Այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանող ևս կստանա ուսման վարձի փոխհատուցում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ որոշում  կայացրեց:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նախ նշեց, որ նախորդ տարի երկու որոշում է ընդունվել․ 2023-ի հոկտեմբերի 12-ին կարգավորվել է ԼՂ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակության հարցը, որպեսզի ՀՀ բուհերում կրթությունը հնարավոր լինի։ Դեկտեմբերին ևս որոշում ընդունվել է արդեն իսկ բուհերում սովորող ԼՂ ուսանողների համար։

«Այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով ու հիմունքներով: Հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմը՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմությունը: Սա մեր ուսանողներին թույլ կտա ավելի լավ մասնագետ դառնալ ու մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ հանվում է ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը․ «Հիմա այս սահմանաչափի վերանայումը հնարավորություն կտա, որ 100 տոկոս փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»։

Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ աջակցությունը տարածվելու է նաև այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանողների վրա։ Նրանք հնարավորություն կունենան այս պայմաններով ուսման վարձի փոխհատուցում ստանալ կրթաթոշակի տեսքով։

Նախորդ տարի այս որոշման շրջանակում առաջին կիսամյակով 1834 ուսանողների ուսման վարձ է փոխհատուցվել, երկրորդ կիսամյակով ուսանողների թիվը աճել է մինչեւ 2134։ Ուսման վարձը առաջին կիսամյակով փոխհատուցվել է նաև քոլեջներում սովորող 919 ուսանողների համար, իսկ երկրորդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1133-ի։

news.am

ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող դրամաշնորհը 130 մլն դոլարից կհասնի 250 մլն-ի

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց 2024թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ  փոփոխությանը:

Այս փոփոխությամբ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130 մլն դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250 մլն դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդլայնելու նպատակով:

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը համագործակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ 1992թ.-ից սկսած:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ներառում են հետևյալ ոլորտները՝ ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, էներգետիկա և ջրային ոլորտ, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված, մասնավոր հատված:

ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացմանը` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

Իսրայելը պատրաստվում է ներխուժել Լիբանան, կլինի՞ զինադադար

ВВС

Իսրայելի բանակի հրամանատար Հերցի Հալևին ասել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են հնարավոր ցամաքային ներխուժմանը Լիբանան։

Ռազմաբազա կատարած այցի ժամանակ Հալևին ասել է, որ երկրի օդուժը կշարունակի հարվածներ հասցնել Լիբանանի սահմանին և ավելի հեռավոր շրջաններին՝ ճանապարհ հարթելու ցամաքային ներխուժման համար, որը թույլ կտա հյուսիսային Իսրայելի բնակիչներին վերադառնալ իրենց տները՝  չվախենալով «Հեզբոլլահի» սպառնալիքից:

Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն, ով ներկայացնում է Հեզբոլլահի քաղաքական թեւը, ասել է, որ նման ներխուժումը իսրայելական զինվորականների համար «զբոսանք» չի լինի:

Համատեղ հայտարարության մեջ 11 երկրներ և Եվրամիությունը կոչ են արել Իսրայելին և Հեզբոլլահին եռշաբաթյա զինադադար հայտարարել և այս ընթացքում փորձել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ընդունված հայտարարության մեջ, որին մասնակցել են աշխարհի երկրների մեծ մասի ղեկավարները, ասվում է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև մարտերը սպառնում են սրվել ողջ տարածաշրջանում, ինչը չի բխում ոչ մեկի շահերից:

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Եվրամիությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առանձին հայտարարություն են արել խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ քննարկելով մերձավորարևելյան հակամարտության նոր փուլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը։

Բայդենն ու Մակրոնը հայտարարեցին, որ վերջին օրերին իրենք աշխատել են համատեղ, բազմակողմ հայտարարության վրա, որը կոչ է անում զինադադարի։

Մինչ այս Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը։

«Լիբանանը անդունդի եզրին է. Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը և ողջ աշխարհը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ասկերանից Հայաստան, կամ զարգացումից վերածնունդ

2012 թվականից Ասկերանի կանանց ակումբի, որը «Մայրիկ» էր կոչվում, հիմքի վրա 2021 թվականի հոկտեմբերին ստեղծվեց «Ասկերանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը պետք է զբաղվեր գյուղի աջակցության և բիզնես ծրագրերով:

Նախաձեռնողների նպատակն էր օգնել կանանց կայանալ մանր ու միջին ձեռներեցության ոլորտում, ինչն էլ իր հերթին շրջանի զարգացման խթան կհանդիսանար։

Ցավոք 2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխեց զարգացման բնականոն ընթացքն ու ինչ-որ տեղ նաև գործունեության բնույթը։ Պատերազմից հետո Արցախ վերադարձած կանանց նախ պետք էր օգնել վերագտնել իրենց ստեղծված նոր պայմաններում ու իրավիճակներում, որը արմատապես փոխվել էր։

Բիզնես դասընթացներին զուգընթաց Կենտրոնը հայտագրված կանանց համար կազմակերպում էր նաև հոգեբանական աջակցություն։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ  «Հզոր համայնք, հզոր կանայք» ծրագրի շրջանակներում 2022 թվականին իրականացվել են մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր մասնագետների հետ: Խմբի մի շարք մասնակիցների բիզնես ծրագրեր արժանացել են դրամական աջակցության։ Տրամադրված գումարով ձեռք են բերվել հողի մշակման սարքեր, էլեկտրական վառարաններ, որը նախատեսված է ժենգյալով հացի համար, խոճկորներ, հորթ, հավեր, ծաղկի սրահի համար օդափոխիչ, թթուների արտադրության համար նախատեսված տարբեր չափերի տարաներ, մուլտհերոսների շորեր, հանգստյան գոտու համար հովանոցներ:

Կարճ ժամանակահատվածում կանայք ոչ միայն կյանք վերադարձան, այլև հանդես էին գալիս իրենց ստեղծարար ու համարձակ գաղափարներով, որոնք ուղղված էին Հայրենիքում ամրանալուն ու ամրապնդվելուն։ Թերևս այդ ծրագրերն էլ շրջափակման օրերին պետք է դառնային հույսի ու լույսի աղբյուր։

Շրջափակումը խոչընդոտ չէ

Նոր սերունդ ՝ հետաքրքիր գաղափարներով և մոտեցումներով, ստեղծարար և հայրենասեր։ Այս գաղափարներով տոգորված Կենտրոնի կանայք իրենց շուրջն էին հավաքել Ասկերան քաղաքի փոքրիկներին, մղձավանջային օրերին գույն հաղորդելու համար։ Միամսյա ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 1-ին, իր մեջ ներառում էր 10 միջոցառում: Մասնակիցները 6-ից 12 տարեկան 98 երեխաներ էին:

Սակայն այս բոլոր ջանքերն ու հույսերը ի չիք դարձան 2023 թվականի սեպտեմբեր 19-ի ողբերգական դեպքերով։ Արցախահայության բռնի տեղահանումից հետո, Կենտրոնի անդամները ցրվեցին տարբեր տեղեր, սակայն կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Ալլա Արզումանյանը գտավ բոլորին ի մի բերելու հնարը։ Նա զարգացման կենտրոնը գրանցեց Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ասում են ռեմբրենդինգ եղան, բայց միայն անունով, դարձան  «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն, բայց նպատակը մնաց նույնը։ Օգնել համայնքի կանանց ոտքի կանգնել դժոխքն անցնելուց հետո և գտնել իրենց նոր ու անորոշ վիճակում։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագիր սկսեցին, որն այս անգամ կրում էր «Վերածնունդ» խորագիրը։ Ծրագիրը ներառում էր և՛ բիզնես ծրագրեր, և՛ հոգեբանական աջակցություն։ 10 ամսյա ծրագիրը կրկին ասկերանցի կանանց կողքին էր, ներկայացված ծրագրերի մի մասը ստացան դրամաշնորհներ։ Իսկ որոշ շահառուներ ստիպված եղան իրենց ուժերը փորձել նոր ոլորտում, օրինակ կար ու ձևի՝  հոգալու համար իրենց ընտանիքի հոգսերը։

Ծրագրում իրենց ուրույն տեղն ունեցան նաև երեխաները։ Նրանց համար կազմակերպված միջոցառումները միտված էին հոգեբանական աջակցությանը, որ երեխաների մոտ կյանքի գույները չխամրեն։

Այս մի ծրագիրն էլ ասկերանցիները պատվով ավարտեցին։ Եվ որ ամենակարևորն է, կանայք ստեղծարար գաղափարներին զուգընթաց ձեռք բերեցին նոր հմտություններ, որը կօգնի նրանց գաղափարների իրականացման ճանապարհին։ Կենտրոնը կատարած աշխատանքների վերաբերյալ հանդես եկավ հաշվետվությամբ և երախտիքի խոսքով, բոլոր նրանց հասցեին, ովքեր միշտ կանգնած են ասկերանցիների կողքին։

Հուսով ենք նման ծրագրեր էլի կունենան և կշարունակեն բացահայտել արցախցի կանանց ստեղծարար ներուժն ու  ապրելու կամքը։

Արմինե Հայրապետյան

Փաշինյանը ՄԱԿ-ին առաջարկում է հովանավորել նոր ցեղասպանությունը

«Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության», – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝  Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ ընդգծելով՝ հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

«Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝
Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է:

1991 թ․ սահմանները Փաշինյանի ընկալմամբ՝ Հայկական ԽՍՀ վարչական սահմաններն են, առանց Արցախի եւ Կարսի հանցավոր պայմանագրով Հայաստանից օտարված Նախիջեւանի եւ Արեւելյան Հայաստանի այլ տարածքների։ 1991 թ․ սահմանները՝ հայոց ցեղասպանության հարուրամյա փուլը օրինականացնող եւ գալիք ցեղասպանությունը նախապատրաստող սահմաններ են։ 

Փաշինյանը կոչ է անում ՄԱԿ-ին հովանավորել գալիք ցեղասպանությունը եւ մաքրել Ռուսաստանից եւ Թուրքիայից մինչեւ 2023 թ․ կատարած արյունալի հանցագործությունների մեղքը։ 

Ինչո՞ւ է Փաշինյանը մինչեւ COP29-ը առաջարկում գոնե մի դատարկ թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սպասվում Բաքվում կայանալիք COP29 ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 11-12-ին՝ անմիջապես նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Սպասվում է կարճաժամկետ ագրեսիա՝ Սյունիքի օտարմամբ եւ Հայաստանը միջանցքներով մասնատմամբ։

Փաշինյանը ոչ թե ուզում է դա կանխել, այլ այդ ամենի պատասխանատվությունը դնել ՄԱԿ-ի վրա, որն արդեն հովանավորել է հայոց ցեղասպանությունը, Արցախի օկուպացիայից եւ տեղահանումից հետո Բաքվին տալով COP29-ը անցկացնելու պատիվը, հավանաբար, որպես խրախուսական բոնուս։  

ՄԱԿ բազմաթիվ երկրներ արդեն հայտնում են, որ չեն մասնակցելու համաժողովին բարձր մակարդակով, բացի, թերեւս, Թյուրքական կազմակերպության երկրներին։ Չի բացառվում, որ COP29-ին լինեն միայն Հորդայի երկրների ղեկավարները ու Հայաստանի վարչապետը, որը պետք է մինչեւ վերջ հասցնի Դուշանբեի լիֆտի գործը եւ Հայաստանը վերածի ռուս-թյուրքական տռանզիտի։ 

Փաշինյանը ուզում է “տարածաշրջանում հակամարտության էջը փակել”՝ “չկա Հայաստան, չկա հակամարտություն” սկզբունքով։ 

Իրանը պայմանավորվու՞մ է Արևմուտքի հետ. Հայաստանը խաչմերուկ չի դառնա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել որոշ անդամ երկրների աջակցությունը «իսրայելական ռեժիմի հանցագործություններին», գրում է Mehr-ը։

Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։

«Օգտակար քննարկումներ են եղել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջուկային բանակցությունները, վտանգավոր իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, Իսրայելի ագրեսիան ընդդեմ Լիբանանի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը»,- գրել է Արաղչին Х սոցցանցի իր միկրոբլոգում:

Իրանի նախագահը և արտաքին գործերի նախարարը գտնվում են ԱՄՆ-ում և հստակ նշաններ են ցույց տալիս Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իրենց մտադրությունների մասին, որոնք նախկինի պես կոշտ դիմադրության չեն հանդիպում:

Իրանի և ԱՄՆ-ի շահերը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում համընկնում են Ռուսաստանի մասով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա պարզաբանեց, որ այս հարցում Արևմուտքի խնդիրն այն է, որ այդ հաղորդակցությունները չանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ Իրանը ցանկանում է, որ միայն Հայաստանը վերահսկի ճանապարհը, և իր մուտքն արտաքին աշխարհ մնա հուսալի։

Ըստ նրա՝ այս հարցում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուս չկա, ուստի հաղորդակցությունը շարունակում է փակ մնալ, և դրանում դեր է խաղում ոչ միայն Հայաստանի մերժումը։

Գանտահարյանը հավելեց, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի վճռական հռետորաբանությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Սյունիքի մարզն ամենահուսալի կետն է Պարսից ծոցի և Սև ծովի միջև Հայաստանով, Վրաստանով և հակառակ ուղղությամբ հաղորդակցությունն ապահովելու համար։

«Կան նախադրյալներ կարծելու, որ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել այս ուղի ապաշրջափակման հարցում։ Դրա մասին են վկայում ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում իր ամենամեծ մշտական առևտրի կենտրոնը բացելու Իրանի պլանները։ Այս ամենը վկայում է Իրանի համար նոր հաղորդակցությունների ձևավորման մասին, որոնք չեն բխում Ռուսաստանի շահերից։ «Թեհրանի և Մոսկվայի միջև վերջին հայտարարությունները կապված են դրա հետ»,- նշեց նա։

Գանտահարյանն ընդգծեց, որ Իրանը խիստ անհանգստացած է Արցախում պատերազմի արդյունքներով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հայկական տարածքներում իսրայելական ռազմակայանների հայտնվելու կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից Էրդողանին նվիրած «Խաղաղության խաչմերուկ» գիրքը լիովին հակասում է Արևմուտքի և Իրանի ծրագրերին։ «Խաչմերուկ» չի լինելու. Հայաստանը կա՛մ կդառնա ռուս-թուրքական գորշ տարանցիկ ճանապարհ, կա՛մ Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապող երթուղի։

Հնագույն քաղաքակրթությունների ֆորում. Արցախի ժառանգությունը վտանգված է

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆակտները”, ասել է Միրզոյանը:

Միրզոյանը հրավիրել է նախարարներին մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

2017 թվականի ապրիլին Աթենքում կայացավ «Հնագույն քաղաքակրթությունների առաջին ֆորումի» նախարարական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրներ՝ Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Բոլիվիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Իտալիա, Մեքսիկա և Պերու։ 2018-ն ֆորումի լիիրավ անդամ է դարձել Հայաստանը՝ որպես Ուրարտական քաղաքակրթության ժառանգորդ։ 

Արցախցիների կենսագործունեության պայմաններն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում:

Արցախում ծնված վերջին երեխան

Արթուրը ծնվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում, երբ արդեն չէր գործում ծննդատունը․ նա վերջին երեխան է, որ ծնվել է Արցախում։

Անահիտ Եղյանը բլոկադայի առաջին ամիսներին իմացավ, որ բալիկի է սպասում։ Սկզբնական շրջանում այդքան բարդ չէր, բայց քանի որ վառելիք չկար, հիվանդանոց գնալն էլ դժվարացավ, անհրաժեշտ վիտամիններ գտնելն էլ, մթերքն էլ շատ քիչ էր։

«Զգում էի, որ թերսնում է մոտս, անընդհատ սոված էի, չնայած ամուսինս, մայրս, սկեսուրս ամեն տեղ հերթ էին կանգնում, որ դատարկաձեռն չգան տուն»,- հիշում է Անահիտը։

Աշխատում էր սննդի կետում, գարնանը աշխատավայրն արդեն փակվեց։ Ամեն ինչ դեպի փակուղի էր տանում, սակայն, միևնույն է, չէր ընկալվում, թե վերջում ինչ կլինի։

«Երբ պատերազմը սկսվեց, մեզ թվաց, թե շինարարության ձայներ են, բայց երբ արդեն երրորդ, չորրորդ ռումբերը պայթեցին՝ ահավոր վախեցա։ Փոքր քույրս դպրոցում էր, ես էլ արդեն հղիության 9-րդ ամսում»,- պատմում է նա։

Հադրութից է Անահիտ Եղյանը, ասում է՝ ամենածանրն այն գիտակցումն էր, որ ծննդավայր Հադրութից հետո հիմա էլ Արցախի մյուս հատվածն ենք կորցնում, եւ Արցախում ապրելը մնալու է պարզապես երազանք։ Նրանք Ստեփանակերտից դուրս եկան սեպտեմբերի 26-ին:

«Ոչինչ չվերցրի ինձ հետ, բացի դեռ չծնված երեխայիս համար մի կերպ հայթայթած շորերից»,- ասում է նա։

Վառելիքի պաշարները շատ սուղ էին, ու երբ արդեն դուրս էին գալիս Ստեփանակերտից, մտածեցին՝ գոնե Հակարին անցնեն, հետո վառելիքը վերջանա։

Մի կերպ հասել էին Շուշիի մատույցներ, երբ հակառակորդի հսկող մեքենաները կանգնեցրին։

«Հերթում կանգնած մեր հայրենակիցները հասկանում էին, որ հավանական է նաեւ ճանապարհին ծննդաբերեի, հերթը զիջում էին, բայց իրենք կանգնեցրին եւ ասացին, որ չեն թողնում ճանապարհը շարունակենք։ Ամուսնուս ասացին՝ թող մեզ հետ գա Շուշի ու այնտեղ ծննդաբերի, բայց առանց քեզ»,- ճանապարհի իր սարսափն է հիշում Անահիտը։

Ամուսինը մերժեց, եւ ճանապարհը հսկող հակառակորդը ստիպեց Անահիտին դուրս գալ մեքենայից, որպեսզի «գնահատական տա» հղիի վիճակին։

«Վերադարձե՛ք Ստեփանակերտ»,- սա էր նրանց պատասխանը։

Անահիտը լավ է հիշում, թե ինչպես էր ամուսինը խնդրում դրության մեջ մտնել, հասկանալ, որ վառելիք չի գտնի նորից այդքան ճանապարհն անցնելու համար։ Բայց անդրդվելի էին։

Վերադարձան Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունից հետո Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում գրեթե ազատ մահճակալ չկար։ Ամենուր վիրավորներ, ամենուր վառվածի հոտ։

«Ծննդատունն արդեն չէր գործում, մի կերպ կարողացանք գտնել գինեկոլոգ բժիշկ Ավագյանին, հետո պարզվեց, որ ծննդատան գլխավոր բժիշկն էլ է դեռ քաղաքում»,- պատմում է Անահիտը։

Արթուրը ծնվեց սեպտեմբերի 27-ի առավոտյան։

Բժիշկներն Անահիտին ասացին, որ ծննդաբերության ցավերը նրա մոտ սթրեսից են սկսվել, հակառակ դեպքում կարող էր հանգիստ անցնել ճանապահն ու Երեւանում ծննդաբերել։

«Բժիշկ Օսիպովը գրկեց երեխային ու ասաց՝ վերջին ծնունդն ընդունեցի Արցախում»,-հիշում է Անահիտը:

Ծննդաբերությունից ժամեր անց Անահիտին վիրավորների հետ ուղղաթիռով ուղարկեցին Գորիս, որտեղից շտապօգնության մեքենայով հասցրին «Էրեբունի բժշկական կենտրոն»։

Արդեն մի տարի է անցել այդ դժվարին օրերից, Արթուրն արդեն իր առաջին քայլերն է անում ծննդավայր Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ծնողներն ուզում են հավատալ, որ Արցախում ծնված վերջին երեխան հնարավորություն կունենա մի օր գնալ տուն։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

 

 

Պայթյունից հետո անհետ կորածների հարազատները պնդում են․ նրանք գերեվարված են

Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորած է համարվում 22 մարդ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած համարվող Սամվելի կինը։

«Այսօր լրացավ մեկ տարին, ինչ նրանցից որեւէ լուր չունենք։ Տվել ենք ԴՆԹ թեստ, ոչ մեկի հետ համընկնում չենք ունեցել։ Ունենք երեք մարմին, որոնք որեւէ մեկի հետ չեմ համընկնում։ Այստեղից եզրակացություն, որ այդ երեք մարմինները հենց ադրբեջանական մարմիններ են։ Հենց ադրբեջանցիներն են մտել ու պայթեցրել։ Ես միշտ եղել եմ այդ կարծիքին, եւ հիմնականում բոլորն այդ կարծիքին են»,- ասաց նա։

Անհետ կորածի կինը նշեց, որ դիմել են տարբեր մարմինների, ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իրենց ընդունել։

«Կարմիր խաչին դիմում ենք, ասում են՝ կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, իսկ իշխանությունը չի զբաղվում։ Ես բացառում եմ, որ իմ ամուսինը զոհվել է, ինքն անհետ կորած է։ Որտեղ ինքն է եղել, ով մոտ է եղել այդ տարածքին, ողջ է, իր հետ կանգնած տղան ընդամենը ձեռքերից վիրավորվել է։ Մենք ունենք զանգ Շուշիից, ամեն անգամ այդ հարցը բարձրացնում ենք, անհետ կորածներից Կարենը Շուշիից զանգել է հոկտեմբերի 7-ին։ Զանգել է իր ընկերուհուն, ասել է, որ ինքը Շուշիում է, իր հետ եւս 4 հոգի կա, ոտքերից վիրավոր են։ Այդ աղջիկը միանգամից դիմել է ԱԱԾ, Կարմիր խաչ, ոստիկանություն, բայց մինչ օրս Կարենի զանգը չի բացահայտվել, ոչ ոք չի ուզում զբաղվել։

Պետական մարմիններից մեզ ստիպում են, որ գնամ ամուսնուս մահացած ճանաչեմ, իրենք գործը փակեն։ Սոցապում ասացին՝ որպեսզի նպաստ տանք, ամուսնուդ մահացած ճանաչիր»,- ասաց նա։

Անհետ կորածների ու գերիների հարազատներն այսօր բողոքի ակցիա արեցին ՄԱԿ-ի մոտ՝ պահանջելով մինչեւ COP29-ը Բաքվից վերադարձնել անհետ կորածների ու գերիներին։

«Հայկանդուխտ» կազմակերպության ղեկավար Ռուզաննա Ստեփանյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է այս հարցից, բայց միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել հումանիտար խնդիրներին։

Նա նշեց նաեւ, որ բացահայտել է՝ անհետ կորածների հարազատներին իշխանությունները սպառնում են։ «Հարազատներին ամենավերջին ձեւով վախեցնում են, ասում են, որ եթե դուք բարձրաձայնեք, մենք ընդհանրապես ձեր երեխաների էջը կփակենք, չենք զբաղվի այդ հարցով, թեպետ չեն զբաղվում։ Տարբեր կառույցներում մարդկանց վախեցնում են, հարազատները լինում են Քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում։ Նույնիսկ ինձ ասացին, որ Կարմիր խաչից ասել են՝  իշխանությունը չի թողնում նորմալ աշխատենք։ Էս մարդկանց ասում են՝ ձեր երեխաների հետ լավ բան չի լինի, եթե դուք բարձրաձայնեք։ Սա շատ զգայուն թեմա է ծնողի համար, իրենք, երբ մնում են քեզ հետ առանձին, այնքան բան են ասում»,- նշեց Ռուզաննա Ստեփանյանը։

Նա հավելեց, որ ծնողները պնդում են՝ հարյուրավոր անհետ կորածներ գտնվում են Բաքվի բանտերում։ Իսկ իշխանություններին հավանաբար ձեռնտու չէ, որ նրանք վերադառնան։

Ռոզա Հովհաննիսյան

Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ ազատեք հայ գերիներին

Ինչպես հատնում է news.am-ը, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակումը։

«Այսօր նամակ չենք բերել։ Եկել ենք կոնկրետ պահանջով։ Բոլորդ գիտեք, որ ՄԱԿ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պաշտոնյաները գտնվում  են Նյու Յորքում։ Արդեն չորրորդ օրն է՝  խոսք չի եղել անհետ կորածների, գերիների վերադարձի հետ՝ ո՛չ Բաքվից, ո՛չ մեր երկրից, ո՛չ էլ ՄԱԿ-ից»,-ասաց ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

Նա ցավով ասաց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. «Ես եկել եմ այստեղ ՄԱԿ-ից պահանջելու, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեն հումանիտար  խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այս պահին բանաձև ընդունել ու պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Վաղը Բլինքենը կհանդիպի Բայրամովի եւ Միրզոյանի հետ

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի  Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։