Արցախից դուրս կյանքս չեմ պատկերացրել

Թերևս, սա այն պաթոսային խոսքերից չեն, որոնց հաճախ ականջալուր ենք լինում։ Սա այն մարդու խոսքերն են, ով իր ողջ ապրուստն ու գործունեությունը կապել է Արցախի հետ։ Հարութ Մնացականյանը գիտակցելով դեռևս 2020-ից հետո ծննդավայրում ապրելու դժվարություններն ու մարտահրավերները, որոշել է ընտանիքի հետ շարունակել ապրել սեփական երկրում, ոչ միայն պարզապես ապրել, այլ տուն ու տնտեսություն ստեղծել՝ իր  ողջ ուժն ու կարողությունը ներդնելով ընկած վիճակից ոտքի կանգնելուն։

2020-ը շատ բան խլեց

Երբեք իմ կյանքն Արցախից դուրս չեմ պատկերացրել։ Արցախում ապրելն այն արժեքն ուներ, որ անձնապես իմ ընտանիքը, առանց չափազանցության, անընդմեջ պայքարել է։ Ավելի քան 300 տարի առաջվա իմ նախնիների գերեզմանաքարերի տեղը մեր պատմական Ավետարանոց գյուղում գիտեմ։ Գիտեմ իմ ընտանիքի պատմությունը, իմ ազգանվան առաջին կրողից սկսած մինչև հիմա։ Այդպիսին էր 25 տարի բանակում ծառայող իմ հոր, իմ ուսուցչուհի մայրիկի դաստիարակությունը։ Դա է պատճառը, որ ամբողջ կյանքս ես և հարազատ եղբայրս՝ Գուրգենը, նվիրել ենք Արցախի պաշտպանությանը դրա տարբեր դրսևորումներով՝ պատերազմում, թե առօրյայում։ 2020-ին եղբորս, մեր պատմական գյուղը, հայրենիքի մի զգալի մասը կորցնելուց հետո էլ կյանքս Արցախից դուրս չեմ պատկերացրել, ինչպես էլ հիմա չեմ պատկերացնում Հայաստանից դուրս ապրելը։

Դա այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է ներաշխարհս։ 2020-ին առաջիններից մեկն եմ ընտանիքս բերել Արցախ, նույնը խորհուրդ եմ տվել ընկերներիս։ Շատերը հարցնում էին՝ իսկ եթե նորի՞ց կրկնվի, եթե նորի՞ց պատերազմ լինի, ասում էի՝ հենց այդպես էլ լինելու է, բայց վախի մեջ չպետք է ապրենք, պետք է գիտակցենք ռիսկերը, դրան ընդառաջ կա՛մ գնանք, կա՛մ չգնանք։ Պատերազմից հետո տուն էի գնել և երբեք ճիշտ չեմ գտել վախի մեջ ապրելը, հետ նայելը ու մտածելը, թե ինչ կլինի։ Փորձել ենք մեր կյանքը ստեղծել Արցախում։ 2020-ից հետո վստահ էի, որ պատերազմ լինելու է։ Տեսնելով հակառակորդի զինվելու, պատրաստվելու աստիճանը, բնականաբար, հասկանում էինք այդ ամենն ինչին է տանելու։ 2020-ից հետո ցանկացած պահի սպասում էինք, որ հնարավոր է և՛ ճանապարհը փակվի, և՛ ռազմական ագրեսիա լինի։ Փառք Աստծո, որ խաղաղ բնակչությունը կարողացավ անվնաս դուրս գալ։ Իհարկե, շատ մեծ դժվարություններ ենք կրել, բայց ամեն ինչ կարող էր ավելի դաժան լինել։

Անմահացավ նաև եղբայրս՝ Գուրգենը

2020-ի պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-Մատաղիս հատվածում էի։ Տեղանքը լավ էինք ճանաչում, այնտեղ էինք ծառայել, նաև մարտական խնդիրն էինք հասկանում, ու մեր ընկերների մեծ մասն այնտեղ էր։ Պատերազմի առաջին րոպեներին դեռ  կապ կար։ Ընկերոջիցս՝ Նարեկ Հովհաննիսյանից, ով անմահացել է և Արցախի հերոսի կոչմանն է արժանացել, կապ ենք ստանում, որ օգնության կարիք ունեն։ Մի խումբ մարդկանցով մեկնում ենք «Եղնիկներ»՝ նրանց օգնելու։ Զորամասի հրամանատարի ցուցումով հատուկ խումբ է ստեղծվել, որն իրականացնում էր և՛ դիվերսիոն առաջադրանքներ, և՛ հետախուզական գործողություններ։ Հոկտեմբերի 28-ին՝ Մռովի օպերացիայից հետո, տեղափոխվում ենք Քարին տակի հատված։ Ավելի վաղ էինք ուզում այնտեղ գնալ՝ հասկանալով, որ մեր գյուղ Ավետարանոցը գրավելուց հետո հակառակորդի նպատակն ավելի խորը գնալն ու Շուշին գրավելն է՝ պատերազմի ելքը դրանով որոշելով։ Տեղափոխվում ենք այնտեղ՝ ճանապարհին վերցնելով մեր այլ ընկերների, որ մեզ օգնեն։ Նրանց մեջ էր հարազատ եղբայրս՝ Գուրգեն Մնացականյանը, ով այնուհետև Քարին տակի պաշտպանության ժամանակ իմ ձեռքերի մեջ անմահանում է։ Շուշիի պաշտպանության ժամանակ մենք կորցնում ենք մեր խմբի հրամանատարին՝ Նարեկ Հովհաննիսյանին, նաև Թովմաս Թովմասյանին,         իսկ Եղիշե Բոցինյանը  ծանր վիրավորում է ստանում․․․ Ծանր է գիտակցել, որ մեր հայրենիքն ենք կորցրել, որ պարտվել ենք։ Ցանկացած տղամարդու համար դա ծանր հարված է, ինձ համար՝ կրկնակի, եռակի, քառակի, քանի որ հարազատ եղբորս եմ կորցրել, բազմաթիվ շատ մոտ ընկերներ։ Ու այն գիտակցումը, որ 2020-ից հետո մենք նրանց գործը պիտի շարունակեինք, ինձ միշտ առաջ էր տանում։ Երբ ինձ ասում էին՝ տեսեք ինչքան մարդ չի մասնակցել պատերազմին, փախել են, ես ասում էի՝ ես էլ այն մարդկանց օրինակն ունեմ, ովքեր հակառակն են արել, ովքեր հույսի նշույլը մեր ազգի մեջ պահել են։

Նորամուծություններ բանակի համար

Մինչև 2020-ը ես դուրս էի եկել պետական ծառայությունից, բայց պատերազմը և դրա վատ արդյունքները պատճառ դարձան, որպեսզի մտափոխվեմ։ Նորից վերադարձա պետական ծառայության, ընդգրկված էի ռազմական արդյունաբերության ոլորտում, հետազոտական աշխատանքների իրականացման մեջ։ Երկու տարվա մեջ հասցրել ենք բավականաչափ նորամուծություններ անել բանակի համար։ Ցավոք, ժամանակը քիչ էր այդ ոլորտում լուրջ փոփոխություներ անելու համար։

Շրջափակումը սպասելի էր

Մինչև 2020-ը վառելիքի և սննդամթերքի առումով պատրաստվում էի, պատերազմից հետո՝ առավել ևս։ Կոնկրետ մեր ընտանիքի, ընկերների, երիտասարդական կազմակեպությունների մասշտաբով, բացի պետական համապատասխան պաշարների ստեղծման  ընդհանուր քաղաքականությունից, անձնական պաշարներ ունեինք, հատկապես խոսքս զինամթերքի պաշարների մասին է, որ Արցախի տարբեր հատվածներում պահվել էր։ Սպասվում էր, որ պատերազմ կլինի, կարճատև, բայց ոչ 1-2 օր, ինչպես եղավ։ Պատկերացնում էի, որ մի շաբաթ և ավել կտևի։ Արցախի խորքային հատվածներում զենքերի որոշակի պահեստներ էինք ստեղծել։ Ունեինք վառելիքի որոշակի պաշարներ, քանի որ սպասում էինք, որ կլինի շրջափակում։ Ցավոք, շրջապատում անհեռանկարային պահվածքը գերակշռում էր, դրա համար բոլոր պաշարներն արագ տեմպով մաշվում էին։ Այսինքն՝ եթե հարևանդ գիտի, որ վառելիքի պաշար ունես, ինքն էլ լուրջ խնդիր ունի, դու չես կարող մերժել նրա խնդրանքը։ Ինչքան էլ այդ պաշարները մեծ լինեին, միևնույն է, արագ վերջանում էին։

Սննդի առումով տնտեսածն ավելի շատ էր։ Անձամբ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ չեմ զբաղվել, բայց 2020-ից հետո մի քանի հեկտար հող էի գնել ու հարազատներս դրանով զբաղվում էին։ Դա է պատճառը, որ հատկապես հացի առումով շրջապատս, ինչքան հնարավոր էր, ապահովված էր։ Պետությունը բավականաչափ ներդրում էր արել, որպեսզի զարգանա ջերմոցային տնտեսությունը, և ես՝ ընկերներիս հետ, ջերմոցային տնտեսություններ էինք ստեղծել։ Դրա շնորհիվ դժվար օրերին գյուղատնտեսական մթերք ունեինք, որը, սակայն, Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր կար։ Փորձել ենք առավելս պատրաստված լինել, բայց, հավատացեք, որ երբ պահը հասնում է, ամեն ինչ էլի քիչ է լինում։

Երեխաներին «Նուտելա» էի խոստացել

Կարծես թե, այդ օրերին մանկություն էինք վերադարձել։ 90-ականներին մեծացած սերունդ ենք, հիշում էինք այդ դժվարությունները՝ առանց լույս, առանց ջուր, քաղցրավենիքը պակաս օրերը։ Որպես 3 երեխաների հայր՝ սուր էի զգում քաղցրավենիքի դեֆիցիտը։ Երբեք չէի պատկերացրել, որ կյանքում կգա մի պահ, երբ տուն վերադառնալով երեխաներս կասեն՝ «պապ, հինչ քաղցրավենիքը՞ս պերալ»։ Որ ես դրանից վատ կզգամ, քանի որ քաղցրավենիք չկար։ Բայց այդ օրերին մեր թաղի բնակիչները իրար մտերմացան։ Ով ինչ գտնում էր՝ կիսվում էր։ Հատկապես, եթե ալյուր էին գտնում, շենքի մուտքում վառարան էր դրված, բերում էին, հաց թխում, բաժանում երեխաներին։ Փոքրիկներին փորձում էինք հնարավորինս հեռու պահել այդ իրականությունից, որպեսզի այդ ամենն իր ծանր հետքը չթողնի։ Հիշում եմ, որ երեխաներին «Նուտելա» էի խոստացել։ Դա շրջափակման այն ժամանակահատվածն էր, երբ հնարավոր չէր արդեն գտնել դա ո՛չ ռուսների միջոցով, ո՛չ այլ ձևերով։ Մոտավոր պատկերացնում էի, թե ոնց պետք է լուծեմ այդ հարցը։ Մի տուփ կակաո ունեինք, պնդուկ և խտացրած կաթ։ Երբ երեխաները քնեցին, սկսեցի սարքել այդքան ցանկալի «Նուտելան»։  Երբ արդեն խոհանոցում տքնաջան պատրաստում էի այն՝ խառնելով բոլոր բաղադրիչները, աղջիկս ներս մտավ ու լացակումած ասաց՝ «պապա, «Նուտելան» առանց մեզ ը՞ս օտում»։ Դե արի ու համոզիր, որ նրանց համար ես սարքում (ծիծաղում է:- ԳԳ)։ Այդպիսի դեպքերը բացահայտում են, որ իրականում երջանկությունը պարզ բաների մեջ է։ Իրականում շատ բաներ մեզ էին պետք, երեխաներն ավելի հեշտ էին տանում այդ ամենը։

19-րդ օրը

2023-ի պատերազմն սկսվելուն պես ընտանիքս նկուղում էր։ Դեռևս 2020-ից հետո ընկերներիս օգնությամբ ձեռք էի բերել դիպուկահար հրացան։ Բավականաչափ ժամանակ էի հատկացնում մարզումներին։ Պատերազմն սկսելուն առաջին իսկ ժամերին մեկնել եմ դիրքեր՝ Շուշիի հատվածում ընկերներիս օգնելու։ Մեր տղաները մեծ հարված են իրենց վրա ընդունել, նաև շատ մեծ աշխատանք են հասցրել անել։ 2020-ի համեմատ համարում եմ, որ  այդ օրը քիչ բան ենք արել։ Բայց էլի փառք Աստծո, որ թույլ են տվել քաղաքացիական բնակչությանը դուրս գալ։

Հակված եմ դրականը տեսնելու

Հայաստան մտնելուն պես տեսանք, թե ինչպես են մարդիկ ճանապարհներին կանգնած ուտելիքով, բենզինով, տաք կերակուրներով մեզ դիմավորում։ Այլ բան ես չէի էլ սպասում։ Հայաստանում գտնվող ընկերներս կապվել էին ինձ հետ ու իրենց օգնությունն էին առաջարկում։ Բայց ես արդեն որոշակի գործողությունների պլան մշակել էի նման պարագայում։ Նաև ընկերս՝ Էդուարդ Վարդանյանը, ով հայրենիքի նվիրյալ զավակ է, հայտնի մարզիկ է, թույլ չտվեց տան հարցով մտահոգվել։ Տեղավորվեցինք Գառնիում գտնվող նրա տանը։ Համայնքի մի շարք հասարակական կազմակերպություններ, հարևաններ փորձում էին օգնության ձեռք  մեկնել։ Որոշ բացասական երևույթների հանդիպում ենք, բայց ընդհանրապես հակված եմ միշտ դրականը տեսնել և դրա վրա սևեռվել։

Հայ մարդը երբեք չպիտի հանձնվի, նույնիսկ այս ամենից հետո։ Պետք է հենց այսօր կառուցել վաղվա օրը, ու ոչ մի պահի չդադարել աշխատելուց։

 

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը այցելել է Եռաբլուր

Յան Պլեշինգերը՝ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը, այցելել է Եռաբլուր։

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։

Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր է այցելել Կիպրոսի պաշտպանության նախարարը։

“Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար”

Տեղահանված անձանց տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցությունը բավարար չէ նրանց հիմնական կարիքների համար, և այն ամբողջությամբ ուղղվում է միայն բնակվարձի վճարմանը։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում հայտնել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին։

«Եթե հաշվի առնենք, որ կան ընտանիքներ, որոնք ունեն մեկ կամ երկու անդամ, այդ գումարը նրանց համար բավարար չէ։ Նրանք ստիպված են ավելացնել սեփական միջոցներ՝ միայն բնակվարձը փակելու համար։ 40+10 հազար դրամը չի բավարարում այլ ծախսերը հոգալու համար և այս աջակցության արդյունքում նրանք կարողանում են միայն բնակվարձ վճարել, ինչը չի լուծում նրանց խնդիրները»,- նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով, կառավարության այս ծրագրով ոչ միայն աջակցություն է տրամադրվում տեղահանվածներին, այլ նաև անուղղակի աջակցություն է ուղղում տեղացի քաղաքացիներին, որոնք եկամուտ են ստանում՝ իրենց բնակարանները վարձով տալով։ Նա նաև մատնանշում է, որ 2025 թվականից սկսած աջակցության դադարեցումը կամ միայն խոցելի խմբերին ուղղումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել։

«Ձմռան կեսին աջակցությունը դադարեցնելը ծանր հետևանքներ կունենա տեղահանվածների համար։ Շատերը պարզապես չեն կարողանա ամբողջությամբ հոգալ բնակվարձը և կկանգնեն արտագաղթի կամ այլընտրանքային միջոցներ որոնելու խնդրի առաջ»,- ասում է Պետրոսյանը։

Նա առաջարկում է, որ կառավարությունը շարունակական աջակցություն տրամադրի՝ մինչև յուրաքանչյուր ընտանիք ապահովված լինի բնակելի տարածքով: Ըստ Պետրոսյանի, սա կնվազեցնի նաև արտագաղթը, քանի որ շատ տեղահանվածներ կնախընտրեն մնալ Հայաստանում, եթե ունենան լիարժեք կենսապայմաններ։

Պետրոսյանը նաև ընդգծում է, որ նախկինում ԱՀ կառավարությանը տրամադրվում էին միջպետական վարկեր, որոնց մի մասը կարող էր ուղղվել բնակարանաշինությանը: «Այս պահին ճիշտ ժամանակն է ուսումնասիրելու այդ միջոցների օգտագործումը և ծրագրելու բնակարանաշինության նոր ծրագրեր, որպեսզի տեղահանված ընտանիքները ստանան համապատասխան բնակմակերես»,- եզրափակում է նա։

Տաթև Ազիզյան

Արցախցիներին աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին է կայացել

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Խորհրդի անդամներ են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։
«Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է, և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս։
«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ-ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,- նշել է Արմեն Ղազարյանը։
Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիան “փոխարինում” է Ռուսաստանին Հայաստանում․ ընդունում-հանձնում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել որպես երկու հարևան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։

«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, «քանի որ երկու կողմերն էլ հանդես են գալիս խաղաղության օգտին»։

Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, X-ի իր էջում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղությանը։

Գորմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բլինքենը, թուրքական կողմը չի հաղորդում։ Աերիկյան կողմն էլ հանդիպման մասին դեռ չի հայտնել։

Ռուսաստանը չի արձագանքում Մոսկվայի միջնորդական ջանքերը Թուրքիայի ջանքերով փոխարինելու Հայաստանի «ցանկությանը» եւ Արեւմուտքի հորդորնրին։ Սա հուշում է, որ Մոսկվան իր ձեռքով է հանձնում Հայաստանը Թուրքիային, որպեսզի առաջիկա 100 տարում Հայաստանը շարունակի մնալ ռուս-թուրքական ճիրաններում։ «Ո՞վ է վերևից»՝ նշանակություն չունի։

Սա Նիկոլ Փաշինյանի «արևմտամետ» քաղաքականությունն է՝ ապահովել, որ Արևմուտքը ինքը փոխարինի Ռուսաստանը Թուրքիայով։ Ընդունում-հանձնումը վաղուց է սկսվել։

«Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների, ընկերների հետ են»․ Ֆրանսիայի դեսպան

«Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են», – X-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա նշել է, որ չորս տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։

Դեսպանը գրառմանը կից «Եռաբլուր»-ից լուսանկար է հրապարակել։

Արցախի մասին ֆիլմ “Օսկարի” է ներկայացրել ոչ թե Հայաստանը, այլ Հորդանանը

Հորդանանն «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար ընտրել է Հորդանանի հայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր հող» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Արցախի իր գյուղում, որը դաժան պատերազմի մեջ է։ Երբ նորից սկսվում է կոնֆլիկտը, Վրեժն ու իր ընտանիքը փախչում են՝  վերադառնալու իրենց ավերված հայրենիք այն բանից հետո, երբ իրենց ժողովուրդը պարտվում է պատերազմում։ Մինչ Վրեժը բախվում է դաժան նոր իրականությանը և պատրաստվում է ապագա մարտերին, նա պայքարում է իր հույսերի և տրավմայի ծանրության դեմ:

Ֆիլմը նյույորքահայ ռեժիսոր Հայրապետյանի դեբյուտն է և հաջորդում է HBO-ի համար նրա 40 րոպեանոց «We Are Not Done Yet» վավերագրականին, որն արժանացել է մի քանի մրցանակների:

Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայանա «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմով, որի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է։
Նշենք, որ ֆիլմերի նախնական ընտրության համար Հայկական ազգային կինոակադեմիային ներկայացվել էր 4 ֆիլմ` «Մեդալի հակառակ կողմը», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «1489», «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից»:
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» ֆիլմը չի ներկայացվելու «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Հիշեցնենք, որ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է կարևորագույն մրցանակների` «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI:

Հայաստանի կառավարությունը համաշխարհային հանրությանը հասկացրեց, որ մտադիր չէ անգամ քննարկել Արցախի խնդիրները

Արցախ, 19 սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Մարութ Վանյանի

ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայից Արցախի հանրության ակնկալիքները, ինչպես և սպասվում էր, չարդարացան։ Ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ադեկվատ չանդրադարձան այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը 2020-23 թվականներին ադրբեջան կոչված ահաբեկչական կազմավորման կրկնակի ագրեսիայի արդյունքում թե՛ Արցախի, թե՛ իր՝ Հայաստանի հանդեպ։ Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված Արցախի բնակչության ցեղասպանության ու զանգվածային տեղահանության մասին։

Բանտերում պահվող գերիների, այդ թվում՝ Արցախի 8 օրինական ընտրված բարձրաստիճան պաշտոնյաների մասին եւս խոսք չկար։

Խոսակցություն չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը ստեղծվել էր Արցախի քաղաքական կարգավիճակը ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա որոշելու համար։ Եվ դա չնայած այն բանին, որ Ալիևը Մինսկի խմբին համարում է արցախցիների իրավունքների «պաշտպան» և Հայաստանին հրավիրել է համատեղ հանդես գալ դրա վերացման համար։ Ավելին, ԵԱՀԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն ընդգծել է «խաղաղության պայմանագրի կնքման և կարճ ժամանակում այն ​​ստորագրելու ճանապարհին արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելուց հրաժարվելու կարևորությունը»։

Քանի որ «խաղաղության պայմանագրի» տեքստում ոչ մի խոսք չկա Արցախի, ցեղասպանության և նրա բնակչության տեղահանության մասին, կարելի է ենթադրել, որ Արցախի կարգավիճակը որոշելու Մինսկի խումբի մանդատն է «արհեստական ​​խոչընդոտը»։

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի շուրջ 50 հասարակական կազմակերպություններ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին՝ հիշեցնելով Մինսկի խմբի միակ օրինական մանդատը՝ լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդիրը ինքնորոշման իչավունքի և Արցախի ժողովրդի կամքի հիման վրա։

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգության իրավիճակին և գործընթացներին։ Արցախյան թեման Հարավային Կովկասում գործընթացների առանցքն է, քանի որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասը դադարեց նույնը լինել, և հենց Արցախի ժամանակավոր կորստից հետո էր ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը համառորեն տանում հայկական պետականության կործանմանը։

Ավաղ, Հայաստանի ներկայիս իշխանությունը հասկացրել է համաշխարհային հանրությանը, որ մտադիր չէ անգամ քննարկել Արցախի և նրա տեղահանված քաղաքացիների հետ կապված խնդիրները։

Հակառակ սրան, միջազգային դերակատարները պարբերաբար անդրադառնում են ցեղասպանության և Արցախի հայաթափման թեմային՝ մերժելով, որ Արցախի հիմնախնդիրը փակված է (ինչպես Ալիևն է անընդհատ հնչեցնում), որ արցախցիների իրավունքները, մասնավորապես ինքնորոշման և նախկին բնակության վայրեր վերադառնալու պետք է ապահովվեն։

Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանում ելույթ ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը։

«Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջման փորձերի նկատմամբ։ Հիշողությունը և պատմական ճշմարտության ճանաչումը ապագայի կերտման կարևորագույն գործոններն են»,- ասաց նա:

Կլոդ Վիսլերն անդրադարձել է նաեւ Արցախի կարգավիճակի հարցին. «2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ խստորեն դատապարտելով ռազմական գործողությունները, որոնք խախտում էին 1994 թվականի հրադադարը։ Խորհրդարանականները միաձայն դատապարտել են արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին Պատգամավորների պալատը հաստատեց իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է նախաձեռնել համապարփակ քաղաքական գործընթացներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը»,- նշել է նա։

«Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր է և պետք է ամբողջությամբ կատարվի ամենայն մանրամասնությամբ։ Մենք նաև պահանջում ենք Բաքվից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և տրամադրել համապարփակ տեղեկատվություն անհայտ կորածների մասին։ Արդարությունը և մարդկությունը պահանջում են անհապաղ ազատ արձակել այդ անձանց»,- ասել է Կլոդ Վիսլերը:

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ժամանակ սենատոր Բեն Քարդինն ասաց, որ Բաքվի և Երևանի միջև առաջիկա «խաղաղության պայմանագրում» ղարաբաղյան կարգավորման մասին հիշատակման բացակայությունը անհեթեթություն է։

«Որքան ես հասկանում եմ, նրանք նույնիսկ չեն խոսում Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանվածների մասին, նույնիսկ չեն խոսում սահմանային հարցերի մասին, այն տարածքների մասին, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի սա չի կարելի շատ արդար պայմանագիր համարել։ Սակայն, որքան հասկանում եմ, Հայաստանը ցանկանում է առաջ շարժվել, քանի որ սա միակ տարբերակն է՝ բացելու սահմանները և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար»,- ասաց Բեն Քարդինը։

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Սեպտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» խորագրով երրորդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արցախին և նրա բնակիչների իրավունքներին։

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ իրենց ցուցմունքներն են ներկայացրել 4 արցախցիներ, ովքեր ենթարկվել են ցեղասպանության և վտարվել իրենց նախնիների հողից, որոնց հարազատները զոհվել են պատերազմի ժամանակ։

Արցախի հայաթափման տարեդարձի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշում է գերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչը կարևոր է հակամարտության կարգավորման համար։

«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին՝ այս տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և տեւական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ներառի հայ խաղաղ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիների ապրուստը, ինչպես նաև տարածքում հայկական մշակութային և պատմական վայրերի պահպանումը»,- ասված է հայտարարության մեջ։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի` իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար»: Այս մասին ասված է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի՝ ամերիկահայ համայնքին ուղղված հայտարարության մեջ։

Իսկ Հայաստանի ամենամոտ հարեւան Թեհրանն ուղղակիորեն մատնանշում է Հայաստանի Հանրապետության պետականության վերացման ծրագրի նախագծողին ու կատարողին՝ Ռուսաստանին։

Որքան էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները փորձեն «փակել» Արցախի հարցը և արհամարհել նրա բռնի տեղահանված բնակիչների իրավունքները, հարցը դեռ բաց է և չի կարող փակվել, քանի որ դա կամրապնդի վիճելի հարցերի ռազմական ճանապարհով լուծելու իրավունքը։ Սա, իր հերթին, կհանգեցնի քաոսի ամբողջ մոլորակի վրա, որն արդեն կլանված է աղետալի, աներևակայելի դաժան պատերազմներով, որոնք խլում են միլիոնավոր խաղաղ բնակիչների կյանքը:

Ռուս-թուրք-ադրբեջանական հանցավոր եռյակին չի հաջողվի խեղդել Հայաստանին ու մոռացության մատնել Արցախը: ՀՀ գործող իշխանությունների հանցագործությունները դեռ կստանան իրենց քաղաքական ու իրավական գնահատականը։

Մարգարիտա Քարամյան

Եթե Սահմանադրությունը կհակասի “պայմանագրին”, կփոխենք Սահմանադրությունը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով

Խոսելով սահմանազատման մասին փաստաթուղթ ստորագրելու մասին, որւ հղում է անում Ալմաթիի 1991 հռչակագրին, Փաշինյանն ասել է․

«Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար»:

«Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին:

Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար:

Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:

Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում», ասել է նա։

Արամը կորցրել է հիշողությունը, բայց ոչ կյանքի հանդեպ հավատը

2020 թվականին Արամ Ասծատրյանը ժամկետային զինծառայող էր։ Ծառայել է Մարտունու զորամասերից մեկում։ Նա արդեն մեկուկես տարի ծառայել էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ Արամը ծանր վիրավորվել է ականանետի հարվածից, ինչի արդյունքում կորցրել է հիշողությունը։ Հիմա ոչինչ չի հիշում պատերազմի, 4-ամսյա կոմայի, հետագա վիրահատությունների, բուժման ժամանակահատվածի մասին։ Անցյալից նրա հիշողության մեջ մնացել է միայն վերականգնողական շրջանը։

Արամի բժիշկներն ու հարազատները համոզված են, որ նույնիսկ լավ է, որ նա չի հիշում այն ​​բոլոր սարսափները, որոնց միջով անցել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակով քայլելով՝ նայում էի զոհված տղաների լուսանկարներն ու փորձում հիշել զինընկերներիս»,- ասում է Արամը։

Հերթական մարտի ժամանակ Արամը, իմանալով երկու ընկերների վիրավորվելու մասին, ինքնակամ փորձել է նրանց դուրս բերել մարտադաշտից, մեկին կարողացել է փրկել, սակայն երկրորդի հետեւից վերադառնալով՝ ինքն էլ հայտնվել է ականանետային կրակի տակ։

«Դա տեղի է ունեցել Շեխեր և Կարմիր շուկա գյուղերի մոտ։ Արամին վիրավորվելուց միայն 40 րոպե անց են կարողացել շտապօգնության մեքենայով ուղարկել, բայց ներսում արդեն 7 վիրավոր է եղել, եւ նրա համար նոր մեքենա են կանչել. Ճանապարհին առաջին շտապօգնության մեքենան անօդաչուն ոչնչացրել է, ներսում բոլորը մահացել են»,- «Ապառաժ» թերթին ասել է Արամի հայրը։

Պատերազմի ժամանակ Արամի հետ հաճախ էին շփվում հարազատները, նրա տրամադրությունը միշտ բարձր էր ու մարտական։ «Վերջին անգամ մեզ հետ խոսել է հոկտեմբերի 27-ին, վիրավորվել է 28-ի առավոտյան, վնասվածքի մասին տեղեկացել ենք հոկտեմբերի 30-ի առավոտյան։ Տեղեկացանք, որ նրան տեղափոխել են Գիշիում գտնվող հիվանդանոց, այնտեղից Գորիս ու ինքնաթիռով տեղափոխել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- պատմում է հայրը։

Արամը գլխի թափանցող վերք է ստացել։ Բժիշկներն առանձնապես հույսեր չեն տվել՝ ասելով, որ ամեն ինչ Արամից է կախված։ Եվ հրաշք է թվում, որ 4 ամիս անց Արամը ուշքի է եկել։ Որից հետո նրան պետք է տեղափոխեին այլ հիվանդանոց՝ հետագա բուժման համար։

Հայրն ասում է, որ գիտակցության գալուց հետո իր առաջին խոսքերն են եղել. «Ու՞ր է զենքս, ո՞ւր են զենքերը»: Ասացին՝ պատերազմն ավարտվել է, դու հիվանդանոցում ես։

Հունիսի 19-ին Արամին ուղարկեցին Ռուսաստանի Դաշնություն՝ «Երեք քույր» վերականգնողական կենտրոն։

Այնտեղ Արամի վերականգնողական կուրս անցավ երկու շաբաթվա ընթացքում, հետո երկու անգամ վիրահատվեց ու սկսեց դանդաղ քայլել։ Խոսքը և քաշը աստիճանաբար վերադարձան նորմային:

2022 թվականի ապրիլին Արամն ինքնուրույն վերադառնում է Արցախ, որտեղ նշում է ծննդյան 21-ամյակը։ Արամը շատ լավ է հիշում այս տարեդարձը՝ ի տարբերություն նախորդի։

Արամը սպորտով էր զբաղվում և այնքան ուժեղ էր, որ նրան տվեցին «մոշնի» (հզոր) մականունը: Պատերազմն ու վնասվածքը փոխել են Արամի բնավորությունը, և նրա սիրելիներն ամեն ինչ անում են նրան հաճոյանալու համար։ Նա առաջին խմբի հաշմանդամություն ունի, բայց փորձում է վերադառնալ բնականոն կյանքին, ինքնուրույն զբոսնում է, հանդիպում ընկերների հետ։ Մինչ Արցախից արտաքսվելը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն այցելելը նրա առօրյայի անբաժան մասն էր։ Ցավալի է, երբ ասում են, որ դեռ բուժման կարիք ունեք: «Պետք է աշխատանք ճարեմ, հետո աղջիկ գտնեմ, և չնայած բոլոր դժվարություններին, ես դրան կձգտեմ»,- ասում է Արամը։

Արսեն Աղաջանյան

Բնակապահովման ծրագրին դիմել է 960 արցախցի, հավաստագիր է ստացել 30 ընտանիք

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար այսօրվա դրությամբ դիմել է ավելի քան 960 արցախցի։ Նրանցից բնակարանի գնման հավաստագիր է ստացել ընդամենը շուրջ 30 ընտանիք։ Այս մասին step1.am-ին տեղեկացրին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։

Տիկին Ղարագյոզյան, հունիս ամսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Նախարարության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիներն ակտիվություն չեն ցուցաբերում եւ չեն շտապում օգտվել այս ծրագրից։ Նախարարությունում վերլուծե՞լ եք իրավիճակը, կառավարության կանխատեսումներն արդարացվա՞ծ են, ո՞րն է այս իրավիճակի պատճառը։

-Այս պահին մեր կանխատեսումներն արդարացված չեն, իրավիճակը մտահոգիչ է։ Բայց մենք դիումների փոքր թիվը կապում ենք ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի հետ, որը մի փոքր երկար է տեւում՝ հաշվի առնելով հերթերը։ Մեկ-երկու ամիս տեւում է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Եթե հաշվի առնենք, որ ծրագրում պարտադիր պայման է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամներն ունենան ՀՀ քաղաքացիություն, դրանով պայմանավորված դիմումների թիվն այսքան փոքր է։ Ստացված դիմումների մեջ էլ շատ են մերժումները՝ հիմնականում ընտանիքի առնվազն մեկ անդամի քաղաքացիություն չունենալու հիմքով։ Բայց մենք լավատես ենք, որ մինչեւ տարեվերջ այս գործընթացն ավելի արագ առաջ կգնա, եւ գոնե մեկ-երկու ամիս առաջ քաղաքացիության համար դիմած շահառուներն արդեն կստանան քաղաքացիություն եւ կկարողանան դիմել ծրագրից օգտվելու համար։

Եթե ընտանիքը դիմում է նախարարություն, բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն, որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանան հավաստագիր ստանալ։

-Դիմելուց հետո հավաստագրի ստացման համար որոշմամբ սահմանված է 10 աշխատանքային օր, եթե ընտանիքի որեւէ անդամի տվյալներում չկան թերի տվյալներ։ Ուղղակի մենք ի սկզբեն սահմանել էինք, որ տեղեկատվության ստուգումը բացառապես ինքնաշխատ եղանակով պետք է արվեր, բայց կանգնեցինք խնդրի առաջ, որ առկա բազաները, հատկապես Արցախից ուղարկված բազաներն այնքան էլ ամբողջական չեն։ Եվ, օրինակ, գրանցված ամուսնության առկայության փաստի ստուգումն ինքնաշխատ եղանակով ուղղակի հնարավոր չէ, քանի որ թվային տեղեկատվություն չկա։ Եվ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում մենք ունեինք որոշման նախագիծ, ըստ որի՝ Միասնական սոցիալական ծառայությանը վերագրում ենք գործառույթ, այն է՝ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով հնարավոր չէ նույնականացնել, մենք կպահանջենք բնօրինակ փաստաթղթեր։ Եվ արդեն բնօրինակ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա մեխինիկական եղանակով կկայացվի որոշումը։ Եվ այն դիմումները, որոնք, ըստ ձեզ տրված վիճակագրության, ներկայացված են որպես ընթացիկ ու ստուգման ենթակա, դրանք արդեն շատ արագ կստանան կարգավիճակ։

-Կա՞ վիճակագրություն, թե հիմնականում որ մարզերում են արցախցիները ցանկանում բնակարաններ ձեռք բերել։

-Մենք հիմա այդ վիճակագրությունը չենք կարող ունենալ, որովհետեւ երբ տրամադրում ենք հավաստագիր, այնտեղ որեւէ սահմանափակում չենք դնում։ Եվ միայն հավաստագիրն իրացնելուց հետո մենք կունենանք այդ վիճակագրությունը, քանի որ դա բացառապես մեր շահառուների ցանկությունն է, որը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։ Այսինքն՝ իրենք կարող է հավաստագիրն ստանալիս մտածեին, որ ուզում են, օրինակ, Կոտայքում բնակարան ձեռք բերել, բայց հետո շատ հարմար տարբերակ տեսնեն Գեղարքունիքում եւ գնան այնտեղ։ Հնարավոր է, որ սկզբում մարդը ցանկացել է երեւանամերձ բնակավայրում գույք ձեռք բերել, բայց հավաստագիր ստանալուց հետո եւս մեկ անգամ վերլուծելու արդյունքում գտել է, որ շատ ավելի նպատակահարմար կլինի 242 բնակավայրերից որեւէ մեկում ձեռք բերել գույքը, որտեղ աջակցության չափն առավելագույնն է, եւ արդյունքում ունենալ շատ ավելի մեծ տարածքով բնակարան։ Մենք մեր հանրային իրազեկման արշավի ընթացքում փորձում ենք մարդկանց մատչելի ներկայացնել, որ այնպես չէ, որ 4 կամ 5 մլն աջակցության գումարով բնակավայրերը բոլորը սահմանամերձ են կամ գյուղեր են։ Մենք այդ թվում ունենք նաեւ քաղաքներ եւ ոչ սահմանամերձ, ընտրությունը կատարելուց առաջ պետք է երկար մտածել եւ լավ ուսումնասիրել այդ ցանկերը՝ տվյալ ընտանիքի համար առավել հարմար բնակավայր գտնելու համար։ Դրա համար մենք այս փուլում որեւէ սահմանափակում չենք դնում, մենք տրամադրում ենք հավաստագիր, որն իրենց հնարավորություն կտա մեկ անձի հաշվով եւ 3, եւ 4, եւ 5 մլն դրամ աջակցության շրջանակերում բնակարան ձեռք բերել։ Երբ արդեն հավաստագրերը կիրացվեն, եւ մենք բանկերից կստանանք տեղեկատվությունը, այն ժամանակ արդեն հնարավորություն կլինի ստանալ վիճակագրություն ըստ բնակավայրերի։

-Իսկ ունե՞ք վերլուծություն, ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահա՞նջն է պատճառը, որ արցացխիները խուսափում են օգտվել այս ծրագրից։ Մենք գիտենք, որ բռնի տեղահանված արցախցիների շրջանում կան մտահոգություններ, նրանցից շատերը չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ նախ համարում են, որ այսպես թե այնպես իրենք ՀՀ քաղաքացի են, երկրորդ, մարդիկ մտավախություն ունեն, որ այսպիսով փորձում են իրենց զրկել իրենց իրավունքներից։

-Այո, չգիտես ինչու, մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանալը կապում են Արցախի թեման վերջնականապես փակելու հետ, որն իրականության հետ աղերս չունի։ Ասում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ խաչ կքաշվի վերադարձի վրա, կմոռացվի Արցախ վերադարձի հարցը։ Բայց մենք պարբերաբար բոլորին հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը որեւէ կերպ կապ չունի նախկինում ունեցած քաղաքացիության չեղարկման կամ դրա վերաբերյալ տեղեկատվության ոչնչացման հետ։ Տեղեկատվությունը բնակչության պետական ռեգիստրում կա, լինելու է, եւ ցանկացած պահի, երբ որեւէ անձի տվյալներով որոնում կատարենք տվյալների շտեմարանում, երեւալու է, թե վերջինս իր կյանքի ընթացքում որ ժամանակահատվածում որ երկրի քաղաքացիություն է ունեցել։ Եվ դա ջնջման, ոչնչացման կամ չեղարկման ենթակա ինֆորմացիա չէ։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ եթե տվյալ երկրում պատրաստվում ենք ստանալ երկարաժամկետ կացություն, այն էլ պետության աջակցությամբ ձեռք բերված բնակարանում, պետք է գիտակցենք ինչպես մեր իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասին՝ որպես տվյալ երկրի քաղաքացի։

-Իսկ հնարավո՞ր է, որ այս ծրագիրը չեղարկվի կամ փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով այն, որ նախնական փուլում արդեն կարծես ձախողվում է։

-Չեղարկվել բառն ընդհանապես չօգտագործենք, որովհետեւ բացառվում է նման երեւույթ։ Եթե մենք սկսել ենք այս ծրագիրը, պետք է ամեն կերպ այն հասցնենք իր բարեհաջող ավարտին։ Այլ հարց է, որ եթե ժամանակի ընթացքում կարձանագրվեն խոչընդոտներ, որոնք իրապես խանգարում են ծրագրի արդյունավետությանը, ապա, այո, կքննարկվի ծրագրում բարեփոխումներ անելու հարցը։ Բայց այս պահին դեռեւս նման քննարկում չկա, որովհետեւ մենք դեռ սպասում ենք մեր շահառուների քաղաքացիության հարցի կարգավորմանը։ Սերտ համագործակցում ենք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե այնտեղ ինչ իրավիճակ է եւ զուգահեռներ ենք անցկացնում մեր ծրագրին դիմելիության հետ։ Եթե տարեվերջյան ցուցանիշներն ամփոփելուց հետո կրկին կարձանագրվի, որ մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, կառավարությունը միշտ պատրաստ է վերանայել դրույթները։

Ռոզա Հովհաննիսյան