ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց

Սահմանադրական դատարանը որոշեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Բարձր դատարանի դատավորները երեք օրում կայացրին այս որոշումը, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Լրատվական ծառայության փոխանցմամբ՝ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի բարձր դատարանի կայքէջում։

Առաջիկայում կառավարությունը կանոնակարգը կուղարկի խորհրդարան՝ ներպետական վավերացման։

«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշվում է, որ երկրի պետական սահմանը որոշվում է Միլլի Մեջլիսի որոշումներով։ Իսկ պետական սահմանների փոփոխությունը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով։

Միրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել

Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Սեպտեմբերի 27․ անվճար ծաղիկներ Եռաբլուրում

Ի հիշատակ զոհված հայորդիների՝  “Հայորդի” բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անվճար ծաղիկներ կբաժանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Ծաղիկներով վրանը կլինի “Զորաց” վահանակի հարևանությամբ։

“Պայթյունը խաչեց իմ ապագան, միայն ուրախ անցյալի հիշողությունն է ինձ ուժ տալիս շնչելու”

2023 թվականի սեպտեմբերի 19-ից արցախցիների հոգեհանգիստների շարքը սկսվեց։ Սկզբում հուղարկավորվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսները։ Հետո եղավ վառելիքի պահեստում պայթյուն, նորից հարյուրավոր զոհեր։ Այնուհետև նրանց հուղարկավորությունը, ովքեր չեն փրկվել տեղահանությունից կամ դրա հետևանքներից: 12 ամսվա ընթացքում հարազատներն ու ընկերները միմյանց հանդիպում էին հուղարկավորությունների ժամանակ, այցելելով գերեզմաններ և հուշահամալիրներ։

Այժմ ոգեկոչումների շարք է սկսվել՝ ողբերգությունների տարելիցի կապակցությամբ գերեզմանների այցելություններ և թաղումներ։

Ամալյան և Արմինեն իրենց հարազատների հետ այսօր Եռաբլուրում են։ Մեկ տարի առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորել է նրանց եղբայրն ու զոհվել է Արմինեի ամուսինը։ Նրանք ամուսնացած էին ընդամենը 11 ամիս։

Քույրերը հիշում են, որ տեղահանության լուրն իմացել են սեպտեմբերի 24-ի երեկոյան, եւ ինչպես բոլոր արցախցիները ստիպված հավաքում էին ճամպրուկները հայրենիքից հեռանալու համար: Սակայն տեղեկացրել էին, որ գրավ դրված ոսկիները բանկերը հետ են վերադարձվելու, ուստի որոշեցինք մեկ օր մնալ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, ինչպես հիշում է Ամալիան, նրանց եղբայրը, հերթական անգամ ստուգելով իրերը, դուրս է եկել տնից մի շարք այլ հարցեր լուծելու համար…

“Հետո սարսափելի պայթյուն լսեցինք։ Սկզբից չենք հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Ավելի ուշ տեղեկացանք, որ պահեստն է եղել։ Մեկ էլ հիշում եմ՝ հարազատներով վազում ենք դեպի հիվանդանոցները․․․ այն հույսով, որ կգտնենք եղբորս…չենք գտել”։

Ցավը կրկնապատկվեց, քանի որ եղբորից բացի պայթյունի վայրում էր նաև Արմինեի ամուսինը: Եղբորը ոչ մի հիվանդանոցում չկարողացան գտնել, գտել էին ամուսնուն, ցավոք մի քանի ժամից ամուսինը մահացավ:

“Քրոջս ամուսինը 4-րդ զոհն էր, չգիտեմ գուցե եթե այդ ժամանակ հնարավոր լինել օդային ճանապարհով նրանց Հայաստան տեղափոխել, կկարողանայինք փրկել”։

Ընտանիքը Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին, իրենց հետ վերցրել են միայն ամենաթանկը` լուսանկարները: Գորիս հասել են սեպտեմբերի 29-ին: Ինչպես բոլոր ընտանիքները, այդ օրերը նրանց հիշողության մեջ մնացել են որպես կյանքի ամենադաժան օրեր: Նրանք ամբողջ ընտանիքով փոքր մեքենայով, իսկ ճանապարհի մյուս հատվածում քրոջ ամուսնու դիակը, որը պետք է հուղարկավորվեր Արցախից դուրս: Այդ ամենի մեջ նույնիսկ հաց չէին վերցրել, այդպես էլ թողել էին հայրենի տան բակի սեղանին: Արմինեն հիշում է, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրանց չորահաց էր հյուրասիրել, որը միակ սնունդն էր այդ 2 օրվա համար:

“Գորիս էինք հասել, շրջում էինք հիվանդանոցներով, հույս ունեինք, որ եղբորս բերել են, հույս ունեինք, որ անճանաչելի է, բայց ողջ։  Եղբորս մարմինը գտել ենք ԴՆԹ-ի միջոցով վերջերս”:

Արմինեի ամուսինը սպա էր, սեպտեմբերի 24-ին տուն էր վերադարձել առաջնագծից` վիրավոր, մտածում էին, որ ամենավատը մնացել է հետևում:

“Մենք շատ երջանիկ էինք, նա սպա էր, սեպտեմբերի 24-ին եկել էր, մի թեթև շունչ քաշեցի, հետո 25-ին տեղի ունեցավ պայթյունը: Սկզբում անհասանելի էր, գնացի մեր մոտի բենզալցակայան՝ այնտեղ չէր, հասկացա, որ պայթյունի վայրում է: Հետո նրան չտեսա, վերջին անգամ նրան տեսա արդեն մահացած` Ստեփանակերտի դիահերձարանում”։

Արմինեի ամուսնուն հուղարկավորել են Եռաբլուրում` սեպտեմբերի 26-ին լրանում է նրա մահվան 1 տարին: Արմինեի և Ամալյայի ընտանիքը այժմ ապրում է Ալավերդիում` 11 հոգով, ապագայի հանդեպ հատուկ հույսեր չեն փայփայում, ուղղակի ապրում են ապրելու համար:

“Ես առհասարակ իմ ապագան չեմ տեսնում ամուսնուս մահից հետո: Չեմ ցանկանում ո՛չ աշխատել, ո՛չ էլ ինչ-որ բանով զբաղվել: Փորձում եմ ուղղակի գոյատևել: Օր օրի ավելի դժվար է: Չեմ զգում ժամանակի հոսքը, ամեն օրը կարծես սեպտեմբերի 25-ը լինի”:

Խաղաղությունը գուցե ամեն մեկի համար տարբեր ընկալումներ ունի, այս ընտանիքի համար խաղաղությունը մինչ 2023 թ. սեպտեմբերն էր, երբ նրանք ապրում էին իրենց ամենօրյա կյանքով և հոգսերով, և ամենակարևորը՝ ընտանիքը կիսատ չէր:

“Փորձել եմ հոգեբանի մոտ գնալ, բայց մեկ անգամ եմ գնացել և վերջ: Ասում է, որ պետք է մոռանաս անցյալդ, բայց ոնց կարող եմ մոռանալ: Պայթյունը խաչեց իմ ապագան, միայն ուրախ անցյալի հիշողությունն է ինձ ուժ տալիս շնչելու”։

Ալվարդ Գրիգորյան

Միջազգային կազմակերպությունները կոչ են անում ԵԽԽՎ-ին գնահատական տալ Բաքվի բռնաճնշումներին

Ազատություն

Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են անում գնահատական տալ Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումներին:

«2025 թվականի հունվարին Ադրբեջանի լիազորությունների վերաբերյալ քվեարկությանն ընդառաջ՝ ԵԽԽՎ-ն պետք է մշակի և կիրառի հստակ չափանիշներ, որոնց Ադրբեջանը պետք է համապատասխանի՝ նախքան իր պատվիրակությունը Վեհաժողով վերադարձնելը», – ասված է Human Rights House Foundation-ի և ևս 10 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Այդ կառույցները պնդում են, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշումից հետո Ալիևի վարչակազմն էլ ավելի է սաստկացրել ճնշումները իրավապաշտպանների, փաստաբանների, անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների նկատմամբ։

ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ էր թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:

Երկրորդ հնարավորություն, կամ՝ ինչպես աշխատանք գտնել

Լուսանկարում. Զարինեն ու Մարատը՝ զավակների հետ

Զառա Պետրոսյանը  Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ,ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Ղարայանի այրին է։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ Մարատը նռնակով վերջ է տվել իր կյանքին, գերի չի հանձնվել։ 44–օրյա պատերազմի հերոսի կինն այսօր միայնակ է մեծացնում իր ու Մարատի  որդիներին։

«Նախորդ» կյանքում Զառան աշխատանք ուներ, այստեղ նոր միջավայրում իր տեղը գտնելու համար նա նոր մասնագիտություն է ձեռք բերում՝ մասնակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարում» (ՄՌԿ) դասընթացին։

Նա պատմում է, որ շատ դժվար է Մարատից հետո վերագտել իրեն, բայց հայրենի հողը օգնում էր, իսկ այժմ պայքարը դժվարությունների դեմ կրկնապատկվել է։ Արցախում ազգային անվտանգության մարմիններում, նախագահի աշխատակազմում է աշխատել, հիմա աշխատանքի փնտրտուքի մեջ է։

«Դեռ 2020  թվականի վերքերը չամոքած՝ նոր մարտահրավերների պիտի դիմագրավենք, նոր միջավայրում վերագտնենք մեզ, դժվար է, բայց երեք երեխաների ու մայրիկիս պատասխանատվությունն ինձ վրա է»,- ասում է Զառան։

Լիանա Ավանեսյանը պետական ծառայող էր, որպես փորձագետ աշխատել է Արցախի խորհրդարանում, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամ էր, աշխատակազմի ղեկավար էր նախարարություններից մեկում, հետո՝ բնակարանային կոմիտեում։ Բավական փորձառություն ունի, ՄՌԿ դասընթացների ժամանակ այս կամ այն խնդիրը լուծելու իր փորձառությամբ է կիսվում։ Ակտիվ աշխատանք փնտրողների շարքում չէ, ատամնաբույժ ամուսինը դեռ հոգում է ընտանիքի ծախսերը, բայց հարմար աշխատանք գտնելուն պես Լիանան կհամալրի ընտանիքի աշխատող անդամների շարքը։

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներից Լիանան գոհ է, դասընթացավար Աննա Մաքսուդյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց կայուն գիտելիքներ հաղորդել, բացատրեց՝ ինչպես կադրեր հավաքագրել, հարցազրույցներ անցկացնել, թիմբիլդինգ ու օնբորդինգ իրականացնել և ինչ գործիքներ կիրառել աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար։

Լուսանկարում. Լիանա Ավանեսյանը՝ Աննա Մաքսուդյանի հետ

30 կանայք են Արցախից մասնակցել ՀԲԸՄ կազմակերպած դասընթացին, մեկուկես ամսվա ընթացքում նրանք հմտացել են մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության մեջ, որը նոր է արմատավորվում հայկական միջավայրում ու պահանջված  մասնագիտություն է։

Լուսանկարում. Դասընթացի մասնակիցները

Ինգա Բաղդասարյանը սիրուն խաղալիքներ, պայուսակներ է գործում։ Իր ձեռագործ աշխատանքների շնորհիվ Ինգան որոշակի գումար վաստակում է, որը, սակայն, շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ ամեն անգամ Երևան գալիս տրանսպորտի գումար է ծախսում։

Լուսանկարում. Ինգայի ձեռագործ աշխատանքները

Ստեփանակերտի օդանավակայանի կադրերի բաժնի պետ է աշխատել Ինգան, հիմա աշխատանք չի գտնում։ Երկրորդ վերապատրաստումն է անցնում, համապատասխան գիտելիքներ ու փորձ ունի, սակայն հարցազրույցների փուլը չի հաղթահարում։

Լուսանկարում. Հերթական դասընթացը

 

Աշխատանքի փնտրտուքի գողգոթան

Ռուզաննա Խաչատրյանը 2020 թվականի տեղահանվածներից է, Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ 4 տարի է՝ Ռուզաննան չի կարողանում հարմար աշխատանք գտնել, տարաբնույթ հարցազրույցների է մասնակցել։ Վերջինը դպրոցում աշխատանքի ընդունվելու նպատակով  էր, երբ մրցույթին մասնակցելու համար  Ռուզաննան դիմել է՝ նրան շատ պարզ բացատրել են, որ արդեն հայտնի է, թե ով է աշխատելու այդ հաստիքում։ Ռուզաննան տարակուսանք է հայտնել առ այն, որ մրցույթի կանոններով  պարտավոր են քննարկել բոլոր թեկնածությունները, ինչից հետո նրա փաստաթղթերը վերցրել են, սակայն մրցույթից մեկ օր առաջ զանգել և հայտնել են ատեստավորման պահանջի մասին, առանց որի թեկնածուն մրցույթին մասնակցել չի կարող։ «Ահա այդպես ինձ խաղից հանեցին»,- եզրահանգում է Ռուզաննան։

Լուսանկարում. Ռուզաննա Խաչատրյանը

Նախկին մանկավարժն  այնքան է խորացել այս թեմայում, որ աշխատություն կարող է գրել։

«Պատերազմից հետո հայտնվել էի իմ հարազատ միջավայրից տարբերվող մի աշխարհում։ Այստեղ ամեն բան այլ էր։ Ամեն քայլափոխի հուսահատությունը զգացնել էր տալիս։ Պետք էր արագ ինտեգրվել միջավայրին։ Ամեն ինչ կորցրած մարդկանց համար ցավի հետ մեկտեղ գոյատեւելու անհրաժեշտությունն էր օր օրի սրանում։ Հարկավոր էր աշխատանք գտնել։ Սկսեցի ակտիվ  որոնումներս։ Ընդ որում՝ փնտրում էի ամենատարբեր բնագավառներում։ Մի քանի տեղերից հրավիրեցին հարցազրույցի։ Գնացի, եւ պարզվեց, որ հարցազրույց ասվածը, այսպես ասած, մի հատուկ «ծիսակարգ» է երեւանյան աշխատաշուկայում։ Միայն ձեռագիր ինքնակենսագրականով աշխատանքի անցնելու մեթոդին վարժվածս կարճ ժամանակ անց հասկացա, որ այս իրավիճակում ես սաստիկ հին եմ։ Ամեն տեղ CV-ի առկայությունը պարտադիր էր։ Բարեբախտաբար, ԵՊՀ Կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի շրջանակներում ես սովորեցի ինչպես կազմել գրագետ CV: Կազմեցի հավուր պատշաճի։ Որոշեցի մասնակցել պետական համակարգի թափուր տեղերի համար անցկացվող մրցույթների։ Ապարդյուն, այդպես էլ աշխատանք չգտա»,- պատմում է Ռուզաննան։

Պետական համակարգում աշխատանք փնտրելում ձախողված Ռուզաննան պարբերաբար աշխատել է չրերի արտադրամասում, հացաբուլկեղենի արտադրությունում, վաֆլիների արտադրամասում։ Դա ինչ-որ տեղ փրկություն էր, միայն թե նորից չանցներ CV ուղարկելու, տաղտուկ հարցազրույցների ու աշխատանք չունենալու փուլերը։

«Մինչեւ այսօր ես վերլուծում եմ իմ անցած բոլոր հարցազրույցները, փորձում հանրագումարի բերել բացերս։ Եւ միայն վերջերս եմ եկել մի եզրահանգման. ես չափազանց անկեղծ եմ խոսում իմ մասին, մենք չենք «սվաղում» մեր բացերը»,- կիսվում է նա:

Հայաստանում տարածված է աշխատանքի անցնելու առաջին շաբաթների չվարձատրվող պրակտիկան։ Ռուզաննան մի քանի անգամ բախվել է այդ խնդրին․ «Քանի որ ինձ իսկապես պետք էր աշխատանք, ես համաձայնում էի մի քանի օր չվարձատրվող պրակտիկա անցնել, բայց երբ օրերը շաբաթ էին դառնում, ես քաղաքավարի հիշեցնում էի գործատուին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով այլ բան է նախատեսված»։

Ռուզաննայի արդարության մղումը հիմնականում չէր ողջունվում, արդյունքում մնում էր առանց աշխատանքի։

Որպես ստաժավոր աշխատանք փնտրող՝ Ռուզաննա Խաչատրյանը տարբերություններ է տեսնում 2020 և 2023թթ. տեղահանվածների աշխատանքի ընդունվելու գործընթացում. «Դեռեւս 2020 թվականի տեղահանումից հետո պետական համակարգում աշխատանքի անցնելու համար համապատասխան ստաժ եւ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում համակարգն ինքնաշխատ ընդունում էր դիմումը։ 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո պարզվեց, որ մեր կապույտ անձնագրերում տեղ գտած «Քաղաքացիությունը՝ ՀՀ» ձեւակերպումն այդքան էլ «արժանահավատ» չէ»։

Այն, որ Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է, արցախահայերը, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա զգացին հատկապես 2023  թվականի Մեծ տեղահանումից հետո։ 2020 թվականին տեղահանվածներին կապույտ անձնագրերով նաև պետական աշխատանքի էին ընդունում, երկրորդ հոսքի տեղահանվածների համար գործընթացը դժվարացավ։ Պետական աշխատանքների դեպքում Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր պայման դարձավ։

Ըստ շշուկների՝ ներքին հրահանգ կա արցախահայերին պետական աշխատանքի չվերցնելու վերաբերյալ։ Իսկ արդեն որոշ աշխատողներից էլ ազատվել են՝ հանրահավաքներին մասնակցելու պատրվակով։ ժողովրդավարական Հայաստանի ռեպրեսիվ մեթոդներին շատերն այդպես ծանոթացան։

Համենայն դեպս, պետական կառույցներում աշխատած կարող  մի ուժ այսօր կյանքի լուսանցքում է հայտնվել։ Նոր մասնագիտացում ստանալը նրանց համար այլ աշխատանք ունենալու ու ապրուստի նոր ձև գտնելու հնարավորություն է։ Դասընթացների ավարտին, որտեղ ուշիմ աշակերտի պես դասերն են սերտել միջին տարիքի հասուն մարդիկ, միակ ցանկությունն արժանապատիվ աշխատանք գտնելն է։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում

Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել

Ազատություն

Իսրայելն ու Ադրբեջանը երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, այս մասին հայտնել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող Azersilah ընկերության հետ:

Անցած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական բեռանատար ինքնաթիռները նոր չվերթներ են կատարել դեպի Իսրայելի օդուժին պատկանող «Օվդա» օդանավակայան:

«Օվդա»-ն, ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման և ներկրման համար։ Թե ինչ նպատակով է ադրբեջանական SILK WAY -ի բեռնատար ինքնաթիռը մեկնել՝  կողմերը չեն պարզաբանել։

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հաղորդեցին ՆԳՆ-ից։

«Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են։

Համստեր կոմբատ (HMSTR) թոքենի լիսթինգը սկսվել է

Համստեր կոմբատ (HMSTR) թոքենի լիսթինգը սկսվել է: Մետաղադրամը վաճառվում է Binance, Bybit, OKX, BingX, KuCoin, Bitget, Gate io բորսաներում:

Թոքենը սկսվում էր $0.012-ից կամ 4.20 դրամից: Թոքենի կապիտալիզացիան կազմում է 1 միլիարդ դոլար:

Նախագիծն ունի ավելի քան 100 միլիոն մասնակից, և խնդիրներ կարող են առաջանալ դուրսբերման սկզբնական փուլերում:

Պուտինը նշել է միջուկային զենքի կիրառման նոր պայմաններ

DW

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է փոխել միջուկային զենքի կիրառման սկզբունքները և թարմացնել միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ «Որևէ ոչ միջուկային պետության կողմից Ռուսաստանի դեմ ագրեսիան, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ, առաջարկվում է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է նա չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդի հետ հանդիպման ժամանակ։

Նա կապեց առկա նորմերի շտկման անհրաժեշտությունը ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում «դինամիկ փոփոխությունների» և Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների համար «ռազմական սպառնալիքների և ռիսկերի նոր աղբյուրների առաջացման» հետ:

Պուտինը նշել է, որ իրենց վերապահում են «միջուկային զենք օգտագործելու իրավունքը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում»։ Ավելին, «այդ բոլոր հարցերը համաձայնեցված են» Բելառուսի կառավարիչ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, պնդում է նա։ Միջուկային զենքը կօգտագործվի «այդ թվում, եթե թշնամին, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական վտանգ ներկայացնի» Ռուսաստանի Դաշնության կամ Բելառուսի ինքնիշխանությանը, նշել է ՌԴ նախագահը։

Մինչդեռ պարզ չէ, թե արդյոք փոփոխություններ կկատարվեն ռուսական միջուկային զսպման դոկտրինում, որն ուժի մեջ է 2020 թվականից։ Այս փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման, «ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է»։

«Հրապարակ». «Եվրաքվեի» ընթացքը հուսադրող չէ. քանի մարդ է ստորագրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ 10 օր է, ինչ մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով ՀՀ արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը, սակայն տեմպերը, մեզ հասած տեղեկություններով, բավարար չեն, եւ նախաձեռնողները բավականին ընկճված են։ ՀՀ քաղաքացիների փոքր մասն է հետաքրքրված դրանով, եւ դրանով է պայմանավորված, որ մինչ օրս թիվ չեն հրապարակել, թե ինչքան մարդ է ստորագրել «Եվրաքվեի» փաստաթուղթը: Սրա մասին է վկայում նաեւ վարչական շրջաններում բացված կենտրոնների սակավամարդ պատկերը` հատուկենտ մարդիկ են գալիս ստորագրելու։

Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը մոտ 3 հազար քաղաքացի է քվեարկել։ Իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ մի քանի օր է՝ Ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերը դռնեդուռ են ընկել, քարոզչություն են իրականացնում մայրաքաղաքում եւ մարզերում․ այսօր լինելու են Վանաձորում, հետո՝ Գյումրիում։

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում ստորագրահավաքի ընթացքը «շատ լավ» գնահատեց, ասաց, թե կասկած չունեն, որ պահանջվող 50 հազար ստորագրությունը կհավաքեն, թեեւ հրաժարվեց ասել, թե քանի մարդ է արդեն իսկ մասնակցել․ «Դա հարցրեք մեր շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին»: Ասացինք՝ խոսվում է, որ 3 հազար մարդ է ստորագրել, ասաց, թե ճիշտ չէ, երկրորդ օրն արդեն պահանջվող 50 հազարի 20 տոկոսը հավաքել էին։ Հովսեփ Խուրշուդյանն էլ չցանկացավ մասնակիցների թիվը հայտնել>: