլակին։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ կկարողանա՞ արդյոք լրիվությամբ վերականգնվել՝ գիտի միայն Աստված։

-Շատ ծանր վիրահատություն տարա, չգիտեմ՝ ինչ ընթացք կստանա, սակայն մի բան գիտեմ՝ ես պետք եմ թոռնիկներիս։ Վահանիս երկրորդ երեխան ծնվել է հոր մահից հետո՝ ապրիլին։ Այս բարդ ու դաժան աշխարհից անտեղյակ Էմիլի թոռնիկս ընդամենը 4 ամսական է։ Հանուն նրա ու մյուս թոռնիկներիս՝ Նատալիի և Արթուրի, պետք է ուժ հավաքեմ, որ կարողանամ հարսներիս կողքին լինել, որոնք ինձ համար ոչ թե հարսներ են, այլ հարազատ դուստրեր են դարձել։ Սիրտս մղկտում է, որ նրանք այրիացել են այդքան երիտասարդ տարիքում ու պետք է մենակ մեծացնեն երեխաներին։ Ո՛չ, ես չեմ կարող հուսախաբ անել իմ զավակներին։ Վահանս ու Կարենս երկնքից նայում են։ Նրանք գիտեն, որ իրենց մայրը դեռ առաքելություն ունի անելու,- արտասվում է որդեկորույս մայրը․․․

Նաթելլա Մուսայելյանը, որ տարիներ շարունակ հայրենի Խնձրիստանի բնակչության առաջին օգնությունն էր, այսօր ինքն է զգում օգնության կարիք։ Բարդ վիրահատությունից հետո ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել առանց տղամարդու ուժի մնացած նրա ընտանիքը։ Ո՞վ գիտի, գուցե կգնտնվեն մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ուկրաինան ամբողջ պատերազմի ընթացքում Ռուսաստանին հարվածելու նոր ռեկորդ է սահմանել

Սեպտեմբերի 1-ի գիշերը ռուսական շրջանների վրա հարվածային անօդաչու սարքերի հարձակումը դարձել է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր օդային հարձակումը։ Կիևը երբեք նման քանակի անօդաչու թռչող սարքեր չի արձակել Ռուսաստանի Դաշնությունում։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 158 անօդաչու գրոհել են շրջանները։ Թեկուզ գործարկված անօդաչուների ընդհանուր թիվը կարող է էլ ավելի մեծ լինել, ըստ տարածաշրջանային իշխանությունների հաղորդագրությունների:

Մինչ այս մայիսին արձակված անօդաչուների քանակով ամենամեծ հարձակումն Ուկրաինան իրականացրել է մայիսին, երբ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 108 անօդաչու թռչող սարքերի մասին։ Ավելին, հարձակումը շատ հաջող է անցել՝ դատելով տեսողական հսկողությունից։

Սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Գրոհային անօդաչու թռչող սարքերի հարձակում է գրանցվել Տվերի և Մոսկվայի մարզերի երկու նահանգային շրջանային էլեկտրակայաններում (պետական ​​տարածաշրջանային էլեկտրակայաններ):

Անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի 15 շրջանների վրա, ասվում է Ռուսաստանի իշխանությունների հայտարարության մեջ։

Առավել մանրամասն՝ «Dialog.UA» կայքում

«Գութան» փառատոնը նշում է իր 10-րդ հոբելյանը

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը մեծ հպարտությամբ ներկայացնում է «Գութան» 2024 փառատոնը, որը նշում է իր 10-րդ հոբելյանը:

Հայ ազգային և ավանդական երգի ու պարի ամենամյա այս փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 31-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում, Կասկադում, ժամը 19:00-ին:

Այս տարի փառատոնի մասնակիցներն են՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մարաթուկցիներ», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», Արցախի «Մենք ենք մեր սարերը», «Արդվին», «Տավրոս», «Տարոնցիներ», «Արեգ», «Գորանի», «Սեբաստացիներ», «Ծիլք» և «Ծովակ» համույթները:

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ազգային երգի ու պարի լավագույն կատարումները։ Հոբելյանական 10-րդ տարեդարձի առթիվ մեծ ու շքեղ փառատոնը համախմբեց ազգի բոլոր սերունդներին՝ միասնաբար նշելու մեր ազգային մշակութային արժեքները:

Տաթեւ Ազիզյան

Կարիր խաչին մեղադրում էինք, իսկ ռուս “փրկիչներին” ու սեփական կառավարությանը կերակրում

Շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի ««Մենք չէինք կարողանում պատշատճ աշխատել». ինչպես է Ադրբեջանը խոչընդոտել Կարմիր խաչի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ» OCCRP-ում հրապարակված հոդվածը բուռն արձագանք է առաջացրել X տիրույթում:

Ծավալուն հոդվածում նշվում է, թե ինչպես է Ադրբեջանը Արցախի շրջափակման ժամանակ, բնակչությանը սովի մատնվել, խոչընդոտել դեղորայքի եւ սննդի ներկրմանը: Ինչեւէ, ով շրջափակման ժամանակ Արցախում է եղել, տեսել եւ իր մաշկի վրա զգացել է այս ամենը:

Ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար շրջափակումից դուրս գալու եւ բժշկական օգնություն ստանալու միակ հույսը ԿԽՄԿ-ի սպիտակ Toyota-ների շարասյուններից մեկում նստելն էր։ Հաագայի միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» անկլավից Հայաստան տանող միակ ճանապարհով, սակայն, ըստ OCCRP-ի, իրականում ԿԽՄԿ-ի հնարավորությունները խիստ սահմանափակ էին, նշվում է հոդվածում:

Ադրբեջանի արձագանքը պարզ է եւ տրամաբանական ինչպես միշտ: Նրանք արդեն պատասխան հոդված են գրել, մեղադրել լրագրողին իր հայամետ լինելու եւ Ադրբեջանի դեմ աշխատելու համար եւ այլն…

Բայց մենք մեր դարդից խոսենք:

Ստեփանակերտում ես բնակվում էի հենց Կարմիր Խաչի գրասենյակի հարեւանությամբ: Ես հիշում եմ ԿԽՄԿ-ից ստացած կապոցը դեռ առաջին ղարաբաղյան պատերազմից: Այն կոկիկ դասավորված արկղ էր` լի մթերքնելով ու մի հինգ լիտրանոց ձեթի սպիտակ տարա, որով մենք հետո գյուղի աղբրուց ջուր էինք տուն տանում: Գյուղում բոլորն ունեին այս տարայից: Ինձ համար հաճելի էր տեսնել նրանց կազմակերպված աշխատանքը, հաճելի էր տեսնել, թե ինչպես են ճիշտ ժամանակին գործի գալիս-գնում, հաճելի էր տեսնել, որ նաեւ տեղացիներ են այնտեղ աշխատում, հաճելի էր տեսնել դրսի աշխահի ներկայաությունն այնտեղ: Գիտեք, Ադրբեջանը միշտ խոչընդոտել է միջազգային կազմակերպությունների, դոնորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

2020 պատերազմի ժամանակ իրենց հարազատներին կորցրած մարդիկ ջարդել էին ԿԽՄԿ գրասենյակի ցուցատախտակը. «հետ բերեք մեր հարազատներին ադրբեջանական գերությունից…»:

Մենք կարող ենք հենց հիմա էլ ԿԽ դրոշն իջեցնել, փակել գրասենյակը եւ հեռանալ: Կազմակերպությունն անում է ամեն հնարավորը` ինչ իր լիազորությունների շրջանում է, դուք այդ հարցերով ձեր կառավարաությանը պետք է դիմեք, – ասում-հանգստացնում էր ԿԽ ներկայացուցիչը գրասենյակի դարպասների մոտ կանգնած զայրացած մարդկանց:

Սակայն տեղացիները ոչ միայն կառավարություն չեն գնացել, այլ դարձյալ ջարդել են ԿԽ գրասենյակի ցուցատախտակը, այս անգամ շրջափակման ժամանակ, երբ Վագիֆ Խաչատրյանին առեւանգել էին Հակարիի անցակետում: Ավելին, կառավարության ղեկավարն էր եկել ԿԽ գրասենյակ եւ մեղադրել ԿԽ, որ չի կարողանում երաշխավորել արցախցիների անվտանգությունը։

Դուք, որեւէ մեկդ ի վիճակի չեք եւ ունակ չեք երաշխավորել Արցախում որեւէ մեկի անվտանգությունը: Մենք ուզում ենք ասել, որ դուք անկարող եք եւ մենք այդ անկորողության մասին պարտավոր ենք հայտարարել, – 2023թ. հուլիսի 29-ին Ստեփանակերտի ԿԽ գրասենյակի դիմաց ասել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Բայց միթե՞ ԿԽ Արցախի անվտանգությունն ապահովելու պարտավորություն է ստաձնել…

Ականատեսները պատմում են, որ ԿԽ ներկայացուցիչները դիմադրել, փորձել են արգելել ադրբեջանցի զինվորներին, երբ նրանք առեւանգում էին Վագիֆ Խաչատրյանին, փորձում էին դա թույլ չտալ գոնե:

ԿԽ գրասենյակի դիմաց ստացվում էր բողոքել, բարձրաձայնել, մեղադրել, բայց ով «անվտանգությություն» երաշխավորելու համար էր Արցախ եկել, նրանց բան չկար ասելու: Ռուսները կարողանում էին սոված քաղաքում քառապատիկ թանկ մթերքներ վաճառել, հետո большое спасибо լսել: Ուղղաթիռի տոմսը` $2000, եթե ցանկանաք Երեւան թռչել, 400.000 դրամ, եթե ցանկանաք բեռնատարով ապրանքներ ներկրել… Մի խոսքով, գներն ու պայմանները բոլորին հայտնի էր:

Պատմում են նաեւ, որ ի տարբերություն ԿԽ աշխատակիցների, «խաղաղապահները» ոտքերն ուսերի լայնությամբ բացած նայում էին «շոուն», թե ինչպես են ադրբեջանցի զինվորները իրենց մեքենայից առեւանգում հայ երիտասարդներին, զենքով խփում նրանց գլխին եւ տանում Բաքվի բանտ:

Կհիշեք Եվրատեսիլից եկաող երեխաներին, երբ մի աղջիկ ուշաթափվել էր «անվտանգության երաշխավորների» Урал-ում (դե ի՞նչ, այլեւս միայն Урал-ով դեպի Երեւան):

Ահա ասիական աչքերով մի «անվտանգության երաշխավոր» մենակ նստած Ստեփանակերտի միակ բաց սննդի կետում` խժռում է վերջին աղցանները: Դե ոչինչ, հյուր է, – արդարացնում է կասայի աղջիկը: Իվանյանի (Խոջալու) արեւից դեմքերը կարմրած սպաները հինգ շիշ Մադաթով են գնում` աշխույժ զրուցում ռուսական մատով: Ռուսական դրախտ, միայն ալկոհոլ է մնացել խանութներում:

Լավ է ապրել ֆիզիկական մի տարածքում, աշխարհից կտրված, մի ճանապարհ ունենանալ դեպի Երեւան, տարին մի անգամ գնալ-գալ, հատկապես, որ մթերքը բերում են, նախարարությունները կան, պառլամենտ, նախագահական, բոլորն աշխատում են, աշխատավարձ ստանում: Անհոգ ապրեք, լոխ լյավա, էս հարցը գերտերություններն են որոշում` մեկ է:

Մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես էլ չէի սպասում այսպիսի ողբերգական ավարտին: Հիմա նայում եմ, թե ինչպես են իմ հարազատներիս տները ուսանողական դորմեր դարձնում ադրբեջանցիները (թող ներվի օրինակը, բայց ղարաբաղյան ասույթն է հիշեցնում. էշին ըրած, ծիին կերած), համալսարանը «վերանորոգում», Հեքիմյանի հնգհարկերից մարդկանց տեղաշորը պատուհաններից բակ նետում, ջարդում մանկական սայլակներն ու հեծանիվները, սելֆիներ ու պար Տատիկ-Պապիկի մոտ, կապույտ ստադիոն ու Խանքենդի՝ մի խոսքով…

Այսպես երեսուն տարի ապրեցինք` առանց հասկանալու եւ զգալու հասունացող վտանգը: Բոլորին մեղադրացինք, իսկ մենք մեզ մեղադրել չե՞նք ուզում, թե Կարմիր Խաչին մեղադրելն ավելի հեշտ է․․․

Հումանիտար կազմակերպություն է, ըմբռնումով կմոտենան:

Մարութ Վանյան

 

 

Ինչո՞ւ է Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում «տարածքային պահանջ»

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, Փաշինյանը երեկվա ասուլիսի ժամանակ պատասխանեց.

«Ընդհանրապես, խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձեւաչափի գոյությունն իրոք, կարծում եմ՝ կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Որեւէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել, հարց է, թե արդյոք արդյունավետ եւ ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք: Ադրբեջանն, օրինակ, ասում է՝ եթե Հայաստանը հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչո՞ւ է Բաքուն Մինսկի խումբը համարում վտանգ սեփական «տարածքների» նկատմամբ։ Բայց առանց բացատրության էլ ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբ ստեղծելով, հաստատել է, որ չի ճանաչում Արցախը ադրբեջանի մաս։ Հակառակ դեպքում ՄԽ-ն, ինչպես այլ կոնֆլիկտների դեպքում, առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։

Այնինչ Մինսկի խմբի նպատակն է՝ պատրաստել համաժողով, որտեղ կհաստատվի Արցախի կարգավիճակը։ Ընդ որում, այդ կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները՝ հանրաքվեի միջոցով։ Եւ ՄԽ մանդատում ոչինչ առ այսօր չի փոխվել։

Նույնիսկ հիմա, երբ Արցախի տարածքը օկուպացված է, իսկ արցախցիները Հայաստանում են, Մինսկի խումբը գոյություն ունի, եւ բացի Բաքվից եւ Մոսկվայից ոչ ոք չի պահանջում լուծարել այն։ Կասպշիկը դեռ աշխատավարձ է ստանում, իսկ Ստեփանակերտի ՆԳՆ գրասենյակի փակման մասին հրապարակավ չի հայտարարվել։

Փաշինյանի կառավարությունը, անտեսելով այս միջազգային միակ լեգիտիմ ձեւաչաձը, չի պահանջում բանակցությունները վերադարձնել այդ ֆորմատ եւ չի դիմում ՄԱԿ կամ ԵԱՀԿ, պահանջելով “խաղաղության” ռազմական երաշխիքներ։ Փաստորեն, Փաշինյանը նույնիսկ չի բացառում, որ կարող է Մինսկի խումբը լուծարվել, եթե «խաղաղություն» կնքվի, քանի որ նրա առաջարկած «խաղաղության» հիմքում Հայաստանի եւ Արցախի անջատումն է։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա դեմ լինի, պետք է լուծարել այն։

Ստեփանակերտի այս լուսանկարները տաս տարվա վաղեմության են

Լուսանկարները տաս տարվա վաղեմության են: Այս երեխաներն արդեն ավարտում են դպրոցը: Իրենց համալսարանում հիմա “ռեմոնտ է”:

Ինչպես հաճելի կլիներ այսօր նույնպես լսել առաջին զանգերը Ստեփանակերտում: Ձայները մեր ականջներում են:

Մարութ Վանյան

Մոսկվայում խոցված անօդաչու սարքը հրդեհ է առաջացրել

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի առանձին տեխնիկական սենյակում անօդաչու թռչող սարքի կործանումից հետո տեղական հրդեհ է բռնկվել։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր Telegram ալիքում։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը օպերատիվ ծառայությունների վրա հղումով գրել էր, որ հրդեհի մասին տեղեկությունից հետո հրշեջները գնացել են Կապոտնյա Մոսկվայի նավթավերամշակման գործարան։ Բռնկումը, ըստ գործակալության, 5-րդ աստիճանի էր։

Տվյալ անօդաչու թռչող սարքը դարձել է 11-րդը, որը խփվել է Մոսկվային մոտակայքում օրվա սկզբից։

Արցախը դե յուրե շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածք՝ օկուպացված Ադրբեջանի կողմից

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարո՛ն Պապյան, սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության օրը։ Վերջին շրջանում քննարկումները շատ են Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման շուրջ։ Արցախն անկախ է, թե՞ Հայաստանի մաս է։

-Մեզ համար Արցախը եւ դե յուրե, եւ դե ֆակտո բոլոր այս տասնամյակների ընթացքում եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Դե յուրե դա ամրագրված է եղել Սահմանադրության մաս կազմող Անկախության հռչակագրում, որը վերահաստատվել է բոլոր սահմանադրությունների ընդունման ժամանակ։ Դե ֆակտո դա հաստատվել է այն գործառույթներով, որ Արցախում ծնվածները ստացել են Հայաստանի քաղաքացիություն, որպես Հայաստանի քաղաքացի՝ բուժսպասարկում, կրթություն են ստացել Հայաստանում։ Այն, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ակնհայտ էր մեր զինվորականների ու նորակոչիների՝ Արցախի տարածքում ծառայելով։ Եվ դա առ այսօր ընդունվում է, որովհետեւ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի Հանրապետությունում ստանում են թոշակներ՝ առանց Հայաստանում աշխատելու։ Արախցիներն այստեղ թոշակ են ստանում, որովհետեւ Արցախը եղել է ՀՀ մաս։

-Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին, խոսքը հենց Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը Սահմանադրության նախաբանից հանելու մասին է։ Այդ պահանջը ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, կա՞ն այլ երկրներ, որոնք այդ պահանջը դնում են։

-Բաքվի այդ պահանջը՝ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին արված հղումը, նշանակում է, որ Բաքուն շատ լավ է հասկանում, որ քանի կա այդ հղումը, Արցախն իրավական տեսանկյունից ՀՀ մաս է՝ անկախ նրանից, որ Ադրբեջանն այսօր այն գրավել է։ Ես երբեւէ չեմ լսել ու չեմ տեսել, որ որեւէ այլ երկիր պահանջի Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխություն, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։

-Դա կարո՞ղ է նշանակել, որ մյուս երկրներն ընդունում են վերամիավորման փաստը։

-Այո՛, այդ երկրներն ընդունել են, որ Արցախը Հայաստանի մաս է։ Երբ Արցախում գրանցված անձը հայաստանյան անձնագրով եկել է եւ օտար երկրների դեսպանատներից ստացել է մուտքի արտոնագիր, եւ իրենց Երեւանում վիզա են տվել, նշանակում է՝ իրենք ընդունել են, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Հակառակ դեպքում կուղարկեին Բաքու՝ այնտեղից վիզա ստանալու, ինչպես Ղրիմում ռուսական անձնագրեր ստացածներին Մոսկվայում վիզա չէին տալիս եւ ուղարկում էին Կիեւ՝ ասելով,որ Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի մաս։ Հետեւաբար, այո, իրենց գործողություններով, ինչպես միջազգային իրավունքն է ասում, «լռելյայն ճանաչումով» իրենք ճանաչել են Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ։

-ԱԺԲ-ն եւ նաեւ այլ ուժեր, անհատներ խոսում են վերամիավորման որոշման կարեւորության ու ուժի մեջ լինելու մասին։ Բայց դրա իրագործման շուրջ հասարակությանը կոնսոլիդացնելու կոչեր կարծես չկան։ Երբեւէ փորձե՞լ եք մարդկանց կոնսոլիդացնել այդ հարցի շուրջ։

-Մենք տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով կոչ ենք արել, այդ թվում՝ Արցախում հանդիպում ենք ունեցել ժողովրդի հետ, բացատրել ենք, որ ի վնաս ձեզ է անկախ Արցախը։ Այո՛, վերնախավը շահում է, որովհետեւ անպատասխանատու կերպով կարող է մսխել ու ծախսել Հայաստանից եկած անհատույց պետական վարկը, որը տարեկան 100 մլն դոլարն անցնել է։ Հիմա, բնականաբար, մենք կոնսոլիդացիայի եւ այլ կոչեր չենք անում, ներկա փուլում մենք հանդես կգանք հայտարարությամբ։ Արցախը դե յուրե շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածք՝ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքներն օկուպացված են Թուրքիայի կողմից, բայց դրանով չեն դառնում Թուրքիայի տարածքներ։ Մենք ներկա փուլում իրավական տեսանկյունից Արցախն ՀՀ մաս համարելով՝ կարծում ենք, որ գործնականում այս փուլում պետք է լուծել արցախցիների՝ միջազգային հանրության անվտանգային հովանու ներքո ու ներկայությամբ Արցախ վերադառնալու հարցը։ Հետո կանդրադառնանք մնացած հարցերին։

Ռոզա Հովհաննիսյան