Փաշինյանի քաղաքականությունը ի չիք է անում մեր հնարավորությունները, դրսում ընկալում են, թե սա է մեր երազանքը

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարո՛ն Պապյան, հարց է ծագում՝ ինչի՞ հիման վրա հանձնվեցին Տավուշի տարածքները, եթե այսպես կոչված սահմանազատման կանոնակարգը դեռ Սահմանադրական դատարանում է։ Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Տավուշում տեղի ունեցածն անօրինական էր։

-Ես կարծում եմ՝ այս քայլը՝ հարցն ուղարկել տարբեր տեղեր՝ դիտարկելու եւ հավանության արժանացնելու, ավելի շատ քաղաքական է, քան իրավական։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ սա շատ խնդրահարույց է, եւ վաղը-մյուս օրը պատասխանատվության հարց է առաջանալու։ Հետեւաբար, այս ճանապարհով ինքը պատասխանատվությունը լղոզում է։ Եթե վերցնենք այդ կանոնակարգի մի կետը, որպես հիմք ընդունվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց նաեւ չի բացառում, որ կարող է սահմանազատման համար այլ տարբերակներ լինեն։ Եվ գերակայությունը տրվելու է այդ տարբերակներին։ Արդեն իսկ կան նախնական քննարկումներ, որ շատ տեղերում ի վնաս մեզ է լինելու գործընթացը։ Բայց ինքնին սխալ է այս կանոնակարգը, որովհետեւ անօրինական որեւէ բան օրինականացնելու սկզբունքը սխալ է։ Քանի որ Ադրբեջանն իր առաջին իսկ փաստաթղթով, այսպես կոչված, անկախության վերականգնման սահմանադրական ակտով ԽՍՀՄ շրջանը համարել է օկուպացիոն շրջան եւ իրեն հայտարարել է առաջին հանրապետության իրավահաջորդ, հետեւաբար, Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանի համար չի կարող հանդիսանալ իրավական հիմք։

-Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառչած Ալմա-Աթայից, ո՞ւմ է ձեռնտու դա։

-Դա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի պահպանելու իր աթոռը։ Եվ իր սխալ ու թյուր մոտեցումն ի սկզբանե այն էր, որ Ադրբեջանը մեզ հետ թշնամական հարաբերությունների մեջ է, որովհետեւ, իր բառերով, մենք «օկուպացրել ենք Ադրբեջանը», եթե դա դադարի, ամեն ինչ կլինի եղբայրական, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ։ Ադրբեջանը մշտապես հավակնություններ է ցուցաբերել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ամբողջ գաղափարախոսությունն այս 29 743 քկմ վրա է՝ այդ հայտնի ստվարաթղթից կտրած սովետական Հայաստան վարչական միավորի քարտեզով։ Եվ ինքը դա է իրականացնում։ Եթե Ալմա-Աթայի հռչակագիրն իսկապես լիներ օրինական, Նիկոլից հասկացող մարդիկ կային, այսքան տարվա ընթացքում դա կասեին։ Մինսկի խումբը, որն աշխատանք էր տանում, որպեսզի միջազգային իրավունքի հիման վրա գտներ ինչ-որ ձեւով ընդունելի տարբերակ, երբեւէ հղում չի կատարել Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Որեւէ մեկը Ալմա-Աթայի հռչակագրի վրա գոնե մեկ անգամ հղում չի կատարել, անգամ Ադրբեջանը։ Դա պարզապես հռչակագիր է, որեւէ պարտավորեցնող նորմ չունի։ Մյուս կողմից, այնտեղ ասվում է՝ գոյություն ունեցող սահմանները։ Այստեղ հարց է՝ գոյություն ունենալ նշանակում է իրավական հիմնավորված ինչ-որ մի բան, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ հիմնավորում չունի։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում 13 կետանոց այդ փաստաթուղթը ստորագրել, որն ինքը անվանում է «խաղաղության մասին», հենց «խաղաղություն» բառի համար։ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գնում է ընտրությունների։ Եվ իր այս ամբողջ ցուցադրական այցելությունները գյուղեր, սուտ ժողովրդավար լինելը այդ նպատակն են հետապնդում։ Իրեն պետք է մի որեւէ փաստաթուղթ ստորագրել, որի վերնագրում կլինի «խաղաղություն» բառը։ Եվ այդ «խաղաղություն» բառն ինքը կծախի հասարակության ամենաանիրազեկ, մտածողությունից զուրկ խավի վրա, որը, ցավոք սրտի, այսօր մեծ թիվ է կազմում։ Կասի՝ տեսեք, ես ձեզ բերել եմ «խաղաղություն», սա ձեր բոլորիդ անվտանգությունն ապահովելու է, ինչպես Կիրանցի ժողովրդին է խաբում, թե ավելի անվտանգ են այսօր։ Այսինքն՝ ինքն իր քաղաքական հարցերն է լուծում՝ «խաղաղություն» բառը ծախելով ժողովրդի վրա։ Ուրիշ հարց, որ դա չի լինելու տեւական ու արդար։ Իսկ այն, ինչ արդար չէ, չի կարող կայուն լինել։

Վերջերս ԱՄՆ-ում լսումներ եղան Արցախի հարցով, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շատ հետաքրքիր մի միտք էր ասել։ Ասել էր՝ այս գործընթացը, որը գնում է Հայաստանում, արդար չէ, բայց, քանի որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը դա են ուզում, մենք էլ պետք է աջակցենք այս գործընթացին։ Այ սա է հիմա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը բերում է նրան, որ այն հնարավորությունները, որոնք որոշ երկրներ կարող էին ի օգուտ մեզ օգտագործել, ի չիք են դառնում, որովհետեւ դրսում ընկալում են, թե սա է մեր երազանքը։

Ռոզա Հովհաննիսյան

Լիաննա Պետրոսյան․ ՀՀ կառավարության արցախցիների բնակապահովման ծրագիրը ձախողել է

Լիաննա Պետրոսյան-ը գրում է․

ՀՀ կառավարություն 2024 թ ներկայացրած բնակապահովման ծրագիրը ձախողել է։
Դրա ապացույցներից են վերջին օրերին իմ կողմից անցկացված 2 սոցհարցումների արդյունքները։
Բնակապահովման ծրագրից օգտվել է հարցվածների ընդամենը 2 տոկոսը։
Սա փաստում են նաեւ պաշտոնական տվյալները։
Իսկ ծրագրի հիմնական պահանջը՝ ՀՀ քաղաքացիություն ունենալը, նույնպես հարցման արդյունքներով բավականին ցածր է։
ՀՀ քաղաքացիություն ստացել կամ պատրաստվում է ստանալ հարցվածների ընդամենը 20 տոկոսը։
Դա նույնպես համապատասխանում է հրապարակվող պաշտոնական թվերին, ու եւս մեկ անգամ փաստում, որ բնակապահովման ծրագիրն իրատեսական չէ եւ անընդունելի է տեղահանվածների համար։
Այն ոչ միայն մատչելի չէ առաջարկվող պայմանների տեսակետից, այլ նաեւ՝ պարտադիր պահանջի, որը կրում է սոցիալ-հոգեբանական բնույթ։
Ի դեպ, ՀՀ քաղաքացիության համար տեղահանվածները դիմում են նախեւառաջ՝ աշխատանքի տեղավորման խնդիրը լուծելու համար։
Այս ամենից ելնելով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ Կառավարության կողմից առաջարկված երկարատեւ աջակցության ծրագիրը գոնե այս փուլում ձախողել է, ինչի մասին դեռ ամիսներ առաջ պարբերաբար ներկայացվել է ՀՀ Կառավարությանը։
Սակայն Կառավարությունը որեւէ կերպ չցանկացավ գնալ ընդառաջ եւ վերանայել ծրագիրը՝ պատճառաբանելով, որ այն կազմվել է լայն խորհրդակցությունների արդյունքում և լիովին բավարարում է Արցախից տեղահանված անձանց մեծամասնության պահանջներին։
Այնինչ՝ Ծրագրի մեկնարկից 3 ամիս անց ունենք միանգամայն հակառակ պատկեր։

Էրդողանը մեղադրել է «որոշ լոբբիներին» Հայաստանի վերացման գործընթացը խաթարելու մեջ

Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ.

«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նկատի ունի հայկական լոբբիին, որը 100 տարի շարունակ կարողացել է կանխել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի օրինականացումը և հայ ժողովրդի պատմական տարածքում հայկական պետականության վերացումը։ Հայկական լոբբիի ջանքերով ամերիկյան դպրոցական դասագրքերում սեւով սպիտակի վրա գրված է, որ Թուրքիան իրականացրել է հայերի ցեղասպանությունը, յուրացրել է նրանց հողն ու ունեցվածքը։ Սա անընդհատ դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի գլխին՝ հիշեցնելով, որ այս երկիրը ստեղծվել է օտար հողի վրա` Ռուսաստանի օգնությամբ։

Էրդողանը պատրաստվում է Նյու Յորքում հանդիպել Փաշինյանի հետ, եւ հնարավոր է, որ խոսեն հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Սա կնշանակի Հայաստանի կողմից ռուս-թուրքական սահմանի ճանաչում, որը որոշվել է 100 տարի առաջ ռուս-թուրքական հանցավոր պայմանագրերով։

Ի դեպ այսօր Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների մի խումբ դեսպաններ այցելել են հայ-թուրքական պայմանական սահմանի Մարգարա անցակետ՝ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին», Հայաստանի ներկայիս կառավարությունը վարում է բացահայտ ժխտողական քաղաքականություն սեփական հողերի ու ունեցվածքի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների դեմ։

Էրդողանը նշում է, որ «որոշ լոբբիներ» կանխում են դա՝ նկատի ունենալով հայկական իրավունքների կրող ուժերը։ Դա վերաբերում է և՛ հայկական սփյուռքին, որը մեծամասամբ ցեղասպանության հետևանք է, և՛ Հայ առաքելական եկեղեցուն, որը Օսմանյան կայսրության օրոք եղել և մինչ օրս մնում է հայ համայնքի «վստահելի» ներկայացուցիչը թուրքական պետական ​​կառույցում։

Հայաստանի գործող իշխանությունը մեթոդական աշխատանք է տանում սփյուռքում հայկական լոբբիի աշխատանքը և Հայ առաքելական եկեղեցու իրավունքները չեզոքացնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ և հստակ ասել, որ սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին եւ “խանգարի” “խաղաղ գործընթացին”։ Բացի այդ, նա բացասաբար է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցու «Հայաստանից դուրս» ունեցած ունեցվածքի մասին։

Էրդողան-Պուտին և նրա արբանյակ Ալիևի՝ հայկական իրավունքները զրոյացնելու և հայկական պետականությունը վերացնելու փորձերին խոչընդոտում են սփյուռքը, «որոշակի լոբբին», եկեղեցին և պատմությունը: Անկարայի, Մոսկվայի և Բաքվի պլանների “խոչընդոտներին” ավելացել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդները, ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանի ռազմականացումը, Ֆրանսիայի, Իրանի հայանպաստ քաղաքականությունը և ամերիկյան ժողովրդավարությունը։ Բաքուն առաջ է քաշում այդ «խոչընդոտների» վերացումը՝ որպես «խաղաղության պայմանագրի», այսինքն՝ Հայաստանի վերացման պայման։

Թուրքիան կարող է ճեղքել հայկական իրավունքների բազմաշերտ զրահը միայն հայկական «իսթաբլիշմենտի» ձեռքով, որը զարմանալի հեշտությամբ է հրաժարվում ազգային իրավունքներից։

Նաիրա Հայրումյան

Forrights. Մեկ տարի առաջ ինչի միջով են անցել Կիչան գյուղի բնակիչները

Forrights

«Փիս վիճակում էինք, ահավոր, վրա էին տվել, մենք էլ տնից փախանք անտառներ»,-մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի մասին խոսելիս 65-ամյա Ռիմա Ղալայանն առաջինը սա է հիշում։ Նա Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է, Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝  այդ օրերը սարսափելի էին։

Գյուղի կանայք, երեխաները և տարեցները, նրանցից ոմանք ոտաբոբիկ, ադրբեջանական հռթիռներից փրկվելու համար մի կերպ են հասել Կիչանին մոտ գտնվող անտառ։ Այնտեղ, սակայն, ևս ապահով չի եղել, խաղաղ բնակիչները ոտքով ուղևորվել են մոտակա գյուղ՝  Առաջաձոր։

«Ոտքով ենք հասել, անտառներով, երեսներս ճղորտելով, մի դամաշնիկով հասել ենք այնտեղ։ Հասանք Առաջաձոր, այնտեղ էլ իրենց հանդիպեցինք։ Ալավ-ալավ էր լինում՝ իրենք գցում էին, ամեն ինչ վառվում էր, անտառները վառվում էին։ Մի վայեննի ՈՒԱԶ եկավ, մեզ հասցրեց քցել մեջը, այնտեղից մի կերպ հասանք աերոպորտ։ Հետևներիցս ռմբակոծում էին (նկատի ունի Իվանյանի օդանավակայանը, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները)»,-հիշում է արցախցի կինը՝ շարունակելով, որ երեխաները նոր էին դպրոցից վերադարձել, չէին հասցրել հագուստը, երբ ստիպված էին եղել տնից հեռանալ։

«Լաց ու կոծով դուրս ենք եկել։ Ես էի, աղջիկս, իր երեխաներով, տղաս»,-ասում է տիկին Ռիման ու նշում, որ իր համար կրկնակի ծանր օրեր էին։ Այդ պահին չգիտեր անչափահաս թոռների անվտանգության մասին մտածեր, իր առողջության, թե որդու, որից լուր չուներ։ «Հետո իմացանք, որ թշնամու մոտ է, հազիվ հետ բերեցինք»,-հիշեցնենք՝ տիկին Ռիմայի որդին Լեռնիկն է, որին ադրբեջանցիները գերեվարել էին ու ծեծի ենթարկել։

«Ճանապարհին ուժեղ կրակում էին մեքենաների վրա։ Հազիվ հասանք աերոպորտ, այնտեղ էլ մի բան չէր, անձրև էր գալիս, երեխաները անձրևի տակ սոված, ծարավ, մի կտոր հաց չկար։ Երեխաները լացում էին՝ սոված ենք, սոված ենք։ Ռուսները ոչ մի բան չէին տալիս, ո՛չ հաց, ո՛չ ջուր, թուրքի պես։ Ասում էի՝ անձրև է գալիս, թող էրեխեքը տանիքի տակ մտնեն, հեչ վեջը չի։ Հիվանդ երեխան անձրևի տակ, չթողեցին ներս մտնի։ Փիս սոված մնացինք այնտեղ, հետո եկանք Ստեփանակերտ»,-այդ օրը տիկին Ռիման ընտանիքի հետ անցկացրել է Արցախի կառավարության նկուղում, սրտացավ մարդիկ երեխաներին հաց են տվել, առավոտ արդեն բռնի տեղահանվել են Արցախից։

Նա հիմա մի ցանկություն ունի․ «Ստեղ թողեն խաղաղ մնանք, ինչ ասեմ, ցավդ տանեմ»։

Արցախցին երբեք քաջության պակաս չի ունեցել

Արցախի խաչքարային պատկերաքանդակները շատ հարուստ ու բազմազան են, ինչ որ տեղ նաև եզակի։ Եվ այդ բազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի ռազմիկի ու կռվի թեմատիկան, որին մենք հանդիպում ենք Արցախի ողջ տարածքում։

Գեղաքանդակ խաչքարերի վրա քանդակված են հեծյալ-ռազմիկներ զինված տեգերով, սրերով, նետ ու աղեղներով։  Ռազմիկը հպարտ կեցվածքով, դեմքով դեպի դիտողը, իսկ ձին հանդիսավոր ընթացքի մեջ։

Դատելով առկա նմուշներից և մասնագետների եզրակացություններից, կարող ենք ասել, որ զինված հեծյալի պատկերաքանդակները առաջ են եկել 12-13-րդ դարերում, որը հավանաբար կապված է տվյալ ժամանակաշրջանում արցախահայության վարած կռիվների հետ, ընդդեմ մոնղոլների ու թուրքերի, սակայն հետագայում Արցախի տարածքում, մասնավորապես Պատարայի, ի հայտ եկած նմանատիպ խաչքարը, որը թվագրվում է 10-11-րդ դարերով, խոսում է այն մասին, որ այդ դրսևորումը նաև ավելի վաղ է եղել։

Անդրադառնալով այդ խաչքարերին, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը գրել է․

“Խնդիրն այն է, որ երբ պահպանված պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները դասակարգում էի ըստ ժամանակագրության և ըստ բովանդակության, ակամա աչք զարնեց մի խիստ ուշագրավ իրողություն: Պարզվում է, որ ԺԲ-ԺԳ դարերում ստեղծված պատկերաքանդակները գրեթե բացառապես նվիրված են զինավառ ռազմիկներին (հեծելազորի կամ հետևակի զինվորներին): Դրանց հիմնական մասը պահպանվել է Խաչենի իշխանության և նրան հարակից գավառների տարածքի զանազան հնավայրերում և կերտվել է ի հիշատակ կա՛մ թուրքերի, կա՛մ էլ մոնղոլների դեմ կռիվներում նահատակված հայորդիների: Նրանցում առկա է այդ ժամանակաշրջանում կիրառության մեջ եղած զենքերի գրեթե ողջ տեսականին (սուր, նիզակ, գուրզ, նետ ու աղեղ, արբալետ հիշեցնող զենք, դաշույն, վահան և այլն)”:

Պատարայի Օծկա վանքի մոտ մի խաչքարի քիվի վրա գրված է «(ԵՍ ՀԱՍԱՆ) ՈՐԴԻ…», իսկ ներքևի տողում «ԵՎ ՔԱՋ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ»։ Արձանագրությունը հողմահարված է ու Սամվել Կարապետյանին հաջողվել է կարդալ միայն այս հատվածները։ Ի շարս այլ հատկանիշների, կարևորվել է այն, որ նա քաջ պատերազմող էր։

Միգուցե մասնագետները տարբեր կերպ կմեկնաբանեն երևույթը, բայց ես կասեի, որ երևույթն այս հարգանքի ինքնատիպ տուրք է երկրի պաշտպանի նկատմամբ, արժևորման մի յուրատիպ փորձ։ Ռազմիկին փառաբանելով, փառաբանվում է երկիրը, կարևորվում նրա ինքնիշխանությունն ու  սահմանների անխախտությունը։ Փառաբանվում քաջությունը վասն հայրենյաց և որպես արժեհամակարգ փոխանցվում սերունդներին։

Արցախյան առաջին պատերազմի զոհերի շիրմաքարերին, հերոսների նկարները պատկերվում էին մեծամասամբ զինվորական հագուստով, որ դարձել էր մի տեսակ պարտադիր կարգ։

Ասածս ի՞նչ է, արցախցին միշտ էլ կռվել է իր Հայրենիքի համար և դարերով կառչած մնացել իր հողին։ Նա անձնուրաց մղել է նաև իր վերջին մարտը, իսկ թե ո՞վ պարտության տարավ հայությանն ու մասնավորապես արցախցուն, պատասխանը կտա ժամանակը։

Արմինե Հայրապետյան

Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարի Զելենսկու, Փաշինյանի եւ Փեզեշքիանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի շրջանակում, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացրել է Sabah-ը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա շատ առաջնորդների հետ եւ կընդունի նրանց մեծ մասին Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ հանդիսացող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնատեղիի դիմաց)։ Նրանց մեջ, ում կընդունի Էրդողանը, Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Ալ Սուդանին է, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սհուֆը, ՄԱԿ գլխավոր քրատուղար Անտոնիու Գուտերիշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ, շեյխ Սաբահ Հալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը , Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման եւ Սերբիայի նապխագահ Ալեքսանդր Վուչիչը»,- գրել է պարբերականը։

Կանադան աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը գրում է․
Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն է Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը:
Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ:
Շուտով երևի Կանադան էլ կհայտարարվի Հայաստանի «ազգային անվտանգության սպառնալիք»:
Հատարարության տեքստը ստորև՝
«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։
Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։
Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։
Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:
Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Հ.Գ. Շնորհակալություն Հայ դատի Կանադայի հանձնախմբին հետևողական աշխատանքի համար:

Ինչ կասի Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթում․ Կարսի պայմանագիրը չպետք է “երկարացվի”

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փաշինյանի հանդիպումների մասին չի հաղորդվում, ինչպես նաև չի հաղորդվում Հայաստանի՝ իր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում բանակցությունների հավանականության մասին։ Թեև վերլուծաբաններն արդեն իսկ հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանի Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր. «Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:

Տարածաշրջանի ինչպիսի՞ ապագայի մասին է խոսքը և ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։

Անցյալ տարի Գլխավոր ասամբլեայի նիստը տեղի էր ունենում այն օրերին, երբ Արցախում իրականացվեցին ագրեսիա, օկուպացիա, տեղահանություն և ցեղասպանություն։ Այս տարվա սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց մեկ տարի առաջվա իրադարձությունների մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ի հերթապահ հայտարարության մեջ կրկին հավաստիացումներ տրվեցին, որ Հայաստանն ամեն գնով գնալու է դեպի «խաղաղություն»։

Ի տարբերություն Փաշինյանի, ով ասում է, որ Հայաստանի տարածքը տխրահռչակ 29,9 հազար քառ. կմ է, միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերն այլ բան են ասում։ Խոսքն առաջին հերթին Հայաստանի Սահմանադրության մասին է, որը հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989թ. որոշմանը։ Նաև խոսքը Կարսի պայմանագրի մասին, ըստ որի սահմանվում են Հայաստանի «արտաքին սահմանները», եւ մինչ օրս այնտեղ տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը։

Հայաստան ժամանող միջազգային դերակատարները, այդ թվում վերջերս Երևանում գտնվող Ֆրանսիայի՝ արդեն նախկին արտգործնախարարը, ինչպես նաև ամերիկացի էմիսարները խոսում են «ռուսական ճնշումը նվազեցնելու» անհրաժեշտության մասին։ Փորձագետները չեն բացառում, որ ռուսական սահմանապահ զորքերը կարող են դուրս բերել իրանա-հայկական սահմանից։

Միևնույն ժամանակ, Նախիջևանը, հայ-թուրքական պայմանական սահմանը և դրա երկայնքով ռուս սահմանապահների առկայությունը կասկածի տակ չեն դրվում, ինչը վկայում է ճանաչված միջազգային ակտերի շրջանակներում Կարսի պայմանագրի «սահմանները» հաստատելու մտադրության մասին։ Ինչպես գիտեք, ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը գրանցված չէ ՄԱԿ-ի դեպոզիտարիայում, այսինքն՝ լեգիտիմ չի համարվում։ Անհրաժեշտ է նոր պայմանագիր, բայց արդեն առանց Ռուսաստանի։

Այդ համատեքստում Փաշինյանը, հնարավոր է, ՄԱԿ-ի նիստում հայտարարի Հայաստանի պատրաստակամության մասին՝ պայմանագիր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարյուր տարի առաջվա հանցավոր պայմանագրերով սահմանված սահմաններում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին մեկ ամսից քիչ ավել է մնացել։ 2020-ի ամերիկյան ընտրությունների ժամանակ ռուս-թուրքական դաշինքը Իսրայելի աջակցությամբ և արևմտյան որոշ ուժերի հետ կոնսենսուսով իրականացրեց Ղարաբաղի մասնակի օկուպացիան։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել հատկապես ագրեսորների ճակատագրում: Թրամփը ասում է, որ եթե ինքը չդառնա նախագահ, ապա 2 տարի հետո Իսրայելը կդադարի գոյություն ունենալ։ Ոչ պակաս կասկածելի են Ռուսաստանի և Թուրքիայի ճակատագիրն ու «ամբողջականությունը», էլ չենք խոսում նրանց արբանյակ Ադրբեջանի մասին։

Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելն այն ժամանակ, երբ ողջ աշխարհը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, առնվազն անհեռատեսություն է, եթե ոչ հանցավոր քայլ։

Նաիրա Հայրումյան

Անահիտի բրոնզե քանդակը շուրջ կես տարի կցուցադրվի Հայաստանում

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատմական ու այդքան սպասված իրադարձությունը վերջապես իրականացավ. Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայկական դիցարանի Պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք արդեն ավելի քան մեկ դար ցուցադրվում են հանրահայտ Բրիտանական թանգարանում։

Անահիտի «վերադարձը» պատմական հայրենիք նշվեց հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:

Այցելության ընթացքում նրանք գրառումներ կատարեցին թանգարանի պատվո մատյանում: Նիկոլ Փաշինյանը մակագրել է. «Բարի վերադարձ, դիցուհի»:

ՀՀ նախագահի մակագրության մեջ նշված է. «Բոլոր ցանկություններն իրականություն են դառնում, պետք է սպասել համբերատար»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մատյանում իր գրառմամբ արձանագրել է.

«Լոնդոնից Երևան ճանապարհը երկար տևեց, բայց մենք դա արեցինք»:

Խիստ խորհրդանշական է, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց ճիշտ Հայաստանի անկախության հռչակման 33-֊րդ տարեդարձի օրը։

Աստվածուհու «ընդունելությանն» առաջիններից արժանացան լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց ցուցադրության կազմակերպիչները հնարավորություն էին ընձեռել առանձին վայելելու այս պատմական պահը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մամուլի ներկայացուցիչներին հայտնեց, որ Անահիտ աստվածուհու արձանի պահպանված հատվածներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Նրա գնահատմամբ՝ այս ցուցահանդեսն աննախադեպ է, քանի որ կազմակերպվել է շատ կարճ ժամանակահատվածում և նոր ձևաչափով:

«Այսպիսի ցուցահանդեսներ սովորաբար կազմակերպվում են 2-3 տարիների ընթացքում: Շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց նման որակի ցուցահանդես կազմակերպել: Ցուցադրությունը մեծ տարածք չի ընդգրկում, բայց անչափ մեծ է իր բովանդակությամբ, խորհրդով, նաև՝ ներկայացված հզոր ժառանգությամբ: Այն ամբողջովին կազմակերպվել է Բրիտանական թանգարանի չափանիշներով, որոնք վերաբերում են անվտանգության ապահովմանը, լուսային և գեղարվեստական ձևավորմանն ու այլ անհրաժեշտ գործոնների: Իրականացվել է մի նախագիծ, որը, կարծում ենք, հետաքրքիր նոր ձևաչափ կլինի հետագայում միջազգային չափանիշներով այսպիսի ցուցահանդեսներ կազմակերպելու համար»,- արձանագրեց տնօրենը:

Դավիթ Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության թանգարանն առաջին անգամ է ներկայացնում Բրիտանական թանգարանից փոխառված ցուցանմուշներ: Մինչդեռ, Հայաստանի պատմության թանգարանի տարբեր ցուցանմուշներ մի քանի անգամ ներկայացվել են Բրիտանական թանգարանում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների շրջանակներում:

Նա հայտնեց նաև, որ XIX դարի 70-ական թվականներին պատմական Հայաստանի տարածքում գտնված՝ Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածներն, անշուշտ, ներկայիս ցուցադրության գլխավոր նմուշներն են, սակայն ցուցահանդեսի շրջանակներում այցելուները  կարող են ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավել ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը: Դրանք վերագրվում են պատմական ամենատարբեր ժամանակաշրջանների՝ նոր քարե դարից մինչև 1997 թվականին արդեն ՀՀ-ում հատված առաջին ոսկե հուշադրամը՝ Անահիտ աստվածուհու դիմաքանդակի պատկերով:

Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց նաև, որ Բրիտանական թանգարանում համանման հատուկ նախագծերը վճարովի են և բավականին թանկ:

«Մեր դեպքում անվճար է՝ մշտական ցուցադրության մեջ ներկայացնելու տարբերակով, բայց, եթե դա որոշակի կոնցեպտով ներկայացվում է հենց նույն Բրիտանական թանգարանում՝ դա արդեն ունի հատուկ տոմս: Նման ցուցահանդեսները մեծ ծախսեր են պահանջում, և մենք էլ բավականին լուրջ ծախսեր ենք կատարել, որպեսզի ստանանք այսպիսի ամբողջովին նոր մի ցուցադրություն»,- ասաց Դավիթ Պողոսյանը:

Հայաստանի պատմության թանգարանը, ինչպես նշեց նրա տնօրենը, այս տարի ունենալու է նմանապես հետաքրքիր այլ ցուցադրություններ ևս:

Մայր աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռ քարի դարից և անցել փոփոխությունների տևական ընթացք՝ կախված տարբեր աշխարհայացքային և գեղագիտական առանձնահատկություններից։ Ի սկզբանե մարմնավորելով «ծնող և վերարտադրող» կնոջ բնույթը՝ նա ներկայացվում էր որպես տոհմի շարունակականության խորհրդանիշ։ Հետագայում ձևավորվում են «Մայր աստվածուհու» մի շարք այլ գործառույթներ՝ երկրագործության խորհրդանիշը, ընտանիքի բարեկեցությունն ապահովողը, բժշկողը և այլն։ Առանձնակի շեշտվում է նրա «արարող» էությունը, ինչը բխում է առասպելաբանության մեջ կնոջ և «Մայր հողի» նույնացման գաղափարից։

Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին էր և համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։

Հայաստանում Անահիտի պաշտամունքը սկսել է տարածվել առնվազն Ք.ա. 4-րդ դարում՝ հետևելով դրա տարածմանը Փոքր Ասիայում և Սիրիայում։ Անահիտ աստվածուհու սրբավայրեր հիշատակվում են նաև Իրանում։ Հելլենիստական և հատկապես հռոմեական դարաշրջանում ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ մշակութային ընդհանրությունների և սինկրետիզացիայի համար։ Անահիտը համեմատվում էր Արտեմիսի, Նանեի, Աֆրոդիտեի, Աթենասի, Մայի, Կիբելեի, Տյուխեի, Նիկեի և այլոց հետ։ Այս երևույթն ավելի հստակ է դրսևորվում՝ սկսած Ք.ա. 1-ին դարից, երբ Փոքր Ասիայից և այլ երկրներից Հայաստան բերվեցին և տաճարներում տեղադրվեցին հունական աստվածությունների արձանները։

Ներկայիս ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։ Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» հիմնադրամը։

Անահիտի բրոնզե քանդակը Հայաստանում կցուցադրվի մինչև 2025 թվականի մարտ:

 

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երեք հայազգի նախարար կա

Ազատություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է նոր կառավարության կազմը, նրանց թվում երեք հայազգի նախարար կա։

Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, Գիյոմ Կասբարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման, իսկ Անտուան Արմանը՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար։

Ակնկալվում է, որ վարչապետ Միշել Բարնիեի փորձը եվրոպական հարցերում և բյուջեի կառավարման ոլորտում առանցքային կլինի Եվրահանձնաժողովի հետ Ֆրանսիայի դեֆիցիտների շուրջ բանակցություններում:

Գիյոմ Կասբարյանը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նա բնակարանային բարեփոխումների և փոքրամասնությունների իրավունքների ակտիվ կողմնակիցն էր: Կասբարյանը հայ համայնքի հետ ակտիվ կապի մեջ է։

33 տարեկան Անտուան Արմանն ամենաերիտասարդներից մեկն է, որ զբաղեցնում է ֆինանսների նախարարի առանցքային պաշտոնը: Տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում աշխատելով՝ նա նախկինում զբաղեցրել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Երեք նախարարներն էլ նախագահ Մակրոնի կուսակցության անդամներ են։

Բացի այդ, Ֆրանսիան ունի նոր արտգործնախարար՝ Ժան-Նոել Բարոն, իսկ Սեբաստյան Լըկորնյուն շարունակելու է զբաղեցնել Զինված ուժերի և վետերանների գործերի նախարարի պաշտոնը։

Բրունո Ռետայոն կղեկավարի Ներքին գործերի նախարարությունը։ Նա Ֆրանսիայի վարչապետի հետ Հայաստան և Արցախ է այցելել։ Հայկական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումների և այցերի պատճառով և՛ Ռետայոն, և՛ Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանում համարվում են պերսոնա նոն գրատա։

ՖԻԴԵ-ի վարկածով դարի լավագույն թիմ. տղամարդիկ՝ Հայաստանի հավաքական

ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրի՝ սեպտեմբերի 20-ի գիշերը Բուդապեշտի Intercontinental հյուրանոցում տեղի ունեցավ Շախմատի գալա համերգ՝ նվիրված Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին։

Գալա երեկոյին բոլորին ողջունեցին ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և ՖԻԴԵ-ի փոխնախագահ Մահիր Մամեդովը: Դրանից հետո սկսվեց երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ FIDE 100 Awards-ի շնորհանդեսը։

Լավագույն թիմ – տղամարդիկ՝ Հայաստանի հավաքական

«Մեկ մարտիկը լավ է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես փոխել աշխարհը»: Քանի որ ԽՍՀՄ հավաքականը կլիներ անպարտելի առաջատարը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց օլիմպիական մեդալների անվանակարգերում, ժյուրին որոշեց ընտրել ներկայումս գոյություն ունեցող երկիրը: Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ հաղթելով երեք անգամ, իսկ Չինաստանը վերջին տասը տարում երկու ոսկե մեդալ է նվաճել։

Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը։

Լավագույն թիմ – կանայք՝ Վրաստանի հավաքական

Խորհրդային գերիշխանությունը կանանց շախմատի օլիմպիադաներում տպավորիչ էր 1957-1988 թվականներին: Խորհրդային Միությունից դուրս գալուց հետո ղեկավարությունն անցավ Վրաստանին, որին հաջորդեցին Չինաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան։ Վրաստանն ընդհանուր առմամբ նվաճել է 6 ոսկե մեդալ, Չինաստանը նույնպես նվաճել է 6 ոսկե մեդալ, իսկ ամենաբարձր նվաճումները Հունգարիան ունեցել է 1988 և 1990 թվականների հաղթանակներով։

Պատերազմ Ռուսաստանի տարածքում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական օբյեկտների վրա այսօր իրականացված հարձակումների վերաբերյալ։ Խոսքը երկու զինանոցների մասին է՝ Կրասնոդարի երկրամասում և Տվերի մարզում։

Այսպիսով, ուկրաինական բանակը հայտնել է, որ Կուբանում խոցվել է Տիխորեցկի զինանոցը, որը ռուսական զինամթերքի երեք խոշոր պահեստներից մեկն է և կարևոր դերակատարում ունի նյութատեխնիկական ապահովման գործում։ Այս օբյեկտի վրա հարձակման պահին այնտեղ մեկ գնացք է եղել՝ 2 հազար տոննա զինամթերքով, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայից։

Երկրորդ թիրախը Տվերի մարզում ՌԴ պաշտպանության նախարարության հրետանային զինանոցն էր։ Այս օբյեկտի վրա հարձակումն իրականացրել են Ուկրաինայի ուժերը։ Երկու զինապահեստների տարածքում հրդեհներ և պայթյուններ են գրանցվել։

Ականատեսները կադրեր են հրապարակում Տիխորեցկի պահեստում արկերի պայթյունից։ Հաղորդվում է, որ զինամթերքը ցրված է 7 կմ շառավղով։ Տեղեկություններ կան նաև քաղաքի հյուսիսում գտնվող օդանավակայանի մասին, որը հրդեհվել է։

Ավելին կարդացեք «Dialog.UA» կայքում